Անգլերենի արտալսարանային պարապմունքներ

young woman holding tablet pc on the background with british national flag. english learning concept

 Սիրելի՛ ուսանողներ, 2018թ. հոկտեմբերի 1-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կիրականացվեն անգլերենի արտալսարանային պարապմունքներ, որոնք կվարեն «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավագ կուրսի ուսանողները:

 Պարապմունքներին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը կարող են դիմել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Չիբուխչյանին (098 13 14 19):

Սեպտեմբերի 5-ի տնօրենության նիստում

 2018թ. սեպտեմբերի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության  նիստ՝  Ա. Վ.  Ցուցուլյանի նախագահությամբ:

DSCN3497

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների ցանկին, ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Հաշվի առնելով ֆակուլտետների դեկանների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կատարած ուսումնասիրություններն ու հիմնավորումները աշխատաշուկայում մասնագիտությունների պահանջարկի վերաբերյալ՝ քննարկվեց և վերանայվեց ԵՊՀ ԻՄ-ի ընդունելության մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը, այդ թվում՝ քննական առարկայացանկը և անվճար տեղերը:

Մասնավորապես՝ առաջարկվեց Բնական գիտությունների ֆակուլտետի՝ 2019թ. մասնագիտությունների ցանկում ավելացնել «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությունը, Կիրառական արվեստի ֆակուլտետի մասնագիտությունների ցանկում ավելացնել «Կիրառական արվեստ»  մասնագիտությունը («Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագիր):

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում առաջարկվեց ավելացնել «Հոգեբանություն» մասնագիտությունը և քննարկման ներկայացնել «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիրը ներդնելու հարցը՝ հաշվի առնելով ՄԿՊԿ բաժնի վարիչի առաջարկությունը՝ տարածաշրջանում ռուսաց լեզվի ուսուցչի մեծ պահանջարկի հետ կապված:

Որոշվեց մասնաճյուղի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը ներկայացնել Մայր բուհի՝ «ԵՊՀ» հիմնադրամի քննարկմանը:

Մյուս հարցի կապակցությամբ հանձնարարվեց ֆակուլտետների դեկաններին և բաժինների վարիչներին, առաջնորդվելով «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ներքին կարգապահական կանոններով,  հետևողական լինել իրենց աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահությունը, աշխատաժամանակի ռեժիմը պահպանելու հարցերում, նույն կանոններից ելնելով՝ բուհի ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին ներկայացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները, կարգապահական նորմերը:  

 

 

ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկեց նոր՝ 2018-19 ուսումնական տարին

2018թ. սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր ուսումնական տարին:

Մասնաճյուղը նոր ուստարում դիմավորեց 73 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում:

DSCN3419

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

DSCN3442

Տոնական միջոցառումը մեկնարկեց Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնության խոսքով ու աղոթքով:

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Տավուշի թեմի առաջնորդը մասնավորապես նշեց. «ԵՊՀ ԻՄ հարգելի՛ տնօրենի պաշտոնակատար, սիրելի՛ դասախոսական կազմ, շատ սիրելի՛ ուսանողություն, աշակերտություն, միանալով բոլոր շնորհավորանքներին, ձեզ մի խնդրանք-հորդոր ունեմ. ձեր ողջ ուսումնական տարին մնացեք այնպես գեղեցիկ, ինչպես այս առաջին օրն եք՝ հոգով, մտքով և ձեր արտահայտությամբ: Սիրելի՛ ուսանողներ, չափազանց կարևոր առաքելություն ունեք դուք այսօր. մենք՝ Տավուշ աշխարհը, սահմանների անվտանգության երաշխավոր է ոչ միայն զենքով, զինականությամբ, այլև հատկապես ձեր ուսումնառությամբ, լավագույն որակներով կրթության, ձեր բարձրագույն արժեքների ձգտումով: Չսպառե՛ք, չվատնե՛ք ձեր ժամանակը, այն դարձրե՛ք արդյունավոր, պտղաբեր, հավաքե՛ք, ամբարե՛ք ձեզ համար այն ամենը, ինչը կտրվի ձեզ համալսարանական կյանքում, վայելե՛ք կյանքը համալսարանական լիուլի, բայց զգացե՛ք նաև այն մեծ պատասխանատվությունը, որ ձեր միջոցով կոչված է մեր կյանքը բարեփոխվելու, և շարժիչ ուժը, միջոցը, խթանը դուք եք…»:

 DSCN3422

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ բոլոր համալսարանականներին՝ առաջին կուրսեցիներին, դասախոսներին, ուսանողներին, բուհի մյուս աշխատակիցներին, հյուրերին, շնորհավորեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, բոլորին մաղթեց համարձակություն, ջանք, եռանդ՝ հաջողությունների հասնելու ճանապարհին.

DSCN3429
«…Մեծագույն չարիքի պատճառ հանդիսացող ծուլությունը թո՛ղ բոլորիցս դուրս գա: Պատկերացրեք, որ եթե չլիներ ծուլությունը, չէր լինի աշխարհի վրա աղքատ և անկիրթ մարդ…: Ես, ևս մեկ անգամ շնորհավորելով, բոլորիս ցանկանում եմ եռանդ, կամք, համարձակություն, աշխատենք, դրսևորվենք, հասնենք այն նպատակներին, որ յուրաքանչյուրս մեզ համար դրել ենք: Շնորհակալություն»:   

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ներկաներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր հղեց Իջևանի զորամասի և ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից Վահագն Չոբանյանը:  

 

DSCN3454

Առաջին կուրսեցիներին ամենալավն ու բարին մաղթեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Չիբուխչյանը: Որպես ավագ կուրսի ուսանող՝ Տիգրանը գիտելիքի բանալին հանձնեց մասնաճյուղի այս տարվա լավագույն դիմորդ, «Զբոսաշրջություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Լաուրա Ուլիխանյանին:

DSCN3472

Այնուհետև տեղի ունեցավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Նորաթուխ համալսարանականները երդվեցին արժանի լինել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը:

Տոնական միջոցառումը շարունակվեց գրական-երաժշտական գեղեցիկ կատարումներով:

Բուհի շնորհալի ուսանողներն իրենց ընկերներին ու դասախոսներին շնորհավորեցին բարեհունչ ասմունքով, երգ ու պարով:

DSCN3436

Միջոցառումից հետո Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները առաջին կուրսեցիներին ուղեկցեցին լսարաններ, նրանց ծանոթացրին բուհի առօրյային, ներկայացրին գործող ամբիոններն ու ստորաբաժանումները:      

DSCN3492

 

Վճարվող պրակտիկայի բացառիկ հնարավորություն Տավուշում բնակվող երիտասարդների համար

հրավեր հրավիրում է

 

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող և ՌԴ կողմից ֆինանսավորվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում աշխատանքային պրակտիկայի հնարավորություն է տրվում Տավուշի մարզի այն երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են մարզի գյուղական տուրիզմի զարգացմամբ:

6-ամսյա պրակտիկան մասնակիցները հնարավորություն կունենան զուգահեռաբար անցկացնել Իջևան քաղաքում գործող Տավուշի Տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնում ու Ենոքավանի Յելլ Էքսթրիմ Պարկի ադմինիստրացիայում:

 

Վայրը՝ ք. Իջևան, գ. Ենոքավան

Դիմելու վերջնաժամկետը՝ 2018 թ. սեպտեմբերի 7

Ժամանակահատվածը՝ 6 ամիս, երկարացնելու հնարավորությամբ

Աշխատավարձը՝ 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ամսական

 

Աշխատանքի հակիրճ նկարագրություն.

Տավուշի ՏԶՀԿ-ի համակարգողի և Յել Էքստրիմ պարկի անմիջական ղեկավարության ներքո իրականացնել հետևյալ աշխատանքները.

  • մշակել մարզի գյուղական տուրիզմի զարգացմանն ուղղված բիզնես նախագծեր,
  • ստուգել և լրացնել մարզի գյուղերի գույքագրման տվյալները:
  • ներգրավել Յելլ Էքսթրիմ Պարկի ադմինիստրացիայի աշխատանքներին:
  • մշակել Կենտրոնի ինքնաֆինանսավորման բիզնես ծրագիր,
  • մասնակցել «Ինտեգրված Գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում գյուղերում իրականացվող տուրիզմի զարգացման ծրագրերի իրականացման աշխատանքներին,
  • Կենտրոնի անխափան աշխատանքի ապահովվման ուղղված այլ աշխատանքներ:

 

Ո՞վ կարող է դիմել.

  • մինչև 30 տարեկան,
  • նվազագույնը մեկ օտար լեզվի և համակարգչային գիտելիքների իմացությամբ՝
  • բուհ-ի բարձր կուրսերի ուսանող կամ նորավարտ,
  • տուրիզմի ոլորտում ունեցած փորձը կդիտվի որպես առավելություն:

 

Ինչպե՞ս դիմել.

Լրացրեք առցանց Դիմում-հայտը, միաժամանակ lianadoy@yahoo.com էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV)՝ նամակի թեմա բաժնում նշելով Tavush_Internship: Առանց էլ. փոստով ուղարկված կից փաստաթղթերի ձեր դիմում-հայտը չի դիտարկվի:

Բոլոր դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Ընտրության չափանիշները.

Ներկայացված պահանջներին համապատասխան դիմումատուների հետ կանցկացվի նաև հարցազրույց: Հաշվի կառնվեն դիմորդի՝ տվյալների հավաքագրման և ուսումնասիրություններ կատարելու փորձն ու հմտությունները, տուրիզմին առնչվող որևէ նախագծի, ուսուցման, բիզնես ծրագրին մասնակցելու փաստը, հաղորդկացության հմտություններին տիրապետելը:

 

Դիմում-հայտը լրացնելու համար անցե՛ք հետևյալ հղումով. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfRICKhF5EShycwkaV7obln0P6qNdchEFpLts9-7otHqlWu5A/viewform :

Օգոստոսի 27-ի տնօրենության ընդլայնված նիստում

2018թ. օգոստոսի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

27-08-2018-1

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումների ղեկավարներ:

Տնօրենության ընդլայնված նիստում քննարկվեցին 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին (ժամատախտակին, դասատախտակներին, աշխատանքային պլաններին, ամբիոնային ծանրաբեռնվածություններին և այլնին) վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Պարոն Ցուցուլյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորեց նիստի բոլոր մասնակիցներին, նաև նոր պաշտոնում նշանակվելու առթիվ առաջարկեց շնորհավորել Գ.Ավետիսյանին (Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի ԺՊ) և Կ.Պողոսյանին  (Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ)՝ բոլորին մաղթելով աշխատանքային բեղուն և արդյունավետ գործունեություն:

27-08-2018-2

Նիստի ընթացքում կարևորվեցին մասնաճյուղի կադրային, նյութատեխնիկական և ուսումնամեթոդական ապահովվածության խնդիրները, քննարկվեցին նաև բուհում ուսումնագիտական աշխատանքների, բիզնես ծրագրերի ծավալի մեծացմանը, ոչ ֆորմալ կրթության (ակնարկային դասախոսություններ, թրեյնինգներ, վերապատրաստման դասընթացներ և այլն) զարգացմանը, պրակտիկաների բարելավմանը միտված հարցեր:

Նոր՝ 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները գնահատվեցին բավարար:

Մասնաճյուղի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց վերջնական տեսքի բերել իրենց բաժինների գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերը (կանոնադրություններ, կանոնակարգեր, աշխատակարգեր, ընթացակարգեր, կարգեր, քաղաքականություններ, հայեցակարգեր և այլն)՝ ըստ պաշտոնների հստակեցնելով աշխատակիցների գործառույթները, Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնին՝ ավարտել պաշտոնների անձնագրերի հետ կապված աշխատանքները:

27-08-2018-3

Ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց, որ մինչև սեպտեմբերի 1-ը փակցված լինեն նոր ուսումնական տարվա դասատախտակները: