ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

2018թ. սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության  27-րդ տարեդարձին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական անձնակազմի ներկայացուցիչները և ուսանողներ՝ տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանի գլխավորությամբ, այցելեցին Իջևանի Ազատամարտիկների հրապարակ:

1

Տավուշի մարզպետարանին հարակից Սահմանադրության հրապարակից Տավուշի մարզի տարբեր ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչների, զինվորական նվագախմբի, բազում քաղաքացիների ուղեկցությամբ համալսարանականները քայլերթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:

DSCN3594

Այդտեղ հարգանքի տուրք մատուցեցին, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Իջևանում գտնվող` Զոհված ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանին:

3

Ազատության հրապարակում շնորհավորանքի ու օրհնանքի խոսք ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հնչեցրեց Տերունական ու Խաղաղության աղոթք:

4

ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց Իջևանի մշակույթի տանը կազմակերպված տոնական միջոցառմամբ և համերգով:

1991թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1991 թ. մարտի 1-ի որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»:  

Հայ ժողովուրդը միասնաբար (99% ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը: Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, այնուհետև ընդունվեց զինանշանը:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո՝ 1991 թվականի ընթացքում, ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Ենթադրվում էր, որ անկախությունը նոր հնարավորություններ է բացելու Հայաստանի համար: Որպես Հանրապետություն՝ Հայաստանն արդեն ունակ էր լինելու ստեղծել սեփական դիվանագիտական կապերը տարբեր երկրներում և վարել ակտիվ քաղաքականություն:

Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը փորձում է զարգացանել կապերը տարածաշրջանում: Հայաստանն այսօր վարում է սեփական ինտեգրացիոն քաղաքականություն: 2014 թվականին Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ երկիր: Այժմ Հայաստանը փորձում է համագործակցության կապերը խորացնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ու նաև կամուրջ է Իրանի և ԵՏՄ անդամ երկների երկխոսության համար:

Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը հասնելը:

Անկախ Հայաստանի համար օրակարգային խնդիր է նաև հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության հարցը, որը պարբերաբար քննարկվում է ՀԱՊԿ-ում, գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրության կենտրոնում:

Այս տարիների մեծագույն նվաճումն արյան գնով Արցախյան պատերազմում տարած հաղթանակն էր, նորօրյա ապրիլյան հերոսացման ուղին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո անկախ Հայաստանը ցույց տվեց, որ ունի հզոր բանակ և անհրաժեշտ զինտեխնիկա՝ ամեն պահի թշնամուն հետ մղելու համար:

5

Անկախության պատմության մեջ ոչ պակաս կարևոր էր Սահմանադրական բարեփոխումների նախագիծը և կառավարման նախագահական համակարգից անցումը խորհրդրանականի: 

Այսօր ամբողջ հայությամբ տոնում ենք մեր ազատ ու անկախ հանրապետության տոնը:

6

Շնորհավո՛ր տոնդ, մեր 27-ամյա Հայաստան: Թո՛ղ մեր անկախությունը ընդմիշտ լինի, թո՛ղ հայոց պետականությունն է՛լ ավելի ամրապնդվի, մեր պետությունը զորանա ու բարգավաճի, իսկապես դառնա այն երկիրը, որը ողջ հայությունն է երազել:

 

 

Սեպտեմբերի 19-ի տնօրենության նիստում

DSCN35622018թ. սեպտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-2019 ուսումնական տարվա առաջին կուրսեցիների հրամանագրմանը, նույն ուստարվա I կիսամյակի ուսումնական գործընթացին՝ ուսանողների հաճախումներին, առարկայական ծրագրերին, դասընթացների փաթեթներին, կրթական ծրագրերի պատասխանատուների աշխատանքների պլանավորմանը վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:

Նիստի ընթացքում դեկանները զեկուցեցին ուսման վարձավճարների մուծման ընթացքի և ուսանողների հաճախումների վիճակի մասին:

Որոշվեց սահմանված ժամկետներում ավարտին հասցնել առաջին կուրսեցիների հրամանագրման գործընթացը:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-2019 ուսումնական տարվա I կիսամյակում (երեք շաբաթվա կտրվածքով)  ուսանողների հաճախումների վիճակը գնահատվեց բավարար:

Հանձնարարվեց, որ մասնաճյուղի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները (դեկաններ, ամբիոնների վարիչներ, կրթական ծրագրերի պատասխանատուներ) հետևողական լինեն, որ յուրաքանչյուր դասընթացի սկզբում ուսանողներին տրամադրված լինեն տվյալ ամբիոնի վարիչի կողմից հաստատված ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը, ամբիոններում առկա լինեն հաստատված առարկայական ծրագրերը և սեղմ ժամկետներում վերանայված, համալրված և հաստատված լինեն դասընթացների փաթեթները:

Կայացավ «ԻԿՄ» 4-րդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Բալասանյանի «Սիրո աստղալույս» ժողովածուի շնորհանդեսը

2018թ. սեպտեմբերի 20-ին Տավուշի մարզի Հովք գյուղում՝ իր հարազատ դպրոցում, կայացավ «ԻԿՄ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Բալասանյանի «Սիրո աստղալույս» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը:

IMG-67fdf0bc989f4fb4e9ee7694dea0903c-V[1]

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դեցենտ Վ.Ավագյանը, բ.գ.թ., դոցենտ, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի փոխդեկան Վ.Աղաբաբյանը, «ՀԼԳ» մասնագիտության ուսանողներ, դպրոցի աշխատակիցներ, սաներ, հյուրեր, պոեզիայի սիրահարներ:

IMG-69844edba3d0e7a4ff7faaa601f46e75-V[1]

Սուսաննայի գրքի շնորհանդեսին «ՀԼԳ» մասնագիտության երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողները հանդես եկան ասմունքով, երգով ու սեփական վերլուծություններով:

Ժողովածուի՝ մայրական թեմայով գրված միակ բանաստեղծությամբ միջոցառումը սկսեց Մանե Եգանյանը.

Գարուն էր դրսում,

Մայրս աշուն էր,

Բայց երգ էր հյուսում.

Երգը նախշուն էր:

Հայացքով անխոս

Թեքվել է հողին,

Չեմ ների մորս

Արցունք տվողին:

Ապա ասմունքեցին Աստղիկ Ղազարյանը և Լուսինե Մելքումյանը:

IMG-0b2f407db84b34281690d1e0742b9f3e-V[1]

Միջոցառման ողջ ընթացքում երաժշտական տրամադրություն ապահովեց Լիանա Յարալյանը:

Վերլուծական խոսքով հանդես եկավ նույն դպրոցի սան, հովքեցի Արմիդա Բաղիյանը: Մեկնաբանելով ժողովածուի վերնագիրը՝ նա մասնավորապես նշեց. «…Հետաքրքրական է: Աստղերը երկնքում շրջապատված են մթությամբ, սակայն իրենց շուրջը լույս են սփռում: Այդ փոքրիկ լուսատուները խորհրդանշում են սերը, իսկ մթությունը՝ կյանքի դժվարություններն ու փորձությունները, և ինչպես աստղերն են հաղթում մթությանը`լուսավորելով այն, այնպես էլ մարդկային սերը պետք է պայքարի կյանքի դժվարությունների դեմ, հաղթի և լուսավորի մեր կյանքը»:

IMG-61f0d9bbf9b7410960957482fabd5443-V[1]

Ռոզա Մելքումյանը վերլուծականն ընդմիջեց ակնարկով՝ հիշելով իր և Սուսաննայի առաջին հանդիպումը. «Մի քանի տարի առաջ, երբ սովորում էի դպրոցում, ամռանը մեկ շաբաթով մեկնեցի ճամբար: Մենք 11 տավուշցիներով ճամբար էինք գնում երկնագույն փոքրիկ ավտոբուսով: Ճանապարհին մեզ տեղեկացրին, որ պետք է Հովք գյուղի մոտ կանգ առնենք, որովհետև այնտեղից մեզ է միանալու ճամբար գնացող երեխաներից մեկը: Հասանք Հովք: Այնտեղ մեզ սպասում էր մի աղջիկ… և առաջինը, որ ինձ գրավեցին, արևի տակ փայլող մազերն էին»: Ռոզան խոստովանեց, որ կարծել է՝ Սուսաննան կամ, ինչպես ինքն է ասում, Սուսոն ռուս է: Ճամբարում էլ Ռոզան ծանոթացել է Սուսաննայի բանաստեղծական թոթովանքների հետ՝ ամփոփված երկնագույն տետրակում:

IMG-3d3950a758f27a44a49a4f52fba2ca15-V[1]

Ապա վերլուծական խոսքով հանդես եկավ Լուսինե Հակոբյանը: Ըստ նրա՝ Սուսաննայի գրիչն իմպրեսիոնիստական տողեր է գրել, այսինքն՝ «կրել է պահի ազդեցությունը, գրել է այն, ինչ տեսել ու զգացել է.

Քամու հառաչ,

Լույս խավարած,

Ջրի կարկաչ,

Կանչող մի կանչ»:

20180920_133030

Գոհար Մխիթարյանն էլ նախ փորձել էր պարզել, թե ինչ է նշանակում Սուսաննայի անունը. «Սպիտակ ջրային շուշան: Սուսաննան էլ է շուշան` նրբիկ, հասարակ, ճերմակ մի հեքիաթ: Նրա գրվածքներից շուշանի հեզություն է բուրում»: Ապա թվարկեց այն ամենը, ինչ տեղ է գտել ժողովածուում՝ սպասում, հակադրություն, պատրանքներ, պայքար ու սեր: Գոհարը խոսեց և հնարավոր գրական ազդեցությունից, որ կարող էր ունենալ Սուսաննան ստեղծագործելիս:

Ես կգամ այսօր,

Ինչ էլ որ լինի,

Քիչ մտամոլոր

Ու չեմ մոլորվի:

Կվերադառնամ,

Կնստեմ քեզ մոտ,

Շուրթիդ կդառնամ

Մեղրածոր կարոտ:

   «Այս բանաստեղծությունն ընթերցելուն զուգընթաց, – ընդգծեց Գոհարը, – մեր մտքում վերածնվում է Համո Սահյանի «Կգամ» բանաստեղծությունը. նույնն են ձգտումները` վերադառնալ, ինչ էլ որ լինի, ինչպես Սահյանը կասեր, նույնիսկ եթե «Հազար կապով կապված, // Խաչով խաչված լինի»: Արդյո՞ք Սուսաննան ներշնչվել է հենց այս բանաստեղծությունից, դժվար է ասել, բայց ժողովածուում կան բանաստեղծություններ, որոնք կարդալիս մեր երևակայությունը համեմատություն է բռնում անցյալ դարի հայ մեծ գրողների որոշ բանաստեղծությունների հետ: Այսպես, օրինակ, այս քառատողը.

Հոգնած գլուխս դնեմ քո ուսին

Ու հանգիստ քնեմ մինչև լուսաբաց,

Քեզ համար մնամ միշտ էլ սիրող կին

Ու քո գրկի մեջ ես լինեմ արբած:

Ինչ-որ ձևով սա հիշեցրեց Չարենցի «Տաղարան» շարքի «Կուզեմ` հիմի փչե զուռնեն // Հարբած ըլիմ մինչև էգուց» տողերը: Սերը երկու դեպքում էլ արբեցնում է, երջանկացնում»:

Ռոզա Ճաղարյանն էլ հիացած խոսում էր իր տպավորությունների մասին. «…Բավականին ինքնատիպ, յուրօրինակ ու խորիմաստ բանաստեղծուհի: Նա ունի հարուստ ասելիք, ճկուն միտք: Գրել է բանաստեղծություններ, որոնք անհնար է ընթերցել առանց փշաքաղվելու: Երբեմն  նույնիսկ մեկ բառն այնքան ազդու է լինում, որ մարմնովդ դող է անցնում, սկսում ես փշաքաղվել ու մտածել՝ ինչ մեծ տաղանդով է օժտված այս աղջնակը»:

IMG-20180922-WA0058[1]

Սկսած դպրոցի տնօրենից մինչև Սուսաննայի մայրը՝ բոլորը գոհունակության խոսքեր արտաբերեցին, կրկին շնորհակալ եղան թե´ կազմակերպիչներին, թե´ ուսանողներին, թե´ Սուսաննային, որի ստեղծագործական ձիրքն էր դարձել այդ հիշարժան հանդիպման առիթը:

Համալսարանականները Հովքից վերադարձան ջերմ ու վառ տպավորություններով, նման հետաքրքիր առիթներով կրկին հանդիպելու հույսով:

Համալսարանականները «Ավանդույթ» ՀՈԱԿ-ի հանդիսավոր բացմանը

41961947_10217255391926828_8866637658181337088_o2018թ. սեպտեմբերի 19-ին Իջևանում կայացավ «Ավանդույթ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ)՝ թիվ 2 երաժշտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը:

Մարզկենտրոն Իջևանում ևս մեկ երաժշտական կենտրոնի հիմնումը նպատակ ունի նպաստելու մարզում երաժշտական կյանքի զարգացմանը:

41984451_10217255394686897_9060141542777290752_o

«Ավանդույթ» երաժշտական դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Ամերիկայի Միչիգանի Նահանգի Դետրոյթ քաղաքի «Վարդանանց Դուստրերի» Զաբել օթյակի և այլ հայազգի բարերարների առատաձեռն աջակցությամբ  ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Լիբանանից, Հայաստանից:

IMG_7976

Դպրոցի բացմանը հրավիրված էին Իջևանի քաղաքապետ Վ.Ղալումյանը, Տավուշի մարզի մարզպետ Վ.Ղալումյանը, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, մշակույթի նախարարությունից հյուրեր, Մշակութային կրթության հիմնադրամի տնօրեն, Երևանի արվեստի դպրոցի տնօրեններ, Իջևանի դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ, մարզպետարանի կրթության բաժնի վարիչը, Իջևանի և Դիլիջանի երաժշտական դպրոցների տնօրենները, Եվրասիա միջազգային համագործակցություն հիմնադրամի ներկայացուցիչներ:

IMG_7970-22-09-18-01-21

Երաժշտական դպրոցի բացումն ուղեկցվեց հանդիսավոր միջոցառմամբ, որի հիմնական կազմակերպիչներն էին օպերայի երգիչ Ասատուր Բալջյանը, վաստակավոր արտիստուհի Հասմիկ Հարությունյանը, ծրագրի համակարգող Նարինե Աղասարյանը, երաժշտական դպրոցի տնօրեն  Էլմիրա Աղասարյանը:

IMG_7992 - Copy

Միջոցառման աջակիցներից էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, «Շողակն» համույթը, Ալեքսան Հարությունյանը:

IMG_7965 - Copy

ԵՊՀ ԻՄ-ի «ԱԼԳ» մասնագիտության ուսանողուհիներ Սյուզաննա Շահնազարյանը, Լիլիթ Ֆարմազյանը, Էլինա Խաչատրյանը, Արինա Պարոնյանը և շրջանավարտ Մարիետա Սարգսյանը միջոցառման ընթացքում օտարերկրյա հյուրերի համար կատարեցին թարգմանչական աշխատանքներ:

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին Գոշ

2018թ. սեպտեմբերի 18-ին ուսումնական պրակտիկայի շրջանակներում Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պավել Ասիլբեկյանի, մ.գ.թ., ասիստենտ Հռիփսիմե Ազիզյանի, դասախոս Սվետա Սաֆարյանի, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Անուշ Սարիբեկյանի ուղեկցությամբ, այցելեցին Գոշ:

  gosh

Այցի նպատակն էր ծանոթանալ Գոշի զբոսաշրջային ներուժին և ենթակառուցվածքներին:

Այցելության ծրագրում ընդգրկված էին Գոշի վանական համալիրը, Մ.Գոշի դամբարանը (պատմամշակութային կենտրոն), Գոշի լիճը, կրաքարային պահակները, զբոսաշրջային տարբեր ենթակառուցվածքների (հյուրատուն, հյուրանոց, սրճարան, հուշանվերների, պահածոների, տարածաշրջանին բնորոշ դեղաբույսերի վաճառակետեր) ուսումնասիրումը:

Քանի որ ուսանողների համար այցելությունը կրկնակի էր, ուսումնասիրությունը սկսվեց կրաքարային պահակներով, ապա իրականացվեց քայլարշավով այցելություն Գոշի լիճ:

   IMG-580e58152899d601b242bbc5dbbe0941-V - копия

Այցելության ընթացքում համալսարանականները հանդիպեցին 2 զբոսաշրջային խմբերի՝ Իսպանիայից և Ֆրանսիայից, ինչը վկայեց զբոսաշրջային փաթեթներում տեղանքի ներգավվածության և հեռանկարային զարգացման հնարավորության մասին: Ուսումնասիրվեցին վերը նշված ենթակառուցվածքները, սակայն խորը հետազոտության համար ծրագրվեց լրացուցիչ այցելություն:

Ուսումնաճանաչողական այցն ավարտվեց քննարկումով, որի ընթացքում ուսանողներն արտահայտեցին իրենց կարծիքները, ղեկավարներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և կատարեցին եզրակացություններ:

   IMG-d6744180cd83ffb18ae93a9ead2ee3d4-V - копия

Խումբը կարծիք հայտնեց, որ շուկայի ավելի խորը հետազոտություններ կատարելու և արտադրական պրակտիկա կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել նոր այցելություններ: