Սոցիալական մանկավարժության վերաբերյալ միջբուհական օլիմպիադա

2013թ. նոյեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Սոցիալական մանկավարժություն» առարկայից միջբուհական օլիմպիադա, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի, Վանաձորի և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտների համապատասխան մասնագիտության ուսանողներ:

Օլիմպիադան անցկացնելու համար ստեղծվել էր հանձնաժողով, որի նախագահն էր Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր, մ.գ. դոկտոր, պրոֆեսոր Ս.Սողոյանը, մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ. Վ.Ալեքսանյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի ժ/պ, մ.գ.թ., դոցենտ Վ.Բրուտյանը, նույն ամբիոնի դասախոս Ա.Հովակիմյանը, ՎՊՄԻ-ի գիտքարտուղար, դասախոս Ս.Բեժանյանը, ԳՊՄԻ-ի դասախոս Ա.Տոնոյանը:

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը` բարձր գնահատելով այս մասնագիտության դերը մեր հասարակության մեջ:

Օլիմպիադան կրում էր գիտագործնական բնույթ` կյանքից վերցված իրադրություններին տալ գործնական լուծում:

Այն նպատակ ուներ սոցիալ-մանկավարժական իրադրային խնդիրների ներկայացման և քննարկման միջոցով ուսանողների մեջ ձևավորել մասնագիտական հմտություններ և կարողություններ:

Ուսանողները ներկայացրին և վերլուծեցին իրադրային խնդիրները` յուրաքանչյուրը իր մասնագիտության դիտանկյունից (մանկավարժ-հոգեբան, սոցմանկավարժ, սոցաշխատող):

Կայացավ սեղանի թենիսի բաց առաջնությունը

2013թ. նոյեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ սեղանի թենիսի բաց առաջնություն, որը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի կողմից:

Առաջնությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները, Իջևանի ավագ դպրոցի, մարզադպրոցի, «ՍՕՍ մանկական գյուղ»-ի սաները (40 մարզիկ-մարզուհիներ):

Խաղերն անցան լարված ու համառ պայքարում:

Գեղեցիկ խաղով աչքի ընկան Հեռակա ուսուցման բաժնի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներ Կիրակոսյան եղբայրները` գրավելով առաջին և երկրորդ տեղերը:

Երրորդ տեղը գրավեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Հրաչ Ներսիսյանը:

Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և նվերներով:

Մեր ուսանողուհի Գոհար Պետրոսյանը` «ԵՊՀ լավագույն ուսանող-2013» մրցանակաբաշխության հաղթողների շարքում

Ս.թ. նոյեմբերի 18-ին ԵՊՀ-ում անցկացվեց «ԵՊՀ լավագույն ուսանող-2013» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան:

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը:

Մրցույթին  մասնակցելու իրավունք են ունեցել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և Իջևանի մասնաճյուղի այն ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ հանդիսացել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն մրցանակաբաշխության կանոնակարգում նշված «ԵՊՀ լավագույն ուսանողին» բնութագրող ձեռքբերումները:

Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 66 ուսանող:

Հաղթող 15 ուսանողների շարքում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Տնտեսագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Պետրոսյանը:

Հաղթող ուսանողների մրցանակները՝ հաղթանակի հավաստագրերն ու ԵՊՀ բրոնզե մեդալները հանձնել են ԵՊՀ պրոռեկտորները, տարբեր ֆակուլտետների դեկաններ, ստորաբաժանումների ղեկավարներ:

Մասնաճյուղը հյուրընկալեց մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներին

2013թ. հոկտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «21-րդ դարի հայ մանկավարժական միտքը» վերնագրով միջոցառումը, որը նախաձեռնել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մ.գ.թ., դոցենտ Վ.Բրուտյանը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, Երևանից հրավիրված էին ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Լեմս Ներսիսյանը,

մանկավարժական գիտությունների դոկտոր, ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Գառնիկ Հովակիմյանը և ՀՀ մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, մանկավարժական գիտությունների դոկտոր, ՀՊՄՀ-ի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Մնացական Մանուկյանը:

«21-րդ դարի հայ մանկավարժական միտքը» վերնագրով միջոցառումը կրում էր գիտագործնական բնույթ և ուներ երկու ուղղվածություն՝ մ.գ. դոկտոր, պրոֆեսորների մասնակցությամբ ուսումնական պլաններում դասընթացների ժամաքանակի արդյունավետ պլանավորում մասնաճյուղի դասախոսների հետ և ակնարկային դասախոսությունների անցկացում ուսանողների հետ:

Գիտագործնական հանդիպումը կրելու է շարունակական բնույթ. հաջորդ այցը կլինի դեկտեմբերի սկզբին՝ լրացուցիչ մասնագիտությունների (հոգեբանություն, սոցիոլոգիա) գծով:

Հայագետների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. հոկտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով եռօրյա միջազգային 2-րդ համաժողովին մասնակցած մի խումբ անվանի հայագետներ` Բուրաստան Զուլումյանը (Մոսկվա), Աշոտ Ավետիսյանը (Մոսկվա), Դոնի Ռոստովի հայկական համայնքի ղեկավար Սերգեյ Սայադովը, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը և ուրիշներ:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, մասնաճյուղի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ:

Հայագետները հյուրընկալվեցին մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի կոմպոզիցիոն աշխատանքների պատկերասրահում, ուր նրանք ծանոթացան ֆակուլտետի շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա և այլն) ստեղծագործություններին:

Հյուրերն անչափ տպավորված էին շրջանավարտների կոմպոզիցիոն աշխատանքներով և իրենց ստացած ջերմ տպավորությունները գրառեցին պատկերասրահի տպավորությունների գրքում: