Գիտության և մշակույթի Երևանի ռուսական կենտրոնի սահմանած «Տարվա լավագույն ուսանող» մրցանակ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողուհուն

1. գլխավոր

2021թ. հունվարի 25-ին, համաձայն հաստատված ավանդույթի, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որը կազմակերպել էր Գիտության և մշակույթի Երևանի ռուսական կենտրոնը` Հայաստանում Ռուսաստանի համալսարանների ուսանողների ասոցիացիայի հետ համատեղ:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում մրցանակաբաշխության ավանդական արարողությունը, որի ընթացքում Հայաստանում գործող համալսարանների ռուսական բանասիրության ֆակուլտետի 2020 թվականին իրենց ուսումնառությամբ առանձնացած ուսանողները ստացան հավաստագրեր և խրախուսական մրցանակներ:  

Մասնակիցներին ուղղված շնորհավորական խոսքերով և բարեմաղթանքներով հանդես եկան Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը, Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ացամազ Բիչենովը, Մ. Վ. Լոմոնոսովի Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսեյ Ռեյմերսը, Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը:

Լավագույն ուսանող ընտրելու առաջարկ էր ուղարկվել նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին: Հաշվի առնելով «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների մեջ իր ցուցաբերած բարձր առաջադիմությունը, կարգապահությունը և ակտիվությունը՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կողմից լավագույն ուսանողի թեկնածու էր առաջադրվել 2-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Կարենի Կարապետյանը

Ուսանողների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում Լիանա Կարապետյանին շնորհվեց հավաստագիր և խրախուսական մրցանակ:

ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Լիանա Կարապետյանին՝ նրան մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ուսման մեջ և կյանքում:

Միջոցառման վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

Կայացավ տնօրենության՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի առաջին նիստը

Նիստի նորութ. նկար

2021թ. հունվարի 21-ին տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա.Մակարյանը:

 

Նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում իրականացրած պրակտիկաների վերաբերյալ հաշվետվություն:
  2. 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման համակարգում հետազոտական աշխատանքների արդյունքների վերլուծություն:
  3. Երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների քննարկում:
  4. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա ուսման վճարների չափերի քննարկում:
  5. Ընթացիկ հարցեր:

Մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանը առաջին հարցի վերաբերյալ նշեց, որ 2020-2021 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանների համաձայն՝ մասնաճյուղում առաջին կիսամյակի ընթացքում պետք է իրականացվեր 14 պրակտիկա: Մինչ այժմ իրականացվել է 12 պրակտիկա. երկու պրակտիկա դեռևս ընթացքի մեջ է: ՀՀ-ում հայտարարված արտակարգ, ինչպես նաև ռազմական դրությամբ պայմանավորված՝ պրակտիկաններն իրականացվել են առցանց եղանակով՝ ամբիոններում նախապես հաստատված ծրագրերին համապատասխան: 2020թ․նոյեմբերի 20-ի տնօրենության նիստի որոշման հիման վրա առաջին անգամ ընդհանուր պահանջ է դրվել առցանց պրակտիկաները տեսաձայնագրել հետագա մասնագիտական քննարկումների և պրակտիկայի բարելավման նպատակով։ Առկա ուսուցման համակարգում ուսանողների մասնակցությունը կազմել է 100%, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ 82%:

 

Որոշվեց ընդունել ՄԿՊԿ բաժնի հետևյալ առաջարկությունները.

  1. Մասնագիտական ամբիոններում պրակտիկաների ծրագրերը քննարկել և հաստատել կրթական ծրագրով սահմանված պրակտիկայի վերջնարդյունքներին համապատասխանելու տեսանկյունից,
  2. պրակտիկաների ղեկավար նշանակել ոլորտում մասնագիտական հարուստ փորձ ունեցող աշխատակիցների/մանկավարժների,
  3. պրակտիկաների ծրագրով հաստատված վերջնարդյունքների ձևավորման վերահսկողությունն ապահովել ամբիոնների կողմից,
  4. ուսումնական պրակտիկաների ծրագրային խնդիրների կատարման (բացառությամբ Կիրառական արվեստի ֆակուլտետի) առցանց կազմակերպման ձևը համարել դրական և այդ փորձը կիրառել նախքան երթուղային եղանակով պրակտիկաների կազմակերպումը,
  5. մանկավարժական պրակտիկաների ընթացքում ուշադրություն դարձնել ոչ միայն դասավանդման ժամանակակից մեթոդներին, այլև առցանց կրթական գործիքակազմին,
  6. նախքան արտադրական պրակտիկաների սկսելը (Բնական գիտությունների ֆակուլտետ) ունենալ տեղեկատվություն ուսանողների տեխնիկական միջոցների ապահովվածության վերաբերյալ,
  7. հանձնարարել ՄԿՈԱ բաժնին ուսանողների շրջանում անցկացնել պրակտիկայի կազմակերպումից և անցկացումից բավարարվածության գնահատման վերաբերյալ հարցում:

Երկրորդ հարցի վերաբերյալ Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի առկա ուսուցման համակարգում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների թիվը եղել է 24, 12-ը՝ եզրափակիչ գնահատումով, 10-ը՝ առանց եզրափակիչ գնահատման և 2-ը՝ առանց ընթացիկ գնահատման:

 

Ն.Գրիգորյանը նշեց, որ առաջին կիսամյակում ամիսը մեկ պարբերականությամբ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը բաժնի հետ համատեղ կազմակերպել է հանդիպում-քննարկումներ հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են հետազոտական աշխատանքների թեմաների ընտրության, կատարման, գնահատման հետ կապված տարաբնույթ հարցեր: Մասնաճյուղի առկա ուսուցման համակարգում ընթացիկ քննություններով գնահատվող հետազոտական աշխատանքների ընդհանուր թիվը 127 է, որից 15 աշխատանք չի ներկայացվել, 0 միավոր է գնահատվել 2 աշխատանք, 1 միավոր՝ 2 աշխատանք, 2 միավոր՝ 12 աշխատանք, 3 միավոր՝ 19 աշխատանք, 4 միավոր՝ 26 աշխատանք, 5 միավոր՝ 51 աշխատանք:

 

Ընթացիկ ստուգումներով գնահատվող հետազոտական աշխատանքների թիվը 111 է, որից 2 աշխատանք չի ներկայացվել, 2 միավոր գնահատվել է 1 աշխատանք, 4 միավոր՝ 5 աշխատանք, 5 միավոր 13 աշխատանք, 6 միավոր՝ 13 աշխատանք, 7 միավոր՝ 8 աշխատանք, 8 միավոր՝ 15 աշխատանք, 9 միավոր 14 աշխատանք, 10 միավոր՝ 40 աշխատանք:

 

Որոշվեց.

  1. հետազոտական աշխատանքների արդյունքների վերլուծությունն ընդունել ի գիտություն,
  2. հանձնարարել դեկաններին ֆակուլտետային գիտական խորհուրդներում կազմակերպել հետազոտական աշխատանքների կատարման ամբիոնային վերլուծությունների քննարկումներ:

Օրակարգի երրորդ հարցը ներկայացրեց ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը: Նա նշեց, որ ընթացքի մեջ են բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման ուսումնական գործընթացի երկրորդ կիսամյակի ժամանակացույցների մշակման աշխատանքները, որոնք մինչև հունվարի վերջը կներկայացվեն տնօրենի հաստատմանը: Երկրորդ կիսամյակի առկա ուսուցմամբ դասապրոցեսը նախատեսվում է սկսել ս.թ. փետրվարի 9-ից, իսկ հեռակա ուսուցմանը՝ մարտի 9-ից:

 

Որոշվեց հանձնարարել ֆակուլտետների դեկաններին մինչև 2021թ. հունվարի 30-ը ՈՒՄՎ ներկայացնել ֆակուլտետների դասացուցակները:

 

Չորրորդ հարցի վերաբերյալ Ա.Մակարյանը նշեց, որ երկար տարիներ անփոփոխ մնալուց հետո, հաշվի առնելով, որ մասնաճյուղում վարձավճարները ամենացածրերից են հանրապետությունում, անցյալ տարի գիտխորհրդի որոշմամբ վերանայվել են 5 մասնագիտության վարձավճարները: Քննարկումների ժամանակ գիտխորհրդում առաջարկ էր հնչել տարեկան փոքր բարձրացումների միջոցով վարձավճարները համապատասխանեցնել մասնաճյուղի ծախսերին, տարադրամի փոխարժեքի փոփոխություններին և այլ գործոնների: Բացի այդ՝ կառավարությունը պլանավորում է ավելացված արժեքի հարկով լրացուցիչ 20%-ով հարկել ուսումնական հաստատությունները:

 

Որոշվեց 2021-2022 ուստարվա ԵՊՀ ԻՄ-ի ուսման վարձաչափերի փոփոխման հարցը ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի քննարկմանը:

 

Առաջին ընթացիկ հարցը վերաբերում էր ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Ժիրայր Արմենի Մատինյանին, ով պատերազմական իրավիճակում կորցրել է փաստաթղթերը և դիմել է մասնաճյուղ՝ դիպլոմի կրկնօրինակը ստանալու համար:

 

Որոշվեց բավարարել շրջանավարտի դիմումը:

 

Երկրորդ ընթացիկ հարցը վերաբերում էր ֆակուլտետների գիտական խորհուրդների երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանների քննարկմանը:

 

Ա.Մակարյանը նշեց, որ ներկայացված պլանները հիմնականում վերաբերում եմ կազմակերպական աշխատանքներին և ստացվում է, որ ուշադրությունից դուրս են մնում ամբիոններում բովանդակային գործունեության քննարկումները և վերլուծությունները, կրթության որակի հետ կապված հարցերը:

 

Որոշվեց հանձնարարել գիտական քարտուղարին, ՈՒՄՎ-ին և ՄԿՈԱ բաժնին մինչև հունվարի 25-ը պատրաստել և տնօրենին ներկայացնել այն գործողությունները, որոնք պետք է պարտադիր ներառվեն ֆակուլտետների աշխատանքային պլաններում, դրանց հիման վրա վերանայել ֆակուլտետների պլանները և ներկայացնել տնօրենի հաստատմանը:

Հրապարակվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը

PDCA brings continual improvement

Սիրելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի «Կրթության որակի կառավարում» բաժնի  «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություններ»  էջում կարող եք ծանոթանալ 2020թ. իրականացված ինքնավերլուծությանը:  

 

Ինստիտուցիոնալ կարողությունների այս վերլուծությունն իրականացվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կազմում Իջևանի մասնաճյուղի ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով:

 

Սույն ինքնավերլուծությամբ գնահատվել են բուհի մատուցած կրթական ծառայությունները և կրթական ծրագրերը (ՄԿԾ-ները) և հիմնավորվել է, թե դրանք որքանով են ծառայում մասնաճյուղի առաքելությանը, նախանշված կրթական նպատակներին և ուսումնառության վերջնարդյունքներին:

 

Ինքնավերլուծությունը նպատակ ունի բարելավելու մասնաճյուղի        ՄԿԾ-ների որակը և համապատասխանությունը ՀՀ ՈԱՇ-ի նկարագրիչներին, ընդլայնելու մասնաճյուղի և կրթական ծրագրերի ներուժը, որոշումներ կայացնելու համար ապահովելու տեղեկատվական համապատասխան հիմքեր, նպաստելու ուսանողների ուսումնառության որակի բարելավմանը: Ինքնավերլուծության խնդիրն է եղել հիմնավորել, որ ԵՊՀ ԻՄ-ն այնպիսի  ուսումնական հաս­տա­տու­թյուն է, որն ուսանողներին առաջարկում է համակողմանի գի­տե­լիքներ, կա­րո­ղու­թյուններ և հմտություններ ապա­հովող կրթական ծրագրեր, նրանց դաստիարակում է բարոյական, ազգային և համամարդ­կային արժեքներով, հա­սարակության ամենատարբեր շեր­տե­րին ընձեռում է մատչելի կրթություն և մասնագիտությունների ընտրության լայն հնարավորություն­ներ,  տրամադրում է հետազոտություններ իրականացնելու հա­մար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու բարենպաստ միջավայր:

 

ԵՊՀ ԻՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը հասցեագրվում է մասնաճյուղի ներքին և արտաքին շահակիցներին:

 

Ինքնավերլուծության վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները խնդրում ենք ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի էլեկտրոնային հասցեին՝ mkoa.ysuib@gmail.com:

«Համագործակցային ակտիվ ուսուցում լսարանում» վերապատրաստման դասընթացին մասնակցելու հրավեր

unnamed (1)

Հարգելի՛ դասախոսներ, 2021թ. հունվարի 21-31-ը ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է Կրեդիտային համակարգով ԵՊՀ ԻՄ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի «Ուսուցման նորարարական մեթոդներ» մոդուլի  «Համագործակցային  ակտիվ ուսուցում  լսարանում»  12 ակադեմիական ժամ տևողությամբ  վերապատրաստման  դասընթացը (1 ECTS կրեդիտ):

Դասընթացը կվարի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Կարեն Արմենի Թռչունյանը: 

Վերապատրաստման դասընթացի նպատակն է մասնակիցներին համակողմանի և ամ­փոփ գիտելիքներ ու գործնական հմտություններ հաղորդել բարձրագույն կրթության հա­մակարգում ակտիվ ուսուցման արդի  բովանդակության, ինչպես նաև կազմա­կերպ­չա­կան ձևերի և ուղիների վերաբերյալ:

Դասընթացի  ավարտին մասնակիցներն ունակ կլինեն՝

  • տարանջատելու ուսուցման ակտիվ և ոչ ակտիվ՝ «պասիվ» ձևե­րը,
  • ուրվագծելու ակտիվ ուսուցման բովանդակային և կազմակերպչական շրջանակը (framework),
  • վերանայելու և լրամշակելու եղած առարկայական ծրագրերը՝ ակտիվ ուսուցման դրույթ­ներին դրանց համապատասխանության ապահովման նպատա­կով,
  • լսարանային և արտալսարանային պայմաններում կիրա­ռե­լու ակտիվ ուսուցման տարբեր եղանակները, մոտե­ցում­ներն ու հնարները, ըստ այդմ՝ ապա­հովելու դասավանդման գործընթացի ակտիվ բնույթը,
  • խթանելու սովորողների ակտիվ և ստեղծագործ ներգրավվածությունն ուսումնա­ռության գոր­ծընթացին:

Մասնակցելու համար կարող եք մինչև հունվարի 20-ը ներառյալ գրանցվել հետևյալ  հղումով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094 40 60 32:

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է մրցույթ

Հայտ. նկ.

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն  կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթ:

 

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց (on-line) ռեժիմով` Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով, մինչև 2021 թ. փետրվարի 12-ը ներառյալ:

 

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ զանգահարելով 010-210-140 (*113) / 043-496-364 կամ 010-210-140 (*108) / 094-542-472:

 

Մրցույթի հրավերի փաթեթը

 

Ուշադրություն. խնդրում ենք ուշադիր ծանոթանալ հրավերի պայմաններին և հայտերը լրացնելիս հաշվի առնել, որ նախորդ տարիների համեմատ կատարվել են որոշակի փոփոխություններ:

 

Աղբյուրը՝  http://scs.am/am/28-12-2020-1: