Մասնաճյուղում մեկնարկել են 2020-21 ուստարվա ընդունելության ներբուհական քննությունները

1 - գլխավոր

2021թ. հուլիսի 2-3-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում են «Գծանկար» և «Կոմպոզիցիա» առարկաների ներբուհական քննությունները՝ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերով ընդունելության համար:

Ըստ կրթական ծրագրերի՝ ընդունելության ներբուհական քննությունների անցկացման համար ձևավորվել է 2 քննասենյակ՝ հագեցած տեսաձայնագրման սարքերով: Քննություններից մեկ օր առաջ ախտահանվել են քննական կենտրոնները, քննություններին դիմորդներն ու կազմակերպչական աշխատակազմը պարտադիր ջերմաչափվել են, պահպանվել են հակահամաճարակային կանոնները:

Այս տարի յուրաքանչյուր կրթական ծրագրի ներբուհական քննություններն անցկացվում են մեկական օրով՝ 4-ական ժամ տևողությամբ: Քննասենյակում դիմորդներն իրենց տեղն ընտրում են վիճակահանությամբ:

«Գծանկար» առարկայի քննության ժամանակ հանձնարարվող առաջադրանքը նատյուրմորտ էր` հարթ ֆոնի վրա 2-3 գիպսե առարկաներից, գրաֆիտե մատիտով պարզ լուսավորությամբ` A2 ֆորմատի թղթի վրա, իսկ «Կոմպոզիցիա» առարկայի համար՝ պարզ երկրաչափական, բուսական կամ կենդանական մարմիններից կառուցված զարդանախշային հորինվածք՝ դեկորատիվ մեկնաբանությամբ:

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրով մասնաճյուղ էին դիմել 7, իսկ  «Դիզայն» կրթական ծրագրով՝ 9 դիմորդ:

Հանձնաժողովի անդամները «Գծանկար» քննության գնահատման ընթացքում հաշվի են առնում հորինվածքի գրագետ տեղադրումը թղթի մեջ, կառուցողական մոտեցումը, ծավալների տարածածավալային պատկերումը, ծավալների տոնային ընկալումը, նյութականության ստացումը և հորինվածքի եզրափակիչ մշակումը: «Կոմպոզիցիա» քննության ժամանակ գնահատվում է զարդանախշերի ընտրությունը և գրագետ համադրելիությունը, կոմպոզիցիա ստեղծելու ստեղծագործական մտքի կիրառումը, զարդանախշերով միջնադաշտի և եզրային գոտիների ստեղծումը, դետալների՝ միմյանց  նկատմամբ կոմպոզիցիոն աշխատանքի ամբողջացումը, կոմպոզիցիայում զարդանախշերի չափերի ներդաշնակ համադրության առկայությունը, զարդանախշերի գունային սահուն, հակադիր, կտրուկ անցումների, տոնայնության արտացոլումը, զարդանախշերի հստակ սահմանազատման առկայությունը գունային տոների միջոցով, տաք և սառը գույների համադրության և ստեղծագործական մտքի առկայությունը:

Քննությունների արդյունքները կամփոփվեն հուլիսի 6-ին:

Միջազգային ուսանողական բիենալե 2021

Հայտ.-նկարը

Սիրելի՛ ուսանողներ, 2021թ. հոկտեմբերի 20-23-ը ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի երիտասարդ ստեղծագործողների և կատարողների միջազգային ուսանողական բիենալե:

Բիենալեն կանցկացվի հետևյալ ուղղություններով՝

Ստեղծագործական մրցույթ

  1. Կոմպոզիտորական մրցույթ
  2. Գրական մրցույթ
  3. Կերպարվեստի, լուսանկարչության և կիրառական արվեստի մրցույթ

Կատարողական մրցույթ

  1. Երգի մրցույթ (անհատական կատարում, զուգերգ, խմբերգ)
  2. Ասմունքի և թատերական մրցույթ (ներկայացում մինչև 15 րոպե)
  3. Պարային մրցույթ (անհատական կատարում, զուգապար, խմբակային կատարում)
  4. Գործիքային մրցույթ (անհատական և  նվագախմբային կատարումներ):

Ներկայացված ստեղծագործությունները գնահատվելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Յուրաքանչյուր ուղղության համար նախատեսված մրցանակային տեղերից և պարգևատրումներից բացի, փառատոնի մասնակիցները կստանան նաև պատվոգրեր և հուշանվերներ: 

Բիենալեի ընթացքում տեղի կունենան հետևյալ գլխավոր միջոցառումները.

  • մասնակիցների աշխատանքների ցուցահանդես
  • ԱՊՀ երկրների մշակույթ տոնավաճառ
  • բիենալեի գալա համերգ:

Անցկացվելու են նաև արվեստի և մշակույթի վերաբերյալ դասախոսություններ, քննարկումներ, կլոր-սեղաններ, մասնագետների կողմից վարպետության դասընթացներ: 

Բիենալեին կարող են մասնակցել ԱՊՀ երկրների բուհերի ուսանողները: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը, դրան կցել նաև ինքնակենսագրությունը, անձնագրի պատճեն, տվյալ բուհից տրված տեղեկանքը, ներկայացվող աշխատանքի էլեկտրոնային տարբերակը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. հուլիսի 25-ն է:

Մնացյալ մանրամասների վերաբերյալ գրանցված մասնակիցները կտեղեկացվեն անհատապես:

Հայտաձևը տե՛ս այստեղ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ մշակույթի կենտրոն:

Հեռ՝ քաղ. (060)710-183, (060)710-184, ներքին՝ 11-83, 11-84

Կայքէջ՝ www.ysu.am/culture

https://www.facebook.com/ephculturecenter/

Էլ. հասցե՝ culturecenter@ysu.am

ԵՊՀ ԻՄ-ի հիմնական աշխատողները նույնպես կպարգևատրվեն աշխատավարձի 50%-ի չափով

Նորութ. նկ.

Հետևելով Մայր բուհի օրինակին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը նույնպես կպարգևատրի իր հիմնական աշխատողներին:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի՝  2021թ. հունիսի  30-ի №109-§ 1 հրամանի համաձայն՝ ԵՊՀ ԻՄի հիմնական աշխատողները, 2021թ. հուլիսի 3-ից սկսած, կստանան դրամական պարգևատրում՝ ապրիլ ամսվա համար հաշվարկված աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 0.5 դրույքը:

Դրամական պարգևատրումը կիրականացվի 2021թ. ԵՊՀ ԻՄ-ի եկամուտների և ծախսերի նախահաշվի «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ և դրան հավասարեցված վճարումներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

Ըստ հրամանի՝ պարգևատրումը չի վճարվի 2021 թվականի ընթացքում վեց ամսից պակաս աշխատանքային ստաժ ունեցող աշխատողներին և սույն հրամանի ստորագրման օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողներին:

Մասնաճյուղում ավարտվեց հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրերով 2020-21 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

1

2021թ. հունիսի 12-28-ը ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ հեռակա ուսուցման բակալավրի՝ 2020-21 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 8 մասնագիտության գծով ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

2021թ. ԵՊՀ ԻՄ-ի թե՛ առկա և թե՛ հեռակա ուսուցման համակարգերում ավարտական աշխատանքների պաշտպանությունները կազմակերպվել են առկա (հակահամաճարակային կանոնների պահպանմամբ) և առցանց ձևերի համադրությամբ, սահմանված կարգով, ըստ հաստատված ժամանակացույցների:

Հունիսի 12-ին կայացավ «Աշխարհագրություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության բաժնի պետ, տեխն. գ. թ. Մկրտիչ Շուրայի Մկրտչյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 19 շրջանավարտ. 5-ը ստացավ «լավ», 13-ը՝ «բավարար», 1-ը՝ «անբավարար»:

Հունիսի 13-ին կայացավ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ, ք.գ. դոկտոր Լուսինե Ռոմիկի Հարությունյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 18 շրջանավարտ. 2-ը ստացավ «լավ», 16-ը՝ «բավարար»:

Հունիսի 1819-ին կայացավ «Հոգեբանություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՖԿՍՊԻ պրոֆ. Լալայանի անվան սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Անահիտ Գուրգենի Ստեփանյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 29 շրջանավարտ. 1-ը ստացավ «գերազանց», 14-ը՝ «լավ», 14-ը՝ «բավարար»:

Հունիսի 25-26-ին կայացավ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Լուիզա Խորենի Միլիտոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 36 շրջանավարտ. 10-ը ստացավ «գերազանց», 12-ը՝ «լավ», 14-ը՝ «բավարար»:

Հունիսի 26-27-ին կայացավ  «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը և «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 1 շրջանավարտի ամփոփիչ ատեստավորման քննությունը և ավարտական աշխատանքի պաշտպանությունը,

Հանձնաժողովը գլխավորում էր «Զայլինքս Արմենիա» ՍՊԸ-ում ծրագրավորման ավագ ինժեներ, ֆ.մ.գ.թ. Գարեգին Վրեժի Սարգսյանը:

Ամփոփիչ ատեստավորման շրջանավարտների թիվը 40 էր. 2-ը չի ներկայացել, 3-ը ստացել է «գերազանց», 10-ը՝ «լավ», 25-ը՝ «բավարար»:                              

Հունիսի 26-27-ին կայացավ «Պատմություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմ. գիտ. դոկտոր Սամվել Անդրանիկի Պողոսյանը:

Ամփոփիչ ատեստավորման շրջանավարտների թիվը 31 էր. 2-ը չի ներկայացել, 1-ը ստացել է «գերազանց», 6-ը՝ «լավ», 19-ը՝ «բավարար», 3-ը՝ «անբավարար»:

Հունիսի 27-28-ին տեղի ունեցավ «Տնտեսագիտություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության ՄՔՄ բաժնի առաջատար մասնագետ, տ.գ.թ. Քնարիկ Ավագի Այվազյանը:

Ամփոփիչ ատեստավորման շրջանավարտների թիվը 45 էր. 4-ը չի ներկայացել, 1-ը ստացել է «գերազանց», 7-ը՝ «լավ», 33-ը՝ «բավարար»:

Բակալավրի որակավորում ստանալու առթիվ ԵՊՀ ԻՄի ամբողջ  անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք 2021թ. հեռակա ուսուցման մեր շրջանավարտներին՝ նրանց մաղթելով անձնական ու մասնագիտական ձեռքբերումներ և հաջողություններ, նպատակների իրականացումամենալավն ու բարին:

ՀՀ պետական և ոչ պետական բուհերի՝ 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության երկրորդ փուլի սկզբունքները

ԵՊՀ-ԻՄ-նկար

2021-2022 ուսումնական տարում դիմորդն ընդունելության քննությունը կարող է հանձնել միայն մեկ անգամ՝ երկու փուլով:

Երկրորդ փուլը 2021թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկայի (առարկաների) առցանց հայտագրումն ու տվյալ տարվա հուլիսին դիմորդների կողմից հանձնվող քննությունների հանձնումն է:

Երկրորդ փուլի դիմումհայտում փոփոխություններ կարող են կատարել մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը` ժամը 17:00-ն:

Դիմորդներն ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) տվյալները մինչև 2021թ. հուլիսի 12-ը առցանց եղանակով լրացնում են ԳԹԿ-ի իրենց ընդունելության դիմում-հայտում:

Դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝  յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը կցելով:

Դիմորդներն ընդունելության դիմումհայտում լրացնում են բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) անվանումը, տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները: Ցանկի «Ընդունելության քննություններ» բաժնի սյունակում միասնական քննությունների առարկաները «կամ» բառով տարանջատված լինելու դեպքում դիմորդին թույլատրվում է ընտրել նշված ընդունելության քննություններից մեկը:

Նախորդ տարիների, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերի լրացման գործընթացին օժանդակում և ԳԹԿ անձնական համար է տրամադրում նրա բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցը:

ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են երկրորդ փուլում: Երկրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում:

Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմումհայտ

Բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:

Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար կամ վճարովի) հայտագրմամբ:

Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:

Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդն ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթներին:

Դիմորդներն անվճար և վճարովի տեղերի մրցույթին կարող են մասնակցել և՛ միասնական քննությունների արդյունքներով, և՛ միասնական քննության արդյունքով ու բուհերի ընդունելության քննությունների ցանկում երկու աստղանիշով (**) նշված մասնագիտությունների առարկաների համար որպես մրցութային գնահատական ընդունելության դիմում-հայտում հայտագրած միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի՝ պետական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ պետական ավարտական քննությունների գնահատականների բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականով:

Ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

  • բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,
  • ներբուհական քննություններ հանձնած արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին՝ ընդունելության դիմում-հայտում համապատասխան մասնագիտություն հայտագրելու դեպքում,
  • հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-12-րդ դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
  • ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ ՀՀ բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,
  • դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,
  • տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվում են մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:

Ներբուհական քննությունների արդյունքներով մրցույթն անցկացվում է համապատասխան բուհում: Մրցույթի արդյունքը հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում, որից հետո բուհի ռեկտորը հրամանագրում է ուսանողներին:

Աղբյուրը՝ https://escs.am/am: