Ամփոփվել է ԵՊՀ Իջևանի Մասնաճյուղի գիտական խորհրդի հարցման միջոցով անցկացված նիստը

Social network and mobile media concept

  ՀՀ-ում սահմանված արտակարգ դրությունից ելնելով՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի հերթական նիստը 2020թ. ապրիլի 7-14-ն ընկած ժամանակահատվածում անցկացվել է հարցման միջոցով Google-ի հարթակում՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նախագահ Ա. Հ. Մակարյանի և գիտքարտուղար Մ. Ս. Աթոյանի նախաձեռնությամբ:

Գիտխորհրդի անդամների էլեկտրոնային հասցեներին ուղարկվել էին https://docs.google.com/forms-ով կազմված ձևաչափեր, որոնք հնարավորություն էին տալիս նրանց ծանոթանալ տվյալ հարցի մասին հաղորդմանը, ներկայացնել առաջարկություններ և քվեարկել առցանց։

Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

  1. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքի (2018-2019 ուստարի) մասին (զեկուցող՝ կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի մասնագետ Ն Ն. Ղազարյան):
  2. 2020-2021 ուստարվա ԵՊՀ ԻՄ-ի ուսման վարձավճարների չափերի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյան):
  3. Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական բաղադրիչի ներդրման կարգի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ. Ս. Աթոյան):
  4. Փոփոխություններ ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի կանոնադրության մեջ (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ. Ս. Աթոյան):
  5. «Համլետ Կարայան» անվան կրթաթոշակի վերահաստատման մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյան):

 

Օրակարգային 1-ին հարցի մասին Ն.Ղազարյանի զեկուցման մեջ մասնավորապես ներկայացվել էր, որ 2018-2019 ուստարում ԵՊՀ ԻՄ-ում իրականացվել են դասախոսների որակավորման բարձրացման մի շարք դասընթացներ՝ «Անգլերենը ակադեմիական միջավայրում», «Աշխատանք վիրտուալ  կրթական միջավայրում» (Moodle), կամընտրական 2 դասընթաց՝ «Կրթական  հետազոտությունները  բուհական  համակարգում» և «Առարկայական  ծրագրեր մշակելու  ABC մոտեցում» թեմաներով, 2 դաս-քննարկում՝ «Կրթության   ժամանակակից   խնդիրները» և «Ինչպե՞ս է սովորում մարդը» թեմաներով: Իրականացման ընթացքի մեջ են «Ուսուցման նորարարական մեթոդներ» մոդուլի  դասընթացները: Գիտխորհրդի անդամների կողմից առաջարկվել էր վերապատրաստման ծրագրերում ներառել մոդուլներ մասնագիտությունների արդի հիմնախնդիրների վերաբերյալ, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում կազմակերպել ժամանակակից տարբեր համակարգերին վերաբերող առցանց դասընթացներ:

Քվեարկության արդյունքում որոշվել է ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի  կատարման ընթացքի (2018-2019 ուստարի) մասին Ն.Ղազարյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

2-րդ հարցի վերաբերյալ Ա.Դավթյանի հաղորդման մեջ նշվում էր, որ փոփոխություններ են առաջարկվել 5 կրթական ծրագրի վճարաչափերում։ Հաշվի առնելով Ուսումնամեթոդական վարչության կողմից այլ բուհերի հետ իրականացված համեմատական վերլուծությունները՝ տնօրենության նիստում առաջարկվել է ընդունելության տեղերը թողնել անփոփոխ, իսկ 5 մասնագիտական կրթական ծրագրերի («Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «ԻԿՄ», «ԱԼԳ», «ՖԼԳ», «ՏՄՄ») համար կատարել ուսման վարձավճարների փոփոխություն: Քվեարկության արդյունքում որոշվել է հաստատել 2020-2021 ուստարվա ԵՊՀ ԻՄ-ի ուսման վարձավճարների չափերը՝ համաձայն հավելված 1-ի

3-րդ հարցի մասին Մ.Աթոյանի հաղորդման մեջ ներկայացվել էր, որ 2020թ․ մարտի 12-ին ԵՊՀ գիտական խորհրդում հաստատվել է «ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական բաղադրիչի ներդրման կարգը»: Ըստ այդ կարգի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական 2-6 դաս­ըն­թացներում ներմուծվում է կուրսային աշխատանքներին փոխարինող հետազոտական աշխատանք, որն իրականացվելու է տվյալ դասընթացի շրջանակում հետազոտության կատարման և ներկայացման միջոցով: ԵՊՀ-ում առաջին կիսամյակում արդեն մեկնարկել էր հետազոտական բաղադրիչի ներմուծման պիլոտային ծրագիրը, որի վերաբերյալ իրականացվել են մշտադիտարկումներ, արվել վերլուծություններ և հետևություններ, որոնք հիմք են ծառայել ԵՊՀ-ի համապատասխան կարգի բարելավման համար: Քվեարկության արդյունքում որոշվել է առաջնորդվել 2020թ․ մարտի 12-ին ԵՊՀ գիտական խորհրդում հաստատված «Երևանի պետական համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարման կարգ»-ով:

4-րդ հարցի վերաբերյալ որոշվել է ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ 2019թ. հունիսի 1-ի թիվ 38 նիստում հաստատված ԵՊՀ ԻՄ ԱԿԲ կանոնադրության 8-րդ կետի 19-րդ ենթակետը՝ «19) ապահովել ինտերնետային կայքի դինամիկ զարգացումը՝ հարստացնելով և արդիականացնելով նրա բովանդակային և ծրագրային բաղադրիչները» ձևակերպել հետևյալ կերպ՝ «19) ապահովել ինտերնետային կայքի դինամիկ զարգացումը՝ հարստացնելով և արդիականացնելով նրա բովանդակային բաղադրիչները» (կայքի ծրագրային ապահովումը դրվել է ՏՀՍԶ բաժնի վրա):

5-րդ հարցի մասին Ա.Դավթյանի հաղորդման մեջ մասնավորապես ներկայացվել էր, որ 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակում Համլետ Կարայանի անվան կրթաթոշակ է նշանակվել Բնական գիտությունների ֆակուլտետի  «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանող Գերասիմ Սամվելի Ալավերդյանին: Նույն ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում նա պահպանել է իր կարգավիճակը համապատասխան գործող ուսանողական նպաստի, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի: Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից Գ.Ալավերդյանի թեկնածությունը վերահաստատվել և ներկայացվել է ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հաստատմանը: Որոշվել է վերահաստատել Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանող Գերասիմ Սամվելի Ալավերդյանի թեկնածությունը՝ ստանալու Համլետ Կարայանի անվան կրթաթոշակը 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում՝ 2020թ․ ապրիլի 1-ից սկսած:

Գիտխորհրդի նիստի վերաբերյալ ավելի մանրամասն տե՛ս ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի «Գիտական խորհրդի արձանագրություններ» էջում:

 

ԵՊՀ-ում ավարտական աշխատանքները կպաշտպանեն «Zoom»–ով

collage (1)

ԵՊՀ-ում ավարտական աշխատանքները կպաշտպանեն «Moodle» և «Zoom» հարթակների միջոցով,- ապրիլի 17–ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

«Քննությունների հարցը դեռ քննարկման փուլում է։ Վաղը մենք մամուլի հաղորդագրություն կտարածենք»,– ասաց նա։

Նշենք, որ  կորոնավիրուսով պայմանավորված՝  ԵՊՀ–ում դասընթացները նույնպես անց են կացվում առցանց հարթակների միջոցով։

Ի գիտություն հեռակա ուսուցման համակարգի ուսանողների

ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին տեղեկացնում ենք, որ ուսման վարձի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները կընդունվեն ս.թ. ապրիլի 30-ից մինչև մայիսի 6-ը ժամանակահատվածում էլեկտրոնային տարբերակով՝ ccourse_ib@ysu.am հասցեով։

Հաստատվել են ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման ավարտական կուրսերի՝ 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի և հեռակա ուսուցման գործընթացի կազմակերպման նոր ժամանակացույցները

 Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի հրամանով մասնաճյուղի առկա ուսուցման ավարտական կուրսերի՝ 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանը կանցկացվի ս.թ. ապրիլի 15-25-ը ժամանակահատվածում:

Քննությունները կիրականացվեն Zoom հարթակում՝ ամբիոնների նիստերում քննարկված ձևաչափերով և հարցաշարերով, որոնց վերաբերյալ ուսանողները նախօրոք տեղեկացվել են դասախոսների կողմից։ Քննաշրջանի ժամանակացույցները հասանելի են հետևյալ հղումներով․

Համաձայն ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատարի մեկ այլ հրամանի՝ հեռակա ուսուցման ավարտական կուրսերի հետաձգված դասերը կշարունակվեն իրականացվել Zoom հարթակում ս.թ. ապրիլի 15-ից՝ 2 շաբաթ ժամանակահատվածով: Դասախոսներն իրենց էլեկտրոնային հասցեներին ստացել են դեպի հարթակ մուտքի լոգինը և գաղտնաբառը՝ դասընթացները կազմակերպելու իրավունքով, իսկ ուսանողները՝ դասընթացների մուտքի իրավունքով հղումները։ Հեռակա ուսուցման ավարտական կուրսերի դասացուցակները հասանելի են մասնաճյուղի կայքէջի «Հեռակա ուսուցման բաժին» էջում։

Նույն ժամանակամիջոցում Zoom հարթակում կանցկացվի նաև հեռակա ուսուցման ավարտական կուրսերի 1-ին կիսամյակի քննաշրջանի առաջին լուծարքային շրջանը: Քննությունների անցկացման ժամանակացույցը հասանելի է այստեղ։

 

 

Ի գիտություն ԵՊՀ ԻՄ-ի վճարովի համակարգում սովորող ուսանողների

ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունից ելնելով՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ուսման վարձերը չվճարած ուսանողներին թույլ է տալիս այս ընթացքում մասնակցելու ուսումնական գործընթացին՝ իրականացվող հեռավար դասերին:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հնարավորության դեպքում ուսանողները կարող են վճարել հիմա՝ խուսափելով պարտքեր կուտակելուց։

Ավարտական կուրսերի ուսանողներն ուսման վարձերը պետք է վճարեն ավարտական աշխատանքների նախապաշտպանությունից առաջ:

Ուսման վարձավճարը կարող եք վճարել առցանց՝ Ձեր բանկի հավելվածը ներբեռնելու, ինչպես նաև «iDram» (https://www.idram.am/) վճարային համակարգի օգնությամբ:

Ստորև ներկայացնում ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բանկային վավերապայմանները:

Կազմակերպություն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ
Բանկը «Արդշինբանկ» ՓԲԸ
Հաշվեհամարը (ՀՀ դրամ) 247610017094
Նպատակում նշել Ուսման վարձ, ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, կուրսը, ուսուցման ձևը (առկա կամ հեռակա)