ԵՊՀ ԻՄ-ում տոնական միջոցառմամբ ազդարարվեց նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկը

 1. գլխավոր

2024 թ. սեպտեմբերի 3-ին առկա ուսուցմամբ ԵՊՀ ԻՄ ընդունված 182 առաջին կուրսեցիներին դիմավորելու և նոր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարելու համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում, որը բացվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և Երևանի պետական համալսարանի հիմնով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորական ուղերձ ու բարեմաղթանքներ հղեց բոլոր համալսարանականներին և մասնավորապես առաջին կուրսեցիներին (տնօրենի ուղերձը տե՛ս այստեղ:

Այնուհետև հաճելի անակնկալ մատուցվեց 2024-25 ուստարում ԵՊՀ ԻՄ վճարովի հիմունքներով ընդունված այն 5 դիմորդներին, ովքեր ընդունելության քննություններին հավաքել էին ամենաբարձր միավորներ:

Ուսման վճարի լրիվ փոխհատուցման հավաստագրերի արժանացան «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանող Արտեմ Վահրամի Թամրազյանը, «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Ռուզաննա Գուրգենի Մնացականյանը, «Պատմություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Լուսինե Արտակի Ջանվելյանը, «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Լենա Գարիկի Մատինյանը, «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Ջուլիետա Հակոբի Գրիգորյանը:

Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին արդեն 2-րդ տարին անցկացվող ԵՊՀ ԻՄ-ում «Դասավանդման գերազանցության մրցանակ» և «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթների այս տարվա հաղթողները:

Պարոն Մակարյանը «Դասավանդման գերազանցության մրցանակ-2024» մրցույթում հաղթող ճանաչվելու համար հավաստագիր հանձնեց Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանին, մրցույթի «Բնական գիտություններ» մասնագիտությունների անվանակարգում հաղթող ճանաչվելու համար՝ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցետ, ֆ.մ.գ.թ. Սերգեյ Ազարյանին:

«Տարվա ուսանող-2024» մրցույթում հաղթելու համար ԵՊՀ ԻՄ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Սահակ Գեղամի Գուլակյանը պարգևատրվեց արծաթե մեդալով և հավաստագրով, «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Գարիկի Եսայանը ստացավ հաղթողի հավակնորդի հավաստագիր:

Այնուհետև ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ալեքսանյանը և Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սիրանուշ Աբազյանը:

Մասնաճյուղի այս տարվա ամենաբարձր միավորներ հավաքած դիմորդը՝ «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Մերի Կարենի Զաքարյանը, ներկայացրեց առաջին կուրսեցու երդումը:

Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ գիտելիքի բանալին 4-րդ կուրսի ուսանող Սահակ Գուլակյանը փոխանցեց առաջին կուրսի ուսանողուհի Մերի Զաքարյանին:

Տոնական միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական գողտրիկ կատարումներով՝ մասնաճյուղի շնորհալի ուսանողների մասնակցությամբ:

Միջոցառումից հետո Ուսանողական խորհրդի անդամներն ուսանողներին (մասնավորապես՝ առաջին կուրսեցիներին) ուղեկցեցին լսարաններ, որտեղ մեկնարկեցին նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա դասերը:

Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ

31 2024 թ. հուլիսի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տիրում էր տոնական տրամադրություն. 2023-2024 ուստարվա 281 շրջանավարտներին (առկա ուսուցման 168 և հեռակա ուսուցման 113) դեպի մեծ կյանք ճանապարհելու առթիվ կազմակերպվել էր ավարտական հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, արտաքին շահակիցներ, հյուրեր:
Հանդիսավոր միջոցառումը, որը համալրում էր ԵՊՀ ԻՄ 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը, ուղեկցվում էր Կիրառական արվեստի ֆակուլտետի՝ այս և նախորդ տարիների շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսով և տոնական երգ-երաժշտությամբ (Իջևանի երաժշտական դպրոցի համույթի, ԵՊՀ ԻՄ ուսանողուհի Լիլիթ Թորոսյանի կատարմամբ):
Միջոցառումը բացվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և Երևանի պետական համալսարանի հիմներգով:
Ավարտական միջոցառման առաջին մասում տեղի ունեցավ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում շրջանավարտներին բարի երթ մաղթեցին, շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սիրանուշ Աբազյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ալեքսանյանը, մասնաճյուղի այս տարվա գերազանց առաջադիմությամբ շրջանավարտ, 2023 թվականին ԵՊՀ ԻՄ լավագույն ուսանող ճանաչված Իննա Հարությունյանը:
Նախքան դիպլոմների հանձնումը ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը աղետի գոտում բնակիչներին ցուցաբերած աջակցության ու կամավորական աշխատանքների իրականացման համար շնորհակալագրերով պարգևատրեց ԵՊՀ ԻՄ երկու տասնյակ աշխատակիցների և ուսանողների:
Աղետի գոտում բնակիչներին ցուցաբերած աջակցության, կամավորական աշխատանքների իրականացման ու համալսարանի հեղինակությունը բարձր պահելու համար ԵՊՀ արծաթե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի փոխտնօրեն Մհեր Մերուժանի Օթարյանը:
Բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին ԵՊՀ ռեկտորը, Տավուշի մարզպետը և ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատարը հանձնեցին գերազանցության դիպլոմները, ապա ֆակուլտետների դեկանները, ըստ մասնագիտությունների, առկա և հեռակա ուսուցման մյուս շրջանավարտներին հանձնեցին իրենց դիպլոմները:
Միջոցառման երկրորդ մասը՝ շրջանավարտների ավարտական երեկույթը, ֆոտոնկարահանումներով, երաժշտությամբ և հյուրասիրությամբ շարունակվեց Տավշո չքնաղ բնության գրկում՝ Ենոքավանի «Yell Extreme Park»-ում։
Միջոցառման առաջին մասի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ, 2-րդ մասի լուսանկարները՝ այստեղ:
 

Մասնաճյուղում իրականացվեց «Զբոսաշրջության և ռեկրեացիայի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին

1․ գլխավորԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ս.թ. մայիսի 24-25-ը առկա և առցանց ձևաչափով իրականացրեց «Զբոսաշրջության և  ռեկրեացիայի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին: Գիտաժողովին մասնակցեցին բակալավրիատի և  մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, դասախոսներ և գիտնականներ՝ 4 համալսարանի 19 ներկայացուցիչներ 2 երկրից (Հայաստան, Ռուսաստան):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին հայերենը և ռուսերենը:

Այն նպատակ ուներ խթանելու ուսանողական հետազոտությունները, բացահայտելու ուսանողների, ասպիրանտների ստեղծագործական ներուժը, զարգացնելու ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցությունը, կենտրոնացնելու երիտասարդության ուշադրությունը ՀՀ-ում ժամանակակից զբոսաշրջության և ռեկրեացիայի հիմնախնդիրների վրա, կատարելագործելու գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու մասնագիտական տարբեր շրջանակների հետ:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, համաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ալեքսան Մարգարյանը՝ ողջունելով բոլոր մասնակիցներին և ներկաներին, անդրադառնալով գիտաժողովի նպատակին, Տավուշի մարզում դրա իրականացման կարևորությանը:

Միջազգային գործընկերներից ողջույնի խոսք ասացին Տ․ Բ․ Լիսիցինան և Ա․ Ա․ Կորժանովան:

Ելույթ ունեցավ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր, գիտաժողովի նախաձեռնող Գուրգեն Հովհաննիսյանը՝ իր խոսքում ընդգծելով, որ զբոսաշրջությունը համարվում է Տավուշի մարզի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը: Այդ ոլորտում իրականացված ցանկացած հետազոտություն, նախագիծ կարող է լուրջ դերակատարում ունենալ մարզում զբոսաշրջության զարգացման համար: Գիտաժողովի կարևոր առանձնահատկությունն այն է, որ միտված է ուսանողական հետազոտությունների իրականացմանը:

Երկօրյա գիտաժողովում ներկայացվեցին հետաքրքիր և արդիական թեմաներով 2 տասնյակ զեկուցումներ, որոնք հիմնականում վերաբերում էին Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացմանը, ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման տեսլականին, զբոսաշրջության զարգացման ռեգիոնալ առանձնահատկություններին (գիտաժողովի օրակարգը տե՛ս այստեղ):

Վերջում գիտաժողովի մասնակիցների համար կազմակերպվեց այց-Էքսկուրսիա Իջևանի գինու և կոնյակի գործարան:

Մասնակիցները կստանան հավաստագրեր:

 

Մասնաճյուղը՝ Մայր բուհի հիմնադրման 105-ամյակին նվիրված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ում

1. գլխավոր

Արդեն երկրորդ տարին է, ինչ Մայր բուհը մայիսի 16-ին՝ համալսարանի հիմնադրման օրը, կազմակերպում է «ԲանՈՒԳործ» էքսպո՝ մեկ հարկի տակ համախմբելով դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչներին և գործատուներին:

Այս տարի՝ առաջին անգամ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ներկայացուցչական խմբով և առանձին տաղավարով մասնակցեց միջոցառմանը:

«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ը մասնաճյուղի համար շատ լավ հնարավորություն և հարթակ էր մարզից դուրս ներկայացնելու ԵՊՀ ԻՄ կրթագիտական հնարավորություններն ու ներուժը: Հյուրերին տրամադրվում էր տեղեկատվություն մասնաճյուղի առավելությունների, բակալավրական և մագիստրոսական ծրագրերի առանձնահատկությունների, ուսանողական կյանքի և այլ հարցերի շուրջ:

Էքսպոյի մեծաքանակ հյուրերի առանձնահատուկ ուշադրությանն ու հետաքրքրությանն արժանացան Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և շրջանավարտների աշխատանքները:

ԵՊՀ ԻՄ տաղավարում ցուցադրված էին ֆակուլտետի ներկայացուցիչների բազմաժանր ստեղծագործություններ՝ գոբելեն, մանրանկարչություն, ապակենկարչություն, բատիկ, կարպետներ, քանդակներ (այդ թվում՝ ֆակուլտետի դասախոս Տիգրան Բագամյանի հեղինակած՝ 2020 թ. պատերազմում անմահացած ԵՊՀ ուսանող, հրետանավոր Խաչիկ Պողոսյանի կիսանդրին) և այլն:

Էքսպոյի շրջանակներում մեր ուսանողները մասնակցություն ունեցան և հաղթանակներ գրանցեցին երգի և նկարչական («Իմ ԵՊՀ») մրցույթներում: ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողներ Կամո Հովակիմյանը և Լիլիթ Սարգսյանը դարձան նկարչության մրցույթի հաղթողներ, իսկ «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Թորոսյանն առաջին տեղը գրավեց երգի մրցույթում:

Միջոցառումը ԵՊՀ ԻՄ ուսանողներին ու շրջանավարտներին նաև հնարավորություն տվեց ծանոթանալու ԵՊՀ գործընկեր կազմակերպությունների կողմից ներկայացվող աշխատանքի առաջարկներին, փորձնակության, աշխատանքի ընդունման հնարավորություններին և աշխատաշուկայի հիմնական միտումներին:

«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի մանրամասները՝ այստեղ:

Վոլեյբոլի բաց առաջնություն՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին

1․ գլխավորԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում 2024 թ. ապրիլի 13-ին կայացավ ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված վոլեյբոլի բաց առաջնություն, որին մասնակցում էին Դիլիջանի միջազգային դպրոցի, Սարիգյուղի (I. «Սարիգյուղ» և II. «Չինարի-Սարիգյուղ»), Պտղավանի, Իջևանի, Իջևանի համայնքապետարանի, Գանձաքարի, Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վոլեյբոլիստները:

Առաջնության նպատակն էր մասսայականացնել սպորտը մարզում, բարձրացնել մասնակիցների սպորտային վարպետությունը:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս Վարդիթեր Պողոսյանը՝ ողջունելով մասնակիցներին և բոլոր ներկաներին, ընդգծելով բաց առաջնության կազմակերպման նպատակը և կարևորությունը, մասնակիցներին մաղթելով  հաջողություն:

Պարոն Մակարյանը մասնավորապես նշեց. «Այս տարվա հիմնական մեծ միջոցառումները նվիրել ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 30-ամյակին. մեր մասնաճյուղը 1994 թվականից է գործում որպես այդպիսին, և ինքը լուրջ ներդրում ունի մեր տարածաշրջանում բարձր որակավորում ունեցող կադրերի ձևավորման հարցում: Մենք այնպիսի քաղաքականություն ենք մշակել, որ մասնաճյուղը պետք է դառնա տարածաշրջանային մշակույթի, սպորտի, գիտության կենտրոն, և սա այդ լավ միջոցառումներից մեկն է, որովհետև համախմբել է մի շարք կառույցների՝ ուսումնական և ոչ ուսումնական»:

Խաղերն ընթանում էին օլիմպիական մրցակարգով, այսինքն՝ պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից:

Իրենց վարպետությամբ աչքի էին ընկնում Սարիգյուղի վոլեյբոլիստները:

Եզրափակիչ դուրս եկան Գանձաքարի և «Չինարի-Սարիգյուղ» թիմերը:

2:0 հաշվով հաղթեցին «Չինարի-Սարիգյուղ» թիմի մարզիկները:

Երրորդ տեղի համար խաղացին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի և Սարիգյուղի առաջին թիմերը: Համառ և գեղեցիկ պայքարում 2:1 հաշվով հաղթեց Սարիգյուղի առաջին թիմը:

Այսպիսով՝ առաջին տեղը գրավեց «Չինարի-Սարիգյուղ» թիմը, երկրորդ տեղը՝ Գանձաքարի, երրորդ տեղը՝ Սարիգյուղի առաջին թիմը:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության կողմից պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և պատվոգրերով: