Մասնաճյուղում մեկնարկում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների՝ վերապատրաստումներին գրանցման գործընթացը

ԵՊՀ ԻՄ  (1)

Հարգելի՛ ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ, սիրով տեղեկացնում ենք, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների՝ վերապատրաստումներին գրանցման գործընթացը:

Մասնաճյուղը հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների համար կազմակերպելու է վերապատրաստումներ առաջին (տարրական) և երկրորդ (ձեռնահասություն) մակարդակի բոլոր՝ 11 բաժիններով.

  1. դասընթացների և դասերի պլանավորում,
  2. դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ և ներառարկայական կապեր,
  3. ռեսուրսների կառավարում,
  4. տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում,
  5. 21-րդ դարի հմտությունների խթանում,
  6. սովորողների կարիքների բացահայտում,
  7. ուսումնառության գնահատում,
  8. ուսումնական գործընթացի համընդհանուր ներառականությունն ու մասնակցությունն ապահովող կարողություններ,
  9. մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում
  10. կրթության ոլորտի օրենսդրություն և պրակտիկայի իմացություն,
  11. մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 30-ը գրանցվել հետևյալ հղումով։

 

 

ԵՊՀ ԻՄ-ը հայտարարում է 2024-2025 ուստարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն

Մագիստրատուրա

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով և «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով:

Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները: Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է հարցազրույցով:

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթին մասնակցելու համար պետք է փաստաթղթերը ներկայացնել առցանց՝ akiaib@ysu.am էլեկտրոնային հասցեին մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ի ժամը 18:00-ն:

Ընդունելության քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-ին և 12-ին:

Լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնում կամ մասնաճյուղի ֆեյսբուքյան էջում:
2024-2025 ուստարվա ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

  1. Դիմում-հայտ (դիմում-հայտի օրինակը տե՛ս այստեղ,
  2. Բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի կրկնօրինակները,
  3. 2 լուսանկար (3×4 սմ չափսի),
  4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) կրկնօրինակը (1-7-րդ և 18-19-րդ էջերը),
  5. Անձնագրի (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտի (երկկողմանի) կրկնօրինակը,
  6. Ընդունելության ծառայությունների համար գանձվող 5000 ՀՀ դրամ վճարման անդորրագիրը (հիմք՝ ԵՊՀ ռեկտորի 08․05․2024 թ․ N 88/7 – Ա հրամանը): 
Կազմակերպություն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ
Բանկ «Արդշինբանկ» ՓԲԸ
Հաշվեհամար(ՀՀ դրամ) 247610017094
Նպատակ «Մագիստրատուրայի ընդունելության ծառայությունների վճար»
 

ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ
դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը

Մագիստրատուրայի ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ուսման տևողությունը «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» ծրագրով 1.5 տարի է, «Գործարար վարչարարություն (կառավարում)» ծրագրով՝ 2 տարի:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Տնտեսագիտության և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների դեկանների պաշտոնակատարներին՝

  • Ա. Մարգարյանին (հեռ․՝ 093 20 65 05)՝ «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրի հետ կապված հարցերով,
  • Ն․ Գրիգորյանին (հեռ․՝ 094 104 107)՝ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի հետ կապված հարցերով:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 3:

Կայքէջ՝ ijevan.ysu.am

Լույս է տեսել մեր դասախոսի եռալեզու պատկերագիրքը Պոլսի մասին

5

Օրերս Կ.Պոլիս-Ստամբուլում տեղի հայոց Պատրիարքարանի հովանավորությամբ լույս տեսավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանի (Լաչիկյանի) «Պոլիսը՝ հին և նոր» եռալեզու պատկերագիրքը: Շնորհանդեսը տեղի ունեցավ Մարմարա ծովում գտնվող պոլսամերձ Իշխանաց կղզիներից Գնալը հայահոծ կղզու Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պարտեզում՝ օրհնաբեր մասնակցությամբ Ն.Ա.Պ. Պոլսո հայոց Պատրիարք Սահակ Բ. Մաշալյանի և ներկայությամբ պոլսահայ համայնքի նշանավոր ներկայացուցիչների:

Գիրքն ամփոփում է հեղինակի շուրջ տասնամյա աշխատանքի արդյունքը՝ պարունակելով Պոլիսն ու մերձակա կղզիներն արտացոլող 100-ից ավել գծանկար: Այդտեղ 128 էջերից յուրաքանչյուրի վրա կարելի է նաև Սփյուռքի ու Հայաստանի ծանոթ մտավորականների կարծիքները կարդալ Լևոն Լաճիկյանի արվեստի մասին:

«Թե ինչու Պոլիսը» հարցին արվեստագետն ունի հստակ պատասխան. «Բոսֆորի ափին փռված այդ զմայլելի քաղաքը եղել է ոչ միայն Բյուզանդական ու Օսմանյան կայսրությունների, այլև հայ մշակույթի երևելի մայրաքաղաքը: Այդտեղ այսօր ևս, թեկուզ անհամեմատելիորեն նվազ, շարունակում է լսվել հայ կյանքի բաբախը: Այն ոչ միայն արևմտահայ մշակույթի, այլև արևմտահայերենի միջնաբերդն է, ուստի հարկ է մշտական ուշադրության ներքո պահել այն»:

Այդ ուշադրությունն ու պատմության լավիմացությունը մղեցին Լևոն Լաճիկյանին ստեղծելու այս պատկերագիրքը, որը մասնագետների միահամուռ բնորոշմամբ այլ բան չէ, քան «Պտոյտ մը Պոլսոյ թաղերուն մէջ՝ գծանկարներու ընդմէջէն»: «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, հիշատակելով Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի ու Մկրտիչ Ջիվանյանի անունները, գրում է. «Լեւոն Լաճիկեանի այս հարիւր ստեղծագործութիւնները եւս կ՛ունենան իրենց վկայութեան բաժինը Պոլսոյ պատմութեան մէջ եւ ուրոյն դրոշմը՝ այս պատմական քաղաքի վրայ»:

Ուշագրավ է, որ մեծադիր այս հատորին ամբողջական էջեր են նվիրել Պոլսո հայկական («Ժամանակ», «Ակօս», «Մարմարա») և ոչ հայկական թերթերը: Այն որպես նվեր է տրվում հայոց Պատրիարքարան այցելող պատվարժան հյուրերին ու օտարերկրյա դիվանագետներին՝ հետաքրքրություն առաջ բերելով նաև օտար շրջանակներում:

Շնորհավորում ենք մեր դասախոսին և հայտնում, որ առաջիկայում նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կկայանա «Պոլիսը՝ հին և նոր» պատկերագրքի շնորհանդեսը:  

Միջազգային աշնանային դպրոց՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին

ԵՊՀ ԻՄ (34)Սիրելի՛ ուսանողներ, Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև համագործակցության շրջանակներում «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիան 2024 թ. սեպտեմբերի 19-23-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար կկազմակերպի միջազգային աշնանային դպրոց, որը բաղկացած կլինի դասախոսություններից և դաշտային գիտահետազոտական աշխատանքներից:

Դասախոսությունները կանցկացվեն ԵՊՀ ԻՄ-ում, իսկ դաշտային գիտահետազոտական աշխատանքները՝ Տավուշի նշանավոր հուշարձաններում: Աշնանային դպրոցի աշխատանքները կհամակարգեն Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը և ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի համաղեկավար Հայկուհի Մուրադյանը: Դպրոցին կմասնակցեն ուսանողներ նաև Ավստրիայից:

Աշնանային դպրոցի նպատակն է ուսանողներին ծանոթացնել Տավուշի պատմության որոշ դրվագներին, հոգևոր կառույցների գործունեությանը, արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով պատմական իրադարձությունների հետազոտության մեթոդիկային, ինչպես նաև կազմակերպել քայլարշավ՝ իրականացնելով դաշտային գիտահետազոտական աշխատանքներ:

Դպրոցի աշխատանքներին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք՝

  • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտակարգերի բակալավրիատի վերջին կամ մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսի ուսանող են,
  • տիրապետում են անգլերենին (նվազագույնը՝ A2 մակարդակ),
  • ակտիվ են և հետաքրքրված Տավուշի պատմամշակութային ժառանգությամբ,
  • վստահ են, որ կարող են ոտքով հաղթահարել քայլարշավը:

Վերոնշյալ պայմաններին համապատասխանող դիմորդները պետք է մինչև սեպտեմբերի 11-ը լրացնեն առցանց հայտադիմումը՝ պարտադիր ներկայացնելով «Աշնանային դպրոցին մասնակցելու շարժառիթը» (1-2 էջի սահմանում):

Մասնակցությունն անվճար է: Աշնանային դպրոցի ավարտին ուսանողներին կտրամադրվեն վկայագրեր:

ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելություն

Ընդունելության նկար

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2024-2025 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելություն՝ հետևյալ կրթական ծրագրերով․
• Հոգեբանություն,
• Պատմություն,
• Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
• Ֆինանսներ (ըստ ոլորտի),
• Զբոսաշրջություն:
Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 5-25-ը (մինչև ժամը 18:00-ն):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Դիմում-հայտն առցանց լրացվում է dimord.am կայքում:
Անհրաժեշտ է նախօրոք ունենալ ներքոնշյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները (բնօրինակները) և պատճենները: Բնօրինակն առցանց կցվում է, իսկ ընդունվելուց հետո ներկայացվում է ընդունող հանձնաժողովին: Դիմորդը դիմում-հայտ լրացնելու համար դիմում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով, պատասխանատու քարտուղարը գրանցում է դիմորդի տվյալները, ստուգում քննությունների համար փոխանցված համապատասխան անդորրագրի առկայությունը և տալիս ԳԹԿ-ի կողմից տրամադրված անձնական համար: Եթե դիմորդը մասնակցել է 2024 թվականի բուհերի առկա ընդունելության քննություններին, ապա կարող է օգտագործել այդ ժամանակահատվածում ԳԹԿ-ի կողմից տրված անձնական համարը:
Ընտրած մասնագիտությունների միասնական քննություններից դրական գնահատական(ներ) ունեցող դիմորդները կարող են մրցույթին ներկայացնել այդ գնահատական(ներ)ը կամ հանձնել նոր քննություններ: Այս դեպքում մրցույթում կօգտագործվեն ավելի բարձր գնահատականները:
Լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնում:

2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

1. ԳԹԿ-ի անձնական համար:
2. Ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ` միջուկի հետ):
3. 4 լուսանկար (3×4 սմ չափսի), 1 լուսանկար (էլեկտրոնային տարբերակով):
4. Անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական/ (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո):
5. Զինվորական գրքույկ՝ առկայության դեպքում (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին:
6. 2024 թ. հեռակա ընդունելության կարգի կանոնների կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները)), առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ):
7. Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում):
8. Տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ (առկայության դեպքում):
9. «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (միասնական քննության դրական գնահատականը պահպանելու դեպքում):
10. Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը:
11. Վճարելու վերաբերյալ անդորրագիր: Դիմորդը դիմում-հայտ լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին (900018003401) փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:
Անկախ քննության արդյունքից` վճարված գումարը չի վերադարձվում:
Ընդունելության մասնագիտությունները, քննությունները, տեղերը և վարձաչափերը տե՛ս այստեղ:
Ընդունելության կարգը տե՛ս այստեղ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը (ըստ բուհերի և մասնագիտությունների այս տարվա հեռակա ուսուցման ընդունելության տեղերի վերաբերյալ) տե՛ս այստեղ:
Ուսման տևողությունը 5 տարի է: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման:

Հասցեն՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:
Կայքէջ՝ ijevan.ysu.am
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վ. Աղաբաբյանին (096 987 654) և Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ. Բեգինյանին (094 03 21 12):