Փարիզի Ստեֆան Մալարմեի անվան քոլեջի դասախոս Վերոնիկ Նուեն մասնաճյուղում

1. գլխավոր

 

 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում  երեքշաբաթյա այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում է Փարիզի Ստեֆան Մալարմեի անվան քոլեջի դասախոս Վերոնիկ Նուեն: Նա դասավանդում է ԵՊՀ ԻՄ-ի «Օտար լեզու և գրականություն»  մասնագիտության ուսանողներին՝ զարգացելով ֆրանսերենի բանավոր հաղորդակցման նրանց հմտությունները: Այդ առիթով տիկին Վերոնիկ Նուեի հետ ունեցանք հարզազրույց, որին նախորդեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հետ Վ.Նուեի և մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Ա.Մարդանյանի հանդիպումը: Կողմերը քննարկեցին  ուսումնական գործընթացին, ԵՊՀ ԻՄ-ի հետ Վերոնիկ Նուեի համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:  

Այնուհետև ներկա գտնվեցինք Վ.Նուեի դասին և նրա հետ անցկացրինք փոքրիկ հարցազրույց, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

Տիկի՛ն Վերոնիկ, խնդրում ենք պատմել Ձեր ծննդավայրի, ընտանիքի և կրթության մասին:

-Ես ծնվել եմ Ֆրանսիայի հարավային Օքսիտանի մարզի Գարդ շրջանի Բանյոլ սյուղ Սեզ փոքրիկ քաղաքում, որն ունի 18 000 բնակիչ: Քանի որ այստեղ կլիման մեղմ է՝ չնայած շատ շոգ ամառներին, բնակչության հիմնական զբաղվածությունը խաղողագործությունն է: Բանյոլ սյուղ Սեզ քաղաքը մոտ է Նիմ և Ավինյոն քաղաքներին:

 

Ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել Ձեր մասնագիտական գործունեությունը:

-Արդեն 32 տարի է, ինչ ես ֆրանսերեն եմ դասավանդում Ֆրանսիայում կամ արտերկրում՝ որպես օտար լեզու: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, որը կատարում եմ հաճույքով:

 

Հետաքրքիր ի՞նչ դրվագ կհիշեք համալսարանական կյանքից:

-Ես հիշում եմ իմ դասախոսներից մեկին, որը սիրում էր դասավանդել՝ գրասեղանի վրա ծալապատիկ դիրքով նստած: Դա մի քիչ արտասովոր էր:

 

Ո՞րն է, ըստ Ձեզ, դասախոսի/ուսուցչի հիմնական առաքելությունը:

-Դասավանդողի հիմնական առաքելությունը սովորողի մեջ կրթության նկատմամբ սեր և գիտելիքները խորացնելու ցանկություն առաջացնելն է:

 

Ձեր փորձից ելնելով՝ դասավանդման և ուսումնառության ո՞ր մեթոդներն են առավել արդյունավետ:

-Ամենաարդյունավետ մեթոդները ինտերակտիվ (փոխներգործուն) մեթոդներն են, որոնք ուսանողներին մղում են ակտիվության: Օրինակ, լեզվի դասերին ուսուցանողը պետք է խթանի ուսանողների ինքնուրույն խոսքի զարգացումը հարցերի, զեկուցումների կամ դերախաղերի միջոցով: Ուսուցանողի դերը պետք է նվազագույնի հասցնել, նա ընդամենը պետք է ուղղորդող լինի:

 

Աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչի՞ց եք ոգեշնչվում:

-Օրական մեկ ժամ տրամադրում եմ քայլելուն, ազատ ժամանակ հաճախ գնում եմ կինո կամ թատրոն:

 

Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:

-Իմ կարծիքով՝ ամենակարևորը մարդու առողջությունն է, մնացած ամեն ինչը հնարավոր է ձեռք բերել:

 

Ունե՞ք կարգախոսորով առաջնորդվում եք կյանքում:

-Իմ կարգախոսն է ամեն ինչ անել՝ նպատակին հասնելու համար:

 

Ի՞նչ խորհուրդ կտաք մեր երիտասարդներին և հատկապես ուսանողներին:

-Խորհուրդ կտամ երբեք թևաթափ չլինել, չհուսահատվել, երբ մարդ հույսն իր վրա է դնում, ողջ տիեզերքը նպաստում է նրա նպատակի իրականացմանը:

 

Ինչպիսի՞ն են Ձեր տպավորություններն ու սպասելիքները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներից:

-ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների ֆրանսերենի իմացության մակարդակն իսկապես տպավորիչ է: Կարող եմ միայն շնորհավորել և քաջալերել, որ նույն ոգևորությամբ խորացնեն իրենց գիտելիքները: Իմ երեքշաբաթյա այցի ընթացքում մենք կշարունակենք փոխադարձաբար բացահայտել մեր երկու բարեկամ ժողովուրդների մշակույթը:

Ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել համալսարանի տնօրենությանը, դասախոսական անձնակազմին և ուսանողներին՝ ջերմ ընդունելության համար:

 

Հարցազրույցը վարեց Հասմիկ Վանյանը:

Համալսարանականները «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլում գրավեցին մրցանակային տեղեր

IMG_E9345

 Հայաստանի Հանրապետությունում սեղանի թենիսի մասսայականացման, բնակչության տարբեր տարիքային խմբերի շրջանում առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման նպատակով արդեն երկրորդ անգամ անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը, որի աշխատանքները համակարգում  է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

2023թ. փետրվարի 17-ին Իջևանի՝ Գուրգեն Էդիլյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլը, որին մասնակցում էին Իջևանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Կայանավանի, Աչաջրի, Այգեհովիտի 50 լավագույն մարզիկ-մարզուհիներ:

Խաղերը կայացան երկու տարիքային խմբերով (18-40 տարեկան ու 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ): 

I-III տեղեր գրաված մարզիկ-մարզուհիները կմասնակցեն ս.թ. փետրվարի 24-ին կայանալիք մարզային առաջնությանը:

18-40 տարիքային խմբում հաջող հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողուհիները:

1-ին տեղը գրավեց «Ֆինանսներ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Անի Թիրաբյանը:

2-րդ տեղը գրավեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Անի Գրիգորյանը, 3-րդ տեղը՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության երկրորդ կուրսի  ուսանողուհի Մարիամ Աֆյանը:

Մյուս տարիքային խմբում (41 և բարձր տարիքի) հաջող հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի ասիստենտ Վարդիթեր Պողոսյանը՝ գրավելով 2-րդ տեղը:

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի՝ ս.թ. փետրվարի 24-ին կայանալիք մարզային փուլում I-III տեղեր գրաված մարզիկ-մարզուհիները մարտին կմասնակցեն հանրապետական փուլին:

ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մեր համալսարանականներին՝ մաղթելով հաղթանակներ մրցաշարի առաջիկա  փուլերում: 

Բժշկական անվճար ծառայություններից օգտվելու հնարավորություն ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների համար

Նորութ. նկար (2)

 «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության միջև 2023թ. կնքված պայմանագրի համաձայն՝ ԵՊՀ ԻՄ-ի հիմնական աշխատակիցները մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը հնարավորություն ունեն առողջության ապահովագրության շրջանակներում օգտվելու մի շարք անվճար բժշկական ծառայություններից: 

Հարգելի՛ աշխատակիցներ, «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության ծառայություններից օգտվելու համար զանգահարեք (098) 277 288, (098) 278 283 հեռախոսահամարներով և փոխանցեք անհրաժեշտ տեղեկությունները.

  • անուն, ազգանուն, հայրանուն,
  • գանգատ,
  • կոնտակտային հեռախոսահամար,
  • նախընտրելի բուժհաստատության անվանում (եթե ունեք):

Բժիշկ-փորձագետը Ձեզ հետ կզանգահարի:

Եթե այցելեք «Նաիրի ինշուրանս» ընկերության հետ համագործակցող բուժհաստատություն (ցանկը՝ այստեղ), ձեզ համար առավել հարմար կլինի, քանի որ բուժհաստատության հաշիվներն անմիջապես կներկայացվեն «Նաիրի ինշուրանս», և դուք չեք վճարի բժշկական ծառայությունների համար, և կարիք չի լինի հավաքել հատուցում ստանալու համար անհրաժեշտ բժշկական և վճարային փաստաթղթերը։

Եթե այցելեք այլ բուժհաստատություն, որի հետ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը չունի համագործակցության պայմանագիր, ապա Ձեզ անհրաժեշտ կլինի վճարել, վերցնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ներկայացնել հայտային դիմում։ Փաստաղթղթերը պետք է ներկայացնել բժշկական ծախսերը կատարելուց հետո առավելագույնը 60 օրվա ընթացքում:

Հորդորում ենք բոլորին պարտադիր անցնել տարեկան պրոֆիլակտիկ բժշկական զննությունը:

Առողջության ապահովագրության գործընթացի հետ կապված մանրամասները (պայմանները, նախատեսված բժշկական անվճար ծառայություններից օգտվելու հնարավորությունները և այլն) ներկայացված են Ուղեցույցում:

Հրապարակվել են 2022-23 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման դասացուցակները

ԵՊՀ ԻՄ - նկ. 

Սիրելի՛ համալսարանականներ, 2022-2023 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առկա ուսուցման դասերը կսկսվեն 2023թ. փետրվարի 7-ից:

Դասացուցակները, ըստ ֆակուլտետների, տեղադրված են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում.

 Մաղթում ենք բոլորիս հաջող և արդյունավետ ուսումնական գործընթաց:

 

Կայացավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանությունը

1. գլխավոր
  2023թ. փետրվարի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:

Նախքան պաշտպանությունը մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ հանձնաժողովի աշխատանքներին մաղթելով բարի ընթացք, իսկ ապագա մագիստրոսներին ցանկացավ հաջողություն՝ իրենց մասնագիտական կոմպետենցիաները պաշտպանության ընթացքում անկաշկանդ և լիարժեք դրսևորելու համար:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Լեռնիկ Պետրոսյանը:

Պաշտպանությանը մասնակցում էր 13 ուսանող (1 ուսանող նախորդ տարվանից):

Աշխատանքներն իրականացված էին ըստ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հեռակա ուսուցման մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգի:

Մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների համաձայն՝ 7 ուսանող ստացավ «գերազանց», 6 ուսանող՝ «լավ». գերազանցության դիպլոմ կստանա 6 շրջանավարտ:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովն իր գոհունակությունն արտահայտեց շրջանավարտների պատրաստվածության մակարդակի վերաբերյալ: Աշխատանքների թեմաներն արդիական էին, դրանք հիմնականում նվիրված էին մանկավարժության ժամանակակից մեթոդներին վերաբերող խնդիրներին: Դրանց բնորոշ էին հետազոտական և փորձարարական տարրերի առկայությունն ու վերհանված խնդիրների համակողմանի ուսումնասիրությունը, շրջանավարտների կողմից մասնագիտական գրականության հմուտ շրջանառումը:

Հանձնաժողովի կարծիքով՝ թեզերի թեմատիկան և իրականացման մակարդակը համապատասխանում էր որակավորմանը:

Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովն առաջարկել է թեզերի թեմաները ձևակերպել ոչ ընդհանրական, այլ կոնկրետ և հստակ, ներկայացման ժամանակ համառոտ անդրադառնալ բոլոր բաժինների բովանդակությանը:

ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի 2023թ. շրջանավարտներին՝ նրանց մաղթելով նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ մասնագիտական ոլորտում և անձնական կյանքում, ստացած գիտելիքները մեր երկրի զարգացմանը և առաջընթացին անմնացորդ ծառայեցնելու կամք, եռանդ և նպատակասլացություն: