Այսօր Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրն է

Երկրաշարժի մասին նյութի նկար

 2022թ. դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցը:

34 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, ՀՀ հյուսիսային շրջաններում` գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ, տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ: Դրա հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների ենթարկվեցին հազարավոր շինություններ, զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ:

Այն տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպեին (տեղական ժամանակով` 11 անց 41րոպե, 22.7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավել, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազ) մարդ:

Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին, ագրոարդյունաբերական համալիրին, ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին: Անսպասելի աղետը հանկարծակիի է բերել ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ են մտել 2-3 օր հետո: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ (զոհված կամ կենդանի), հոսպիտալացվել 12500 մարդ:

Երկրաշարժի հետևանքով հիմնովին ավերվել է Սպիտակ քաղաքը: Սպիտակի և մոտակա գյուղերի հետ մեկտեղ բնության տարերքը ավերել է 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրել Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական և արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:

Մինչև այսօր Հայաստանը շարունակում է հաղթահարել ավերիչ երկրաշարժի հետևանքները: Մեզանից յուրաքանչյուրը՝ որպես սեյսմիկ գոտում գտնվող երկրի բնակիչ, պետք է պատշաճ իմանա երկրաշարժից պաշտպանվելու կանոններն ու արդյունավետ միջոցները՝ նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար:

Ամեն տարի այս օրը ՀՀ-ում և Սփյուռքում միլիոնավոր հայեր հարգանքի տուրք են մատուցում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: 2019 թվականից սկսած՝ Հայաստանում Դեկտեմբերի 7-ը նշվում է որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:

Ոգեկոչելով ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը՝ ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության անունից մեր ժողովրդին մաղթում ենք ամուր և հաստատուն կամք՝ բոլոր դժվարություններին դիմակայելու, ստեղծագործ աշխատանքով ապրելու և արարելու համար, վաղվա օրվա հանդեպ հույս և հավատ, խաղաղություն և բարօրություն: 

Գիտաճանաչողական այցեր՝ պատմաբանի օրվա առթիվ

1. գլխավոր 

  ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ 2012թ. որոշվեց դեկտեմբերի 4-ը՝ հայ անվանի պատմաբան, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ Միքայել Չամչյանի ծննդյան օրը, նշել որպես պատմաբանի օր:2022թ. դեկտեմբերի 4-ին՝ իրենց մասնագիտական տոնի առթիվ, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության նախաձեռնությամբ «Պատմություն» կրթական ծրագրի 1-4-րդ կուրսերի ուսանողները նույն կրթական ծրագրի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Ն.Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Հայաստանի պատմության թանգարանում` պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոնում, մեր ուսանողները ծանոթացան հայ ժողովրդի` հին քարե դարից մինչև նորագույն ժամանակաշրջանի պատմության բազմաթիվ ցուցանմուշներին:

Նրանք շրջեցին նաև Հայաստանի ազգային պատկերասրահում` հմայվելով հայ և արտասահմանայան արվեստի նմուշներով: Պատկերասրահի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Ուղևորության հաջորդ նպատակակետը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն էր, որտեղ ապագա պատմաբանները ծանոթացան երեք նշանավոր հնավայրերից (Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ) հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդներին և գտածո նմուշներին: «Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են վերոնշյալ 3 հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումների շնորհիվ հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանկաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաներ` խմբավորված 161 հավաքածուներում: Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Վանի թագավարության պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցնները:

Վերջում ուսանողները ծանոթացան ՀՀ հնագիտական ժառանգության՝ Երևանի հարավարևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդի բլրի վրա պահպանված ամենանշանավոր հուշարձաններից մեկի՝ Էրեբունի բերդաքաղաքի մնացորդներին:

«Ուսանողների գիտահետազոտական աշխատանքի հիմնական սկզբունքները» թեմայով սեմինար

1. գլխավոր. IMG_7118 2022թ. դեկտեմբերի 2-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ «Ուսանողների գիտահետազոտական աշխատանքի հիմնական սկզբունքները» թեմայով սեմինար, որին մասնակցում էին «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության II-IV կուրսերի ուսանողները: Այն վարում էր ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մինասյանը:

Սեմինարավարը համատեղեց ավանդական կրթությունը, առցանց հարթակներն ու կարիերայի կենտրոնները: «Ավանդական մոտեցումից մենք վերցնում ենք ակադեմիական մոտեցումը, հարթակներից վերցնում ենք ճկունությունը և անդրսահմանայնությունը (трансграничность), կարիերայի կենտրոններից՝ վստահությունը ուսանողների հաջողության նկատմամբ: Ներկայումս համալսարանի հիմնական նպատակն է բազմակողմանիորեն զարգացած անհատականության, գիտական լայն հայացքներով, ընդհանուր մշակութային հետաքրքրություններով և ստեղծագործական ներուժով անձի ձևավորումը, որն ունակ է ինքնաիրացվել գործունեության բոլոր և մասնավորապես՝ հումանիտար առարկաների ոլորտում», – իր խոսքում ընդգծեց պրոֆեսոր Մինասյանը:

Ներկայացվեց, որ ուսուցման ներկա փուլում հումանիտար գիտությունների ուսանողների որոնողական և հետազոտական գործունեությունը պետք է դիտարկել որպես կրթական գործընթացում լայնորեն կիրառվող նորարարական կրթական տեխնոլոգիա: Խնդիրը սերտորեն կապված է մանկավարժական իրավիճակի վերլուծության և ուսումնասիրության հետ: Որոշ դեպքերում կրթական հետազոտությունը սկսվում է խնդրից, իսկ որոշ դեպքերում խնդիրն առաջանում է ինչ-որ օբյեկտի դիտարկումների արդյունքում: Հետևաբար, որոնողահետազոտական աշխատանքի փուլում անհրաժեշտ է ուսանողներին դնել այնպիսի դժվարության առաջ, որի հաղթահարումը կակտիվացնի նրանց մտավոր գործունեությունը, ուսանողների առաջ կբացահայտի հակասությունները ծագած ճանաչողական կարիքի և այդ կարիքը առկա գիտելիքների, կարողությունների և հմտությունների միջոցով բավարարելու անհնարինության միջև:

Նշվեց, որ հումանիտար ուղղվածությամբ ուսանողների գիտահետազոտական գործունեության կազմակերպման ընթացքում որոշակի դժվարություն են ներկայացնում նրանց կողմից ուսումնամեթոդական գրականության ճիշտ վերլուծությունը, ավանդական մեթոդների և հնարների կիրառման վրա հիմնված տեսական մասի կառուցումը, պրակտիկ մանկավարժների փորձի ուսումնասիրումը, փորձարարական-մեթոդական ցուցումների մշակումը և փորձարկումը:

Այդ դժվարություններին իհարկե հնարավոր չէ անդրադառնալ մեկ սեմինարի շրջանակներում: Հետևաբար, սեմինարի ծրագրում ներառված էին խնդիրներ, որոնք թույլ էին տալիս որոշել կրթական հետազոտությունների օգտագործման հիմնական ուղղությունները և նշանակությունը, թե ինչպես ճիշտ ձևակերպել թեման, նպատակները, խնդիրները, հետազոտության օբյեկտը և առարկան, վարկածը, ինչպես որոշել աշխատանքի բովանդակությունը և մեթոդները, պլանի համաձայն՝ անցկացնել փորձ: Այս ամենը կհանգեցնի համեմատելու, համադրելու, հակադրելու, ընդհանրացնելու և անհրաժեշտ եզրակացություններ անելու ունակությունների ձևավորմանը:

Սեմինարի ընթացքում Ս.Մինասյանն անդրադարձավ նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ խնդրի ձևակերպումը (այն հարցերի նախանշումը, որոնք պետք է դիտարկվեն ուսումնասիրության ընթացքում), վարկածի առաջքաշումը (որոշակի ենթադրությունների շարադրում, հիմնավորում ուսումնասիրության ընթացքում), վարկածի ապացույցը կամ հերքումը, փորձարարական պլանի մշակումը: Որպես օրինակ՝ դիտարկվեցին ԱՊՀ երկրների ուսանողների ուսումնասիրությունները, դրանք համեմատվեցին բերված օրինակների հետ, և ամփոփվեցին դիտարկված նյութերը:

«Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին ուղեղային գրոհի (մտագրոհի) մեթոդի քննարկմանը:

Գիտական սեմինարի կազմակերպումը շատ կարևոր էր գիտահետազոտական աշխատանքներում ուսանողներին ներգրավելու, նրանց մեջ նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, ստեղծագործական և վերլուծական մտածողություն ձևավորելու առումներով:

Կայացավ հաշմանդամության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված դաս-քննարկում

1. գլխավոր. IMG_7098 ԵՊՀ ԻՄ-ի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում 2022թ. դեկտեմբերի 1-ին՝ ՄԱԿ-ի կողմից 1992-ին հռչակված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ, ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի կողմից անցկացվեց «Ի՞նչ է հաշմանդամությունը» թեմայով դաս-քննարկում, որին մասնակցեցին Իջևանի դպրոցների 9-11-րդ դասարանների աշակերտական թիմերը:

Դաս-քննարկման ընթացքում շոշափվեցին հետևյալ հարցերը՝ «Ի՞նչ է հաշմանդամությունը», «Որո՞նք են հաշմանդամության մոդելները», «Ինչպե՞ս հաղորդակցվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ», «Որո՞նք են հաշմանդամ մարդկանց իրավունքները»:

Մասնավորապես՝ գործնական օրինակների հիման վրա ներկայացվեցին հաշմանդամության մոդելները, ընդգծվեց, թե որ մոդելն է ընկած ներառական կրթության հիմքում:

Ծավալվեց քննարկում ներառական կրթության շուրջ, պարզաբանվեց, թե ինչպես ճիշտ խոսել հաշմանդամություն ունեցող անձանց հետ:

Խոսվեց բոլորի և հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, մատնանշվեցին այն իրավունքները, որոնք ամենից հաճախ են ենթարկվում ոտնահարման:

Թիմերին ներկայացվեց իրավիճակային խնդիր և հանձնարարվեց գտնել դրանց լուծման ուղիները: Իրականացվեց մանկավարժական իրավիճակի բեմադրություն՝ դերային խաղի տեսքով:

Գործնական հետազոտություն «Մարքեթինգ» դասընթացի շրջանակներում

1. գլխավոր ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները «Մարքեթինգ» դասընթացի շրջանակներում այցելեցին Իջևանում գտնվող Քաղաքական սրճարան (Political cafe)՝ մարքեթինգային հետազոտություն կատարելու նպատակով: Նրանց ուղեկցում էր Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ Ա.Սարիբեկյանը:

Կիրառվեցին հետազոտության երեք մեթոդներ՝ բանավոր հարցում, դիտարկում և փորձարկում:

Բանավոր հարցմանը մասնակցեցին հաճախորդները և սպասարկող անձնակազմը:

Հետազոտության արդյունքում ստացված տեղեկատվությունը քննարկելուց հետո ուսանողները, հիմնվելով մարքեթինգի տեսական գիտելիքների վրա, կատարեցին SWOT վերլուծություն, պարզեցին որոշ մրցակցային առավելություններ և բացահայտեցին խնդիրներ, որոնց շուրջ սրճարանի անձնակազմին տրվեցին առաջարկություններ:

Իջևան քաղաքի սրճարաններ այցելությունները կրելու են շարունակական բնույթ, քանի որ գործնականում տեսական գիտելիքների կիրառումը ուսանողների շրջանում առաջացրեց մեծ ոգևորություն և հետաքրքրություն: