«Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» կազմակերպության անդամները մասնաճյուղում հանդես եկան ակնարկային դասախոսությամբ

DSCN8533

 2019թ. մայիսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» կազմակերպության անդամների՝ Ջոս Միլինեղի,  Ֆիլիպ Դրոմզենի, Լորանս Դրոմզենի հետ հանդիպում, որը նախաձեռնել էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնը:

Հանդիպման նպատակն էր Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների (Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի համաշխարհային արձագանքների, Ֆրանսիայում դեղին ժիլետավորների ցույցերի և այլնի) մասին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների համար ակնարկային դասախոսություն կարդալը:

Ներկա էին Տավուշի մարզպետի խորհրդական Նվարդ Անդրեասյանը, Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները, համապատասխան մասնագիտության ուսանողներ:

Նախ Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Աիդա Մարդանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց հյուրերին, ովքեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին ժամանել «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ հաղորդակցվելու, տվյալ մասնագիտության վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին 2-րդ կիսամյակի կրթաթոշակները հանձնելու և ընդհանրապես ԵՊՀ ԻՄ-ի հետ հետագա համագործակցության խնդիրները քննարկելու նպատակով:

Դասախոսությունն ուղեկցվեց ակտիվ և անկաշկանդ քննարկմամբ:

Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Ֆրանսիայից ժամանած հյուրերին՝ ստանալով սպառիչ պատասխաններ:

Հանդիպումից հետո հյուրերը նշեցին, որ հաճելիորեն զարմացած են ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների գեղեցիկ ֆրանսերեն խոսքից:

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության II և III կուրսի ուսանողները կատարեցին ճանաչողական այցեր

SAM_2021a

 2019թ. մայիսի 20-ին 2018-2019 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության առկա ուսուցման II և III կուրսի ուսանողները կատարեցին ճանաչողական այցեր:

Ուսանողներին ուղեկցում էին պրակտիկայի ղեկավար, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Ա.Մկրտումյանը, «Պատմություն» կրթական ծրագրի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Ն.Գրիգորյանը, ասիստենտ Ա.Ազատյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը:

Նրանք այցելեցին Վայոց Ձորի մարզ՝ Սելիմի լեռնանցքում գտնվող Օրբելյանների իջևանատուն, Նորավանք վանական համալիր, Արարատի մարզ՝ Խոր Վիրապ եկեղեցական համալիր:

Ուսանողներին առանձնապես գրավեց Նորավանքը՝ իր գեղատեսիլ բնությամբ և եկեղեցով, Խոր Վիրապի փոսը, ուր տարիներ շարունակ բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը:

Ճանաչողական այցերի ընթացքում ուսանողները ծանոթացան վերոնշյալ պատմամշակութային վայրերին, դրանց կառուցման և գործունեության պատմություններին, ճարտարապետական յուրահատկություններին:

 

Կայացավ տնօրենության հերթական նիստը

DSCN8402

 

 2019թ. մայիսի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա. Վ. Ցուցուլյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2018-19 ուստարվա II կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին, 2018-19 ուստարվա  I կիսամյակի ուսանողական հարցումների արդյունքներին, 2019թ. հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:

2018-19 ուստարվա II կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները՝ մասնավորապես նշելով, որ կազմվել են ընթացիկ ստուգումների, ընթացիկ քննությունների և ամառային քննաշրջանի ժամանակացույցները, դրանք քննարկվել են դասախոսների և ուսանողների հետ, սահմանված ժամկետներում ներկայացվել ՈՒՄՎ, ծրարավորվել և կնքվել են ընթացիկ քննությունների տոմսերը, թեստերը և տարբերակները:

Նույն ուստարվա I կիսամյակի ուսանողական հարցումների արդյունքների վերաբերյալ դեկանները նշեցին, որ վերհանվել են խնդիրները, և ձեռնարկվել են համապատասխան քայլեր:

2019թ. հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկը (ընդունելության քննությունները, տեղերը և վարձավճարների չափը) տնօրենության անդամների քննարկմանը ներկայացրեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Այս հարցի կապակցությամբ նշվեց, որ շուրջ 5 տարի է «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ հեռակա ուսուցման համակարգում չի իրականացվել ընդունելություն: Աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրության հիման վրա առաջարկվեց 2019թ. մասնագիտությունների ցանկում ներառել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունը, որը տնօրենության անդամների կողմից արժանացավ հավանության:  

 

Կայացավ «Նորաձևության զարգացման արդի միտումները» թեմայով դաս-քննարկումը

DSCN8372

   2019թ. մայիսի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի հագուստի մոդելավորման արվեստանոցում տեղի ունեցավ «Նորաձևության զարգացման արդի միտումները» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց ՀՀ դիզայներների միության անդամ, անվանի դիզայներ Ֆաինա Հարությունյանը:

Քննարկմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի և մասնավորապես Կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, հյուրեր:

Դաս-քննարկման ընթացքում Ֆաինա Հարությունյանն իր առաջավոր փորձը փոխանցեց, հաջողության իր բանաձևը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի «Դիզայն» և «Կիրառական արվեստ» մասնագիտությունների ուսանողներին:  

Հայտնի դիզայներն անդրադարձավ հագուստի վաճառքի ուղիներին, ներկայացրեց, թե որտեղից կարելի է սկսել, և ինչպիսի ճանապարհ է անցել հենց ինքը:

Նա խոսեց գովազդի միջոցների մասին և խորհուրդ տվեց հասկանալ անգամ ամենաքմահաճ հաճախորդի պահանջը, բացատրեց, թե ինչ է թրենդը, որոնք են գալիք տարվա նորաձևության միտումները:

Ընդգծվեց, որ հագուստի դիզայնի մեջ հարկավոր է ճանաչել բոլոր դիզայներներին ոճով, հագուստի շարքով:

Այն հարցին, թե ինչպես է գին որոշվում, Ֆաինան պատասխանեց, որ բոլոր դիզայներներն ունեն իրենց գաղտնիքը. ինքը հագուստի գինը որոշում է այնպես, որ զեղչի ժամանակ չունենա կորուստ:

Ուսանողներին տրված նրա գլխավոր խորհուրդն այն էր, որ բաց չթողնեն առիթը սովորելու (որքան հնարավոր է շատ), աշխատեն, գծեն, ձևեն ու կարեն:

Խանդավառությամբ լեցուն Ֆաինա Հարությունյանը ոգեշնչող, վարակիչ ազդեցություն ունեցավ ուսանողների վրա, նրանց մղեց ստեղծագործելու և աշխատելու:  

Ճանաչողական այցերով հարուստ էր «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների ուսումնական պրակտիկան

IMG-ad06f36d66a4e49e06451dbbdf010df4-V

 2018-2019 ուստարվա II կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները պրակտիկայի ղեկավարներ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտներ Ալինա Ուլիխանյանի և Լևոն Լաչիկյանի ուղեկցությամբ ճանաչողական այցեր կատարեցին ՀՀ մի քանի մարզերի և Երևանի տարբեր վայրեր (պատմամշակութային օբյեկտներ` եկեղեցիներ, վանքեր, թանգարաններ, բնական հուշարձաններ, զբոսաշրջային ինդուստրիան սպասարկող կազմակերպություններ՝ հյուրանոցներ, զբոսաշրջային ընկերություններ, սննդի օբյեկտներ և այլն):  

Ուսումնական պրակտիկայի ընթացքում ուսանողներն այցելեցին մասնավորապես Իջևանի, Դիլիջանի, Գյումրու, Էջմիածնի և Երևանի զբոսաշրջային տարբեր դեստինացիաներ: Նրանք նախ եղան Իջևան ու Դիլիջան քաղաքների թանգարաններում, հյուրանոցներում  ու հյուրատներում, Հաղարծին վանական համալիրում, այնուհետև այցելեցին այլ մարզեր:

Ուսանողների համար հատկապես հետաքրքիր էր  Շիրակի մարզկենտրոն Գյումրի կատարած այցելությունը: Նրանք շատ էին լսել ոչ սովորական ու խիստ հայկական այդ քաղաքի մասին, և այժմ ժամանակն էր համոզվելու դրանում: Ուսանողները ոտքով շրջեցին քաղաքի փողոցներով ու հրապարակներով, ծանոթացան պատմամշակութային կոթողներին, ապա այցելեցին  Ավ. Իսահակյանի և Հովհ. Շիրազի տուն-թանգարաններ:

Պրակտիկայի շրջանակներում  հերթական շրջագայությունն իրականացվեց Իջևան–Երևան–Էջմիածին–Զվարթնոց–Երևան–Իջևան երթուղով: Ուսանողները ծանոթացան Էջմիածնի և Երևանի զբոսաշրջային ռեսուրսներին, ինչպես նաև մասնակցեցին «Զվարթնոց» տաճարի տարածքում անցկացվող Տոլմայի փառատոնին, որը վերջին տարիներին Հայաստանում արագ զարգացող իրադարձային զբոսաշրջության  միջոցառումներից  է:

«Զբոսաշրջություն» մասնագիտության ուսումնական պրակտիկան ուսանողներին հնարավորություն ընձեռեց կատարելու ինքնուրույն հետազոտական աշխատանքներ և առաջադրանքներ, հավաքագրելու, դասակարգելու, վերլուծելու, համադրելու և գնահատելու պրակտիկայի օբյեկտներին վերաբերող մասնագիտական տեղեկույթը, նպաստեց սեփական երկրի զբոսաշրջային ռեսուրսների, սպասարկման ոլորտի, մշակույթի, պատմության, աշխարհագրության ավելի խորը ճանաչմանը: