Գիտաժողով – Հասարակագիտություն առարկայի դասավանդման խնդիրները ԲՈՒՀ-ում և դպրոցում

Գիտաժողով - Հասարակագիտություն առարկայի դասավանդման խնդիրները ԲՈՒՀ-ում և դպրոցում

 

Կազմակերպիչներ՝

  • Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետ
  • Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ, ՀԿ

Վայրը՝

  • Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Նպատակը՝

  • Քննարկել հասարակագիտություն առարկայի դասավանդման խնդիրները
  • Առաջարկել դասավանդման ավելի արդյունավետ մեթոդներ
  • Զարգացնել համագործակցությունը հասարակագիտության առարկայով հետաքրքրված կառույցների, գիտնականների, ուսուցիչների միջև

Զեկուցողների հոդվածները տպագրվելու են առանձին ժողովածուի տեսքով

  • Հոդվածը պետք է ունենա A4 (210×297) չափի տպագիր մինչև 15 էջ ծավալ, վերևից, ներքևից, աջից և ձախից` 20 մմ:
  • Տառատեսակը՝ հայերենը` GHEA Grapalat, ռուսերենը և անգլերենը` Times New Roman, տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1.5, տողերի հավասարեցումը` աջ և ձախ կողմերին`առանց տողադարձի:
  • Հոդվածի վերնագիրը գրել գլխատառերով, վերնագրից հետո` հոդվածի հեղինակի անունը, հայրանունը, ազգանունը, բանալի բառերը` 10 բառից ոչ ավելի, որից հետո հոդվածի բովանդակությունը:
  • Բոլոր ծանոթագրություններն ու հղումները պետք է տրվեն տողատակում, յուրաքանչյուր էջից կատարելով հղման նոր համարակալում։
  • Հոդվածը պետք է ունենա հայերեն, ռուսերեն, անգլերեն ամփոփումներ:
  • Յուրաքանչյուր հոդվածի վերջում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով պետք է ներկայացված լինի հեղինակի մասին տեղեկատվություն՝ գիտական կոչում, աստիճան, պաշտոն, կազմակերպություն, գիտական հետաքրքրությունների շրջանակ, էլեկտրոնային հասցե:

Հոդվածներն ընդունվում են մինչև 06 մարտի, 2016 թ.

Հոդվածներն ուղարկել dhre.center@civitasarmenia.am էլեկտրոնային հասցեին:

Գիտաժողովը կազմակերպվում է «Ժողովրդավարության և մարդու իրավունքի կրթությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ:

Աղբյուրը՝ armacad.info

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2016թ. փետրվարի 16-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ՊՆ ներկայացուցիչները հանդիպեցին ուսանողների հետ:
 
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայաստանյան մի շարք բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի վերջին կուրսերի ուսանողներին առաջարկում է ձեռք բերել 2-րդ՝ ռազմական մասնագիտություն և ՀՀ ԶՈՒ-ում պարտադիր զինծառայության անցնել ոչ որպես շարքային զինվոր, այլ որպես սպա:

Հյուրերին նախ ողջունեց ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը, ինչից հետո ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության բաժնի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանն ուսանողներին ներկայացրեց ծրագրի մանրամասները:

Հանդիպմանը ներկա էին նաև ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտների դասախոսները:

Այս տարի նույնպես ՊՆ բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում ընդունելություն է իրականացվելու երեք՝ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրետանավորի, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում կապավորի և հակաօդային պաշտպանության մասնագիտություններով:

Մեկամյա ուսումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 3 տարվա փոխարեն այժմ 2 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում, ինչից հետո հնարավորություն է ստանում ազատ որոշում կայացնելու՝ շարունակել կարիերա կառուցել (այդ թվում` վերապատրաստվել) զինված ուժերո՞ւմ, թե՞գործունեություն ծավալել քաղաքացիական մասնագիտությամբ:

Մեկամյա դասընթացներն ավարտելուց հետո շրջանավարտը ստանում է լեյտենանտի կոչում և դասակի հրամանատարի որակավորում, այնուհետև վիճակահանության սկզբունքով պարտադիր զինծառայության է անցնում ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից որևէ մեկում:

Հանդիպման վերջում ՊՆ ներկայացուցիչները պատասխանեցին համալսարանականներին հետաքրքրող հարցերին:

Աղբյուրը՝  ysu.am

Մասնաճյուղում նշվում է Սիրահարների տոնը

2016թ. փետրվարի 15-ին` Սիրահարների տոնի կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակում ուսանողական խորհուրդը կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում:

Մասնաճյուղում նշվում է Սիրահարների տոնը

«Կյանքի գեղեցկությունը տեսնելու համար պետք է ապրել  սիրով ու սիրուն հատուկ քնքշանքով ու բարությամբ, այդ սիրով բաղադրել այն մթնոլորտը, որը տարածվում է մեր շուրջը». այս կարգախոսով հանդես եկան Ուսանողական խորհրդի անդամները՝ մասնաճյուղի բակում ստեղծելով տոնական ու սիրառատ մթնոլորտ:

Մասնաճյուղում նշվում է Սիրահարների տոնը

Իրենց շուրջ հավաքված ուսանողանողության հետ նրանք կիսվեցին օրվան առնչվող տեղեկատվությամբ, ներկայացրին դրա  էությունը, պատմությունը, հղեցին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, նվիրեցին սրտաձև փուչիկներ:

Աշխարհի մոտ 100 երկրում փետրվարի 14-ը նշվում է որպես Սիրահարների օր: Ի սկզբանե այն նշվել է որպես պատարագային տոն` նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի` Սբ. Վալենտինիուսի հիշատակին։

Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան` զինվորներին գաղտնի պսակադրելու համար: Նա կալանավայրում բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։

Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։

Այս պատմությունը թվագրվում է մոտ 269 թվականին՝ հռոմեական կայսր Կլավդիոս II-ի օրոք: Իսկ 496-ին Հռոմի պապ Հելասիուս I-ը փետրվարի 14-ը հայտարարեց Սուրբ Վալենտինի օր:

Այսօր աշխարհի շատ երկրներում այն պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։ Այդ օրը բոլորը շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում, նվիրում խորհրդանշական նվերներ:

Հայաստանում Սուրբ Վալենտինի տոնը համընկնում է Տյառնընդառաջի տոնին:

Ըստ եկեղեցական ավանդության` Տրնդեզի տոնը կապվում է Տիրոջ ծննդից 40 օր հետո նրան կրակներով ընդառաջ գնալու գաղափարի հետ։

Այդ օրը` վաղ առավոտյան, մեծահասակ կանայք, եկեղեցուց վերադառնալով, Տրնդեզի ուտեստներ էին պատրաստում ու բաժանում տնեցիներին։

Կեսօրից հետո նորահարս ունեցող ընտանիքներն իրենց բակում խարույկ էին վառում։

Խարույկի շուրջն սկսվում էր շուրջպարը։ Երբ կրակը փոքր-ինչ մեղմանում էր, սկսվում էին կրակթռուկները։

Կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքը վերապահվում էր նորահարսին։ Պտղավորվելու ակնկալությամբ խարույկի վրայից թռչում էին նաև ամուլ կանայք՝ այրելով իրենց զգեստի քղանցքը, ապա թռչում էին երիտասարդները, տղամարդիկ, իսկ վերջում՝ երեխաները։

Այս ավանդույթը մեզանում պահպանված է մինչև օրս:

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

2016թ. փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև փետրվարի 24-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Մասնաճյուղի տնօրենը շնորհավորեց մեր զինվորների նոր ուսումնական տարին

2016թ. փետրվարի 15-ին Իջևանի N զորամասում հանդիսավոր միջոցառմամբ մեկնարկեց նոր ուսումնական տարվա առաջին փուլը:

Մասնաճյուղի տնօրենը շնորհավորեց մեր զինվորների նոր ուսումնական տարին

Ուսումնական փուլի մեկնարկը տրվեց տերունական աղոթքով: Տեր Սիմեոն քահանան խաղաղ երկինք և անփորձանք ծառայություն մաղթեց հայոց խիզախ զինվորներին:

Մասնաճյուղի տնօրենը շնորհավորեց մեր զինվորների նոր ուսումնական տարին

Շնորհավորանքի և գնահատանքի խոսքեր ասացին 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, գնդապետ Թ.Շահնազարյանը, զորամասի հրամանատար, գնդապետ Վ.Հովսեփյանը, բարձրաստիճան զինվորականներ: Նրանք համոզմունք հայտնեցին, որ մեկնարկած ուսումնական տարին ոչ միայն կամրապնդի ձեռք բերածը, այլև առավել կբարձրացնի զինվորների մարտունակությունը, և նրանք ջանք ու եռանդ չեն խնայի անհրաժեշտ գիտելիքներ ու ունակություններ ստանալու համար:

Խորհրդանշական օրը կրկնակի տոն էր զորամասի զինծառայողների համար: Գնդապետ Թ.Շահնազարյանը զորամասին հանձնեց մարտական դրոշ` լավագույն մարտական ծառայություն իրականացնող զորամասերից մեկը ճանաչվելու առթիվ:

Մասնաճյուղի տնօրենը շնորհավորեց մեր զինվորների նոր ուսումնական տարին

Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ զինվորներին շնորհավորեց ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը՝ հատկանշելով, որ ուսումնական փուլի մեկնարկը մեծ պատասխանատվություն է ամբողջ անձնակազմի համար: Հայոց զորքը հակառակորդին միշտ գերազանցել է ոչ միայն իր մարտունակությամբ, այլ նաև մտավոր կարողություններով: Կազմակերպվող ուսումնական պարապմունքների շնորհիվ ոչ միայն կրթվում և դաստիարակվում է զինվորը, այլև ամրապնդվում, կատարելագործվում են նրա մարտավարական ու մասնագիտական գիտելիքները և հմտությունները:

Մասնաճյուղի տնօրենը շնորհավորեց մեր զինվորների նոր ուսումնական տարին

Մասնաճյուղի տնօրենը սպաներին և զինվորներին մաղթեց խաղաղ ծառայություն, ամուր սահմաններ, նորանոր ձեռքբերումներ:

Որպես ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության փոխնախագահ՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Առաքելյանը ներկաներին փոխանցեց ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մ.Գրիգորյանի շնորհավորական ուղերձը և հաստատեց, որ եռասերունդ երկրապահը ցանկացած պահի հայ զինվորի կողքին է, և միասին հայոց բանակը կմնա անպարտելի:

Մասնաճյուղի տնօրենը շնորհավորեց մեր զինվորների նոր ուսումնական տարին