ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում կայացավ Վարդգես Դավթյանի գրքերի շնորհանդես-քննարկումը

DSCN7072

 2019թ. ապրիլի 15-ին ԵՊՀ իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ ամերիկաբնակ գրող Վարդգես Դավթյանի՝ վերրջին տարիներին հրատարակած գրքերի շնորհանդեսը, որը կազմակերպվել էր Տավուշի մարզային և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանների համատեղ նախաձեռնությամբ:

Ներկա էին Տավուշի մարզային գրադարանի աշխատակիցները, ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, հյուրեր:

Շնորհանդեսի բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը. «Այսօր հեռահայաց փորձ կատարենք հաղորդակցվել, անդրադառնալ գրող, հրապարակախոս, հոգեբույժ Վարդգես Դավթյանի գրական վաստակին: Վարդգես Դավթյանը, լինելով մասնագիտությամբ բժիշկ, հոգեբույժ, փորձ կատարեց իր մասնագիտական հայացքներին տալ գեղարվեստական կերպավորում և հանձնել թղթին: Գրող Վարդգես Դավթյանը տպագրվում է 1988 թվականից («Անդրանիկ Մեհրաբյան, Երևան, 1988, «Հոգեբույժը հրավիրում է զրույցի», Երևան, 1992, «Մտավորականը և նևրոզը», Երևան, 1994, «Ինչու խելագարվեց Անուշը», Երևան, 1994 և այլն): Հատկապես ուշագրավ են Վարդգես Դավթյանի ամերիկյան շրջանի ստեծագործություններն ու գրքերը («Կանգնեցեք աշխարհ, ես ուզում եմ իջնել», Լոս Անջելես, 2002, «Ամերիկահայ տղամարդկանց պերճանքն ու թշվառությունը», Լոս Անջելես, 2004, «Լեգիտիմ կատակներ լրջանալու պահին», Լոս Անջելես, 2012, «Հեքիաթներ Ամերիկայի մասին», Լոս Անջելես, 2017, «Մտորումներ թամբի վրա», Երևան, 2016, «Կնքամայրը», Լոս Անջելես, 2017)»:

Տավուշի մարզային գրադարանի տնօրեն Ա.Ղուկասյանը իր խոսքում կարևորեց Վարդգես Դավթյան գրողի և ընթերցողի կապի անհրաժեշտությունը՝ նշելով, որ ընթերցողը Վարդգես Դավթյանի ստեղծագործությունների միջոցով հայտնվում է Ամերիկայի հայ իրականության մեջ, գիտակցում հայապահպանության և ազգային արժեքների կորստյան վտանգը:

Վարդգես Դավթյանի «Հեքիաթներ Ամերիկայի մասին» աշխատությունը գրականագիտական վերլուծության ենթարկեց ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Աիդա Սարհատյանը. «Վարդգես Դավթյան արձակագիրը նոր անուն է մեր  գրականության մեջ. նա իր ստեղծագործությունների ժողովածուներով ընթերցողի առաջ նոր գույներով ու բովանդակությամբ է ներկայացնում օվկիանոսից այն կողմ գտնվող մի երկիր, որ շատերի համար երկիր դրախտավայր է, խորհրդանիշն ազատության ու հարստացման, ոմանց համար հուսախաբությամբ  ու հուսալքությամբ, նաև   կարոտաբաղձությամբ լեցուն  օտար մի աշխարհ,  ոմանց համար էլ մայր հայրենիքում ծայր աղքատության մեջ թողած ընտանիքը  ոտքի կանգնեցնելու  միջոց,  սոցիալական ծանրագույն վիճակից դուրս բերող  հույսի ու հավատի ճառագայթ…

Ահա «Հեքիաթներ Ամերիկայի մասին» հոգեբանական ճեպանովելները, որոնք ճանաչողական ու դաստիարակչական արժեք են ներկայացնում… Պայծառ չեն գույները, պատկերներից լույս չի ճառագում… բարին չի հաղթում չարին, անիրական ու հնարովի  դեպքեր ու դեմքեր  չկան: Հերոսներին  կյանքը նետել է  Ամերիկա, ու  թեև հիվանդ ու միայնակ, բայց  ապրում են  նրանք լավ ապրելու հեռանկարով՝  կարոտ մարդկային սիրո ու ջերմության…»:

«Մտորումներ թամբի վրա» աշխատությանն անդրադարձավ ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Ալիսա Հասանյանը՝ իր խոսքում շեշտելով. «Ինձ համար շատ հետաքրքիր է ճեպանովելի ժանրը: Հեղինակն իր ապրածը, զգացածը, տարիների նստվածքը հետաքրքիր կերպով վերարտադրել է իր փոքրիկ ակնարկ-զրույցներում, որոնք ավանդականի, գեղեցիկի, մարդկային նուրբ արդյունքների ինքնատիպ հյուսվածք են: Ակնառու է այն ուժեղ հոգեվերլուծությունը, որով նա բացահայտում է իր հերոսներին, նրանց ներաշխարհը: Հեղինակի հոգում յուրովի են բեկվում մեր ժամանակների հասարակական-քաղաքական իրողությունները, որոնք գեղարվեստական վերարտադրությամբ յուրօրինակ ակնարկներն են: Օրերի և տարածության հեռվից նա հոգով իր բնաշխարհի հետ է ու պահպանում  է հոգու մեջ եղած հայկականն ու ավանդականը: Լավ է, որ «Երկիր դրախտավայր»-ի բնակչին «Ապակե գազանանոցը» չի կլանել… Ասում են՝ հիշողությունը սրտի երգ է, որի ձայնը չի լսվում. երգում ես ինքդ քեզ համար. Դավթյանի գրքերում լսում ես այդ երգը…»:

Վերջին՝ «Կնքամայրը» գրքին անդրադարձավ Տավուշի մարզային գրադարանի աշխատակից, ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Լիանա Բազինյանը:

Դպրոցներում շարունակվում են մասնագիտական կողմնորոշման աշխատանքները

Dp 9 2019թ. ապրիլի 3-12-ը ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության աշխատակիցները և տարբեր ամբիոնների դասախոսներ մասնագիտական կողմնորոշման զրույցներ ունեցան Իջևանի շրջանի 4 գյուղերի, Այրում խոշորացված համայնքի, Բերդի տարածաշրջանի 3 գյուղերի, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի միջնակարգ դպրոցների և Դիլիջանի ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների հետ:

Սարիգյուղի և Խաշթառակի միջնակարգ դպրոցներում զրույցներ վարեց Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պավել Ասիլբեկյանը:

Այրումի, Արճիսի, Պտղավանի և Բագրատաշենի միջնակարգ դպրոցներում հանդիպումներ ունեցան Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ, պ.գ.թ, ասիստենտ Լիաննա Բեգինյանը և նույն բաժնի տեսուչ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը:

Ծովագյուղի միջնակարգ և Դիլիջանի ավագ դպրոցների աշակերտների, Դիլիջանի պետական և Դիլիջանի պետական բժշկական քոլեջների ուսանողների հետ հանդիպումներ ունեցան Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը և ՄԿՊԿ բաժնի վարիչ Լիաննա Բեգինյանը:

Վազաշենի, Պառավաքարի և Վ.Ծաղկավանի միջնակարգ դպրոցներում հանդիպումներ ունեցան Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը ու Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը:

ՄԿՊԿ բաժնի տեսուչ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը, ով ներկա էր վերոնշյալ դպրոցների մեծ մասում կայացած հանդիպումներին, նաև հանդիպումներ ունեցավ Ն.Ծաղկավանի և Տավուշի միջնակարգ դպրոցներում:

Հանդիպումների ժամանակ ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները ներկայացրին բուհում գործող մասնագիտությունները և դրանց ընձեռած հնարավորությունները, բաժանեցին բուկլետներ և տեղեկատվական թերթիկներ, պատասխանեցին աշակերտների հարցերին:

Կրթաթոշակի մրցույթ՝ վճարովի համակարգում սովորող ուսանողների համար

Նկար

 Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2019-2020 թթ նոր ուսումանական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման ՎԱՐՁԻ ՏԵՍՔՈՎ` (հիմնարկության կողմից տրամադրվող գումարի առավելագույն չափը 600,000 ՀՀ դրամ է), խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2019 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 16, 7,5 կամ 77 միավոր է։
Սիրիահայ ուսանողների ակադեմիական նիշը՝ 14,6,70:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից ու այստեղից, և 2019 մարտի 11-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:00-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ):

«ԱՐՓԱ» ինստիտուտը հայտարարում է Նորարարության ամենամյա մրցույթ

arpa-nk.

 «ԱՐՓԱ» ինստիտուտը հայտարարում է Նորարարության ամենամյա մրցույթ ՀՀ՝ մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների և ասպիրանտների համար:

Առաջին մրցանակի համար տրվում է 2000 ԱՄՆ դոլար, 2-րդի՝ 1000 ԱՄՆ դոլար,
3-րդի՝ 600 ԱՄՆ դոլար և 4-րդի՝ 400 ԱՄՆ դոլար:

Կազմակերպությունը պատրաստ է նաև 1500 ԱՄՆ դոլար տրամադրել նորարարությունը շուկայական արտադրանքի վերածելու լավագույն բիզնես-ծրագրի համար:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 30-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով www.arpainstitute.org կայք:

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունը Ֆրանսիայից վերադարձավ Հայաստան

56935198_2440424065982399_8210584216920915968_n

 2019թ. ապրիլի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության Վալանս քաղաքից վերադարձավ Իջևան:

Հիշեցնենք, որ «Հայ մշակութային ժառանգություն և ընկերներ» ասոցիացիայի հրավերով ԵՊՀ ԻՄ-ի մի քանի ուսանողներ («ՖԼԳ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհիներ Էմմա Շահնազարյանը, Լուարա Գևորգյանը, Լուսյա Ղալթախչյանը, «ՖԼԳ» 3-րդ կուրսի ուսանողուհի Հրանուշ Դավթյանը և «Սերվիս» 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Մելիքսեթյանը) Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ասիստենտ Աիդա Մարդանյանի ղեկավարությամբ ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում Վալանսի «Մաեստրիս» համալսարանում անցան վերապատրստման դասընթացներ՝ կատարելագործելով ֆրանսերենի իրենց իմացությունը։

Դասընթացները կազմակերպված էին ամենաբարձր մակարդակով,  ուսանողներն ակտիվորեն ներգրավված էին ուսումնական պրոցեսում, որի շնորհիվ զարգացրին իրենց մասնագիտական գիտելիքները և հմտությունները, իսկ վերջում ստացան հավաստագրեր:

Այցի համար նախատեսված ծրագիրը բաղկացած էր կրթական և մշակութային մասերից: Վերջինիս շրջանակներում ուսանողները Գոհար Դանսետ Համզյանի և Սիլվի Բոչյան-Բասմաչյանի ուղեկցությամբ այցելեցին Մարսել և տեսան այդ հնամենի քաղաքի տեսարժան վայրերը:

Մարտի 29-31-ը այցելեցին Փարիզ. երեք օր շրջեցին Լուվրում, Մոնմարտրում, Ելիսեյան պողոտայում, Կոնկորդ հրապարակում, Լյուքսեմբուրգյան այգում, զմայլվեցին Էյֆելյան աշտարակով և Փարիզի Աստվածամոր տաճարով:

Խումբը վերադարձավ Հայաստան անմոռանալի տպավորություններով, հյուրընկալ ընտանիքների և բոլոր աջակիցների նկատմամբ երախտագիտության մեծ զգացումով:

Հաջորդ այցը կկայանա 2020 թվականի մարտին: