Հոգեբանական հետազոտություններ «Կառավարման հոգեբանություն» դասընթացի շրջանակներում

1. գլխավորԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները «Կառավարման հոգեբանություն» դասընթացի շրջանակներում իրականացրել են հետազոտություններ Ենոքավանի «Ապագա ռեզորթ»-ում և «Yell  Extreme Park»-ում:

Նրանց ուղեկցել է Հոգեբանության և մանկավարժության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Սոնա Պողոսյանը:

Հետազոտության նպատակն էր ծանոթանալ կազմակերպությունների կառուցվածքին, կորպորատիվ մշակույթին, արժեքներին, խրախուսման մեթոդներին:

Ուսանողներն ուսումնասիրել են աշխատակիցների պաշտոնական պարտականությունները, մոտիվացիան աշխատանքում, անձնային առանձնահատկությունները և այլն:

Նրանք հնարավորություն են ունեցել գործնականում կիրառելու տեսական գիտելիքները և հոգեբանական հետազոտության մեթոդների կիրառության միջոցով յուրացրել են կառավարման հոգեբանության դերն ու նշանակությունը կազմակերպություններում:

Պրոֆեսոր Լ. Ս. Չիկիլևան մեր ուսանողների համար կարդաց դասախոսություն

1. գլխավոր ԵՊՀ իջևանի մասնաճյուղի ուսանողների համար ս.թ. դեկտեմբերի 10-ին “Learn to speak in public” («Սովորեք խոսել հրապարակայնորեն») թեմայով առցանց դասախոսություն կարդաց Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի անգլերենի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդմիլա Սերգեևնա Չիկիլևան:

Դասախոսությունն իրականացվել է Ֆինանսական համալսարանի և ԵՊՀ-ի համագործակցության շրջանակներում, կազմակերպվել է ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ք.Հարությունյանի և նույն ամբիոնի պրոֆեսոր Ս.Մինասյանի կողմից:

Պրոֆեսոր Չիկիլևան դասախոսության ընթացքում ներկայացրեց իր հեղինակած «Անգլերենը հանրային խոսքում» (“English for Public Speaking”) դասագիրքը, որը հասցեագրված է բոլորին, ովքեր խոսում են անգլերեն և ցանկանում են սովորել հրապարակային խոսքի արվեստը:

Բանախոսն ընդգծեց, որ մասնագիտական հաջողությունը մեծապես կախված է հրապարակայնորեն խոսելու և ասվածը քննադատաբար ընկալելու կարողությունից: Յուրաքանչյուրի կյանքում լինում են պահեր, երբ պետք է խոսել հրապարակավ: Գլոբալիզացիայի դարաշրջանում աճում է հանրության առաջ անգլերենով խոսելու անհրաժեշտությունը, քանի որ վերջինս միջազգային հաղորդակցության լեզու է:

Լ. Ս. Չիկիլևան նշեց, որ անգլախոս երկրներում կան հանրային խոսքի դասավանդման դարավոր ավանդույթներ: Ռուսաստանում շատ միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններ իրականացնում են անգլերենով հրապարակախոսության մրցույթներ: Ակումբներ են ի հայտ գալիս, որոնք նպատակ ունեն զարգացնելու իրենց անդամների հաղորդակցման, հրապարակային խոսքի և առաջնորդության հմտությունները:

Դասախոսությունն ուղեկցվում էր պատկերազարդ տեսանյութերով, որոնք զգալի հետաքրքրություն էին ներկայացնում ուսանողների համար:

Լ. Ս. Չիկիլևան ունկնդիր ուսանողներին ներկայացրեց հռետորության գաղտնիքները՝ դրդելով նրանց ուսումնասիրելու և տիրապետելու հանրային խոսքի հմտություններին:

Ք․Հարությունյանը վերջում շնորհակալություն հայտնեց Լ. Ս. Չիկիլևային՝ հետաքրքիր և բովանդակալից դասախոսության համար և հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Կայացավ Գ. Բալասանյանի մենագրության շնորհանդեսը

1. գլխավոր ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում ս.թ. դեկտեմբերի 10-ին կայացավ պ.գ.թ., դոցենտ Գրիգոր Բալասանյանի «Խորհրդային Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները 1920-1927 թթ.» մենագրության շնորհանդեսը, որին մասնակցում էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր, գրասեր հասարակության անդամներ:

Շնորհանդեսի բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը՝ մասնավորապես նշելով. «Խորհրդային անցյալը, Խորհրդային Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի կազմակերպման հարցերի անաչառ, գաղափարական ենթատեքստերից դուրս, օբյեկտիվ  ուսումնասիրության շնորհիվ հնարավորություն ունենք արժևորելու նախորդ  դարաշրջանի իրադարձութենական գործընթացների ազդեցությունը Հայաստանի և հայության վրա: Այս առումով Գրիգոր Բալասանյանի «Խորհրդային Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները 1920-1927 թթ.» մենագրությունը կարևոր քայլ է Խորհրդային Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների, առևտրային դիվանագիտության խնդիրների ներկապնակն ամբողջացնելու տեսանկյունից: Կարևորենք այն ձեռքբերումները, որոնց շնորհիվ հնարավոր եղավ Մեծ եղեռնից ու հայ-թուրքական պատերազմներից հետո ծայրահեղ աղքատության մատնված եղեռնապուրծ հայության համախմբումն ու հուսալի ապագային միտված գործունեությունը, Խորհրդային Հայաստանի քաղաքական գործիչների մեծ դերակատարումը պետականաշինական գործընթացում, որում անշեղորեն առկա էր ԽՍՀՄ քաղաքական և գաղափարական ազդեցությունը»:

Գ.Բալասանյանի գրքի վերաբերյալ վերլուծության մեջ Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Արա Ազատյանն ընդգծեց. «Խորհրդային Հայաստանի կողմից մի շարք երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու և զարգացնելու պատմության ուսումնասիրությունը կարևոր խնդիր է հայ պատմագիտության համար: Այս առումով շնորհակալ գործ է կատարել պ.գ.թ., դոցենտ Գ. Բալասանյանը՝ ընթերցողի սեղանին դնելով վերոնշյալ թեմային նվիրված մի աշխատություն: Հարուստ աղբյուրագիտական բազա ունեցող աշխատությունն ընդգրկում է 1920-1927 թվականները. շարադրանքը սկսելով Հայաստանի խորհրդայնացումից՝ հեղինակն այն հասցնում է մինչև 1927 թվականը, մի ժամանակաշրջան, երբ շնորհիվ Խորհրդային Ռուսաստանի, այնուհետև Խորհրդային Միության ձեռնարկած միջոցառումների բարելավվեց երկրի տնտեսական վիճակը, ստեղծվեցին արդյունաբերական նոր ձեռնարկություններ, զարգացավ երկաթգծի աշխատանքը, և առևտրային կապեր հաստատվեցին հարևան պետությունների հետ: Ի դեպ, Խորհրդային Հայաստանի հարևան երկրներից առաջինը Պարսկաստանն էր, որի հետ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման համար բանակցություններ սկսվեցին»:

ԵՊՀ-ի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, ք.գ.դ. Գարիկ Քեռյանն իր ելույթում նշեց. «Խորհրդային Հայաստանի քաղաքական գործընթացները և տնտեսական ձեռքբերումների, խնդիրների ուսումնասիրությունը կարևոր է այժմյան նմանօրինակ գործընթացների միտվածությունը հասկանալու և հնարավոր ռիսկերը գնահատելու տեսանկյունից: Գ.Բալասանյանի մենագրությունը տալիս է այդօրինակ բազմաթիվ հարցերի պատասխաններ, մատնանշում խորհրդային հանրապետությունների միության մեջ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության սուբյեկտայնությունը, առևտրատնտեսական հարաբերություններում ունեցած նվաճումները: Հուսավառ ենք, որ հեղինակը կշարունակի իր ուսումնասիրությունները վերոնշյալ ոլորտում և ընթերցողիս սեղանին կդնի հաջորդ հատորները»:

Գնահատանքի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը` նշելով. «Գրիգոր Բալասանյանի մենագրության շնորհանդեսով ևս մեկ անգամ փորձում ենք արժևորել դասախոս-գիտնականի դերակատարումը կրթության և հետազոտության ներդաշնակությունն ապահելու տեսանկյունից: Որպես խորհրդային ժամանակաշրջանում ծնված և կրթություն ստացած քաղաքացի` ես ևս կարևորում եմ խորհրդային ձեռքբերումների, բազմաչափ գործընթացների օբյեկտիվ ուսումնասիրությունը, քանզի այդ ժամանակաշրջանը, իսկապես, «նվաճողական» էր հայրենական գիտության և կրթության համար: Ի դեմս Գրիգոր Բալասանյանի՝ մենք գործ ունենք փորձագետ-մասնագետի հետ, ով իր գրքում փաստերի հիման վրա ներկայացրել է Խորհրդային Հայաստանի պատկերը այդ ծանր տարիներին: Շնորհակալ ենք պարոն Բալասանյանին՝ արժեքավոր գրքի և այդ գրքի շնորհանդեսը մեր բուհում անցակցնելու համար»:

Վերջում ելույթ ունեցավ գրքի հեղինակ Գրիգոր Բալասանյանը, շնորհակալություն հայտնեց շնորհանդեսի բոլոր ներկաներին, կազմակերպիչներին ու ելույթ ունեցողներին: Նա մասնավորապես նշեց. «Առաջին մենագրությունը հաճելի և պարտավորեցնող է, և ես՝ որպես իջևանցի, ուրախ եմ և հպարտ՝ գրքիս շնորհանդեսը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացնելու համար: Մենագրության մեջ քննության են առնված և հրապարակված բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, տարբեր վիճակագրական նյութեր, որոնք ամբողջացնում են Խորհրդային Հայաստանի առևտրատնտեսական գործունեությունը 1920-27 թվականներին: Շնորհակալ եմ ներկաներին և հանձնառու՝ հաջորդիվ ևս կիսվելու մասնագիտական ձեռքբերումներով ու նոր հրապարակումներով»:

 

Մասնաճյուղում նշվեց Պատմաբանի օրը

1. գլխավոր 

 2022թ. դեկտեմբերի 6-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում «Պատմություն» մասնագիտության ուսանողների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Պատմաբանի օրվան նվիրված միջոցառում, որին հրավիրվել էին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսները:

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ արդեն 11-րդ տարին է, ինչ դեկտեմբերի 4-ը նշվում է որպես Պատմաբանի օր։

Մասնագիտական օրվան նվիրված միջոցառումը բացվեց պրոֆեսորադասախոսական անձնակազմի շնորհավորական ողջույնով։

Ա․Ազատյանն իր խոսքում ընդգծեց, որ մասնագիտական օրը ուսանողի և կայացած մասնագետի համար տարվա կարևոր օրերից մեկն է, երբ պետք է արժևորես մասնագիտական ձեռքբերումներդ, մասնագիտությանդ հատուկ նորություններն ու նոր հայացքով քննես անցյալի, ներկայի և ապագայի պատմական զուգահեռումները։

«Յուրաքանչյուրս հանձնառու ենք բարձր պահելու մեր մասնագիտության նկատմամբ հարգանքն ու վստահությունը, ինչի աղբյուրը մեր ամենօրյա մասնագիտական անշահախնդիր անշխատանքն է, տարբեր պատմաքաղաքական և հասարակական գործընթացների նորահայաց ուսումնասիրությունն ու ապագա Հայաստանի լուսավոր տեսլականը։ Սիրենք մեր մասնագիտությունը, արժևորենք մասնագիտական համայնքի յուրաքանչյուր ներկայացուցչին ու նրա աշխատանքը, իսկ ապագա պատմագետներին ցանկանանք մասնագիտական բազում ձեռքբերումներ, ուսումնական նորանոր հաջողություններ, անցյալի և ապագայի կամրջման գործում իրենց վերապահված առաքելությանը համարժեք ուսումնառություն», – նշեց նույն ամբիոնի դասախոս Վ․Պողոսյանը։

Այնուհետև «Պատմություն» մասնագիտութան տարբեր կուրսերի ուսանողներ հանդես եկան զեկուցումներով՝ անդրադառնալով հայ պատմագիտության երևելի գործիչների կյանքին ու գործին։ Ներկայացվեց Միքայել Չամչյանի, Լեոյի, Արտակ Մովսիսյանի, Արամ Սիմոնյանի պատմական ժառանգությունը, արժևորվեց նրանց դերակատարումը հայ պատմագիտական մտքի զարգացման գործում։

Ուսանողներն անդրադարձան Արցախյան ազատագրական պայքարի մասնակից պատմաբան-ուսանողներին՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի, Վլադիմիր Բախշյանի, մեր բուհի շրջանավարտ Շիրակ Գասպարյանի, հավերժ ուսանող Գարիկ Դավթյանի կյանքին ու գործունեությանը։

Միջոցառումը եզրափակվեց մասնակիցների փոխադարձ շնորհավորանքներով և հաջորդ տարի մասնագիտական նոր ձեռքբերումների ներկայացման հույսով ու ակնկալիքով:

ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչների հանդիպումը ուսանողների հետ

1

2022թ. դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցին, ԵՊՀ ԻՄ-ում կայացավ հանդիպում ԱԻՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Վիկտոր Աբազյանի, նույն բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Մելքումյանի և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահ հերթափոխի ավագ հրահանգիչ Էդգար Քամալյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ Գ.Գուլակյանը և ուսանողներ: 

Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները խոսեցին 1988թ. ավերիչ երկրաշարժի ուժգնության, տևողության, դրա ծանր հետևանքների և կորուստների մասին:

Հանդիպման ընթացքում բացատրվեցին երկրաշարժից պաշտպանվելու կանոններն ու արդյունավետ միջոցները, ներկայացվեց, թե նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ և դրանից հետո (ԱԻՆ սեյսմիկ ծառայության կողմից մշակված «Ինչպե՞ս պաշտպանվել երկրաշարժի ժամանակ» ուղեցույցը՝ այստեղ):

Վերջում ուսանողները ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ: