Բանավեճի ներբուհական առաջնության եզրափակիչ խաղում հաղթեց «Ալֆա» թիմը

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 20-ին կայացավ Բանավեճի ներբուհական առաջնության եզրափակիչ խաղը, որը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ և «Ռեֆորմ» բանավեճի ակումբի հետ համագործակցությամբ։ Որպես դատավոր խաղին ներկա էր նաև «Ռեֆորմ» բանավեճի ակումբի համակարգող Մելինե Գևորգյանը, ում միջնորդությամբ ակումբը տրամադրել էր առաջնության գավաթը, մեդալները և հավաստագրերը։

Եզրափակիչ փուլում բանավիճում էին «Ալֆա» և “Mysterious ANIs” թիմերը՝ «Տարկետման վերացումը գիտության զարգացման սպառնալիք է» թեմայով։ Թիմերը նախապես չգիտեին իրենց դիրքորոշումը, այդ իսկ պատճառով տեղում կատարվեց վիճակահանություն, որի համաձայն՝ կողմ դիրքորոշմամբ հանդես եկավ «Ալֆա»-ն, իսկ դեմ դիրքորոշմամբ՝ “Mysterious ANIs”-ը։

Խաղի դատավորներն էին ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի նախագահ Արեն Ավետիսյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԽ-ի նախագահ Իրինա Փիրումյանը, ՈՒԳԸ փոխնախագահ Շիրակ Գասպարյանը (գլխավոր դատավոր), ՈՒԳԸ նախագահ Հրանտ Ղարագյոզյանը, «Ռեֆորմ» բանավեճի ակումբի համակարգող Մելինե Գևորգյանը։

Թիմերի 1-ին խոսնակները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրին բանավեճի հիմնական սահմանումներն ու հասկացությունները, տվեցին պնդումների ձևակերպումները։

Կառուցողական ելույթի ընթացքում յուրաքանչյուր թիմ բերեց սեփական դիրքորոշումից բխող երկուական պնդում, տարբեր փաստեր և օրինակներ՝ փորձելով ամրապնդել իր դիրքորոշումը։

Հարց ու պատասխան փուլում երկու թիմերը հնչեցրին տարատեսակ հարցեր, որոնք վերաբերում էին ինչպես բանավեճի բուն թեմային, այնպես էլ հակառակորդ թիմի կառուցողական ելույթին։ Խաղի 4-րդ և 5-րդ խոսնակները վերլուծեցին ամբողջ խաղը, ամրապնդեցին իրենց պնդումները և վերհանեցին բանավեճի ընթացքում տեղի ունեցած բախումները՝ հավաստիացնելով, որ հենց իրենց դիրքորոշումն է ճշմարտացի։

Թեժ և միաժամանակ հավասար պայքարում 59-60 միավորով Բանավեճի ներբուհական առաջնության հաղթող ճանաչվեց «Ալֆա» թիմը։

Խաղից հետո տեղի ունեցավ հավաստագրերի և մրցանակների հանձնման արարողությունը։ Հավաստագրերով պարգևատրվեցին առաջնությանը մասնակցած թիմերի բոլոր անդամները, 2-րդ տեղն զբաղեցրած թիմը պարգևատրվեց մեդալներով և խրախուսական նվերներով, առաջնության հաղթող թիմը ստացավ առաջնության գավաթը, մեդալներ, ինչպես նաև Yell Extreme Park-ի կողմից տրամադրված ժայռամագլցման (Via Ferrata) տոմսեր։

Սահմանված էր նաև 3 անվանակարգ։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Սպարտա» թիմը՝ պարգևատրվելով պատվոգրով և նվերներով։ «Լավագույն խոսնակ» անվանակարգում հաղթեց «Mysterious ANIs» թիմի 4-րդ խոսնակ Ինգա Ասլանյանը, ում հանձնվեց պատվոգիր, ինչպես նաև Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» գիրքը, իսկ խաղի լավագույն դատավոր ճանաչվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԽ-ի նախագահ Իրինա Փիրումյանը, ով պարգևատրվեց շնորհակալագրով և նվերով։

Բանավեճի ներբուհական առաջության անցկացմանը ցուցաբերած մեծ օգնության համար շնորհակալագրով և նվերով պարգևատրվեց «Ռեֆորմ» բանավեճի ակումբի համակարգող Մելինե Գևորգյանը։ Շնորհակալագրեր տրվեցին նաև խաղի բոլոր դատավորներին և առաջնության կազմակերպմանն օժանդակած անձանց։

Բոլոր լուսանկարները տե’ս Պատկերասրահում:

ԵՊՀ ԻՄ-ը շարունակում է խորացնել բուհ-դպրոց համագործակցությունը

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 19-ին ԵՊՀ ԻՄ-ի մի խումբ ներկայացուցիչներ՝ դասախոսներ և ուսանողներ, այցելեցին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց: 

Այցելության նպատակն էր բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում Իջևանի թիվ 4 դպրոցում անցկացնել  գրական-երաժշտական միջոցառում:

ԵՊՀ ԻՄ-ի կարևոր գործառույթներից է հասարակության լայն խավերի, քաղաքի ու մարզերի դպրոցների հետ ունեցած կապերի ամրապնդումը, համալսարան-դպրոց հարաբերությունների ընդլայնումը և զարգացումը: Բուհի դասախոսական կազմը պարբերաբար լինում է մարզի դպրոցներում, ծանոթանում աշակերտներին և ուսուցիչներին հուզող ուսումնակրթական հարցերին, ներկայացնում մասնաճյուղը իր գործունեությամբ, ռազմավարական ծրագրերով և հանդես գալիս տարբեր նախաձեռնություններով:

ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանի և Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Ա.Խոջայանի պայմանավորվածության համաձայն՝ դեկտեմբերի 19-ին «ՀԼԳ» մասնագիտության    ուսանողները դպրոցում հանդես եկան «Հայ քնարերգության երաժշտական գույները» գեղեցիկ միջոցառմամբ: Այն կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա.Սարհատյանը:

Ուսուցիչներով ու աշակերտներով լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափահարություններով դիմավորեց մեր ուսանողների հայրենաշունչ խոսքը, հուզիչ ասմունքն ու հայ քնարերգուների բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երաժշտական հոգեթով կատարումները:

Դպրոցի տնօրենը և ուսուցիչները մեծ գոհունակություն հայտնեցին տիկին Ա.Սարհատյանին և ուսանողներին՝ գեղագիտական ու ծրագրային-ուսումնական հնչեղություն ունեցող միջոցառման, իրենց պատճառած մեծ բավականության համար և անկեղծ ցանկություն հայտնեցին նրանց նորից տեսնելու իրենց հարկի տակ:

Բոլոր լուսանկարները տե’ս Պատկերասրահում:

ԵՊՀ ԻՄ-ում իրականացվեց «Խաղաղության գրադարակ» նախագիծը

1

 2019-20 ուստարվա I կիսամյակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի համատեղ ջանքերով ԵՊՀ ԻՄ-ում իրականացվել էր «Հակամարտությունների փոխակերպում» խորագրով հնգօրյա դասընթացը, որին մասնակցել էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր մասնագիտությունների երկու տասնյակ ուսանողներ: 

Դասընթացի տեսական մասը վարել է ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը, իսկ գործնական մասը՝ ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը:

Դասընթացի վերջում նախատեսված էր իրականացնել երկու փոքրածավալ դրամաշնորհային նախագիծ, որոնցից մեկը «Խաղաղության գրադարակն» էր:  Մասնաճյուղի գրադարանի գրադարակներից մեկը համալրվեց ավելի քան քսան քաղաքագիտական, խաղաղաշինական և գեղարվեստական գրքերով, որոնք նոր և ընթերցողների կողմից պահանջված հրատարակություններ են:

2019թ. դեկտեմբերի 19-ին ծրագրի ամփոփման շրջանակներում մասնակիցները քննարկեցին տվյալ և համանման այլ ծրագրերի զարգացման հեռանկարները:

Ծրագրի մասնակիցների առաջարկությամբ այն կիրականացվի նաև համալսարանական շրջանակներից դուրս՝ սահմանամերձ համայնքների երիտասարդությանը ևս հնարավորություն տալով տեղում մասնակից դառնալու ծրագրին:

 Հավելենք, որ 2020 թվականին նախատեսված են ևս երկու հնգօրյա դասընթացներ, որոնց հնարավորություն ունեն մասնակցելու 18-25 տարեկան անձինք:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Ֆրանսիայի և Հայաստանի քույր քաղաքներ» խորագրով միջոցառում

3

 2019թ. դեկտեմբերի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մասնաճյուղում կայացավ «Ֆրանսիայի և Հայաստանի քույր քաղաքներ» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Անահիտ Հովհաննիսյանը:

Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մասնակցում էին «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներ:

Միջոցառման ընթացքում ուսանողները ֆրանսերենով ներկայացրին յոթ քույր քաղաքների բարեկամության պատմությունը:

Հանգամանորեն խոսվեց Իջևան-Վալանս քույր քաղաքների բարեկամության, Վալանսի Մաեստրիս համալսարանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համագործակցության մասին:

Ուսանողները ներկայացրին Վալանսի Հայկական մշակութային կենտրոնը, որը միակն է Եվրոպայում: Նրանք հանդես եկան կենտրոնի նախագահ պարոն Նուբար Քեշիշյանին ուղղված շնորհակալական խոսքով, ում հովանավորությամբ ամեն տարի գարնանը մեր ուսանողները մասնագիտական վերապատրաստում են անցնում Վալանսի Մաեստրիս համալսարանում:

Նշվեց նաև Վալանսի Հայ բարեգործական ընդհանուր միության և նրա նախագահ Կևին Մարկարյանի աջակցության մասին:

Միջոցառումը օտար լեզուներ (մասնավորապես՝ ֆրանսերեն) ուսումնասիրող մեր ուսանողներին հնարավորություն տվեց ֆրանսերենով արտահայտելու հայ-ֆրանսիական բարեկամության կարևորությունը, ներկայացնելու վերջինիս ամուր հիմքերն ու զարգացման ընթացքը: 2

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում հեռակա ուսուցման «Պատմություն» մասնագիտության IV կուրսի ուսանողները կատարեցին ճանաչողական այցեր

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 10-13-ին 2019-2020 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄի հեռակա ուսուցման «Պատմություն» մասնագիտության IV կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Ն.Ճաղարյանի ուղեկցությամբ ճանաչողական այցեր կատարեցին Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձաններ:

Այցերի նպատակն էր գործնականորեն ամրապնդել տեսական գիտելիքները:

Ճանաչողական այցերն իրականացվեցին երկու փուլով: Առաջին փուլում ուսանողները կատարեցին այցելություններ Իջևան քաղաքի  պատմաերկրագիտական թանգարան, Ս. Ամենափրկիչ և Ս. Ներսես Շնորհալի եկեղեցիներ: Նրանք նախ ծանոթացան մարզկենտրոն Իջևանի կարևոր պատմամշակութային հուշարձանների, մասնավորապես՝ քաղաքի երկու եկեղեցիների կառուցման և վերակառուցման պատմությանը, ձեռք բերեցին գիտելիքներ եկեղեցական հագուստի, հանդերձանքի, եկեղեցական տոների, ծիսակարգերի` պատարագի, ժամերգության վերաբերյալ, հասկացան ավանադական և եկեղեցական տոների միահյուսման կարևորությունը:

Այցելելով Իջևանի պատմաերկրագիտական թան­գա­րան` ուսանողները ծանոթացան թանգարանի պատմությանը, գործունեությանը, նմուշների հավաքագրմանը և առկա ցուցանմուշներին: Ուսանողների հետաքրքրությունը բավականին մեծ էր հատկապես ցուցադրված  ազգագրական նյութերի նկատմամբ, որոնք գյուղական առօրյա միջավայրում մինչև օրս գործածելի են: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին գիտաշխատողին և իրենց հերթին պատասխանեցին վերջինիս հարցերին:

Երկրորդ փուլում ճանաչողական այցեր իրականացվեցին Գոշավանք և  Հաղարծին եկեղեցական համալիրներ, Դիլիջան քաղաքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, Դիլիջանի երկրագիտական թանգարան, որտեղ ուսանողները ազգագրական բնույթի ցուցանմուշների վերաբերյալ իրենց գիտելիքներով մեծ տպավորություն գործեցին աշխատակիցների վրա: