2017թ. ապրիլի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «WRITE ON! COMPETITION 2017» մրցույթում հաղթած մեր ուսանողների վկայականների հանձնման արարողությունը:
Ավելի քան տասը տարի է, ինչ ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների ջանքերով գործում է «WRITE ON! COMPETITION» մրցույթը, որը նախատեսված է տարբեր երկրների 6-12-րդ դասարանների աշակերտների և բուհերի I-IV կուրսերի ուսանողների համար:
Այս տարի ևս ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ մասնակցեցին մրցույթին և գրավեցին մրցանակային տեղեր:
Ազգային փուլի 541 մասնակիցների մեջ 2-րդ կուրսի ուսանողուհիներ Սյուզաննա Շահնազարյանը, Արինա Պարոնյանը և Նելլի Գևորգյանը գրավեցին համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերը:
3-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Հակոբյանը գրավեց առաջին տեղը:
4-րդ կուրսի (հեռակա ուսուցման համակարգի) ուսանողուհի Նարա Առուշանյանը ևս գրավեց առաջին տեղը:
Միջազգային փուլ ուղարկվեցին միայն առաջին տեղ գրաված մասնակիցների շարադրությունները:
Միջազգային փուլում 22 երկրների` առաջին տեղ գրաված ներկայացուցիչների մեջ 2-րդ մրցանակային տեղ գրավեցին Հայաստանից երկու մասնակից ` Երևանից 10-րդ դասարանցի աշակերտ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից «ԱԼԳ» 3-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մրցույթի միջազգային փուլում
Անուշը գրավել էր 3-րդ մրցանակային տեղ:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Անուշ Հակոբյանին և իր բոլոր մրցանակակիր ուսանողներին, հպարտանում նրանց ձեռքբերումներով, մաղթում նրանց նորանոր հաղթանակներ, առավել մեծ բարձունքների նվաճումներ:
2016թ. դեկտեմբերի 22-ին Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Տարվա լավագույն ստեղծագործող և ընթերցող» մրցույթի արդյունքների ամփոփումը:
Տավուշի մարզային գրադարանի կողմից 2016թ. լավագույն ստեղծագործող և ընթերցող ճանաչվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Մերի Գասպարյանը:
Հաղթողին գրադարանի ղեկավարության կողմից հանձնվեց պատվոգիր և հուշանվեր, բացի այդ` Մերիի բանաստեղծությունների համար գրադարանում հատկացվեց առանձին անկյուն, որպեսզի այցելուներն էլ ծանոթանան նրա ստեղծագործություններին:
Գրադարանի տնօրեն Ա.Ղուկասյանը նշեց, որ մարզի սկսնակ գրողներին խրախուսելու նպատակով մարտ ամսին ևս կկազմակերպվի նման միջոցառում, որտեղ կքննարկվեն և կմեկնաբանվեն երիտասարդ հեղինակի ստեղծագործությունները:
Հիշեցնենք, որ նույն թվականի մարտի 3-ին մասնաճյուղում կայացավ Մերի Գասպարյանի անդրանիկ՝ «Մոխրագույն լուսին» (հեղինակի մեկնաբանությամբ` լուսինն իր կարոտն է) գրքի շնորհանդեսը: Գրքույկը նվիրված է իր քեռու՝ Մարատ Բաղինյանի հիշատակին և նրա մեջ զետեղված են թարմ, հետաքրքիր մտքեր ու բանաստեղծություններ` ստեղծագործական ներշնչանքի, սիրո, հայրենասիրության, մարդու և բնության մասին:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է իր ուսանողուհուն` մաղթելով նրան սուր միտք, բեղուն գրիչ, ստեղածագործական նորանոր հաջողություններ:
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահի՝ 2016թ. դեկտեմբերի 19-ի N71-Ա հրամանով հաստատվել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2016» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը (http://scs.am/am/875857e0ea32afa539873012):
«Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2016» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել նաև ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչի ԺՊ, արվեստագիտության թեկնածու Մարտին Հարությունյանի՝ «Երևանի փողոցների ու դրանց հարակից կառույցների նախագծման, կոմպոզիցիայի, դիզայնի ու արտաքին ձևավորման խնդիրներն ու բարելավման հնարավորությունները» գիտական թեման:
2016 թվականը Մ.Հարությունյանի համար հաջողակ էր մեկ այլ գիտական ձեռքբերման՝ մենագրության հրատարակման առումով:
ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշումներով և ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ 2016թ. լույս տեսավ Մարտին Հարությունյանի «Բեմական նորագույն տեխնոլոգիաների հնարավոր կիրառումը Հայաստանի դիտադահլիճային շինությունների վերակառուցումներում» վերնագրով մենագրությունը (Երևան, «Անտարես» հրատարակչություն, 2016, 168 էջ + 24 էջ ներդիր, ISBN 978-9939-51-945-6):
Հեղինակն ընթերցողին է ներկայացնում Հայաստանում այն առաջին գիտական հետազոտությունը, որը քննարկում և ուսումնասիրում է հայկական և արտերկրյա մի շարք դիտադահլիճային շինություններ և առաջարկում է հնարավոր նորագույն մեթոդների կիրառմամբ արդիականացնել Հայաստանի դիտադահլիճային շինությունների դահլիճներն ու դրանց բեմական մասերը:
Հետազոտության կարևոր նպատակն է Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանից ժառանգած դիտադահլիճային շինությունների դահլիճների ու դրանց բեմական հատվածների ուսումնասիրությունն ու այդ շինությունների արդիականացման հնարավոր ուղիների ու տարբերակների առաջարկումը:
Հեղինակն ամենայն մանրամասնությամբ հետազոտել և քննարկել է դիզայնի մեթոդիկան ու հիմունքները` ՀՀ դիտադահլիճային կառույցները բեմական տեխնոլոգիաների հնարավոր և ճիշտ կիրառմամբ արդիականացնելու ակնկալիքով:
Գիրքը հասցեագրված է դիզայներներին, ճարտարապետներին, բեմարվեստի մասնագետներին և արվեստասեր հանրությանը:
ԵՊՀ ԻՄ-ի դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչի մենագրությունն առկա է նաև մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի գրադարանում:
2016թ. նոյեմբերի 16-ին՝ ուսանողների տոնի նախօրեին, Գոշավանքում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության առաջին կուրսեցիների՝ Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը:
Երդման արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզի հոգևոր դասի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ուսուցիչներ, առաջին դասարանցիներ, լրագրողներ, հյուրեր:
Ներկաները նախ մոմ վառեցին 12-13-րդ դդ. Գետիկ գետի ափին կառուցված հայոց հոգևոր և կրթամշակութային նշանավոր կենտրոնում, ապա հայր Սամվել Մխիթարյանի աղոթքով սկսվեց երդման արարողությունը:
Ուսանողները՝ գիտելիքի և դպրության մեր գալիք սերմնացանները, հանդիսավոր երդվեցին պատվով կրել Ուսուցչի բարձր և վեհ կոչումը, իրենց ստացած գիտելիքները, ստեղծագործական ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրել երեխաների կրթության և դաստիարակության պատվաբեր և չափազանց պատասխանատու գործին, լինել արդարամիտ, բարի, նվիրյալ ուսուցիչներ և այդպիսին էլ դաստիարակել իրենց աշակերտներին, ամեն ինչ անել, որպեսզի նրանք մեծ կյանք մտնեն սեփական ժողովրդի և հայրենիքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով, երկրի համար դաստիարակել բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ քաղաքացիներ, բարձր պահել հայ դպրոցի սուրբ անունը:
Հաղարծնի դպրոցի փոքրիկ սաներն էլ մայրենին սիրելու, այն անաղարտ պահելու հաստատուն երդում տվեցին և հանդես եկան Մաշտոցի սուրբ աջով հայրաբար ծնված հայոց նշանագրերի՝ հայ հոգու սահմանները օտար մտազավթիչներից դարեր ի վեր պահպանող այդ երեսունվեց անխոնջ ու զգոն զինվորների մասին գողտրիկ ելույթով:
ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները ներկայացրին հոգևոր երգեր:
Ուսանողներին ու աշակերտներին իր օրհնության փառահեղ խոսքն ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը. «Անչափ ուրախ եմ այս առավոտի համար և ուզում եմ Աստծուն գոհություն հայտնելուց հետո մեր մեծագույն գնահատանքը, օրհնությունն ու շնորհակալությունը հայտնել ԻՄ համալսարանին, նրա ղեկավարությանն ու պրոֆեսորադասախոսական կազմին, ուսուցիչներին՝ այս ամբողջ առաքելությունը իրականացնելու և նաև այսօրվա նախաձեռնության համար:
Մեր շա՛տ սիրելի ուսանողներ, դուք մեծ առաքելության կոչված մարդիկ եք՝ այնպիսի անձինք դառնալու, որի համար այսօր ուխտեցիք և երդվեցիք այս սուրբ խորանի առջև՝ Մխիթար Գոշի հիշատակի դիմաց, որ գիտակցաբար ընտրել եք ուսուցչության ճանապարհը և այն էլ այպիսի տարիքի՝ նախակրթական կամ տարրական, որը ես միշտ համեմատում եմ Աստծո արարչագործության հետ: Աստված երբ մարդուն կավից ստեղծում էր, իր պատկերով ու նմանությամբ ստեղծեց. դուք նույն գործն եք անում կամ անելու եք. ստեղծելու եք կավից, և այդ երեխաները լինելու են ձեր պատկերով և նմանությամբ, ինչպիսին ձեր պատկերը կլինի, այնպիսին նրանք կժառանգեն, հետևաբար այդ մեծ պատասխանատվությունն է մղում ուսուցչի ձեռքը համբուրել, և ես երազում եմ ու համոզված եմ, որ ձեր այսօրվա քայլով ունենալու եք շատ աշակերտներ, ովքեր ձեր ձեռքերը կհամբուրեն: Վստահաբար դուք ուսուցչության ճանապարհի մեջ ունենալու եք չափազանց մեծ դժվարություններ, բայց ձեր մեծագույն առաքելությունը լինելու է Մարդը: Շատ եմ խնդրում ձեզ՝ մարդուն արժեք տվեք, գնահատեք նրանց, ովքեր գալու են ձեր ձեռքից հոգևոր և կրթական խնամք ստանալու, մեծացրեք նրանց և ամակարևորը՝ սիրեք նրանց…»:
Ելույթ ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ Ուսուցչի երդման կապակցությամբ շնորհավորելով «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ մեր առաջին ուսանողներին, ընդգծեց կրթության բնագավառի ներկայացուցիչների ամենօրյա տքնաջան ու պատասխանատու աշխատանքի կարևորությունը, նրանց ունեցած անգնահատելի դերն ու ավանդը սերունդների կյանքում, ապագա ուսուցիչներին պատգամեց գիտելիքներից բացի իրենց սաների մեջ սերմանել ազգային, բարոյական ու համամարդկային արժեքներ՝ ազնիվ հայրենասիրություն ու մարդասիրություն, բարեկրթություն, անկոտրում կամք ու լավատեսություն:
Նախաձեռնության առաքելությունն ու նպատակն ամփոփեց ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի գծով տնօրենի խորհրդական, մ.գ.թ., դոցենտ Վ.Բրուտյանը, ով և կազմակերպել էր այս միջոցառումը: Պարոն Բրուտյանը նշեց, որ եթե մեր ուսանողները այսօր երդվեցին անմնացորդ նվիրաբերվելու մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին, դառնալու մեր հայրենիքի հզորացման, մեր պետականության ամրապնդման ամենամեծ ջատագովներն ու նվիրյալները, ապա ինքն էլ ուսանողների առջև երդվում է շուրջ 40-ամյա մանկավարժական ու գիտական իր փորձառությամբ և գիտելիքներով նրանց համար բացել դեպի մանկավարժության գաղտնիքները տանող բոլոր փակ դռները:
Նման միջոցառումները ասես մեկ անգամ ևս փաստում են, որ մենք այն մեծ ծառի ճյուղերն ենք, որի արմատները հաստատված են Իմաստության վրա և սնվում են Հավերժության ակունքներից, և պատգամում են, որ պետք է պտղաբերենք` այդ արմատներին արժանի մնալով:
Երդման արարողությունից հետո ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից «ՏՄՄ» առաջին կուրսի ուսանողներին նվիրվեց «Մեսրոպ Մաշտոց» նկարը, որպեսզի ուսումնառության ընթացքում լսարանում էլ Մաշտոցի սուրբ հայացքն ուղեկցի նրանց:
Վերջում Տավուշի թեմի առաջնորդի և ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության կողմից ձեռք բերվեց պայմանավորվածություն 2016-17 ուստարվա ավարտին՝ Սուրբ թագմանչաց տոնին ուսանողների հետ այցելելու Օշական` հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ ուսուցիչ ս. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին:
2016թ. հուլիսի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2015-16 ուստարվա առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Այս տարի շրջանավարտների դիպլոմների հանձնումը կազմակերպվել էր առանձնահատուկ շուքով:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ-ի ռեկտոր Ա. Հ. Սիմոնյանը, ԵՊՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա.Գրիգորյանը, ուսումնամեթոդական վարչության պետ Հ.Ժամհարյանը, ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռ.Մարկոսյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ա.Ղարիբյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները` տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ, Տավուշի մարզի փոխմարզպետ Լ.Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Հ.Հակոբյանը, ՀՀ ԱԱԾ Տավուշի մարզային վարչության պետ Ա.Չոբանյանը, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Ա.Գևորգյանը, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ծնողներ, ուսանողներ, հյուրեր:
Արարողությունը բացվեց Իջևանի զորամասի նվագախմբի կատարմամբ հնչող ՀՀ օրհներգով և Հայր Սամվել Մխիթարյանի օրհնության խոսքով ու աղոթքով:
Ապա շրջանավարտներին իրենց շորհավորանքներն ու բարեմաղթանքները հղեցին Մայր բուհի ռեկտոր Ա.Սիմոնյանը, մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, փոխմարզպետ Լ.Սարգսյանը, Իջևանի զորամասի հրամանատարի դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանը և ուրիշներ:
Պարոն Ա.Սիմոնյանն իր շնորհավորական խոսքում մասնավորապես նշեց. «Այսօր ուրախալի, լուսավոր օր է Իջևանում, որովհետև Երևանի պետական համալսարանի տարածաշրջանային մասնաճյուղի շրջանավարտները այսօր պետք է ստանան իրենց հասունությունը հավաստող դիպլոմները, և նրանց առջև կբացվի հասուն կյանք մտնելու դժվարին, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր ուղին:
Սիրելի՛ շրջանավարտներ, մենք անչափ ուրախ ենք այսօր ձեզ շնորհավորելու այս շատ կարևոր, ձեր կյանքում նշանակալի երևույթի առթիվ: Ուզում եմ ասել, որ մեծագույն պատիվ է լինել ԵՊՀ-ի շրջանավարտ, դուք ուշիմ, խելոք, գիտակից սերունդ եք, մեր ժողովրդի, մեր հասարակության, մեր երկրի այսօրվա և վաղվա հույսը: Եվ ինչպիսին կլինի մեր երկիրը, ինչքան կլինի մեր ժողովրդի գոյության տենչը, ինչքան նա կլինի երջանիկ, կախված է ձեզանից, ձեր գործունեությունից:
Ես սրտանց ուզում եմ շնորհավորել ձեզ բոլորիդ, ձեր ծնողներին, ձեր դասախոսներին, ձեր ուսուցիչներին, մարդկանց, որոնք կրթել, դաստիարակել են ձեզ… Եվ ուզում եմ հույս հայտնել ԵՊՀ-ի ղեկավարության և նրա ողջ կոլեկտիվի անունից, որ ձեր ամբողջ կյանքի ընթացքում բարձր կպահեք համալսարանականի պատիվը: …Եվ երբեք ձեր սրտերում թո՛ղ չմարի գիտելիք ստանալու, նոր բան սովորելու, նոր բարձունքներ նվաճելու տենչը. մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում սովորում է:
Ես ձեզ ցանկանում եմ անձնական երջանկություն, աղջիկներին՝ բարի բախտ… Անպայման ուզում եմ, որ մի 5-6 տարի հետո մենք լսենք ձեր հաջողությունների մասին և ուրախանանք սրտանց, որովհետև այդ հաջողությունը մեր բոլորիս հաջողությունն է լինելու»:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, շնորհավորելով 2015-16 ուստարվա շրջանավարտներին, համոզմունք արտահայտեց, որ այս դիպլոմները շրջանավարտների համար մեծ կյանքում լավագույնս դրսևորվելու, իրենց տեղը գտնելու երաշխիքը կլինեն: Նրանց մաղթեց բարի երթ, մեծ հաջողություններ կյանքում և աշխատանքում, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղեց նրանց ընտանիքներին, ծնողներին, հարազատներին:
Իր խոսքում տնօրենն ընդգծեց, որ այսպիսով բուհի և շրջանավարտների միջև կապը չի խզվի. մասնաճյուղը այսուհետև էլ պատրաստ է համագործակցելու իր շրջանավարտների հետ, ցանկացած հարցում աջակցելու նրանց:
Իր ընկերներին շնորհավորեց և մասնաճյուղի անձնակազմին շնորհակալական խոսք ասաց Տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտ, ՈՒԽ-ի նախկին նախագահ Ռազմիկ Հովսեփյանը:
Այնուհետև տեղի ունեցավ դիպլոմների հանձնումը. նախ` ռեկտորի կողմից գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին տրվեցին կարմիր դիպլոմները, ապա, ըստ ֆակուլտետների, պատվավոր հյուրերը դիպլոմները հանձնեցին շրջանավարտներին:
Տոնական միջոցառումն ուղեկցվում էր ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների հետաքրքիր աշխատանքների ցուցահանդեսով և համապատասխան համերգային ծրագրով:
Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն, որը տեղի կունենա 2024 թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ մարզադահլիճում: Մասնակցել … Կարդալ ավելին →
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական … Կարդալ ավելին →
Սիրելի՛ ուսանողներ, Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև համագործակցության շրջանակներում «Հայ մշակութային … Կարդալ ավելին →
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2024-2025 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելություն՝ հետևյալ կրթական ծրագրերով․• Հոգեբանություն,• Պատմություն,• Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,• … Կարդալ ավելին →
Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջում տեղադրված են 2024-2025 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առկա ուսուցման դասացուցակները՝ ըստ … Կարդալ ավելին →
Հարգելի՛ ուսանողներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը ինչպես ամեն տարի, այս տարի ևս տրամադրում է 500.000 դրամի … Կարդալ ավելին →
Այսօր՝ 2024 թ․ սեպտեմբերի 21-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 33-ամյակը: 33 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն … Կարդալ ավելին →
2024 թ. սեպտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիսավոր կերպով բացվեց ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված «Հետազոտելով լոկալ ժառանագությունը» թեմայով միջազգային … Կարդալ ավելին →
2024 թ. սեպտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ տիկին Վերոնիկ Նուեի հետ հանդիպում, … Կարդալ ավելին →
2024 թ. սեպտեմբերի 13-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների՝ 2024-2025 ուստարվա ընդունելության մրցույթի մասնակիցների հետ հանդիպում՝ … Կարդալ ավելին →
Օրերս Կ.Պոլիս-Ստամբուլում տեղի հայոց Պատրիարքարանի հովանավորությամբ լույս տեսավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանի … Կարդալ ավելին →