ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին նվիրաբերվեցին գրքեր

 library-offers

2018-2019 ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ պարոն Սամվել Դանիելյանը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանին նվիրաբերեց շուրջ 300 միավոր գրականություն:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային խորհուրդը և գրադարանի աշխատակազմը խորին երախտագիտություն և մեծ գոհունակություն են հայտնում բուհի նկատմամբ ցուցաբերված ուշադրության և գրքերի նվիրատվության համար:

Նրանք համոզմունք են արտահայտում, որ նվիրաբերված գրքերը մասնաճյուղի ընթերցողների լայն շրջանում հետաքրքրություն կառաջացնեն հայ և համաշխարհային գրականության, բնական գիտությունների առանձին գիտակարգերի վերաբերյալ:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային խորհուրդը նաև պատրաստակամություն է հայտնում պարոն Դանիելյանի հետ շարունակելու համագործակցությունը համատեղ միջոցառումների, քննարկումների շրջանակում:

 

ԵՊՀ իջևանի մասնաճյուղի՝ 2018թ. հեռակա ուսուցման ընդունելություն

 Ysuib

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2018թ. հեռակա  ուսուցման ընդունելություն` հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
  • Պատմություն,
  • Ֆինանսներ (ըստ ոլորտի),
  • Հոգեբանություն,
  • Բնապահպանություն և բնօգտագործում,
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
  • Զբոսաշրջություն:

Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ

Ուսման տևողությունը 5 տարի է:

Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ 

Փաստաթղթերն ընդունվում են  2018թօգոստոսի 27ից մինչև սեպտեմբերի 20ը:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 093 20 65 05 կամ 093 30 93 00 հեռախոսահամարներով:

 

«Միջազգային երիտասարդական մաթեմատիկական մարտահրավեր» առցանց մրցույթ

imcy

Մաթեմատիկայից հիմնավոր գիտելիքներ ունեցող սիրելի՛ ուսանողներ, «Միջազգային երիտասարդական մաթեմատիկական մարտահրավերը» հայտարարում է առցանց մրցույթ ամբողջ աշխարհի ուսանողների և դպրոցականների համար: Հաղթողները կստանան մրցանակներ և դրամական պարգև մինչև 200 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև կդառնան կազմակերպության դեսպաններ իրենց երկրներում:

Մրցույթին մասնակցելու համար նախ պետք է հաղթահարել որակավորման փուլը, որը բաղկացած է 5 առաջադրանքներից: Անհրաժեշտ է ճիշտ լուծել առնվազն 3 (մինչև 18 տարեկաններ) կամ 4 (18 տարեկանից բարձր) առաջադրանք:

Լուծումն ուղարկելու համար անհրաժեշտ է մինչև 2018թ. սեպտեմբերի 30-ը լրացնել հայտը (https://iymc.info/#registrationBox) և վերբեռնել լուծման ֆայլը pdf, word, jpg, png կամ այլ ֆորմատով: Ֆայլի ծավալը չպետք է գերազանցի 10ՄԲ-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել https://iymc.info կայք:

 

Կիրառական արվեստի ֆակուլտետի ներկայացուցիչները աշխատանքի տոնավաճառում

2018թ. օգոստոսի 18-ին Իջևանի Քանդակների այգում «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ թիմը Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի աջակցությամբ, Եվրոպական միության և ՀՀ Կառավարության կողմից համաֆինանսավորվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ»:

18-08-2018-5

Տոնավաճառում իրենց տաղավարներով ընդգրկված էին Տավուշի մարզի մոտ 50 կազմակերպություններ և անհատներ:

18-08-2018-2

Առանձին տաղավարով ներկայացված էին և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսներ Անուշ և Դոնարա Չիբուխչյանների, շրջանավարտների, մասնավորապես՝ Վարդան Եգանյանի, Անգին Մամյանի աշխատանքները:

18-08-2018-3

Տոնավաճառի բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը:   

18-08-2018-4

Իր ողջույնի խոսքում հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Ազիբեկյանը շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպություններին տոնավաճառի կայացմանն աջակցելու համար, նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են տոնավաճառով և առաջարկեց գնումներ կատարել ու աջակցել տեղական արտադրողին:

18-08-2018-1

Մասնակից կազմակերպությունները և անհատները ներկայացրին իրենց արտադրանքը, թափուր աշխատատեղերը, վերցրեցին կոնտակտներ և CV-ներ, պատախանեցին տոնավաճառի այցելուների հարցերին:

 

Արցախի պետական համալսարանի ուսանողների եռօրյա այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2018թ. օգոստոսի 11-ին Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ ժամանեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

12-08-18-1

Մեկ ամիս առաջ Արցախի պետական համալսարանը (ԱրՊՀ) կազմակերպել էր «ԱրՊՀ-2018» միջազգային ուսանողական ճամբար, որին մասնակցել էին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի երեք ուսանողներ:

Մեր բուհի և ԱրՊՀ ուսանողների ծանոթությունը մի քանի օրում վերածվեց շատ ջերմ մտերմության, և ճամբարի մասնակիցներն առաջարկեցին բուհի ղեկավարությանը ԱրՊՀ մի խումբ ուսանողների համար կազմակերպել ճանաչողական այց Իջևան՝ պատրաստակամություն հայտնելով նրանց հյուրընկալել իրենց բնակարաններում:

12-08-18-5

Մի քանի օրվա ընթացքում ԵՊՀ ԻՄ ՈԻԽ-ի մի խումբ ակտիվ անդամներ կազմեցին միջոցառումների ծրագիր, դիմեցին մարզի մի շարք կազմակերպությունների և կյանքի կոչեցին «ԱրՊՀ ուսանողների ճանաչողական այց Իջևան» ծրագիրը:

12-08-18-7

Հյուրերին դիմավորեցին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի օգնական Արման Եգանյանը, դասախոս Սլավիկ Ալավերդյանը և ուսանողական խորհրդի ակտիվ անդամները: Նրանք հյուրերին պատմեցին մասնաճյուղի պատմությունը, ձեռքբերումները, էքսկուրսիա կազմակերպեցին կրթօջախի տարածքում, այնուհետև տեղավորեցին իրենց բնակարաններում:

12-08-18-6

3 օրվա ընթացքում հյուրերի հետ մշտապես գտնվում և բոլոր կազմակերպչական հարցերով զբաղվում էին ՈՒԽ-ի նախագահ Տիգրան Չիբուխչյանը, ՈՒԳԸ նախագահ Հրանտ Ղարագյոզյանը, Արցախի ճամբարի մասնակիցներ Շիրակ Գասպարյանը, Գերասիմ Ալավերդյանը, Արգիշտի Մարգարյանը, ՈՒԽ-ի նախագահության անդամներ Լուիզա Մադաթյանը, Լիանա Ներսիսյանը, Մարգարիտ Թամրազյանը, ՈՒԽ-ի ակտիվ անդամներ Սաթենիկ Հարությունյանը, Մերի Պետրոսյանը, Իրինա Փիրումյանը, Մարիամ Մելիքսեթյանը, Ջավահիր Մնացականյանը, Նվարդ Մելիքսեթյանը և Լավրենտ Նազարյանը:

Օգոստոսի 12-ի առավոտյան տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանի հետ, որի ժամանակ հյուրերը ներկայացրին ԱրՊՀ-ի կառուցվածքը և գործունեությունը, քննարկվեցին երկու բուհերի և նրանց ուսանողական կառույցների համագործակցության հնարավորությունները:

12-08-18-4

Այնուհետև նրանք ակտիվորեն մասնակցեցին Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ծրագրին:

12-08-18-2

Արցախցի երիտասարդները ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների հետ մասնակցեցին Բադմինթոնի ցուցադրական մրցաշարին՝ մրցելով միմյանց և պրոֆեսիոնալ մարզիկների հետ։

Հյուրերը մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի տարածքում կազմակերպված միջոցառումներին, ծանոթացան Հայաստանում «Էրազմուս +» ծրագրի միջազգային բարձրագույն կրթական և երիտասարդական շարժունակության հատվածներին, «Մշակութային խճանկարին», «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» բացօթյա ցուցահանդեսին, թատերականացված բացօթյա ակցիա-վիկտորինային, որի ժամանակ արցախցի ուսանողներից մեկը պարգևատրվեց խորհրդանշական նվերով։

12-08-18-14

Օրվա վերջում կայացած տոնական համերգից հետո խումբը խնջույք ունեցավ Իջևանի «ԴՈԿ» հյուրանոց-ռեստորանում:

Հաջորդ օրը միջհամալսարանական ակտիվ խումբը ուղևորվեց Ենոքավանի հարևանությամբ գտնվող «Լաստիվեր-Անապատ» հանգստյան գոտի: Ուսանողները անտառի միջով հետիոտն քայլեցին ավելի քան 3 կմ, տեսան գեղատեսիլ ջրվեժը և հանգստյան գոտու հետաքրքիր փայտե շինությունները: Կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որի հաղթողները ստացան պատվոգրեր:

12-08-18-3

Օրվա վերջում ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում կազմակերպվեց երաժշտական-պարային երեկույթ:

12-08-18-9

Օգոստոսի 14-ին խմբին միացան ԱրՊՀ ևս 6 ուսանողներ, ովքեր հանգստանում էին Դիլիջանում: Բոլորը նախ այցելեցին Իջևանի դենդրոպարկ, ծանոթացան աշխարհի տարբեր երկրներից բերված յուրօրինակ ծառերին և թփերին, ապա այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան, որտեղ ծանոթացան պատմական արժեք ներկայացնող ցուցանմուշներին, Իջևանի և Տավուշի մարզի տարածքից հայտնաբերված գտածոներին, մշակույթի նմուշներին, տարազին:

12-08-18-11

Այնուհետև խումբն այցելեց Մակարավանք, ծանոթացավ վանական համալիրի պատմությանը և ճարտարապետությանը, որից հետո ճաշեց Աչաջուր գյուղի հուշաղբյուրներից մեկում:

12-08-18-13

Արցախ մեկնելուց առաջ հյուրերին ԵՊՀ ԻՄ-ի կողմից գրքեր նվիրեց գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը:

Հյուրերը շատ էին տպավորվել ԵՊՀ ԻՄ-ի ընդունելությամբ, կազմակերպված միջոցառումներով, Իջևանի բնությամբ և մշակութային կոթողներով, որոնք նման են Արցախի բնությանը և կոթողներին: Երկու բուհերի ուսանողները խոստացան, որ կշարունակեն համագործակցությունը, և փոխադարձ այցերը կլինեն հաճախակի:

12-08-18-15

Ծրագրի իրականացնմանը մեծապես աջակցել են Իջևանի քաղաքապետարանը, Աչաջրի գյուղապետարանը, Իջևանի գինու, կոնյակի գործարանը, Հայաստանի էլեկտրական ցանցերի «Աղստև» մասնաճյուղը, «Արդշինբանկ» ՓԲԸ Իջևանի մասնաճյուղը, «Լաստիվեր-Անապատ» հանգստյան գոտին: