Ուսանողական գիտաժողով – ՀՀ ֆինանսական համակարգը. խնդիրները և դրանց լուծման ուղիները

usanoghakan-gitazhoghov-hh-finansakan-hamakarge-khndirnere-ew-drants-lutsman-ughinere

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, նպատակ ունենալով ուսանողների շրջանում մեծացնել հետաքրքրությունը ՀՀ ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացների և առաջարկվող պրոդուկտների օգտագործման հետ կապված ռիսկերի նկատմամբ, կազմակերպում է ուսանողական գիտաժողով՝ «ՀՀ ֆինանսական համակարգը. խնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով: 

Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր բուհերի տնտեսագիտական և իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի, այդ թվում՝ մագիստրատուրայի ուսանողները: 

Գիտաժողովը տեղի է ունենալու ս/թ մայիսի 17-ին՝ Երևանում: 

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, որը պետք է պարունակի՝

  • զեկույց՝ գիտաժողովի խորագրի շրջանակներում,
  • կարճ ինքնակենսագրական` պարտադիր նշելով անուն, ազգանուն, հայրանուն, կոնտակտային տվյալներ, ծննդյան տարեթիվ, բուհ, ֆակուլտետ, բաժին, կուրս: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տվյալ բուհում սովորելու փաստը պարտադիր ստուգվելու է մրցութային հանձնաժողովի կողմից: 

Վերոնշյալը պետք է ուղարկել studentconference@fsm.am էլ. հասցեով, մինչև ս/թ ապրիլի 27-ը ներառյալ: 

Զեկույցի ձևին ներկայացվող պահանջներն են՝

  • Աշխատանքը չպետք է նախկինում հրապարակված/տպագրված լինի,
  • Աշխատանքի լեզուն՝ հայերեն, տառատեսակը՝ Unicode (Sylfaen), տառաչափը՝ 12 pt, տողերի հեռավորությունը՝5, ծավալը՝ առավելագույնը 8 էջ,
  • Այլ աղբյուրներից մեջբերումներ անելու դեպքում պարտադիր պետք է տրվեն հղումներ,
  • Գրագողության նշաններ հայտնաբերելու դեպքում աշխատանքը չի դիտարկվի հանձնաժողովի կողմից,
  • Զեկույցում պետք է հստակ արտացոլվեն հեղինակի մտորումները առաջարկված խորագրի վերաբերյալ, ինչպես նաև ընդգծվի ուսանողի՝ առկա հիմնախնդիրների վերհանման կարողությունը,
  • Աշխատանքը պետք է լինի հետազոտական-վերլուծական բնույթի և անդրադառնա նաև միջազգային փորձին:

Զեկույցի համար առաջարկվող թեմաներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ներկայացված թեմաներներից դուրս թեմա ընտրելու դեպքում անհրաժեշտ է նախապեսհամաձայնեցնել կազմակերպիչների հետ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. միայն լավագույն զեկույցների հեղինակները հնարավորություն կունենան գիտաժողովին ներկայացնելու իրենց աշխատանքները: Լավագույն զեկուցողների համար նախատեսված են մրցանակային տեղեր. 1-ին տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ: Բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր: 

Գիտաժողովի ֆեյսբուքյան event-ին կարող եք միանալ այստեղ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-70-1111 (ներքին՝ 20) հեռախոսահամարով կամ գրել studentconference@fsm.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Գիտաժողովի պատասխանատու՝ Տաթևիկ Հովհաննիսյան:

Աղբյուրը՝ http://armacad.info

Լույս է տեսել «ՀՅ Դաշնակցությունը ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողովի և Պետական քաղաքական վարչության գաղտընթերցումներում» ժողովածուն

Լույս է տեսել «ՀՅ Դաշնակցությունը ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողովի և Պետական քաղաքական վարչության գաղտընթերցումներում» ժողովածուն

«ՀՅ Դաշնակցությունը ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողովի և Պետական քաղաքական վարչության գաղտընթերցումներում (1920-ական թվականներ)» փաստաթղթերի ժողովածուն հրատարակվել է 2016 թ․ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից։ Ժողովածուն կազմել և խմբագրել է պատմ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ղազախեցյանը (1926-2015 թթ․): Հրատարակության է պատրաստել պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը։

Ներբեռնել փաստաթղթերի ժողովածուի էլեկտրոնային տարբերակը*

Փաստաթղթերի ժողովածուն նվիրված է ՀՅԴ կուսակցության գործունեությանը Խորհրդային Հայաստանում և Պարսկաստանում խորհրդային իշխանության գոյության առաջին տարիներին` 1921-1927 թթ.: Վավերագրերն ընտրովի են, այն է` գաղտընթերցված (перлюстрация) ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողով-Պետական քաղաքական վարչության կողմից:

Հայաստանի խորհրդայնացումից սկսած՝ հանրապետության Արտակարգ հանձնաժողովը հետևել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գործունեությանը՝ նրա անդամների նամակների ձեռքբերման կամ գաղտնի ընթերցման միջոցով: Այդ գործունեությունը հետաքրքրեց նաև ԽՍՀՄ Միացյալ պետքաղվարչությանը (ՄՊՔՎ): Վերջինս, Անդրդաշնության պետքաղվարչության միջոցով, կազմակերպեց կուսակցության նամակագրության գաղտնի ընթերցումը նրա կենտրոններից մեկում` Թավրիզում: Ժողովածուն ընդգրկում է 1921-1927 թթ. գաղտընթերցված 41 նամակ-փաստաթուղթ:

Ժողովածուն հազվագյուտ, արժեքավոր սկզբնաղբյուր է հայագիտությամբ զբաղվող գիտական աշխատողների համար: Այն լրացնում է նախկինում «Հ. Յ. Դաշնակցությունը և խորհրդային իշխանությունը» (Եր., 1999) և «Հայաստանը պետական գաղտնի փաստաթղթերում (1922-1929 թթ.)» (Եր., 2008) փաստաթղթերի ժողովածուներում ՀՅԴ-ի գործունեության վերաբերյալ հրատարակված վավերագրերը:

*Հայկական գիտական համագործակցությունը շնորհակալություն է հայտնում պ․գ․թ․ Համո Սուքիասյանին գրքի էլ․ տարբերակը սիրահոժար տրամադրելու համար։

Աղբյուրը՝ http://armscoop.com

Հարցազրույց մեր ուսանողների («ԱԼԳ» IV) մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ

2016թ. մարտի 1-ին ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի վերաբերյալ հարցազրույց ունեցանք ԵՊՀ-ի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտներ, բան. գիտ. թեկնածուներ Աստղիկ Չուբարյանի և Գայանե Մուրադյանի հետ.

Հարցազրույց մեր ուսանողների («ԱԼԳ» IV) մասնագիտական  պատրաստվածության վերաբերյալ

– Տիկի՛ն Մուրադյան, 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակից անգլերեն լեզու եք դասավանդում մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսում: Ի՞նչ տպավորություններ ունեք մեր ուսանողներից, էական տարբերություն տեսնում եք Մայր բուհի  և Մասնաճյուղի ուսանողների միջև:

 – Տպավորությունը շատ դրական է, տարբերություն չկա. թե՛ Երևանում և թե՛ այստեղ առկա է անգլերեն լեզվի նկատմամբ սեր, դասախոսների նկատմամբ ջերմ ու հարգալից վերաբերմունք: Եթե ավելի անկեղծ լինենք, այստեղ սովորելու ձգտումն ավելի մեծ է:

 

– Տիկի՛ն Չուբարյան, ի՛նչ կարծիքի եք «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի մասին:

– Ուսանողին գնահատելիս ինձ համար էլ առաջնայինը սովորելու ձգտումն է, իսկ դա ակնառու հատկանիշ է մասնաճյուղի ուսանողների համար: Այդ ձգտման հետ, անշուշտ, անհրաժեշտ է ունենալ նաև նախնական գիտելիքների պաշար, մասնագիտական հիմքային գիտելիքներ, որպեսզի ապահովվի ցանկալի արդյունք: Մասնաճյուղի ուսանողներն ունեն և՛ մեկը, և՛ մյուսը, որ շատ ողջունելի է: 

 

– Կարո՞ղ ենք եզրակացնել, որ մեր ուսանողներն ունեն անհրաժեշտ ներուժ  իրենց կրթությունը շարունակելու Մայր բուհի մագիստրատուրայում:

– Այո՛, կարող ենք փաստել, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողները լիովին պատրաստ են ընդունվելու և սովորելու ԵՊՀ մագիստրատուրայում: Մենք մեծ սիրով կցանկանայինք նրանց դիմավորել ու դասավանդել Մայր բուհում:

 

Հարցազրույցն անցկացրեց ԵՊՀ ԻՄի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը

 

Խորհրդակցություն Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ

2016թ. փետրվարի 29-ին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը խորհրդակցություն անցկացրեց Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ:

Խորհրդակցություն Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ

Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքները:

Մասնավորապես նշվեց, որ բոլոր մասնագիտությունների գծով կազմվել են դասացուցակներ, որոնցում ամբողջությամբ արտացոլված է ողջ կիսամյակային ծանրաբեռնվածությունը: Հստակեցված է ողջ լսարանային ֆոնդը: Ուսանողների հաճախումների վերաբերյալ կազմվել են համապատասխան ցուցակներ:

Բաժնի համապատասխան աշխատակիցներին հանձնարարվել է, որ հետևողական լինեն ուսանողական զեղչերի դիմումների, ուսանողների շարժի, ավարտական կուրսերում ամփոփիչ ատեստավորման քննությունների հարցաշարերի և ընդհանրապես այս կիսամյակի ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու վերաբերյալ բոլոր հարցերում:

Ամփոփելով 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքները՝ դրանք գնահատվեցին բավարար:

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

«Գրքարվեստ» ամենամյա մրցույթում ԵՊՀ հրատարակչությունը մրցանակներ է ստացել մի քանի անվանակարգերում:
 
ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
Այսօր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում արդեն 8-րդ անգամ տեղի ունեցավ «Գրքարվեստ» մրցանակաբաշխությունը, որի նախաձեռնողը ՀՀ մշակույթի նախարարությունն է: Այս տարի մրցույթն անցկացվում էր 9 անվանակարգերում: 

Մրցույթի նպատակն է գրահրատարակչական արտադրանքի մշակույթի մակարդակի բարձրացումը, գրքարվեստի զարգացումը, գրահրատարակիչների միջև համագործակցության ու մրցակցության խթանումը, հրատարակչական լավագույն տեխնոլոգիաների քարոզչությունը և այլն:

Այս տարի ևս ԵՊՀ հրատարակչությունը մասնակցում էր մրցույթին`իր հրատարակած գրքերով: Առաջին անգամ ԵՊՀ ներկայացրած գրքերը մի քանի կարգի դիպլոմներ են ստացել 3 անվանակարգերում:

«Հայոց ցեղասպանություն – 100» անվանակարգում 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների է արժանացել Լեոյի «Հայոց հարցի վավերագրերը» և Ա. Կիրակոսյանի «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և արևմտահայությունը» գրքերի հրատարակման համար: y

«Ուսումնական գրականություն և կրթություն» անվանակարգում ևս ԵՊՀ-ին բաժին հասած մրցանակային տեղերը երկուսն են`2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների են արժանացել «Հայոց պատմություն» դասագիրքը և Է. Մինասյանի «Հայաստանի երրորդ հանրապետություն» մենագրությունը:

«Գիտություն և նորարարություն» անվանակարգում ԵՊՀ հրատարակչությունը պարգևատրվել է 2-րդ կարգի դիպլոմով` «Թուրքիայի հանրապետության պատմություն» ուսումնասիրության հրատարակության համար:

Մրցույթին ներկայացված գրքերը գնահատելիս հաշվի են առնվել ինչպես բովանդակությունը, այնպես էլ շապիկի ձևավորումը, տառատեսակի հարմարավետությունը (էջադրումը), կազմարարության որակը և այլն:

Նշենք, որ 2015 թ.-ի սեպտեմբերին էլ ԵՊՀ հրատարակչությունն մասնակցել էր ԱՊՀ երկրների մակարդակով անցկացվող “Искусство книги” միջազգային մրցույթին և «Ուսումնական գրականություն և կրթություն» անվանակարգում արժանացել 3-րդ կարգի դիպլոմի, որը ևս հանձնվեց այսօր:

«Շատ ուրախալի է, որ Երևանի պետական համալսարանի հրատարակչության աշխատանքը գնահատվել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներով: Այսպիսի մրցույթներին, գրքի միջազգային տոնավաճառներին ու ցուցահանդեսներին մասնակցելը մեծ խթան է նոր որակի աշխատանքներ կատարելու համար»,- նշում է ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը:

Աղբյուրը՝ http://ysu.am