Ընթացքի մեջ է 2019-2020 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 23-ից մինչև 2020թ. հունվարի 29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում է առկա ուսուցման համակարգի՝ 2019-2020 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը:

Հեռակա ուսուցման համակարգում 2019-2020 ուստարվա I կիսամյակի II ընթացիկ քննություններն ու ստուգումները կտևեն հունվարի 10-27-ը, իսկ քննաշրջանը կտևի փետրվարի 3-29-ը:       

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը հարցազրույցի ընթացքում ընդգծեց, որ քննություններն անցկացվում են սահմանված կարգով, ըստ ժամանակացույցի:

Նրա հավաստմամբ՝ դասախոսները և ուսանողները քննաշրջանին մոտենում են ամենայն պատասխանատվությամբ:

Պարոն Դավթյանը ուսանողներին ցանկացավ հաջողություն, դասախոսներին՝ հետևողականություն, որպեսզի ուսանողների գնահատականները հնարավորինս լիարժեքորեն արտացոլեն նրանց գիտելիքները: 

Քննության դրական շեմը չապահոված ուսանողները կկարողանան այն հանձնել լուծարքային շրջանում, որը կանցկացվի երկու փուլով և կտևի փետրվարի 3-ից մինչև 24-ը:

Բոլոր լուսանկարները տե‘ս Պատկերասրահում:

Կայացավ «Հնարավորությունների և արհեստների տոնավաճառ» միջոցառումը

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի Կոլբա նորարարական լաբորատորիայի «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում կայացավ «Հնարավորությունների և արհեստների տոնավաճառ» միջոցառումը, որն իրականացվեց Տավուշի մարզպետարանի և «Կարիերայի լաբ» կենտրոնի հետ համատեղ:

«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: Այն նպատակ ունի նախապատրաստել Հայաստանի երիտասարդությանն ապագայի աշխատաշուկային՝ նոր մասնագիտություններ և հմտություններ ձեռք բերելու միջոցով:

Տոնավաճառի նպատակն է ծառայել որպես բաց հարթակ գործատուների և աշխատանք փնտրող երիտասարդների միջև, դասընթացների միջոցով տրամադրել այնպիսի կարևոր հմտություններ, որոնք աշխատաշուկայում մրցունակություն կապահովեն: 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Իր ելույթում Դմիտրի Մարիյասինն ընդգծեց «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի կարևորությունը. «Այս ծրագիրը ես շատ եմ կարևորում, քանի որ այն ապագայի մասին է, որը, կարծում եմ, Հայաստանի համար այս պահին շատ կարևոր է. ինչպես անել, որպեսզի այսօրվա սերունդն իրազեկված լինի և տեսնի իր ապագան հենց Հայաստանում, այն ապագան, որը կլինի արժանավայել, ֆինանսապես կայուն, և որտեղ երիտասարդները կդառնան պահանջված մասնագետներ: Իհարկե, մենք նույնպես այսօրինակ միջոցառումների ժամանակ սովորում ենք ձեզանից, մենք պետք է հասկանանք ձեր հետաքրքրություններն ու անհանգստությունները, որպեսզի ծրագիրն է՛լ ավելի արդյունավետ դարձնենք հենց ձեզ համար»:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրեց ապագայի մասին իր տեսլականը և մի շարք խորհուրդներ տվեց երիտասարդներին: Նա ցանկություն հայտնեց, որ նման միջոցառումներին և հարթակներին երիտասարդները ստեղծարար և վերլուծական մոտեցում ցուցաբերեն. «Սա այն հմտությունն է, որը պետք է ձեզ, և որը վերաբերում է ապագայի մասնագիտությանը, քննադատական և ստեղծարար մտածողություն և մոտեցում: Դուք ամեն օր պետք է աշխատեք ձեր զարգացման վրա»:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև Երևանից և ՀՀ մարզերից հրավիրված խոսնակներ, ովքեր ներկայացրին իրենց մոտիվացիոն պատմությունները, պատասխանեցին սոցիալական ձեռներեցության մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ երիտասարդների ուղղած հարցերին:

Տոնավաճառին զուգահեռ անցկացվեցին ապագայի աշխատաշուկայի ու հմտությունների, մասնագիտության ընտրության մարտահրավերների մասին դասընթացներ:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանող Գերասիմ Ալավերդյանը ճանաչվել է ՀՀ լավագույն ուսանող

2

 2019թ. դեկտեմբերին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանատունը Երևանի «Դվին մյուզիք-հոլ» հյուրանոցի ընդարձակ սրահում կազմակերպել էր մեծ ընդունելություն ԱՄԷ Ազգային օրվա՝ Էմիրությունների միավորման 48-ամյակի կապակցությամբ:

Ներկա էին շուրջ 1000 հյուրեր, այդ թվում՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ԱԺ պատգամավորներ և այլ կառույցների ներկայացուցիչներ:

Երկու երկրների հիմները հնչեցնելուց հետո ելույթ ունեցան ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Իսա ալ-Կատտամ ալ-Զաաբին և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ընդունելության շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, տեղի ունեցավ ՀՀ լավագույն ուսանողների պարգևատրման արարողություն, որն իրականացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Պարգևատրվեցին ՀՀ պետական 14 բուհերի մեկական ուսանողներ՝ բարձր տեխնոլոգիաների և հարակից այլ մասնագիտությունների գծով:

Նրանց թվում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության      4-րդ կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանը:

Որպես մրցանակ նախատեսված է եռօրյա այցելություն Արաբական Միացյալ Էմիրություններ: 14 լավագույն ուսանողներ և 6 պատանիներ կայցելեն ԱՄԷ համալսարաններ և տեխնոլոգիական կազմակերպություններ, կծանոթանան բարձր տեխնոլոգիաների ոլորտում ԱՄԷ առաջավոր փորձին:

Նյութի վերաբերյալ այլ մանրամասների կարող եք ծանոթանալ՝ այցելելով հետևյալ հղումներով.

  1. https://www.gov.am/am/news/item/14038/ ,
  2. https://www.panorama.am/am/news/2019/12/03/%D4%B1%D5%84%D4%B7-%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%B8%D5%B6/2205349 :

 

Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը կազմակերպել էր Ամանորին և Սուրբ Ծննդին նվիրված միջոցառում

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 21-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության  ամբիոնը (ի դեմս ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ք.Հարությունյանի, ծրագրի պատասխանատու Շ.Գրիգորյանի, ասիստենտ Զ.Անտոնյանի):

Ամանորյա միջոցառման լեզուն անգլերենն էր, մասնակցում էին «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության առաջին և երրորդ կուրսի ուսանողները:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին տարբեր երկրներում Նոր տարին տոնելու առանձնահատկությունները, Ամանորի և Սուրբ Ծննդի ավանդույթներն ու խորհրդանիշները:

Ուսանողները նաև երգեցին Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված երգեր, խաղացին «Գաղտնի Սանտան» ամանորյա  խաղը, որի ընթացքում փոխանակեցին նվերներ:

Միջոցառմանը հյուր եկավ հենց ինքը Սանտա Քլաուսը, ով շնորհավորեց ներկաներին, նվերներ բաժանեց, երգեց ամանորյա երգեր:

Ուսանողները նաև ունեցան խաղարկություն, և յուրաքանչյուր մասնակից ստացավ գալիք տարվա համար իր կանխատեսումը:

Երրորդ կուրսի ուսանողների համար Զ.Անտոնյանը կազմակերպել էր «Լավագույն նամակը Ձմեռ պապիկին» խորագրով մրցույթ: Նամակներն անանուն էին, և երկու լավագույնները  ստացան մրցանակներ: 

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից հրատարակված գրքերի շնորհանդեսը

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում կայացավ Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից հրատարակված «Լևոն Շանթ. Մարդը և գործիչը», Վարդգես Ահարոնյանի «Անդրանիկ. Մարդը և ռազմիկը», «Յովհաննէս Թումանեան. Մարդը և բանաստեղծը» գրքերի շնորհանդեսը, որը կազմակերպվել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ու Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Վարդան Ալեքսանյանը՝ մասնավորապես նշելով. «Համազգային հայ կրթական և մշակութային միությունը իր հիմնադրման օրից նպաստել ու նպաստում է հայապահպանությանը հայրենիքում և հայրենիքից դուրս: Արժեհամակարգային փոփոխությունները, գլոբալիզացիայի գործընթացները դարձնում են ազգային մշակութային կապերը երկրորդային, համընդհանուր մշակութային կապերի մաս, և մեր ազգային արժեհամակարգի պահպանության, մատաղ սերնդի դաստիարակության հարցում հսկայական դերակատարում ունի Համազգայինը՝ իր հայրենանվեր  գործունեությամբ»:

Համազգային հայ կրթական և մշակութային միության գործունեության, ապագային միտված ծրագրերի մասին խոսեց երևանյան գրասենյակի ատենապետ Ռուզան Առաքելյանը: Նա իր խոսքում ընդգծեց, որ 1928 թվականին Լևոն Շանթի կողմից հիմնադրված Համազգային հայ կրթական և մշակութային միությունն այսօր էլ շարունակում է իր ակտիվ ներկայությունը հայրենիքում և սփյուռքում՝ հանձնառելով պահպանել ու զարգացնել հայ մշակույթն ու կրթական միջավայրը: 2019 թվականն իսկապես բեղուն էր երևանյան գրասենյակի համար, որովհետև տպագրվեց միաժամանակ երեք գիրք՝ «Լևոն Շանթ. Մարդը և գործիչը», Վարդգես Ահարոնյանի «Անդրանիկ. Մարդը և ռազմիկը», «Յովհաննէս Թումանեան. Մարդը և բանաստեղծը», որոնք մեծապես կնպաստեն վերոնշյալ ազգային գործիչների մասին ընթերցողների կողմից ամբողջական պատկերացման ձևավորմանը: Առանձնապես կարևորվեց Վարդգես Ահարոնյանի գրքերի վերահրատարակությունը, որովհետև մինչ այդ հրատարակությունը հայաստանյան մտավորականությունը լիատեղյակ չէր Վարդգես Ահարոնյան գրողի գրական ստեղծագործություններին ու գրչին:

«Անկախության գաղափարը Լ.Շանթի մեկնաբանմամբ» խորագրով զեկուցում կարդաց պ.գ.դ., պրոֆեսոր, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի և ԵՊՀ ԻՄ-ի դասախոս Խաչատուր Ստեփանյանը: Բանախոսն ընդգծեց, որ Լ.Շանթի «Մեր անկախությունը» աշխատությունը հայկական հարցի լուծման տեսական հիմնավորման փայլուն օրինակ է: Ըստ Շանթի՝ անկախությունը նախ և առաջ կամքերի ընդհարում է, շահերի բախում, և այն տարբեր կերպ է շոշափվում ազգերի կողմից: Որևէ ազգի անկախությունը կարող է բխել տվյալ ազգի և այլ ազգերի շահերից, սակայն միաժամանակ կարող է նպատակահարմար չհամարվել ուրիշ ազգերի համար: Հետևաբար՝ յուրաքանչյուր ժողովուրդ կարող է խանգարել կամ նպաստել տվյալ ազգի անկախության ձեռքբերմանը: Լևոն Շանթը սխալ է համարում անկախություն ակնկալելը՝ սոսկ միջազգային ատյանների վրա հույս դնելով, միևնույն ժամանակ խելամիտ չի համարում այդ ատյանների դերն անտեսելը: «Շանթը եզրահանգում է այն ճշմարտությանը, որ մենք պետք է ի զորու լինենք տեր կանգնել մեր անկախությանը, իսկ անկախությունը ձեռք է բերվում երկարատև, համառ մաքառումների շնորհիվ, – նշեց պարոն Ստեփանյանը: – Եվ եթե մեզ չհաջողվի ձեռք բերել կամ պահպանել մեր անկախությունը, ապա մենք իրավունք չունենք ապրելու որպես ինքնուրույն ժողովուրդ»:

«Հովհաննես Թումանյան. Մարդը և բանաստեղծը» թեմայով հետաքրքիր զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դեցենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը: Սեղմ անդրադառնալով գրքի հեղինակ Վարդգես Ահարոնյանի կենսագրությանը, հասարակական-քաղաքական և ստեղծագործական ուղուն՝ բանախոսը նշեց. «Ընտանեկան միջավայրը, հոր հասարակական-քաղաքական գործունեությունը, Թիֆլիսի հայ մտավորականության հետ ունեցած մտերմությունը դեռ պատանեկան տարիներից հնարավորություն է տվել, որ հեղինակը ճանաչի մեծերին և տարբեր իրավիճակներում առնչվի նրանց հետ: Այս հիիշողությունները տարիների հեռավորությունից դարձել են հուշապատում, որոնց մեջ իր գրականագիտական ասելիքով, իսկապես խոր ու համապարփակ մեկնաբանություններով աչքի է ընկնում «Հովհ. Թումանյան. մարդը և բանաստեղծը» գիրքը»: Տիկին Հասանյանի համոզմամբ՝ Ահարոնյանի աշխատությունն ունի դաստիարակչական, ճանաչողական և դասագրքային արժեք: Հեղինակն իրադարձությունների գունեղ նկարագրություններով բացահայտում է Մեծ լոռեցու խառնվածքը, հարաբերություններն ընտանիքի ու միջավայրի հետ, առանձին գործերի վերլուծության միջոցով ներկայացնում գրական վաստակը՝ կարևորելով գեղարվեստական բովանդակությունն ու տաղանդի մեծությունը:

«Ռազմառաջնորդի կերպարը Վարդգես Ահարոնյանի մեկնությամբ» թեմայով զեկուցում կարդաց գրադարանի վարիչ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը, ով մասնավորապես նշեց. «Յուրաքանչյուր սերունդ նախապատրաստում է իրեն բնորոշ հերոսների ծնունդը և գիտակցում ու արժևորում է նրանց գործողությունների այն համագումարը,  որոնք դիտվում են իբրև հերոսության և հերոսականության դրսևորումներ: Ավելին՝ երբ  արտաքին ու ներքին մարտահրավերների մեծացմանը զուգընթաց նվազում է դիմակայելու հավաքական կամքը, ազգերն իրենք են զգում վառ անհատականությունների ու հերոսների կարիքը: Անդրանիկը հենց այն կերպարն էր, որ ժամանակի հետ կրում էր ժամանակի շունչը, մեր հավաքական և բարոյական ներկայությունը մեկ մարդու մեջ»:

Այնուհետև ելույթ ունեցավ գրող, հրապարակախոս, կինոռեժիսոր Արտաշես Շահբազյանը: Անդրադառնալով Վ.Ահարոնյանին և նրա նորահրատարակ գրքերին՝ բանախոսը նշեց. «Վարդգես Ահարոնյանն այն սերնդի ներկայացուցիչներից էր, ովքեր աշխարհի առջև մի մեծ «մեղք» ունեցան, ինչի համար հալածվեցին, սպանվեցին՝ նաև որպես հիշողություն դատապարտվելով կորստի: Այդ «մեղքը» իրենց հայրենասիրությունն էր, հայոց պետականություն կերտելու տեսիլը: Այդ առաքելությամբ իրենք աշխարհ եկան, ստեղծեցին այս Հայաստանը և դատապարտվեցին հալածանքի, գանահարման և մոռացության: …Ճշմարտությունը կարելի է յոթ փականի տակ պահել, փոսի մեջ խորը թաղել, բայց ի վերջո չի կարելի անհետացնել, և Վ.Ահարոնյանի անվան վերադարձը հենց այդ մասին է փաստում»: Ա.Շահբազյանի խոսքով՝ Վ.Ահարոնյանի գործերը լավագույն սկզբնաղբյուր կարող են ծառայել ուսումնասիրողների համար, քանի որ դրանք ստեղծված են դեպքերի և իրադարձությունների, հայ ժողովրդի համար ողբերգական, բախտորոշ և ճակատագրական շրջափուլերի ականատեսի գրչով:

Շնորհանդեսի ժամանակ պարոն Շահբազյանի «Ես կգնամ» խորագրով վերջին ժողովածուի օրինակները նվիրվեցին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին:

Վերջում բանախոսներն ընդգծեցին, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ. Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հնարավորությունների սահմաններում ԵՊՀ ԻՄ-ին կտրամադրի իր հրատարակած գրքերը, մասնաճյուղի հետ կնախաձեռնի այլ գիտական և հանրամատչելի միջոցառումներ:

Բոլոր լուսանկարները տե’ս Պատկերասրահում: