Տնօրենության նիստ

1. գլխավոր. IMG_6600 2023թ. օգոստոսի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության նիստ՝ օրակարգային 4 և ընթացիկ 1 հարցերով:

Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանի հաստատմանը, նոր՝ 2023-2024 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին, 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի քննաշրջանի ամփոփմանը (լուծարքային շրջանը ներառյալ), 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակների (Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան) տրամադրմանը վերաբերող հարցեր:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանում նախանշված էին 2023-2024 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված հիմնական աշխատանքները՝ իրենց պատասխանատուներով, ժամկետներով, համագործակցող ստորաբաժանումներով: Ժամկետների փոփոխության առնչությամբ տնօրենության անդամների կողմից կատարվեցին որոշ առաջարկություններ:

Որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանը՝ առաջարկված փոփոխություններով հանդերձ:

2023-2024 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ ներկայացվեց, որ իրականացվել են դասացուցակների, դասամատյանների, ըստ կուրսերի ու խմբերի՝ լսարանային ֆոնդի բաշխման և այլնի հետ կապված անհրաժեշտ աշխատանքները: Հաստատված դասացուցակները տեղադրվել են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում: Այդ կապակցությամբ տնօրենը նաև դեկաններին հանձնարարեց հետևողական լինել, որ դասացուցակները գործավարների կողմից ուղարկված լինեն դասախոսների էլեկտրոնային հասցեներին: Նշվեց, որ մասնաճյուղը լիովին պատրաստ է նոր ուսումնական տարվան:

2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի քննաշրջանի ամփոփման (լուծարքային շրջանը ներառյալ) մասին նշվեց, որ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանին մասնակցել են առկա ուսուցման 506 և հեռակա ուսուցման 402 ուսանողներ (ավարտական կուրսերը չհաշված): Քննաշրջանի արդյունքների համաձայն՝ մասնաճյուղից հեռացվում է 4 ուսանող (առկա ուսուցման համակարգի 1 և հեռակա ուսուցման 3): Ակադեմիական պարտքեր է կուտակել 21 ուսանող (2-ը՝ առկա, 19-ը՝ հեռակա ուսուցմամբ սովորող):

Ըստ քննաշրջանի արդյունքների՝ դասընթացը կրկնող ուսանողներ չունենք:

2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակների (Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան) տրամադրման հարցի հետ կապված՝ «Մոնթե Մելքոնյան» անվանական կրթաթոշակի համար Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կողմից առաջարկվեց «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Վահեի Վանեսյանի թեկնածությունը, իսկ «Վազգեն Սարգսյան» անվանական կրթաթոշակի համար Տնտեսագիտության ֆակուլտետի կողմից ներկայացվեց «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Մալվինա Հովհաննեսի Վարդապետյանի թեկնածությունը:

Առաջարկված թեկնածությունները հավանության արժանացան տնօրենության անդամների կողմից:

Ընթացիկ հարցը վերաբերում էր 1 ուսանողի ուսանողական իրավունքները վերականգնելուն: Նշվեց, որ Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին, որի համաձայն՝ նրան թույլատրվում է վերականգնել իր ուսանողական իրավունքները:

Վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և բոլորին մաղթեց բարեհաջող ուսումնական գործընթաց:

ԵՊՀ ԻՄ-ն իրականացնում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների ընդունելություն

General (2) ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը շարունակում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների՝ 2023-2024 ուստարվա փաստաթղթերի ընդունելությունը:

ԵՊՀ ԻՄ դիմելու հնարավորություն ունեն միայն գերազանց և (կամ) լավ գնահատական ունեցող շրջանավարտները:

Մասնաճյուղում կրթությունը շարունակելու համար մինչև ս.թ. օգոստոսի 30-ը ներառյալ անհրաժեշտ է առցանց եղանակով՝ akiaib@ysu.am էլ. հասցեին ուղարկել լրացված դիմում-հայտը և հետևյալ փաստաթղթերը (սկանավորված)․

  1. դիպլոմ և դիպլոմի հավելվածը (հավելվածը պետք է սկանավորված լինի երկու կողմից),
  2. անձնագիր կամ նույնականացման քարտ,
  3. արական սեռի դիմորդների դեպքում՝ կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ:

Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավել դիմում-հայտ։

ԱՄՆ-ի Այովայի համալսարանի ուսանողները՝ ԵՊՀ ԻՄ-ում ընթացող ամառային դպրոցում

1. գլխավոր 2023թ. հուլիսի 1-ից օգոստոսի 1-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում «Project Ijevan Valley EdTech Summer School-2023» նախագծի շրջանակներում ԱՄՆ-ի Այովայի համալսարանի ուսանողների համար իրականացվում է «Բազմամշակութային աշխարհում ռուսաց լեզվի և մշակույթի ուսանողների կրթության արդյունավետության բարձրացում Հայաստանում» խորագրով ամառային դպրոցը (պրակտիկան): Դպրոցն իրականացվում է ծրագրի ղեկավար և համակարգող, ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մինասյանի, ծրագրում ներգրավված մասնաճյուղի դասախոսների և ԱՄՆ-ի Այովայի համալսարանի Համաշխարհային լեզուների, գրականության և մշակույթների ռուսական ծրագրի տնօրեն, ծրագրի՝ ամերիկյան կողմից համակարգող Իրինա Կոստինայի մասնակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել և զարգացնել ուսանողների ստեղծագործական կարողությունները ռուսաց լեզվի և գրականության, մշակույթի, նախագծային և գիտահետազոտական գործունեության մեջ: Ծրագիրը նախատեսված է ռուսերենի իմացության A-2, B-1 մակարդակների համար:
Ամառային դպրոցը հիանալի հնարավորություն է բարելավելու ռուսերենի գործնական կիրառումը, ծանոթանալու ռուսական, հայկական մշակույթներին, պատմությանը և ներկայացնելու ամերիկյան մշակույթը, գրականությունը և պատմությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներին:
Իրականացվող դասընթացներն իդեալական են հումանիտար ուղղվածությամբ ուսանողների և ասպիրանտների համար, որոնց վերապատրաստման ծրագիրը հիմնականում ներառում է ռուսերենի, Ռուսաստանի մշակույթի և պատմության իմացության ընդլայնումը:
Այս ինտենսիվ դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր նախկինում սովորել են ռուսերեն և ունեն քերականության, հնչյունաբանության և ռուսաց լեզվի բառապաշարի վերաբերյալ հիմնական գիտելիքներ: Ծրագրի շրջանակներում անցկացվող դասընթացները կօգնեն մասնակիցներին խորացնել ռուսերենի գործնական հմտությունները, ընդլայնել իրենց բառապաշարը, զարգացնել ընթերցանության կարողությունները և խոսակցական լեզուն: Դասընթացների շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում ռուսերեն խոսքի լսողական ընկալման ուսուցմանը (լսելու և խոսելու), քննարկումներին, ելույթներին: Ամբողջական ծրագրի ուսումնական մասի տևողությունը 3 շաբաթ (120 ժամ) է:
Ուսուցման ծրագիրը ներառում է՝
• A-2, B-1 մակարդակների ռուսերենի՝ որպես օտար լեզվի գործնական համալիր դասեր՝ հիմնված պատմվածքի վրա, ուսուցման նորարարական համակարգային ծրագրերի կիրառում, որպես անցած դասընթացի արդյունք՝ ստեղծագործական աշխատանքների ներկայացում,
• թեմատիկ պարապմունքներ (ծանոթություն Ռուսաստանի, Հայաստանի պատմությանը, ավանդույթներին և մշակույթին՝ համեմատելով ամերիկյան մշակույթի հետ),
• այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր (քայլարշավ և ավտոբուսային շրջագայություններ):
Խիստ հագեցած է նաև ծրագրի մշակութային մասը: Շաբաթ և կիրակի օրերին դպրոցի մասնակիցներն իրականացրել են շրջագայություններ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրեր և պատմական հուշարձաններ, վանական համալիրներ: Ուսանողներն Հայաստանում գտնվելու իրենց վերջին օրերը կանցկացնեն մայրաքաղաքում. հանդիպումներ կունենան ԵՊՀ-ում, կծանոթանան Երևանի տեսարժան վայրերին, կայցելեն Սևան, Գառնի, Գեղարդ և Տաթև:
«Project Ijevan Valley EdTech Summer School-2023» նախագծի շրջանակներում իրականացվող ամառային դպրոցի դասընթացների ավարտին ամերիկացի ուսանողները կստանան վկայականներ:

Հետազոտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթի (2023-2024 ուստարի) հրավեր ԵՊՀ ԻՄ-ի կողմից

general «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում Տավուշի մարզի զարգացման ուղղությամբ հետազոտությունների իրականացման համար միանվագ դրամաշնորհներ կտրամադրի անհատների և գիտաուսումնական խմբերի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված թեմաներին (ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի որոշում 67/4, 08․07․2023թ․):

Դրամաշնորհների մրցույթին կարող են ներկայացվել կոլեկտիվ կամ անհատական հայտեր, որոնք պատրաստվել են ԵՊՀ ԻՄ-ի հաստիքային աշխատակիցների կողմից` պայմանով, որ ղեկավարը և նախագծի ենթադրվող բոլոր կատարողների առնվազն 50 տոկոսը ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները կամ ուսանողներն են: Յուրաքանչյուր նախագծում կարող է լինել մեկ ղեկավար, և պետք է լինի ԵՊՀ ԻՄ-ի առնվազն մեկ ուսանող:

Հայտը ԵՊՀ ԻՄ-ի գիտական քարտուղարին է ներկայացնում խմբի ղեկավարը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Մրցույթի հայտերը պարունակում են․

  • տեղեկատվություն ծրագրի մասին,
  • ծրագրի պատասխանատուների կոնտակտային տվյալները,
  • ծրագրի ազդեցությունը ԵՊՀ ԻՄ-ի կամ Տավուշի մարզի գործունեության վրա, ծրագրի շարունակականությունը,
  • արդյունքները, դրանց տարածումը և կիրառումը ԵՊՀ ԻՄ-ում կամ տարածաշրջանում,
  • արտաքին շահակիցների հետ համագործակցությունը ծրագրերի շրջանակում,
  • հրավիրված մասնագետների, փորձագետների և ուսուցանողների ցուցակը (եթե կան),
  • ծրագրի արդյունքները:

Հրավերի ամբողջական փաթեթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Տնօրենության նիստ

1. գլխավոր․ IMG_5601 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ: Նախքան օրակարգային հարցերին անցնելը պարոն Մակարյանն անդրադարձավ ս.թ. հուլիսի 12-ին մասնաճյուղում կայացած դիպլոմների հանձնման արարողությանը, շնորհակալություն հայտնեց այն անձանց, ովքեր ներդրում են ունեցել միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու գործում: Նա նշեց, որ ԵՊՀ ռեկտոր Հ.Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դ.Հովհաննիսյանը, Տավուշի մարզպետ Հ.Ղալումյանը ևս իրենց գոհունակությունն են հայտնել միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու և բանիմաց ու խելացի ուսանողներ կրթելու համար:

Ա.Մակարյանը հավելեց, որ առաջիկայում ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհուրդը կհաստատի ԵՊՀ ԻՄ-ի նոր կանոնադրությունը: Նա տնօրենության անդամներին ներկայացրեց նաև ԵՊՀ ԻՄ-ի եկամուտների և ծախսերի նախահաշվի մեջ փոփոխություն կատարելու գործընթացի մասին՝ պայմանավորված Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների տանիքի վերանորոգմամբ:

Նիստում քննարկվեցին ամբիոնային և անհատական բեռնվածությունների բաշխման ընթացքին, ԵՊՀ ԻՄ-ի 6 ամսվա՝ 2023թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածի նախահաշվի կատարողականին, Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի՝ 2022-2023 ուստարվա գործունեության հաշվետվությանը, ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության հարցման արդյունքում վերհանված խնդիրներին, 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման 1-ին լուծարքային շրջանի արդյունքների ամփոփմանը վերաբերող հարցեր:

Առաջին հարցի վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները և Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը՝ նշելով, որ ամբիոնային և անհատական բեռնվածությունների բաշխման գործընթացը մեծ մասամբ իրականացված է, կան որոշ խնդիրներ՝ կապված առանձին դասախոսների զբաղվածության, նրանց գիտական հետաքրքրությունների և ուսումնական փորձի վրա հիմնված դասաբաշխման, երկու կիսամյակների, առկա և հեռակա բեռնվածությունների միջև հավասար հարաբերակցության ապահովման հետ:

Տնօրենը ֆակուլտետների դեկաններին և Ուսումնամեթոդական վարչության պետին հանձնարարեց սեղմ ժամկետներում կատարել բոլոր շտկումներն ու ճշգրտումները, ավարտին հասցնել ամբիոնային և անհատական բեռնվածությունների բաշխման գործընթացը և մինչև դասախոսների արձակուրդից վերադառնալը պատրաստել նոր ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դասացուցակները:

Երկրորդ հարցի մասին զեկուցեց գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը՝ ներկայացնելով ԵՊՀ ԻՄ-ի՝ 2023թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածի նախահաշվի կատարողականը: Նշվեց, որ այն դեֆիցիտային է, այսինքն՝ մուտքերն ավելի քիչ են, քան ելքերը: Մուտքերը (եկամուտները) կազմում են 256.588,9 մլն. ՀՀ դրամ, որի 77%-ը ուսման վճարներն են՝ 138.041,8 մլն. ՀՀ դրամ: Ելքերը (ծախսերը) կազմում են 278.331,1 մլն. ՀՀ դրամ: Ծախսերի ամենամեծ հոդվածն է «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ և դրան հավասարեցված վճարումների ծախսեր»-ը, որոնք կազմում են ծախսերի 75%-ը՝ 208.268,1 մլն. ՀՀ դրամ: Ներկայացնելով 6 ամսվա ընթացքում իրականացված ծախսերը՝ զեկուցողը շեշտեց, որ ամենամեծ գնումը եղել է մասնաճյուղի համար տրանսպորտի ձեռքբերումը: Նախատեսվում է 2023 թվականի նախահաշվում կատարել փոփոխություն հիմնանորոգման ծախսերի գծով:

Նիստում Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի՝ 2022-2023 ուստարվա գործունեության հաշվետվությունը ներկայացրեց բաժնի մասնագետ Ա.Պողոսյանը: Զեկուցողը մասնավորապես նշեց, որ Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժինը 2022-2023 ուստարվա ընթացքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար գնանշման հարցմամբ կազմակերպվել է 3 մրցույթ, էլեկտրոնային աճուրդով՝  12 մրցույթ, մեկ անձից գնման ձևով՝ 162 համագործակցություն:

Այս ընթացքում կնքվել է 43 պայմանագիր՝ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով:

Գնանշման հարցմամբ կայացած մրցույթներին մասնակցել է 3 կազմակերպություն, որոնցից 2-ի հետ կնքվել են պայմանագրեր: Էլեկտրոնային աճուրդով կայացած մրցույթներին մասնակցած 25 կազմակերպությունից 23-ի հետ կնքվել են պայմանագրեր:

Ըստ գնումների գործընթացի կազմակերպման կարգի՝ մեկ անձից գնման ձևով կազմակերպված 162 ընթացակարգից 18 կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր, իսկ 144-ը կատարվել է հաշիվ ապրանքագրերի հիման վրա: Ձեռք բերված բոլոր ապրանքատեսակները մուտքագրվել են պահեստ:

ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության հարցման արդյունքում վերհանված խնդիրների վերաբերյալ զեկուցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը: Նա ներկայացրեց 2023թ. մայիսին իրենց բաժնի կողմից իրականացված Մասնաճյուղում ստացած կրթությունից 2023թ․ շրջանավարտների բավարարվածության ուսումնասիրության հարցման արդյունքների հիման վրա վերհանված խնդիրները՝ ըստ ուղղությունների և կրթական ծրագրերի: Զեկուցողը նշեց, որ հարցումն իրականացվել է առցանց՝ ամփոփիչ ատեստավորման քննությունից հետո: 2022-23 ուստարում մասնաճյուղն առկա ուսուցման 12 կրթական ծրագրով տվել է 129 շրջանավարտ, որոնցից հարցմանը մասնակցել է 124-ը, այսինքն՝ շրջանավարտների 96%-ը: Հարցմանը մասնակցած 124 շրջանավարտներից 39-ի (31%) միջին որակական գնահատականը եղել է 18-20, իսկ 68-ինը (55%)` 13-17: Մասնաճյուղի ընդամենը 17 շրջանավարտ է ունեցել բավարար առաջադիմություն:

2023թ. շրջանավարտները մասնաճյուղում ստացած իրենց կրթությունը գնահատել են բարձր գնահատականներով, և բոլոր կրթական ծրագրերի համար (բացառությամբ 2 կրթական ծրագրի) միջին գնահատականը բարձր է 4․4-ից:

Հարցման ընթացքում մասնաճյուղի թույլ կողմերի վերաբերյալ բաց հարցին պատասխանել է 43 շրջանավարտ: Դրանք բաժինը, դիտարկելով որպես խնդիրներ, համակարգել է ըստ մի քանի ուղղությունների: Նշված խնդիրներում ռեսուրսների առումով շեշտադրվում են շենքային պայմանները (Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետներ), լսարանների անբավարար քանակը (Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետներ), կողմնակի անձանց մուտքը մասնաճյուղի տարածք և այլն: Կան նաև պրոֆեսորադասախոսական կազմի անձնական որակներին, ուսանող-դասախոս հարաբերություններին, ոչ օբյեկտիվ  գնահատմանը վերաբերող խնդիրներ:

Բաց հարցերի պատասխաններն առանց խմբագրման ուղարկվել են ֆակուլտետներ, որպեսզի ֆակուլտետներն ըստ կրթական ծրագրերի, հասցեական կարողանան դիտարկել խնդիրները և լուծում տալ դրանց:

Վերջին հարցի՝ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման 1-ին լուծարքային շրջանի անդյունքների ամփոփման մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները և Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Մասնավորապես նշվեց, որ 2022-23 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման 1-ին լուծարքային շրջանն ավարտվել է ս.թ. հուլիսի 6-ին: Առկա ուսուցման համակարգում ակադեմիական պարտքեր է կուտակել 116-ից 33 ուսանող, հեռակա ուսուցման համակարգում՝ 245-ից 103 ուսանող: Ըստ այդմ՝ 136 ուսանող ս.թ. օգոստոսի 22-29-ն ընկած ժամանակահատվածում պետք է մասնակցի 2-րդ լուծարքային շրջանին: Այս հարցի կապակցությամբ տնօրենը ֆակուլտետների դեկաններին հանձնարարեց գործավարների միջոցով 136 ուսանողների էլեկտրոնային հասցեներին ուղարկել 2022-23 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման 2-րդ լուծարքային շրջանի ժամանակացույցները:

Իբրև ամփոփում՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը արձակուրդ մեկնող աշխատակիցներին մաղթեց բարի ու արդյունավետ հանգիստ և հայտնեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ամբողջ անձնակազմը ս.թ. օգոստոսի 22-ից աշխատանքի է: