Մրցույթ՝ Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիայի հետ համատեղ

company_profile ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն և Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիան համատեղ անցկացնում են Գիտական հետազոտությունների բազմակողմ ծրագրերի աջակցության մրցույթ`  համաձայն 2016 թ. հուլիսի 1-ին ստորագրված «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիա ստեղծելու մասին» մտադրությունների հուշագրի դրույթների:

Ծրագրի շրջանակներում 24 կամ 36 ամիս տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն հետևյալ գիտական ուղղություններով ծրագրերի իրականացման համար.

Կենսաբազմազանություն և կենսաանվտանգ միացություններ,

Միջգիտակարգային հետազոտություններ` ուղղված պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությանըպահպանմանն ու վերականգնմանը:

Մրցույթի հրավերի փաթեթը

Մրցույթին մասնակցության գիտական նախագծերի հայաստանյան ազգային հայտերը առձեռն ներկայացվում են ՀՀ գիտության կոմիտե` հայաստանյան խմբերի ղեկավարների կողմից՝ աշխատանքային օրերին ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2020 թհունվարի 27-ը ներառյալ: Մանրամասների համար կարող եք զանգահարել 210 140 (+112), (+119) կամ (+115) հեռախոսահամարներով:

Մրցույթի ընդհանուր հայտը ձևավորվում է հայաստանյան և «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիա ստեղծելու մասին» մտադրությունների հուշագրի կողմ հանդիսացող առնվազն երկու այլ երկրներ (Ռուսաստանի Դաշնություն,  Բելառուսի Հանրապետություն, Ուզբեկստանի Հանրապետություն, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Մոնղոլիա) ներկայացնող խմբերի կողմից ձևավորված կոնսորցիումի ղեկավարի կողմից՝ մինչև 2020 թհունվարի 15-ը:

Ընդհանուր հայտի ներկայացման կարգի և հայտին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ   http://eapi-science.org կայքից:

Աղբյուրը՝ scs.am:

Համալսարանականները մասնակցեցին «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկօրյա համաժողովին

glxavor

 2019թ. նոյեմբերի 23-24-ը ԵՊՀ ԻՄ-ի մի խումբ ուսանողներ և աշխատակիցներ մասնակցեցին Գյումրիում երրորդ անգամ անցկացվող «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողովին, որը կազմակերպել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և Եվրոպական միության ու Գերմանիայի տենտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ:

Համաժողովը նպատակ ուներ ՀՀ բոլոր մարզերի երիտասարդներին, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային ուսումնական հաստատությունների պատասխանատուներին, ինչպես նաև մասնավոր հատվածի ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին մեկ միջավայրում համախմբել, բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների բարձրագույն կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորմանն ուղղված գործընթացները և առկա մարտահրավերները քննարկել, մարզային հաջողված փորձերը ներկայացնել և իրականացնել փորձի փոխանակում` հիմք ընդունելով բարձր տեխնոլոգիաները՝ որպես մարզերի հզորացման երաշխիք:

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ 2019» համաժողովի առանցքային թեմա էր ընտրվել մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումը՝ միջազգային գործընկերների և բուհերի հետ համագործակցությամբ:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը համաժողովի շրջանակներում իր հարկի տակ հյուրընկալեց ՀՀ մարզերի շուրջ 200 երիտասարդների (այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներին և աշխատակիցներին՝  ԳՏՏԿ-ի Վեբ, Անդրոիդ և Մոբայլ  ծրագրավորման դասընթացի մասնակիցներին):

Համաժողովի առաջին օրը բացման խոսքով հանդես եկան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պարոն Հակոբ Արշակյանը, ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, Ձեռնարկատիրությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, պետական և մասնավոր սեկտորից տարբեր ներկայացուցիչներ: Այնուհետև տեղի ունեցավ 3 պանելային քննարկում հետևյալ թեմաներով՝  «Երիտասարդ մասնագետները առաջատար տեխնոլոգիական ընկերություններում՝ հնարավորություններ և մարտահրավերներ», «Բարձր տեխնոլոգիաները մարզերում` առաջնահերթություններ և մարտահրավերներ», «Բարձրագույն կրթությունը որպես մարզերի տեխնոլոգիական զարգացման հիմնական գրավական»: Պաշտոնական հատվածից հետո ֆորումի մասնակիցները ներկա գտնվեցին «Բամբիռ» ռոք խմբի համերգին:

Երկրորդ օրը ուսանողները մասնակցեցին  “Think Tank” ֆորմատով ծրագրի, որի ընթացքում տրվեցին տեխնիկական առաջադրանքներ GG և  Webb Fontaine  ընկերությունների կողմից, որոնք ստացան մասնագիտական լուծումներ: Նրանք մասնակցեցին նաև հետևյալ թեմաներով սեմինար-քննարկումների՝

  • «Գաղափարների փաթեթավորում և վաճառք» (Աշոտ Խուդգարյան),
  • «Արհեստական բանականությունը որպես նորարարության հիմք» (Արեգ Գևորգյան),
  • «Մարքեթինգ ռազմավարություն ստարտափերի համար» (Նանա Մարդոյան),
  • «Դիզայն» (Արա Ասլանյան),
  • «Կանայք բարձր տեխնոլոգիաներում» (Քնարիկ Գրիգորյան),                 
  • «Բիզնես կանվաս» (Փիրուզա Հարությունյան):

Վերջում մասնակիցները ստացան հավաստագրեր: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերի պատասխանատու Բելլա Հարությունյանը, հավաստագրերը հանձնելով ԳՏՏԿ Տավուշի կրթական ծրագրերի ղեկավար Լիանա Ներսիսյանին, նշեց, որ համագործակցությունը լինելու է շարունակական:

Համաժողովից հետո համալսարանականները շրջեցին Գյումրիում, այցելեցին պատմամշակութային վայրեր, այնուհետև վերադարձան Իջևան՝ փորձի ու գիտելիքների նոր պաշարով:   

Մեկնարկեց Բանավեճի ներբուհական առաջնությունը

1. գլխավոր 2019թ. նոյեմբերի 22-ին մասնաճյուղի ՈՒԳԸ-ն տվեց Բանավեճի ներբուհական առաջնության մեկնարկը:

Առաջնությանը կմասնակցի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 6 թիմ:

Մասնաճյուղ էր այցելել «Ռեֆորմ» բանավեճի ակումբի համակարգող Մելինե Գևորգյանը, ով հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց բանավեճի բրիտանական դասական ձևաչափը, կանոնները, ինչպես նաև բանավեճի ասպարեզում իր ունեցած փորձը, պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ընթացքում վիճակահանության միջոցով ընտրվեցին թիմերի զույգերը, դեմ և կողմ դիրքորոշումները, հայտարարվեցին խաղերի անցկացման օրերը:

Յուրաքանչյուր խաղում բանավեճի թեման կհայտարարվի տվյալ զույգի խաղից 3 օր առաջ, որպեսզի բոլոր թիմերը պատրաստվելու համար ունենան հավասար ժամանակ:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Միտք և բանք» գրքի շնորհանդեսը

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 21-ին ԵՊՀ ԻՄի գրադարանում կայացավ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Միտք և բանք» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, Տավուշի թեմի առաջնորդարանի, մարզպետարանի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր, գրասեր հասարակության անդամներ:

Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ շնորհավորելով գրքի հեղինակին ու շնորհանդեսի մասնակիցներին, ընդհանուր գծերով ներկայացնելով գիրքը. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Միտք և բանք» աշխատությունն ամփոփում է Սրբազան Հոր՝ հանրային ու հովվական կյանքում կատարած ամենատարբեր անդրադարձները, որոնք գրքում զետեղվել են «Վերլուծական», «Մտորումներ» և «Հարցազրույցներ» ենթավերնագրերի ներքո»:  

Շնորհավորանքի և գնահատանքի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ, բ.գ.թ., ասիստենտ Մուշեղ Սարուխանյանը, բ.գ.թ., դոցենտներ Աիդա Սարհատյանը և Ալիսա Հասանյանը:

Սրբազան Հոր հեղինակային բանաստեղծություններով հանդես եկան «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհիներ Արմիդա Բաղիյանը («Յո երթաս, մա՛րդ»), Լուսինե Հակոբյանը («Թո՛ղ այս գիշեր») և Նինա Հարությունյանը («Լույս առավոտ»), իսկ գրքի մասին հետաքրքիր վերլուծական խոսքով ներկայացավ նույն մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Գոհար Մխիթարյանը:

«Միտք և բանք» աշխատության վերաբերյալ մանրամասն վերլուծությամբ հանդես եկավ Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը՝ հանգամանորեն անդրադառնալով գրքի ընդգրկուն բովանդակությանը, երեք բաժիններին, դրանցում արծարծված հիմնական խնդիրներին: Նա մասնավորապես նշեց, որ «Վերլուծական» բաժնում Սրբազան Հոր ուսումնասիրությունները և ուղենիշ­ներն են տարաբնույթ արդիական հարցերի առնչությամբ, ինչպես, օրինակ, «Եկեղեցի և ընտանիք (հոգևոր, բարոյագիտական, կենսաէթիկական հայացք)», «Եկեղեցի և կրթություն, գիտություն և մշակույթ», «Եկեղեցի և առողջապահություն», «Եկեղեցի և տնտեսություն», «Հայաստանի չծնվող մայրերը» և այլն: «Մտորումներ» բաժինն ընդգրկում է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի՝ տվյալ պահի հոգեվիճակն ու իրավիճակն արտահայտող որոշ մտորումներ: 2013 թվականից ի վեր Բագրատ Սրբազանի տված բազմաթիվ հարցազրույցներից մի քանիսն ընտրված և ներկայացված են գրքի երրորդ՝ «Հարցազրույցներ» բաժնում:

Այնուհետև Ելույթ ունեցավ «Միտք և բանք» գրքի հեղինակը՝ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ շնորհակալություն հայտնելով շնորհանդեսի բոլոր մասնակիցներին, ելույթ ունեցողներին ու կազմակերպիչներին՝ գրքի ջերմ ընդունելության, շնորհավորանքի ու բարձր գնահատանքի համար: «Գիրքը պիտի ունենա նպատակ: Վերջնարդյունքում մեր նպատակն այն է, որ ՀՀ քաղաքացիները լինեն ազատ, հասարակությունը՝ արդար, ժողովուրդը՝ աստվածապաշտ: Մենք անդրադարձել ենք կյանքի բոլոր բնագավառներին՝ բնապահպանություն, առողջապահություն, կրթություն, գիտություն, մշակույթ և այլն, քանի որ, մեր համոզմամբ, այդ բոլորի հիմքը հոգևորն է»,- ընդգծեց Սրբազան Հայրը:

Ապա Բագրատ եպիկոպոս Գալստանյանը շնորհանդեսի մասնակիցներին իր մակագրությամբ գրքեր նվիրեց, որին հաջորդեց հյուրասիրություն:

Շնորհանդեսի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ ուսանողների տոնին նվիրված միջոցառում

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ուսանողների տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ուսանողական խորհուրդը:

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ, հյուրեր:

Ուսանողության տոնի առթիվ շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ ուսանողներին հղելով բարեմաղթանքներ, արժեքավոր խորհուրդներ՝ ամբողջ կյանքում սովորելու և իրենց սկզբունքների, ձեռքբերումների, կյանքում տեղը ճիշտ գտնելու, իրավունքների համար պայքարելու անհրաժեշտության մասին. «…Ես ձեզ շնորհավորում եմ, ուզում եմ, որ դուք դառնաք իսկապես սովորող ու պայքարող մարդիկ: Պայքարե՛ք ձեր իրավունքների համար, պայքարե՛ք մեր հայրենիքի համար, մեր ապագայի համար, մեր նոր կյանքի համար: …Մենք հույս ունենք, որ եկող սերունդը չի կրկնի մեր սերնդի սխալները: Շնորհավորում եմ ձեզ, ցանկանում եմ ամենալավն ու բարին…»:

Ապա ուսանողների տոնը շնորհավորեց և նրանց մաղթանքներ հղեց ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի նախագահ Արեն Ավետիսյանը:

Շնորհավորական ելույթներից հետո հանդես եկան միջոցառմանը մասնակցող ուսանողները՝ հումորային, գրական-երաժշտական, պարային գեղեցիկ կատարումներով:

Մասնավորապես տրվեց համալսարաններին վերաբերող համառոտ ակնարկ, ներկայացվեցին ուսանողական առօրյային, բուհական միջավայրին վերաբերող երգիծական դրվագներ, կիթառի և դաշնամուրի նվագակցությամբ հոգեթով երգեր, ասմունք, ազգային պար:

Վերջում ուսանողների տոնի առթիվ տեղի ունեցավ հյուրասիրություն:

Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում: