«Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցելու հրավեր

Միջ. գիտաժ.-ի հայտ. նկար

 2019թ. նոյեմբերի 12-14-ը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կանցկացվի «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովը նպատակաուղղված է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլոր­տի զարգացման հեռանկարներին, աղետների ռիսկի կառավարման արդիական հարցերին, բնածին, տեխնածին, սոցիածին և այլ վտանգներից պաշտպանության հարցերով բնակչության ուսուց­մանը, բնակչության շրջանում անվտանգության մշակույթի ձևավորմանը, ճգնաժամային կա­ռավարման հիմնախնդիրներին:

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները կներառվեն արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանությանն ու քաղաքացիական պաշտպանությանն առնչվող մասնագիտական 3 սեկցիայում՝ կառավարում և տնտեսագիտություն, տեխնոլոգիաներ, գիտամեթոդական հիմնախնդիրներ:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտ և ուղարկել ակադեմիայի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@cmsa.am: Ներկայացվելիք զեկուցման ամբողջական տարբերակը՝ սկանավորված երաշխավորագրի հետ միասին, անհրաժեշտ է ուղարկել ակադեմիայի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@cmsa.am, կամ ներկայացնել ակադեմիա (Երևան – 40, Աճառյան 1, 2-րդ հարկ, 217 սենյակ) մինչև հոկտեմբերի 15-ը:

Գիտաժողովում ներկայացված զեկուցումները կտպագրվեն ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական հանդեսի հերթական համարում: Հանդեսն ընդգրկված է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում:

Աղբյուրը՝ http://cmsa.am:

Ուսանողական մրցույթի հրավեր

Հայտ. նկար

 «Սինոփսիս» ընկերությունը “Girls in Tech Armenia”-ի հետ միասին նախաձեռնել են տեխնիկական մասնագիտություններ ընտրած աղջիկների ուսանողական մրցույթ, որի հաղթողները ամբողջական կրթաթոշակ կստանան` մասնակցելու նոյեմբերին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալիք “Perspektywy Women in Tech Summit 2019”-ին:

Մրցույթին կարող են մասնակցել տեխնիկական մասնագիտական բաժիններում սովորող ուսանողուհիները, ովքեր տիրապետում են անգլերենին:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019թ. հոկտեմբերի 7-ը լրացնել հետևյալ դիմումհայտը:

Մրցույթի մանրամասները կարելի է կարդալ այս հղումով:

«Զբոսաշրջությունն արդի մասնագիտություն. կրթություն և աշխատատեղ» խորագրով հանդիպման հրավեր

 Եվրոպական համալսարանը սիրով հրավիրում է մասնակցելու 2019թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ին, Եվրոպական համալսարանում կայանալիք «Զբոսաշրջությունն արդի մասնագիտություն. կրթություն և աշխատատեղ» խորագրով հանդիպմանը՝ ոլորտի կրթական և գործարար հատվածների ներկայացուցիչների միջև, Զբոսաշրջության պետական կոմիտեի մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում կդիտարկվի զբոսաշրջության և հյուրընկալման ոլորտի կրթության արդիականության և աշխատաշուկայի պահանջների հիմնախնդիրը: Տեղի կունենան ելույթներ, մտքերի փոխանակում, ոլորտում ձևավորված իրավիճակի քննարկում:

Օրակարգով նախատեսված հարցերն են՝

  1. ՀՀ զբոսաշրջության և հյուրընկալման ոլորտում առկա աշխատատեղերը և գործատուների կողմից ներկայացվող հիմնական պահանջները:
  2. Բուհերում տրվող զբոսաշրջային կրթության առավելությունները և թերությունները. «բուհ – աշխատաշուկա» կապի ներկայիս վիճակը:
  3. Ուսանողների պրակտիկայի կազմակերպման առավել արդյունավետ ձևաչափերը ՀՀ պայմաններում:
  4. Ոլորտի համար պատրաստվող երիտասարդ կադրերի խրախուսումը՝ ստացված բարձրագույն կրթությանը համարժեք աշխատանքի տեղավորվելու հարցում:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտաթերթը և մինչև 02.10.2019  ուղարկել  gor_manasyan@mail.ru  էլեկտրոնային փոստի հասցեին:

Եվրոպական համալսարան, Զբոսաշրջության և սպասարկման ամբիոն

Հասցե՝ Երևան, Դավիթ Անհաղթ, 10

 Հեռ.՝ + 374 99 114359

Ի գիտություն կրթաթոշակ ստացող ուսանողների

Կամ նկար 2 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի այն ուսանողներին, ովքեր 2019-2020 ուստարվա I կիսամյակում ստանալու են կրթաթոշակ և չունեն “VISA Electron” քարտ կամ լրացել է դրա վավերականության ժամկետը,  խնդրում ենք մինչև 2019թ. հոկտեմբերի 1-ը «Արդշինբանկ»-ի Իջևանի մասնաճյուղից ստանալ քարտ և այն ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի հաշվապահություն:

«Kaspersky Cybersafety Games» կիբեռանվտանգության մրցույթ ուսանողների համար

kaspersky-cybersafety-games-graphic25-310693

 Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը Հայաստանի բուհերի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագիտությունների ուսանողների համար կազմակերպում է «Kaspersky Cybersafety Games» կիբեռանվտանգության մրցույթ, որը կկայանա հոկտեմբերի 4-ին, ժամը 13:00-18:00-ը, «Radisson Blu Hotel Yerevan» հյուրանոցում (հասցե՝ Երևան, Ազատության պող 2/2)։

Իր տեսակի մեջ բացառիկ և տեղեկատվական անվտանգության համաշխարհային մակարդակով առանցքային խնդիրների լուծումներին վերաբերող մրցույթը կվարեն «Կասպերսկի»-ի առաջատար փորձագետները։ Մրցույթի ընթացքում մասնակիցներն արդիական հմտություններ ձեռք կբերեն՝ անվտանգության խնդիրներ լուծելով իրական կիբեռհարձակմանը նման պայմաններում։ Մրցույթին մասնակցած ուսանողները կստանան մասնակցության հավաստագիր, հաղթող, երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերին կշնորհվեն մրցանակներ, կլինեն նաև խրախուսական մրցանակներ։

Մրցույթին մասնակցելու համար ուսանողները պետք է կազմեն 4 հոգուց բաղկացած թիմ։ Մասնակիցների թվաքանակն անսահմանափակ է: Մրցույթին մասնակցության մասին հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է տեղեկացնել 374 10 582620 հեռախոսահամարով և/կամ cyber@global.am էլեկտրոնային փոստով՝ ներկայացնելով թիմի անվանումը, մասնակիցների ազգանունը, անունը, բուհի և ֆակուլտետի անվանումը, բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։

Աղբյուրը՝ http://edu.am/index.php/am/events/view/2499