ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների համար Աննա Ատոյանն անցկացրեց վարպետաց դաս

1. Գլխավոր

 2019թ. սեպտեմբերի 23-ին «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի շրջանակներում Ուկրաինայից ժամանած հայ նկարչուհի Աննա Ատոյանը ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների համար անցկացրեց վարպետաց դաս՝ նվիրված բատիկին (կտորը գունավորելու ձեռքի տեխնիկա՝ ռեզերվի կիրառմամբ)։

Վարպետաց դասին ներկա էին «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային սիմպոզիումի գլխավոր համակարգող, ՀՆՄ Տավուշի մասնաճյուղի ղեկավար, գեղանկարչուհի Արմինե Թումանյանը, սիմպոզիումի նկարիչներ, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, հյուրեր:

Նկարչուհին դասի ընթացքում ուսանողներին փոխանցեց իր կիրառած տեխնիկայի վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ:

Մասնավորապես ներկայացվեց, որ բատիկ (batik) բառը ինդոնեզերենից թարգմանաբար նշանակում է մոմի կաթիլ: Բատիկի տեխնոլոգիան հին ժամանակներից կիրառվել է Ինդոնեզիայի և Հնդկաստանի ժողովուրդների կողմից, Եվրոպայում այն սկսել են կիրառել 20-րդ դարից: Կան բատիկի մի քանի տեսակներ` տաք, սառը և ազատ զարդանկար, որոնք տարբերվում են կտորի ռեզերվացման եղանակով:

Աննա Ատոյանը կիրառեց տաք բատիկի տեխնիկան, որի դեպքում որպես ռեզերվ օգտագործվում են մոմանյութեր: Եղանակը կոչվում է տաք բատիկ, քանի որ մոմանյութը կիրառվում է տաք, հալված վիճակում: Մոմանյութով ծածկված մասերը չեն ներծծում ներկը և սահմանափակում են դրա տարածումը:

Վարպետաց դասի ընթացքում Ատոյանը ոչ միայն պատասխանեց ուսանողների ու դասախոսների հարցերին, այլև նրանց ներգրավեց նկարի ստեղծման գործընթացում:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

 

Տավուշի մարզպետարանի, «ՊիկսԱրտ» ընկերության և ԵՊՀ ԻՄ-ի համագործակցությամբ բուհի մերձակա տարածքում իրականացվեցին բարեկարգման աշխատանքներ

DSCF8241 2019թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ, Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «ՊիկսԱրտ» (“PicsArt”) ընկերության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համատեղ ջանքերով ԵՊՀ ԻՄ-ի մերձակա տարածքում իրականացվեցին բարեկարգման աշխատանքներ:

Նախաձեռնությանը մասնակցում էին Տավուշի մարզպետ պարոն Հ.Չոբանյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը,  մարզպետարանի և բուհի աշխատակիցներ, ուսանողներ, «ՊիկսԱրտ» ընկերության կամավորական խմբի 25 անդամներ:

Մասնակիցները մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացրին մասնաճյուղի մերձակա տարածքում՝ Երիտասարադական 3 փողոցի գետափնյա ճանապարհի երկայնքով:

 Կատարվեց կամրջից կամուրջ հատվածի մետաղական պարսպի մաքրում և ներկում, փողոցի երկայնքով տեղադրված լուսատուների վերականգնում՝ լամպերի տեղադրում:

Նախաձեռնության մասին կարող եք տեղեկանալ նաև ՀՀ Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքէջում:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

«Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդեսում Տավուշի մարզը իրենց աշխատանքներով ներկայացրին ԵՊՀ ԻՄ-ի դասախոսները և ուսանողները

1. Գլխավոր

 2019թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնի առթիվ Երևանում կայացած ցուցահանդես-վաճառքում Տավուշի մարզի տաղավարը իրենց համատեղ աշխատանքներով ներկայացրին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսները և ուսանողները:

Ցուցահանդեսին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից ներկա էին տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնատար Ա.Մարգարյանը, Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչ Լ.Ֆլջյանը, ամբիոնի ասիստենտներ Դոնարա և Անուշ Չիբուխչյանները, Գ.Ջավրուշյանը:

Սեպտեմբերի 21-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպված ցուցահանդես-վաճառքը կազմում էր Հայաստանում սեպտեմբերի 20-22-ը արդեն 15-րդ անգամ անցկացվող «Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխության մասը: Վերջինս մի քանի նպատակ է հետապնդում. միավորել բիզնեսն ու մշակույթը, թույլ տալ հայրենական և արտասահմանյան ապրանք արտադրողներին, ծառայություններ մատուցող ընկերություններին հանդիպել մեկ վայրում, իրենց փորձը փոխանակել և քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը, մշակել օրենսդրական կարգավորումներ Հայաստանի ներդրումային և արտահանումային ծրագրերն ավելի դյուրին դարձնելու համար, տալ հնարավորություն սկսնակներին ներկայանելու սպառողին և դուրս գալ նոր հարթակ, աջակցել երկրի տնտեսական և հասարակական կյանքի զարգացմանը:  

Սեպտեմբերի 20-ին կայացել է  համաժողով, որին մասնակցել են ՀՀ կառավարության ներկայացուցիչները, նախարարներ, ՀՀ-ում գործող դեսպանատները, դեսպանության ներկայացուցիչները, միջազգային կառույցները, տեղական ընկերությունները, 30 երկրից ժամանած օտարերկրյա գործարարներ, պետական կառույցների ներկայացուցիչներ՝ Հնդկաստանից, Չինաստանից, Մեքսիկայից, Ֆրանսիայից, Վրաստանից և այլ երկրներից: 

 Սեպտեմբերի 21-ին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ ցուցահանդես-վաճառքի բացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ընկերությունները բացօթյա տաղավարներում ներկայացրին իրենց արտադրանքները և ծառայությունները:

Տավուշի մարզը ներկայացնող տաղավարում ցուցադրված էին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների գունեղ, բազմաոճ աշխատանքները (գոբելեն, կարպետ, ասեղնագործություն, կերամիկա և այլն), դասախոսներ Դոնարա և Անուշ Չիբուխչյանների “Chibukhchyans’” բրենդի յուրատեսակ ապրանքներ (վիտրաժ, կարպետ, տպագրություն, բատիկա, ասեղնագործություն և այլն), որոնք արժանացան ցուցահանդեսի այցելուների ուշադրությանն ու հավանությանը:

Հայ և արտասահմանցի հյուրերին տպավորել էին ոչ միայն ցուցադրված աշխատանքները, այլև դրանց մտահղացման, տեխնիկական հմտությունների և այլնի վերաբերյալ մասնակիցների ներկայացրած տեղեկատվությունը: 

 

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

frame_0_delay-s

  Այսօր՝ 2019թ. սեպտեմբերի 21-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 28-ամյակը:

28 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1991թ. մարտի 1-ի որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»:  

Հայ ժողովուրդը միասնաբար (99% ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը: Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, այնուհետև ընդունվեց զինանշանը:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը՝ դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին, ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո՝ 1991 թվականի ընթացքում, ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Ենթադրվում էր, որ անկախությունը նոր հնարավորություններ է բացելու Հայաստանի համար: Որպես Հանրապետություն՝ Հայաստանն արդեն ունակ էր լինելու ստեղծել սեփական դիվանագիտական կապերը տարբեր երկրներում և վարել ակտիվ քաղաքականություն:

Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը փորձում է զարգացանել կապերը տարածաշրջանում:

Այս տարիների մեծագույն նվաճումն արյան գնով Արցախյան պատերազմում տարած հաղթանակն էր, նորօրյա ապրիլյան հերոսացման ուղին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո անկախ Հայաստանը ցույց տվեց, որ ունի հզոր բանակ և անհրաժեշտ զինտեխնիկա՝ ամեն պահի թշնամուն հետ մղելու համար:

Անկախության պատմության մեջ կարևոր էր Սահմանադրական բարեփոխումների նախագիծը և կառավարման նախագահական համակարգից անցումը խորհրդրանականին: 

Այսօր ամբողջ հայությամբ տոնում ենք մեր ազատ ու անկախ հանրապետության տոնը:

Սիրով շնորհավորում ենք համայն հայերիս՝ ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, մեր պետությանը մաղթում զորացում ու բարգավաճում, պետականության ամրապնդում, մեր ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն, երջանկություն, ստեղծագործ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ:

Մեր դասախոսները մասնակցեցին ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված՝ «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովին

1. նաև գլխավոր

 2019թ. սեպտեմբերի 12-15-ը Ստեփանակերտում կայացավ ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված՝ «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովը, որը կազմակերպել էր «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը ԵՊՀ-ի և Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի հետ համատեղ:

Գիտաժողովի նպատակն էր քննարկել հայոց պետականության հետ կապված արդիական հիմնախնդիրներ, խթանել ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների գիտական գործունեությունը, նպաստել նրանց մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև Արցախը դարձնել գիտական հիմնախնդիրների քննարկման տարածաշրջանային և միջազգային կենտրոն:

Միջազգային գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի, Արցախի և օտարերկրյա բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտներ, հայցորդներ, երիտասարդ գիտնականներ ու մասնագետներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից գիտաժողովին մասնակցեցին  Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսներ պ.գ.թ., դոցենտ Գրիգոր Բալասանյանը և Վլադիմիր Պողոսյանը

Գրիգոր Բալասանյանը հանդես եկավ «2019 թ. Հայաստանի նախագահության տարին ԵԱՏՄ-ում. նոր հնարավորություններ Արցախի համար» թեմայով զեկուցմամբ՝ ներկայացնելով ԵԱՏՄ ընձեռած հնարավորությունները ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման համատեքստում: 

Վլադիմիր Պողոսյանը ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հեռանկարները Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու (ՄՃՏԳ) ձևավորման համատեքստում» թեմայով զեկուցում՝ այդ երկու խոշոր տնտեսական նախագծերի համապատկերում անդրադառնալով ՀՀ և Արցախի Հանրապետության տնտեսական և ներդրումային քաղաքականության առաջնահերթություններին ու հնարավոր քաղաքական զարգացումներին:

Միջազգային գիտաժողովի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն այցելել Արցախի Հանրապետության պատմամշակութային վայրեր, այլև մասնակցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպման, որի ընթացում քննարկվեցին ինչպես հակամարտության կարգավորման հիմնախնդիրները, այնպես էլ Արցախի տնտեսական և ներդրումային քաղաքականության բարելավման ուղիներն ու  հնարավորությունները: