Մեկնարկել է Որակի ապահովման 4-րդ ֆորումի մասնակիցների գրանցումը

anqa-forum

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը 2018 թվականի փետրվարին  կազմակերպում է որակի ապահովման 4-րդ ֆորումը, որը նվիրված է հայաստանյան մասնագիտական կրթության ոլորտի  ներկայիս խնդիրներին և ապագա մարտահրավերներին:

 Ֆորումի նպատակն է․

  • քննարկել մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումները, միտումներն ու մարտահրավերները,
  • վեր հանել լավագույն փորձը և նպաստել դրա տարածմանը,
  • շահակիցների քննարկումների միջոցով դուրս բերել արդիական խնդիրների լուծման համընդհանուր ընդունելի առաջարկներ,
  • նպաստել որակի ընդհանուր մշակույթի ամրապնդմանը կրթության բոլոր մակարդակներում։

Ֆորումին իրենց փորձը կներկայացնեն նաև հեղինակավոր միջազգային փորձագետներ:

Թեման

Ֆորումը, պլենար և սեկցիոն նիստերով, աշխատաժողովներով ու շահակիցների քննարկումներով  կանդրադառնա  հետևյալ թեմաներին․

  • Կամփոփվի ինստիտուցիոնալ հավատարմագրման առաջին շրջափուլը, հավատարմագրման արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները և դրանց ազդեցությունը կրթական գործընթացի և որակի վրա։
  • Կքննարկվեն ծրագրային հավատարմագրման սկզբունքները, ընթացակարգերը, կողմերը կներկայացնեն գործընթացի կազմակերպման վերաբերյալ իրենց մոտեցումները։
  • Կքննարկվեն քոլեջների հավատարմագրման գործընթացը, ընդհանուր ոլորտային խնդիրները և լուծման ուղիները։
  • Կներկայացվեն ՈԱԱԿ-ի կողմից մշակված բուհերի արդյունավետության ցուցանիշները, նման ցուցանիշների կիրառման միջազգային փորձը, Հայաստանում դրանց կիրառման մեթոդաբանությունը և ակնկալվող արդյունքները։
  • Կքննարկվեն բուհ-գործատու համագործակցության խնդիրները, կներկայացվի ՈԱԱԿ-ի կողմից մշակված և փորձարկված բուհ-գործատու համագործակցության մոդելը։
  • Անդրադարձ կկատարվի կրթական համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրներին և այդ ուղղությամբ  իրականացվող բարեփոխումներին։

Մասնակիցներ

Որակի ապահովան ֆորումը  քննարկումների, մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման հարթակ է մասնագիտական  կրթության որակի ապահովման շահակիցների համար: Համաժողովը հատկապես կհետաքրքրի ՄՈՒՀ-երի ռեկտորներին, պրոռեկտորներին, դեկաններին, կրթական ծրագրերի ղեկավարներին, դասախոսներին, որակի ապահովման պատասխանատուներին, ուսանողներին, հետազոտողներին, որակի ապահովման գործակալությունների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր աշխատում են մասնագիտական  ուսումնական հաստատություններում և որակի ապահովման բնագավառում:

Աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը։

Մասնակցություն

Որակի ապահովման 4-րդ ֆորումին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել  մինչև  2018թ․ փետրվարի 28-ը՝  գրելով info@anqa.am էլ․ փոստին կամ զանգահարելով  010 22 91 45 հեռախոսահամարով։ Մեկ անձի մասնակցության արժեքն է 25 000  ՀՀ դրամ։

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ առաջին կուրսեցիների համար

հեհ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Հայտատու ուսանողը պետք է լինի ՀՀ քաղաքացի և բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

• սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքի անդամ և ունենա բարձր առաջադիմություն,

• երրորդ խմբի հաշմանդամ ուսանող։

Հայտատուն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

ա/ անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը,

բ/ մեկ լուսանկար /3×4/,

գ/ տեղեկանք հայտատուի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունենալու մասին,

դ/ տեղեկանք բուհից՝ ուսանողի 1-ին կուրսի առկա, վճարովի համակարգում սովորելու մասին,

ե/ տեղեկանք բուհից առաջադիմության մասին,

զ/ III-րդ խմբի հաշմանդամության կարգը հաստատող փաստաթղթի պատճենը,

է/ լրացված դիմումը:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է։

Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է` 13.00-14.00-ն): 

Կրթաթոշակի դիմում-հայտը կարող եք բեռնել heh.am կայքից։ 

 
Աղբյուրը՝ http://heh.am

Փետրվարի 5-ի տնօրենության ընդլայնված նիստում

2018թ. փետրվարի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:

Ընդլայնված նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները, ամբիոնների վարիչներ:

Տնօրենության ընդլայնված նիստում ամփոփվեցին 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները: Ներկայացվեց, որ քննաշրջանի ընդհանուր պատկերը գոհացուցիչ է, թեև առաջադիմությունը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ նվազել է:

Փետրվարի 5-ի տնօրենության ընդլայնված նիստում

Ըստ ֆակուլտետների և կուրսերի՝ քննարկվեց ուսանողների ցուցաբերած առաջադիմությունը: Մասնավորապես նշվեց, որ տվյալ կիսամյակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 74%, այդ թվում` անվճար ուսուցմամբ 99%, վճարովի` 66%: Անբավարար գնահատականներ են ստացել 162 ուսանողներ, որից անվճար ուսուցմամբ 2 ուսանող,   վճարովի` 160:

ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետներից ամենաբարձր առաջադիմությունն ապահովել է Հումանիտար գիտությունների ֆակուլտետը: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 87% , այդ թվում` 100% անվճար, 83%  վճարովի ուսուցման համակարգերում:

Ամենացածր առաջադիմությունը գրանցել է Բնական գիտությունների ֆակուլտետը: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 57% , այդ թվում` 92% անվճար, 48%  վճարովի ուսուցման համակարգերում:

Կիրառական արվեստի ֆակուլտետում ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 76%, այդ թվում՝ 100% անվճար, 67%  վճարովի ուսուցման համակարգերում:

Տնտեսագիտության  ֆակուլտետում ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 59%, այդ թվում` 100% անվճար,  87%  վճարովի ուսուցման համակարգերում:

Տնօրենության նիստում 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները գնահատվեցին բավարար, քննարկվեցին մի շարք ընթացիկ հարցեր:

Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը

 2018թ. փետրվարի 3-ին Ակնաղբյուր գյուղի Սուրբ Վարդան զորավար մատուռի մոտ տեղի ունեցավ Իջևանի № զորամասի նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ, համալսարանականներ (ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ), զորակոչիկների հարազատները, քաղաքացիներ:

Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը  ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը

Զինվորական երդման արարողության համար վայրը պատահական չէր ընտրված. դարեր առաջ (450թ.) սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Խաղխաղի ճակատամարտում հաղթելով մեծաքանակ թշնամուն, ծառ էր տնկել այդ վայրում, և դարեր անց մատաղ սերնդի ներկայացուցիչները նույն վայրում երդվեցին անմնացորդ ու անձնվեր կերպով ծառայել հայրենիքին.

Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը  ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը

«-Ես  (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր կերպով երդվում եմ՝

  • Անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս: 
  • Ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:
  • Անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:
  • Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ»:

Երդման արարողության ժամանակ հնչեցվեց տերունական աղոթքը, Տավուշի թեմի առաջնորդ  Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն օրհնեց նորակոչիկներին:

Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը  ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը

Ելույթ ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության փոխնախագահ Ս. Ա. Առաքելյանը՝ ողջունելով և գոտեպնդելով նորակոչիկներին ու նրանց հարազատներին, երախտիքի ու մեծարանքի խոսք հղելով սահմանապահ քաջ հայորդիներին, մաղթելով նրանց խաղաղ ու անամպ երկինք, անփորձանք ծառայություն, բարի վերադարձ:

Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը  ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը

Դպրոցականների օլիմպիադա – 2018

Դպրոցականների օլիմպիադա

2018թ. մարտի 3-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում անցկացվելու է դպրոցական օլիմպիադա:

Այն կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկաների գծով.

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • ինֆորմատիկա,
  • կենսաբանություն,    
  • աշխարհագրություն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • գերմաներեն,
  • ֆրանսերեն,
  • ստեղծագործական աշխատանք:

Օլիմպիադան նախատեսվում է 11-12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ:

Օլիմպիադայի մասնակիցները մարտի 3-ին՝ ժամը 1030-ին, պետք է ներկայանան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վահան Աղաբաբյանին (հեռ.՝ 096-987-654, 096-557-556, էլ.հասցե՝ vahanagha@yandex.ru):

I փուլի հաղթողները կմասնակցեն II փուլին, որը տեղի կունենա մարտի 31-ին՝ ժամը 1100 -ին, Երևանի պետական համալսարանում:

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ ժամը 1500-ին, Երևանի պետական համալսարանի Մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

Ի գիտություն.

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ օլիմպիադայում հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ: