Մասնաճյուղում կայացավ ուսանողների տոնին նվիրված միջոցառում

IMG_0939

 2018թ. նոյեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ  Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ուսանողական խորհրդի կողմից:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, բանկերի իջևանյան մասնաճյուղերի կառավարիչներ, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը և Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազան Գալստանյանը:

Ուսանողների տոնին նվիրված միջոցառման ընթացքում երաժշտական-պարային գեղեցիկ կատարումներով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները:

Միջոցառումը կրում էր հումորային բնույթ. ներկայացվեցին ուսանողական կյանքին, բուհական միջավայրին վերաբերող մի քանի հետաքրքիր համարներ:

Հնչեցին նաև յուրօրինակ կատարումներ՝ կիթառի և դաշնամուրի ուղեկցությամբ:

Վերջում ուսանողների տոնի առթիվ տեղի ունեցավ հյուրասիրություն:

«Տիգրան Մեծի քաղաքականությունը և դրա հետևանքները» թեմայով բանավեճ-քննարկում՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և Վ. Ծաղկավանի դպրոցի աշակերտների մասնակցությամբ

DSCN4771

 2018թ. նոյեմբերի 20-ին Վերին Ծաղկավան գյուղի Հայկ Ղազարյանի անվան միջնակարգ դպրոցում կայացավ «Տիգրան Մեծի քաղաքականությունը և դրա հետևանքները» թեմայով բանավեճ-քննարկում՝ ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության մի խումբ ուսանողների և նույն դպրոցի աշակերտների մասնակցությամբ:

Քննարկմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը, շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը, տարբեր մասնագիտությունների («Պատմություն», «ՄՀ», «ՏՄՄ», «ՔԿԳ») ուսանողներ, Վ. Ծաղկավանի դպրոցի ղեկավար և ուսուցչական անձնակազմը, տարբեր դասարանների աշակերտներ, հյուրեր:   

Բացման խոսքով հանդես եկավ Վերին Ծաղկավանի միջնակարգ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սուսաննա Ամիրխանյանը՝ ջերմորեն ողջունելով բանավեճ-քննարկման նպատակով իրենց դպրոցում հյուրընկալվելու համալսարանականների նախաձեռնությունը, ուսումնական գործընթացում կարևորելով դպրոց-համալսարան համագործակցության խորացումը, փոխադարձ այցերն ու համատեղ իրականացվող ծրագրերը:  

Բանավեճ-քննարկման ընթացքում ուսանողները ներկայացրին Տիգրան Մեծի վարած քաղաքականության դրական կողմերը, իսկ աշակերտներն արտահայտեցին նրա քաղաքականության բացասական կողմերի վերաբերյալ սեփական պատկերացումները՝ զուգահեռներ անցկացնելով նոր ժամանակների հետ:

Ներկայացվեց, թե ինչպես է մ.թ.ա. 95 թվականին գահ բարձրանում մեր ամենանշանավոր պատմական դեմքերից մեկը՝ Տիգրան 2-րդը, ում պատմագրության մեջ անվանում են Տիգրան Մեծ: Հոր՝ Տիգրան Առաջինի մահից հետո սահմանակից գավառներից 70 հովիտ պարթևներին զիջելով՝ նա ազատվում է պատանդությունից, վերադառնում Հայաստան և ժառանգում հոր գահը 45 տարեկանում: Տիգրանն արագ վերակազմավորում է հայոց բանակը և ձեռնամուխ լինում հայոց պետության հեղինակության վերականգնմանն ու հզորացմանը: Մ.թ.ա. 94թ. նա գրավում է Ծոփքը՝ դրանով ավարտին հասցնելով հայկական հողերի միավորման գործընթացը:

Հայոց երկրի հյուսիսում նույն ժամանակ հզորանում էր Պոնտոսի թագավորությունը: Նրա հանճարեղ գահակալ Միհրդատ Զ Եվպատորը (մ.թ.ա. 111-63), որ Հռոմի ոխերիմ թշնամին էր, լինելով հմուտ զորավար ու դիվանագետ, անմիջապես հասկանում է Տիգրանի հավակնություններն ու ուժը և նրան դաշինք առաջարկում: Մ.թ.ա. 94թ. կնքվում է հայ-պոնտական դաշինքը, որով երկու թագավորները միմյանց միջև բաժանում են ապագա նվաճումների տարածքները: Դաշինքն ամրապնդելու համար Տիգրան 2-րդը կնության է առնում Միհրդատի երիտասարդ, գեղանի դստերը՝ Կլեոպատրային:

Մ.թ.ա. 87 թ. հայոց երկնակամարում փայլում է Հալլեի գիսաստղը: Դա հաջողակ նշան է համարվում Տիգրանի համար, նա պատերազմ է հայտարարում Պարթևստանին ու նվաճում այդ հզոր երկիրը: Տիգրանը ոչ միայն ազատագրում է պարթևաց պետության տարածքում գտնվող հայոց երկրամասերը, այլև հարկատու է դարձնում պարթևական հզոր թագավորությանն ու պարթև Արշակունիներից խլում արքայից-արքա տիտղոսը: Սրանով Տիգրան Մեծի պետությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը: Նա իր սրին է ենթարկում նաև Միկդոնիան, Օսրոենեն, Ատրպատականը, Ադիաբենեն, Կորդուքը… Տիգրանը Մեծը Հայքին է միացնում նաև Հյուսիսային Միջագետքն ու նրա կենտրոն Մծբինում կառավարիչ նշանակում իր կրտսեր եղբայր Գուրասին:

Տիգրան Մեծը մ.թ.ա. 83թ. բազմում է Սելևկյան գահին: Դրանով, փաստորեն, պատմության թատերաբեմից հեռանում է Հին Արևելքի ևս մեկ հզոր պետություն` Սելևկյան թագավորությունը:

Ավարտելով իր նվաճումները` Տիգրան Մեծն իր հսկայական տերության աշխարհագրական կենտրոնում` Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, կառուցում է նոր մայրաքաղաք` Տիգրանակերտը: Արտաշատը համարվում էր Տիգրանի տերության հյուսիսային, Անտիոքը` հարավային մայրաքաղաքը: Ժամանակակիցների վկայությամբ` Տիգրանակերտը կարճ ժամանակում դառնում է Հին աշխարհի մեծ, փարթամ ու ճոխ քաղաքներից մեկը:

Տիգրան 2-րդը 25 տարի տևող հաղթական նվաճումների ընթացքում ստեղծում է մի լայնածավալ տերություն, որի սահմանները տարածվում էին Կասպից ծովից մինչև Եգիպտոսի սահմաններն ու Միջերկրական ծովը: Հայաստանը վերածվում է Առաջավոր Ասիայի հզոր տերության:

Բանավեճ-քննարկման ընթացքում տեղի ունեցավ մտքերի ակտիվ և կառուցողական փոխանակում:

Քննարկումն ուղեկցվեց դպրոցի շնորհալի սաների երաժշտական-պարային գեղեցիկ կատարումներով:

Ցուցադրվեց նաև մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ պրեզենտացիա:

Եզրափակիչ խոսքով հանդես եկան դպրոցի փոխտնօրեն Ս.Ամիրխանյանն ու մասնաճյուղի դասախոս Վ.Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով քննարկման կազմակերպիչներին ու մասնակիցներին, նրանց մաղթելով հաջողություններ:

Մասնակիցների հավաստագրերն ու բանավեճի կազմակերպմանն աջակցած անձանց շնորհակալագրերը հանձնեց բանավեճ-քննարկման նախաձեռնող, «Պատմություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանող Ալիխան Բալդրյանը, ով, ի դեպ, հենց ծաղկավանցի է:

Քննարկումից հետո ուսանողները ծանոթացան դպրոցին, եղան գրադարանում և Տարեգրության թանգարանում:

Հանդիպումն ավարտվեց հյուրասիրությամբ, բուհի և դպրոցի ներկայացուցիչների միջև ծավալված ջերմ ու անմիջական զրույցով, որի ընթացքում կողմերը պայմանավորվեցին համագործակցությունը խորացնել՝ իրականացնելով փոխադարձ այցեր ու համատեղ միջոցառումներ:

Հանդիպման բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Տեղի կունենա ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության ընդլայնված նիստ

Ysuib

 2018թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, խորհրդակցությունների սենյակում  տեղի կունենա ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության ընդլայնված նիստ՝ տնօրենության անդամների, բաժինների և ամբիոնների վարիչների մասնակցությամբ: 

Նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  • Հաշվապահության բաժնի կատարած աշխատանքերի մասին հաշվետվություն  

(01.01.2018-11.01.2018):

Զեկուցող՝  գլխավոր հաշվապահ Մ. Մխիթարյան

  • Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) բաժնի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն (2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր):

Զեկուցող՝ ՄՌԿ բաժնի վարիչ Կ. Այվազյան

  • Շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների մասին հաշվետվություն (ոչ ֆորմալ կրթություն, 2018թ. սեպտեմբեր- հոկտեմբեր):

Զեկուցող՝ շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող  աշխատանքների համակարգող Է. Ղարայան

  • Դասախոսների վերապատրաստման աշխատանքների մասին հաշվետվություն (2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր):

Զեկուցող՝ դասախոսների վերապատրաստման աշխատանքների   համակարգող Ն. Ղազարյան

  • Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման (ՈՒԳՊՎ) բաժնի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն (Ուսանողների շարժի վերաբերյալ, 2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր):

Զեկուցող՝  ՈՒԳՊՎ բաժնի վարիչ Ն.. Առուշանյան

  • Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժնի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն (2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր):

Զեկուցող՝ ՄԿՊԿ  բաժնի վարիչ Լ.Բեգինյան

  • ԵՊՀ ԻՄ-ի կայքէջի ու հասարակայնության հետ կապերի և մամուլի աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն (2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր):

Զեկուցողներ՝ ԵՊՀ ԻՄ-ի հասարակության  հետ  կապերի    և  մամուլի պատասխանատու Հ. Վանյան, ՄԿՈԱ բաժնի մասնագետ Մ. Գասպարյան:

  • Ընթացիկ հարցեր:

Անհրաժեշտ է կատարված աշխատանքների մասին զեկուցումները նիստի ընթացքում ներկայացնել պրեզենտացիաների ուղեկցությամբ, իսկ ամփոփ հաշվետվությունները նիստի նախորդ օրը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` matoyan@ysu.am:

 

Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է

b

 Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է, ուսանողների տոնը, երբ ևս մեկ անգամ շեշտվում է երիտասարդների և հատկապես ուսանողների՝ հասարակության շարժիչ ուժ լինելու, նրանց ներուժը առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը:

1939թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և շուրջ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։ Այդ նույն օրը, ըստ տեղեկությունների, ինն ուսանող մահապատժի ենթարկվեց։ Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել։ Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա հիմնվեց։ Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։

Հետագայում՝ 1980-ական թվականների երկրորդ կեսին, Պրահայի ուսանողները սկսեցին այդ օրը նշել որպես անկախության օր։ 1989թ. նոյեմբերի 17-ի հանրահավաքով էլ սկիզբ դրվեց Չեխոսլովակիայում իրականացված ոչ բռնի հեղափոխության։

Այսօր արդեն նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների խորհրդանշական համախմբման օր, որը տոնում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Սիրով շնորհավորում ենք ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ, մաղթում ենք ձեզ անսահման երջանկություն, մեծ հաջողություններ ուսման մեջ, կյանքում, ձեր բոլոր ձեռնարկումներում՝ ի նպաստ մեր հասարակությանն ու երկրին, ձեր երիտասարդական ավյունն ու անսպառ եռանդն արդյունավետ իրացնելու կամք և նպատակասլացություն

 

«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի և ԵՊՀ ԻՄ-ի Այգեհովիտի համայնքային զարգացման կամավորական խմբի համագործակցությամբ կայացավ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը

 46412685_2263474487014908_8681541820607365120_n

 2018թ. նոյեմբերի 15-ին «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի և ԵՊՀ ԻՄ-ի Այգեհովիտի համայնքային զարգացման կամավորական խմբի համագործակցությամբ Լուսաձոր համայնքում կայացավ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» խորագիրը կրող ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակին (նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը):

Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին Լուսաձորի հիմնական, Այգեհովիտի Ա.Վասիլյանի անվան, Ազատամուտի, Գետահովիտի, Գանձաքարի, Խաշթառակի Հ.Ճուղուրյանի անվան միջնակարգ դպրոցների 7-րդ դասարանցիներ՝ թվով 31 աշակերտ:

ԵՊՀ ԻՄ-ից ինտելեկտուալ խաղ-մրցույթին ներկա էին տնօրենի օգնական Ա.Եգանյանը և ուսանողներ:

Միջոցառումը սկսվեց Սևքար և Սարիգյուղ համայնքների հոգևոր հովիվ Լևոն սարկավագ Հակոբյանի աղոթքով:

Խաղ-մրցույթը վարեցին «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի հոգեբաններ և մանկավարժներ Ջուլիետա Դովլաթբեկյանը, Նարեկ Անտոնյանը, Անետա Սարհատյանը, Վահե Առուստամյանը:

Ինտելեկտուալ խաղն ավարտվեց Ազատամուտի միջնակարգ դպրոցի աշակերտների հաղթանակով:

Բոլոր մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի և խրախուսական նվերների, իսկ հաղթող թիմը՝ նաև պատվոգրի:

Վերջում մասնակիցներն արտահայտեցին իրենց տպավորությունները և ցանկություն հայտնեցին հաճախակի մասնակցելու նմանատիպ ծրագրերի:

Ինտելեկտուալ խաղ-մրցույթի բոլոր լուսանկարները տե՛ս  Պատկերասրահում: