“H2020 EURAXESS-Armenia” նախագծի շրջանակներում կազմակերպվող առցանց սեմինարին մասնակցելու հրավեր

Հայտ. նկար. logo

Հարգելի՛ դասախոսներ,  2020թ. հունիսի 30-ին՝ ժամը 12:00-14:30-ն, հրավիրում ենք ձեզ մասնակցելու H2020 EURAXESS-Armenia” նախագծի շրջանակներում Եվրահանձնաժողովի հետ համատեղ կազմակերպվող առցանց սեմինարին (աշխատանքային լեզուն անգլերենն է):

 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան միացել է Եվրոպական EURAXESS ցանցին 2019 թվականի սեպտեմբերից: Եվրահանձնաժողովի «EURAXESS–Գիտնականները շարժման մեջ» առանցքային նախաձեռնությունը միտված է նպաստելու գիտնականների շարժողությանը և կարիերայի զարգացմանը, ըստ այդմ՝ Եվրոպական գիտական տարածքի զարգացմանը: EURAXESS ցանցի հիմնական նպատակն է դյուրինացնելու գիտնականների համաեվրոպական շուկայի ձևավորման գործընթացը` տրամադրելով անվճար տեղեկատվական ծառայություններ  և բարձրորակ աջակցություն գիտնականների կարիերայի առաջընթացին նպաստելու համար:

 

Սեմինարին կներկայացվեն EURAXESS ցանցի նպատակները, Հայաստանյան պորտալը և իրականացված աշխատանքները, հայաստանյան ցանցի գործառույթները, համագործակցության հնարավորությունները:

 

Մասնակցելու համար խնդրում ենք նախապես՝ մինչև հունիսի 26-ը՝ ժամը 15:00-ն, գրանցվել հետևյալ հղումով:

 

Սեմինարի համար կօգտագործվի MEET.ASNET.AM հարթակը, որին միանալու ուղեցույցը կուղարկվի գրանցվելուց հետո:

 

Առցանց սեմինարի օրակարգը (անգլերեն) տե՛ս այստեղ:

Իրավաբանների հայկական ասոցացիան նախաձեռնում է «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» խորագրով կրթական նախագիծը

Հայտ. նկար

2020թ. հուլիսի 8-ին՝ ժամը 12.00-ին, Իրավաբանների հայկական ասոցիացիան կիրականացնի «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» նախագծի վերաբերյալ առցանց իրազեկման միջոցառում, որին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները:

Իրավաբանների հայկական ասոցացիան, 2015թ. սկսած, գործարկում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը, որի 5 հոսքերին մասնակցել և հակակոռուպցիոն ոլորտի գիտելիքներ են ստացել ՀՀ մարզերում և Երևանում բնակվող ավելի քան 100 երիտասարդներ:

Ասոցիացիան նախաձեռնում է երիտասարդության հակակոռուպցիոն կրթության նոր ծրագիր: 2020թ. հունիսից մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» խորագրով հակակոռուպցիոն ոչ ֆորմալ կրթական նախագիծը: Նախագծի նպատակն է բարձրացնել երիտասարդության հակակոռուպցիոն գիտելիքներն ու իրազեկության մակարդակը` խթանելով երիտասարդների մասնակցությունը մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարին:

Նախագծի շրջանակներում 2020թ. օգոստոսի 1-ից գործարկվելու է հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակ, որի միջոցով երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շուրջ 100 մասնակից երիտասարդներ և ուսանողներ հնարավորություն են ստանալու զարգացնելու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի իրենց գիտելիքներն ու իրազեկության մակարդակը` հաշվի առնելով նաև COVID19-ով պայմանավորված իրավիճակն ու պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Առցանց դասավանդումները կիրականացվեն Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետների կողմից` Կարեն Զադոյանի գլխավորությամբ:

Ծրագրի շրջանավարտներ կհամարվեն և համապատասխան վկայականներ կստանան միայն այն ունկնդիրները, ովքեր հաջողությամբ կհանձնեն ծրագրի ավարտին կազմակերպվելիք ստուգարքը: Ծրագրի այս փուլի ավարտին՝ արդյունքների ամփոփումից հետո, կընտրվեն 20 երիտասարդ առաջնորդներ, որոնք կմասնակցեն նախագծի խորացված փուլին, այն է՝ «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցին»: Դպրոցի շրջանակներում հակակոռուպցիոն ոլորտի տեսական գիտելիքները կամրապնդվեն և կուղեկցվեն գործնական գիտելիքների ձեռքբերմամբ:

Ավելին՝ 20 մասնակիցները կկատարեն խմբային հետազոտական աշխատանքներ, որոնց համար պահանջվող ծախսերը կֆինանսավորվեն Իրավաբանների հայկական սոցացիայի կողմից: Դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, կկազմակերպվի միջացոռում, որտեղ, ի թիվս այլոց, կներկայացվեն դպրոցի ունկնդիրների հետազոտական աշխատանքները:

ԵՊՀ ԻՄ-ի այն ուսանողները, ովքեր հետաքրքրված են մասնակցել հուլիսի 8-ին՝ ժամը 12.00-ին, ասոցիացիայի կողմից իրականացվելիք «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» նախագծի վերաբերյալ առցանց իրազեկման միջոցառմանը, կարող են միանալ հետևյալ հղումով՝

Meeting ID: 934 3800 5861

Password: 770314

Իրավաբանների հայկական ասոցիացիայի և վերջինիս կողմից իրականացվող հակակոռուպցիոն գործունեության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել ասոցիացիայի պաշտոնական www.armla.am վեբ կայքում:

Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրին մասնակցելու հրավեր

Հայտ. նկար

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում:

 

Ծրագիրը տևում է 2021թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը:

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2020թ հուլիսի 31-ն է։

 

Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են ծրագրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, այդ թվում՝ մասնակցության նախադրյալներն ու մրցութային փաստաթղթերի ցանկը, գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, ինչպես նաև մրցույթին վերաբերող հարցաթերթիկը։

 

Դեսպանության www.eriwan.diplo.de կայքում տեղադրված է համապատասխան հղում:

 

Լրացուցիչ հարցերի դեպքում հետաքրքրված անձինք կարող են դիմել դեսպանություն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2020թ. առկա ուսուցման ընդունելություն

1. Նկար - ԵՊՀ ԻՄ

Սիրելի՛ դիմորդ, 2020թ. մայիսի 25-ից սկսվել է 2020-2021 ուսումնական տարվա բակալավրիատի դիմում-հայտերի առցանց ընդունելությունը։ Դիմում-հայտերը լրացնելու համար այցելեք www.dimord.am կայք և հետևեք տեսանյութում տրվող հրահանգներին։ 

Հիշեցում` դիմորդը ոչ մի հարցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով չի այցելում: Ընդունելության մասնագիտությունների և քննության հայտագրման դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով դիմորդը ԳԹԿ է ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ ս.թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ (հունիսի 15-ին՝ մինչև ժամը 18:00-ն)։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դիմորդները մաս­նա­գիտությունների լրացման հետ կապված խորհրդատվություն ընդունող հանձնաժողովից կստանան հեռախոսազրույցի միջոցով։ Խորհրդատվության համար նախատեսված հեռախոսահամարների, ընդունելության կարգի, մասնագիտությունների ցանկի, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վերաբերյալ այլ տեղե­կատվություն ստանալու համար դիմորդը կարող է օգտվել ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնից։ Եթե դիմորդը ցանկանում է հարցերն ուղղել գրավոր եղանակով, ապա դրանք կարող է ուղարկել ephimmkpk@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հրապարակվելու են ս.թ. հուլիսի 18-ին։ Հրապարակումից հետո ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները թափուր տեղերի առկայության դեպքում կարող են մասնակցել թափուր տեղե­րի (լրա­ցուցիչ փուլի) մրցույթին։ Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը դիմորդները dimord.am կայքի միջոցով ԳԹԿ են ուղարկելու էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ ս.թ. հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը ներառյալ (հուլիսի 22-ին՝ մինչև ժամը 18:00-ն)։ Հիմնական փուլով ընդունված դիմորդները չեն կարող մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին։ Լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները կհրապարակվեն ս.թ. հուլիսի 25-ին։

ԵՊՀ ԻՄ ընդունված դիմորդները, ընդունելության կարգի 35-րդ կետի համաձայն, պետք է օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը մասնաճյուղ ներկայացնեն պահանջվող փաստաթղթերի բնօրինակները։ 

Պահանջվող փաստաթղթեր

Ավարտական փաստաթուղթ`ատեստատ կամ դիպլոմ (միջուկով)

  1. Լուսանկար(3×4 սմ չափսի)՝ 1 հատ
  2. Անձը հաստատող փաստաթուղթ(բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից)
  3. Արտոնություններից օգտվելու դեպքում համապատասխան փաստաթղթեր

Արտոնություններից օգտվելու դեպքում ներկայացվող լրացուցիչ փաստաթղթեր

Մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը հայտը լրացնելիս 66-69 կետերից օգտվող դիմորդները նեքոնշյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկեն  ephimmkpk@gmail.com  էլեկտրոնային հասցեին՝ նշելով անունը, ազգանունը, հայրանունը, և մասնագիտությունը, իսկ օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը անհրաժեշտ է նշված փաստաթղթերի բնօրինակները և պատճենի 1 օրինակ ներկայացնել մասնաճյուղ: Հակառակ դեպքում դիմորդները չեն կարող օգտվել արտոնությունից։

ԿԵՏ 66

Տեղեկանք զինծառայող ծնողի զոհվելու մասին

(բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից)

Ծնողի մահվան վկայականը

(բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից)

Դիմորդի ծննդյան վկայականը

(բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից)

ԿԵՏ 67 – 1)

Անձնագիրը և ծննդյան վկայականը 

(բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից)

Տեղեկանք 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, ­կամ մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամ ­լինելու մասին

(բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից)

ԿԵՏ 67 – 2)

Անձնագիրը և ծննդյան վկայականը 

(բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից)

Առանց ծնողական խնամքի մնալու մասին հաստատող փաստաթղթերը

(բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից)

ԿԵՏ 68

Զինվորական  գրքույկ

(բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից)` առկայության դեպքում

ԿԵՏ 69

ԺԱՈՒՏԻԿՈՎՅԱՆ, ՄԵՆԴԵԼԵԵՎՅԱՆ ԵՎ ՄԵԳԱՊՈԼԻՍՆԵՐԻ միջազգային օլիմպիադայի հաղթողի դիպլոմ 

(բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից):

Ուշադրություն.

Ներբուհական քննության համար նախատեսված 1500 դրամ գումարը պետք է վճարել «Արդշինբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄի հետևյալ հաշվեհամարին՝ 247610017094:

Վճարել հնարավոր է Հայաստանի տարածքում գործող ցանկացած բանկի միջոցով, սակայն «Արդշինբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում վճարում կատարելիս բանկային ծախսերի գումար չի գանձվում:

Բանկում վճարում կատարելիս պետք է հստակ նշվի  ուսանողի  անունը ազգանունը,  հայրանունը  և մասնագիտությունը:

Դիմորդը բանկում  կատարած  վճարման  անդորրագիրը   պահպանում   և  ներկայացնում է ներբուհական քննության ժամանակ:

 

Ապրիլյան քառօրյայի մասնակից կամ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող (առկա ուսուցմամբ) ուսանողներին կտրամադրվի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում

1. հայտ. նկար

Ի լրումն 01/06/10425-20 Կորոնավիրուս-COVID19 քառօրյայի մասնակիցներին քննությունների թույլատրելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարի գրության՝ հայտնում ենք, որ առկա և հեռակա ուսուցման ձևերով անվճար համակարգում չընդգրկված՝ 2016թ. ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրամադրած տեղեկանքի առկայությամբ) բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին, ինչպես նաև առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված և անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին ՀՀ կառավարության կողմից կտրամադրվի ուսման վարձավճարի 20%-ի չափով մասնակի փոխհատուցում:

 

ԵՊՀ ԻՄ-ում սովորող՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած, ինչպես նաև երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ցուցակը տե՛ս այստեղ: