Կայացավ կանանց տոնին նվիրված վոլեյբոլի մասնաճյուղային առաջնությունը

1. գլխավոր

2023թ. մարտի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային (աղջիկների)  առաջնություն՝ նվիրված կանանց տոնին:

Առաջնությանը մասնակցում էին չորս՝ Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության, Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների հավաքական թիմերը:

Խաղերն անցկացվեցին օլիմպիական կարգով:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիմը մրցեց Կիրառական արվեստի ֆակուլտետի թիմի հետ և հաղթեց 2:0 հաշվով:

Նույն՝ 2:0 հաշվով Տնտեսագիտության ֆակուլտետի թիմը հաղթեց Բնական գիտությունների ֆակուլտետի թիմին:

Եզրափակիչում հանդիպեցին Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների հավաքական թիմերը:

Գեղեցիկ և համառ պայքարում հաղթեցին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի հավաքական թիմի աղջիկները:

Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերը (Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության և Կիրառական արվեստի ֆակուլտետների) տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով:

Տնօրենության նիստ

1. գլխավոր 

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2023թ. մարտի 4-ին Ա.Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ տնօրենության նիստ:

Նիստում քննարկվեցին 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների արդյունքների վերլուծությանը, բակալավրի ավարտական աշխատանքների կատարման ընթացքին, 2023թ. բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածուներին, հեռակա ուսուցման` 2022-2023 ուստարվա մագիստրոսական թեզերի պաշտպանությանը, 2022-23 ուստարվա հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի քննաշրջանի (առանց լուծարքային շրջանի) ամփոփմանը և 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող օրակարգային հարցերը:

Ընթացիկ հարցերը վերաբերում էին հեռակա ուսուցման ուսանողների իրավունքների վերականգնման ընթացքին, մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպմանը:

Առաջին հարցի մասին նշվեց, որ հեռակա ուսուցման համակարգում 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների թիվը 19 է (18-ը՝ եզրափակիչ գնահատումով, իսկ 1-ը՝ առանց եզրափակիչ գնահատման): Առանց եզրափակիչ գնահատման դասընթացների աշխատանքների ընդհանուր թիվը 11 է, եզրափակիչ գնահատումովը՝ 277:

Աշխատանքների ընդհանուր թիվը պետք է 288 լիներ, որից չի ներկայացվել 34 աշխատանք, 0 է գնահատվել` 71 աշխատանք, 1 միավոր՝ 6 աշխատանք, 2 միավոր՝ 52 աշխատանք, 3 միավոր գնահատվել է 41 աշխատանք, 4 միավոր՝ 50 աշխատանք, 5 միավոր՝ 30 աշխատանք, 1-ական ուսանողի աշխատանք՝ 6 և 7, 8 միավոր՝ 2 աշխատանք, 9 և 10 միավորներ չեն եղել:

Բակալավրի ավարտական աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները: Ներկայացնելով աշխատանքների կատարման ընթացքը ըստ կուրսերի՝ նրանք նշեցին, որ առկա ուսուցման համակարգում աշխատանքները պատշաճ կերպով իրականացվում են, և ընթացքը կարելի է գնահատել բավարար՝ ի տարբերություն հեռակա ուսուցման համակարգի, որտեղ աշխատանքների իրականացման վիճակը բավարարի հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել, մասնավորապես՝ ժամկետների վերաբերյալ ևս մեկ անգամ ծանուցել ուսանողներին, որ հանդիպեն ղեկավարների հետ՝ համապատասխան ցուցումների, խորհրդատվության և շտկումների համար:

Հաջորդ հարցի կապակցությամբ քննարկվեցին դեկանների կողմից ըստ մասնագիտությունների ներկայացված 2023թ. բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Տնօրենը դեկաններին հանձնարարեց առաջադրված թեկնածուների հետ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի սեղմ ժամկետներում հաստատվեն նրանց թեկնածությունները:

Հեռակա ուսուցման` 2022-2023 ուստարվա մագիստրոսական թեզերի պաշտպանության վերաբերյալ նշվեց, որ ս.թ. փետրվարի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվել է «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը: Պաշտպանությանը մասնակցում էր 13 ուսանող (1 ուսանող նախորդ տարվանից): 7 ուսանող ստացավ «գերազանց», 6-ը՝ «լավ», գերազանցության դիպլոմ կստանա 6 շրջանավարտ:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գոհունակություն է հայտնել շրջանավարտների պատրաստվածության մակարդակի վերաբերյալ: Աշխատանքների թեմաներն արդիական էին և նվիրված էին մանկավարժության ժամանակակից մեթոդներին վերաբերող խնդիրներին: Դրանց բնորոշ էին հետազոտական և փորձարարական տարրերի առկայությունն ու վերհանված խնդիրների համակողմանի ուսումնասիրությունը, շրջանավարտների կողմից մասնագիտական գրականության հմուտ շրջանառումը:

Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովն առաջարկել է թեզերի թեմաները ձևակերպել ոչ ընդհանրական, այլ կոնկրետ և հստակ, ներկայացման ժամանակ համառոտ անդրադառնալ բոլոր բաժինների բովանդակությանը: Նաև առաջարկվել է մագիստրոսական թեզերը ղեկավարող պրոֆեսորադասախոսական աձնակազմի հետ իրականացնել վերապատրաստում:

Տվյալ հարցի մասին նշվեց նաև, որ ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրայի հեռակա ուսուցման «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության՝ 2023թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը տեղի կունենա ս.թ. մարտի 11-ին:

2022-23 ուստարվա հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի քննաշրջանի (առանց լուծարքային շրջանի) ամփոփման և 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ քննաշրջանին մասնակցել է 473 ուսանող: Քննաշրջանի արդյունքների համաձայն՝ դրական գնահատականներ են ստացել 176, առարկայական պարտքեր ունեն 297 ուսանողներ: Ուսանողների առաջադիմությունը կազմում է 37.2%: Քննաշրջանին չի ներկայացել 27 ուսանող:

2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի ուսումնական գործընթացը 2023թ. մարտի 7-ից սկսելու համար իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ՝ կապված դասացուցակների, դասամատյանների, ըստ կուրսերի և խմբերի՝ լսարանային ֆոնդի բաշխման և այլնի հետ:

Ընթացիկ հարցերի կապակցությամբ որոշվեց, որ ելնելով քննաշրջանի արդյունքներից՝ 11 ուսանող դասընթաց է կրկնելու, 2 ուսանող հեռացվում է մասնաճյուղից ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով:

Քննարկվեց նաև 8 նախկին ուսանողների ուսանողական իրավունքները ԵՊՀ ԻՄ-ի բակալավրատի հեռակա ուսուցման համակարգում վերականգնելու հարցը:

Հոգեբանական առցանց դաս-քննարկումներ

1. գլխավոր ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Մ․Ազիզյանը 2023թ. հունվար-փետրվար ամիսներին կազմակերպել է մի շարք հոգեբանական առցանց սեմինարներ և դասախոսություններ «Հոգեբանություն» կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցման ուսանողների համար:

Առաջին՝ «Երազների վերլուծությունը վերլուծական հոգեբանության շրջանակում» թեմայով սեմինարի բանախոսն էր Վերլուծական հոգեբանության հայկական ասոցացիայի հիմնադիր-անդամ, կլինիկական հոգեբան, երազներում առկա սիմվոլների վերլուծության մասնագետ Անի Պապիկյանը։ Սեմինարի ընթացքում քննարկվեց, թե յուրաքանչյուր տարիքային խմբում ինչպես են երազներում դրևսորվում կոլեկտիվ անգիտակցականում առկա արխետիպերը, ինչ նշանակություն ունեն այդ սիմվոլները, թե ինչպես կարող է այդ սիմվոլների հետ աշխատել հոգեթերապևտը։

Երկրորդ հանդիպման բանախոսն էր Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հոգեբան, գեշտալտ թերապևտ, օժտված անձանց հետ աշխատանքի երկար տարիների փորձ ունեցող մասնագետ Վիկտորյա Ծատուրյանը, ով ներկայացրեց Հայաստանի համար շատ արդիական և քիչ ուսումնասիրված թեմա՝ «Օժտվածության  էությունը։ Ինչպե՞ս աշխատել օժտված անձանց հետ»։ Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան օժտված մարդկանց էությանը, բնութագրիչներին, տեսակներին, թե ինչպիսի դժվարություններ են ունենում օժտված դեռահասները դպրոցում, հասարակության մեջ, ինչպես կարող է իրենց աջակցել դպրոցի, կրթության հոգեբանը։

Երրորդ՝ «Աուտիզմի սպեկտորի խանգարման էությունը, հիմնական մոտեցումները» թեմայով դասախոսությունը վարեց հ․գ․թ․, դոցենտ, կիրառական վարքի վերլուծության մագիստրոս (ԱՄՆ-ում) Լիլիթ Գարգրցյանը: Դասախոսության ընթացքում ուսանողները ծանոթացան աուտիզմի սպեկտրի խանգարման էությանը, դրևսորումներին, ախտորոշմանը, ինչպես նաև հոգեբանական աշխատանքներ կատարելու մոտեցումներին։

Չորրորդ սեմինարի թեման («Ծնողների հետ աշխատանքի մեթոդական մոտեցումները») ուղղված էր ծնողավարությանը, այցելու երեխաների ծնողների հետ տարվող հոգեբանական աշխատանքին, և այն վարում էր անալիտիկ հոգեբան, թերապևտիկ աշխատանքի երկար տարիների փորձ ունեցող հոգեթերապևտ Լիլիթ Մանուկյանը: Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան մանկան թերապիայում ծնողների դերին, կարևորությանը, իմացան, թե ինչպես կարող են ներգրավել ծնողներին այցելու երեխայի խնդրի լուծման մեջ, և որոնք են ծնողի ներգրավման մեթոդական մոտեցումները:

Հինգերորդ՝ «Ոչ վերբալ վարքի հոգեբանություն» թեմայով սեմինարը վարեց հոգեբան, պրոֆայլինգի մասնագետ, ռազմական հոգեբանության, ոչ վերբալ հաղորդակցման մասնագետ Գրիգորի Բադալյանը: Սեմինարի շրջանակում նա խոսեց ոչ վերբալ հաղորդակցման, ժեստերի, տեմբրի, ձայնի էության, նշանակության, փոփոխության մասին, թե ինչպես կարող ենք դրանք «կարդալ», որոնք են հույզերի դրսևորման ձևերը և այդ դրսևորումների փոփոխման պատճառները: Սեմինարի ընթացքում ուսանողները փորձեցին վերլուծել մի շարք քաղաքական գործիչների ոչ վերբալ ազդակները:

Այս արտալսարանային առցանց դասերի շնորհիվ ուսանողները կարողացան ընդլայնել իրենց մասնագիտական գիտելիքները և զարգացնել պրակտիկ որոշ հմտություններ:

ԵՊՀ օլիմպիադա 2023

Օլիմպ. հայտ. նկ. - 2023 (2)

 2023թ. ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղն անցկացնելու է դպրոցական օլիմպիադայի I փուլը:

Օլիմպիադան կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկաների գծով՝

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • հայոց պատմություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • գերմաներեն,                                             
  • ֆրանսերեն,
  • ինֆորմատիկա

և լրացուցիչ կրթական առարկաներից՝

  • հայոց եկեղեցու պատմություն,
  • տրամաբանություն,
  • սոցիոլոգիա,
  • պետություն և իրավունքի հիմունքներ,
  • էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ,
  • տնտեսագիտություն:

Լրացուցիչ կրթական առարկաներից օլիմպիադան կանցկացվի ԵՊՀ-ում մեկ փուլով՝ ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ին:

«Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով՝ ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին:

Օլիմպիադան նախատեսված է միայն 12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների՝ յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ (ամեն աշակերտ օլիմպիադային կարող է մասնակցել միայն 1 առարկայից):

Օլիմպիադայի մասնակիցները ապրիլի 1-ին՝ ժամը 10:30-ին, պետք է ներկայանան Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց (հասցե՝ Իջևանյան փողոց, շենք 8, Տավուշի մարզպետարանի հարևանությամբ):

Դպրոցների տնօրեններին խնդրում ենք, որ մինչև ս.թ. մարտի 15-ը հաստատեն իրենց աշակերտների մասնակցությունը ըստ առարկաների՝ նշելով աշակերտի անունը, հայրանունը, ազգանունը, դասարանը և ուղարկելով հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (հեռ.՝ 096987654, 096557556):

Մասնակիցների հայտերը կարելի է ուղարկել նաև էլ.փոստով՝ vahan.aghababyan@ysu.am:

I փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադայի II փուլին, որը տեղի կունենա ապրիլի 15-ին՝ ժամը 11:00 -ին, Երևանի պետական համալսարանում:

Ի գիտություն

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

Օլիմպիադայում լրացուցիչ կրթական առարկաներից հաղթած աշակերտներին կտրվեն կրթաթոշակներ:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վահան Աղաբաբյանին (096987654 – Vivacell, 096557556 – Beeline):

ԵՊՀ ԻՄ-ում շարունակվում են «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը աշխատանքային գործընթացում» թեմայով վերապատրաստումները

1. գլխավոր Ելնելով ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի 1.1.4 խնդրի (Բարձրորակ մարդկային ռեսուրսներ) 3-րդ գործողության պահանջներից՝ 2023թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 7-ը ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը աշխատանքային գործընթացում» թեմայով՝ 10 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստումը:

 Դասընթացը վարում է Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի աշխատակից Աննա Մանուչարյանը:
ԵՊՀ ԻՄ-ի վարչական անձնակազմի և գրադարանի աշխատակիցների համար նախատեսված վերապատրաստմանը մասնակցում են շուրջ 2 տասնյակ աշխատողներ:
Վերապատրաստման առաջին օրը տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը և փոխտնօրեն Մ.Օթարյանը իրենց խոսքում ընդգծեցին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գրագետ և արդյունավետ կիրառման կարևորությունը աշխատանքային գործընթացներում:

 Պարոն Մակարյանը մասնավորապես նշեց. «Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման սահմանները գնալով ավելի ու ավելի են ընդլայնվում: Եվ այս համատեքստում պատահական չէ այն փաստը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը համարվում է կրթական գործընթացի կատարելագործման և բարեփոխման անհրաժեշտ գործոններից մեկը: Մասնավորապես՝ համակարգչային աջակցությունն ուսումնական և աշխատանքային գործընթացին հնարավորություն է տալիս բարձրացնելու կրթության հասանելիության մակարդակը, որն էլ իր հերթին նպաստում է անձնային և մասնագիտական կոմպետենցիաների զարգացմանը, աշխատանքների կատարման որակի բարելավմանը»:

 Շեշտվեց, որ ուսումնական գործընթացներում տեղի ունեցող արմատական փոփոխություններն ինքնին ստիպում են նպատակաուղղված բարեփոխումներ իրականացնել վարչական և օժանդակ անձնակազմի աշխատանքներում, մշակել աշխատակիցների վերապատրաստման նոր ծրագրեր, արդյունավետ ուղիներ և մեթոդներ, որոնցից մեկն էլ տվյալ վերապատրաստման ծրագիրն է: