Բազկամարտի մասնաճյուղային առաջնություն

2014թ. փետրվարի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ բազկամարտի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էր 10 ուսանող` տարբեր ֆակուլտետներից:

Առաջնությունն անցկացվեց օլիմպիական ձևով (աջ և ձախ ձեռքով):

 Աջ ձեռքի մրցապայքարում հաղթող ճանաչվեց Տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Ռուբեն Նազարյանը:

Ձախ ձեռքի մրցապայքարում հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանող Մարատ Ավագյանը:

Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով:

Քարնեգի հետազոտական կրթաթոշակային ծրագիր, 2014-2015

ԱՄՆ-ում հետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն հասարակագիտության և հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետների համար

Քարնեգի հետազոտական կրթաթոշակային ծրագիրը իրականացվում է Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի հետազոտությունների ազգային խորհրդի (NCEEER) կողմից` համագործակցելով Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հետ:

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի հետազոտությունների ազգային խորհուրդը հայտարարում է Քարնեգի հետազոտական կրթաթոշակային ծրագիրը 2014-2015թթ. ուս. տարվա համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս հասարակագիտության և հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետներին  անհատական, գիտական աստիճան չտվող հետազոտական աշխատանքներ իրականացնել ԱՄՆ-ի համալսարաններում և ինստիտուտներում: Ծրագրի մասնակիցները 4 ամսվա ընթացքում պետք է հետազոտություններ իրականացնեն նախապես ընտրված թեմայով և վերադարձից հետո ներկայացնեն 15-ից 30 էջի սահմաններում ակադեմիական աշխատանք, կարդան դասախոսություններ՝ խթանելու բարձրագույն կրթության զարգացումը:

Ծրագրի մասնակիցները կստանան. 1) իրենց բնակության վայրից մինչև ԱՄՆ-ի հյուրընկալող համալսարան ուղևորության և հետադարձի ճանապարհածախս 2) մեկնումից առաջ, ինչպես նաև Վաշինգթոն քաղաքում կողմնորոշիչ հանդիպում, 3) ամսական թոշակ, 4) առողջական ապահովագրություն և 5) գրադարաններից ու արխիվներից օգտվելու հնարավորություն և մասնակցություն շրջանավարտների համար նախատեսված միջոցառումներին: Ի լրումն, ծրագրի բոլոր մասնակիցները կկարողանան դիմել գիտական զարգացման ֆոնդին՝ գրքեր գնելու, տեխնոլոգիաներ և հետազոտության համար անհրաժեշտ այլ նյութեր ձեռք բերելու կամ ԱՄՆ-ում համապատասխան մասնագիտական խմբերի հետ կապ հաստատելու և գիտաժողովների մասնակցելու համար:

ԾՐԱԳՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է.

  • լինեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի քաղաքացի
  • լինեն ասպիրանտ, դասախոս կամ գիտնական, ովքեր վերջին շրջանում հետազոտական աշխատանքներ չեն իրականացրել ԱՄՆ-ում
  • ունենան կամ դիմումի պահին պաշտպանելիս լինեն թեկնածուական աստիճանը
  • ունենան հրատարակություններ (ասպիրանտները կարող են նշել գիտաժողովների ժամանակ իրենց ներկայացրած աշխատանքները) համապատասխան ոլորտում
  • տիրապետեն անգլերեն լեզվին
  • հետազոտությունն իրականացնեն հետևյալ թեմայով՝ «Հարավային Կովկաս.Կյանքն անցումային շրջանում»
  • ի վիճակի լինեն ստանալ ԱՄՆ մուտքի «J» տեսակի արտոնագիր
  • կարողանան ԱՄՆ-ում հետազոտությունները սկսել 2014թ. սեպտեմբերին կամ 2015թ. հունվարին:

Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի հետազոտությունների ազգային խորհուրդը և Ամերիկյան խորհուրդները ռասայական, մաշկի գույնի, սեռի, հաշմանդամության, կրոնական պատկանելիության, ազգության և էթնիկ պատկանելիության խտրականություն չեն դնում:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝

Բոլոր դիմորդները պետք է ուղարկեն դիմումների ամբողջական փաթեթը և փաստաթղթերը apply@nceeer.org էլ. հասցեին մինչև 2014թ.-ի ապրիլի 30-ը: Փաթեթի մեջ պետք է ներառել նաև ձեր երաշխավորագրերը, անձնագրի պատճենը և ծրագրի կանոնների ստորագրված տարբերակը:

Դիմումների հանձնման վերջնաժամկետն է 2014թ. ապրիլի 30-ը (Երևանի ժամանակով ժամը 17:00-ն)

Ծրագրի մասին ավելին իմանալու համար այցելեք՝ http://www.nceeer.org:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ալեքսեյ Խարլամովին՝ alexei@nceeer.org էլ. հասցեով:

CRFP Application

Application Guidelines Privacy Policy of NCEEER

 

Աղբյուրը` armscoop.com

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնությունում հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի հավաքականը

2014թ. փետրվարի 24-26-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի` փոխանցիկ գավաթի մասնաճյուղային առաջնություն:

Նպատակը լավագույն մարզիկներով մասնաճյուղի վոլեյբոլի հավաքականը համալրելն էր:

Առաջնություն մասնակցում էր 6 թիմ (Տնտեսագիտության ֆակուլտետի և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության I կուրսի, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի և «Պատմություն» մասնագիտության IV կուրսի, Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության I կուրսի, Կիրառական արվեստի ֆակուլտետի «Կիրառական արվեստ» մասնագիտության I կուրսի հավաքականները):

Եզրափակիչ դուրս եկան «Պատմություն» մասնագիտության IV կուրսի և Տնտեսագիտության ֆակուլտետի հավաքականները:

2:0 հաշվով հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի հավաքականը:

Հաղթող թիմը պարգևատրվեց փոխանցիկ գավաթով և հուշանվերով:

Էկոլաբ. կրթություն կայուն զարգացման համար

Դուք անտարբեր չեք Ձեր համայնքի էկոլոգիական խնդիրների հանդեպ
 Դուք ցանկանում եք բարելավել Ձեր շրջակա միջավայրը
Ուրեմն միացե՛ք ԷկոԼաբին հենց հիմա

ԷկոԼաբը հիմնված է Կրթություն կայուն զարգացման համար գաղափարի վրա, որը հնարավորություն է տալիս երիտասարդ ակտիվիստներին ձեռք բերել ծրագրեր իրականացնելու հմտություններ, կյանքի կոչել իրենց սեփական մտքերը և իրենց ներդրումն ունենալ սեփական համայնքների զարգացման գործում: Այս տարի 30 երիտասարդներ հնարավորություն կստատան ծրագրի շրջանակներում մասնակցել Հայաստանի տարբեր շրջաններում իրականացվող 3 սեմինարի և իրագործել սեփական ծրագրերը՝ ուղղված իրենց համայնքների հիմնախնդիրների լուծմանը:

  • Եթե Դուք 18-ից 24 տարեկան եք,
  • Եթե Դուք բնակվում եք Հայաստանի մարզերում,
  • Եթե Դուք ակտիվ եք Ձեր համայնքում,
  • Եթե Դուք հետաքրքրված եք էկոլոգիական խնդիրներով,

Բաց մի թողեք Ձեր հնարավորությունը՝

  • Իրականացնելու Ձեր իսկ ծրագրերը,
  • Զարգացնելու Ձեր կառավարման հմտությունները,
  • Ավելի խորը ուսումնասիրելու էկոլոգիայի և կայուն զարգացման խնդիրները,
  • Ձևավորելու Ձեր սեփական միջավայրը,
  • Կառուցելու համախոհների ցանց:

Դիմումներ ընդունվում են մինչև 2014թ. ապրիլի 1-ը:

2014 թ. ժամանակացույց`
– Գարնանային դպրոց՝ ապրիլի 28 – մայիսի 6,
– Ծրագրային հանդիպում-սեմինար՝ հունիսի 23 – 29,
– Ծրագրերի իրականացման շրջան՝ հուլիս – հոկտեմբեր,
– Անդրադարձ ֆորում՝ նոյեմբերի 17 – 23:

Սեմինարների ընթացքում մասնակիցների կացության և սննդի ծախսերը հոգում է ծրագիրը: Սեփական բնակավայրից սեմինարի վայր հասնելու ճանապարհածխսերը փոխհատուցվում են սեմինարների ժամանակ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կապվել Ծրագրի համակարգող Յանա Մկրտչյանի հետ` ecolab@joint-civic-education.net Էլ. հասցեով:

Ներբեռնել դիմում հայտը:
Ներբեռնել դիմում հայտը pdf ձևաչափով:

Առավել մանրամասն` http://www.am.joint-civic-education.net:

Աղբյուրը` youthcanal.do.am

Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի պիլոտային տարածքը ավարտական աշխատանքի թեմա

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի չորրորդ կուրսի ուսանող Մերի Ամիրզյանի ավարտական աշխատանքի թեման վերաբերում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող և WWF-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրին։ Ծրագրի պիլոտային տարածքներից մեկը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսության Կողբի անտառապետությունում գտնվող «Նոյեմբերյան» տարածքը (մոտ 78 հա) ընտրվել է որպես աշխատանքի թեմա։

Այն որոշվել է 2013թ-ի գարնանը, որից հետո ուսանողը սկսել է աշխատանքները՝ ներառյալ բազմաթիվ այցեր ծրագրի տարածք, հանդիպումներ անտառտնտեսության աշխատակիցների հետ, քննարկումներ և դաշտային դիտարկումներ։ Ավարտական աշխատանքը ղեկավարում է վերոնշյալ ծրագրի համակարգող, ինչպես նաև ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի անտառագիտության ամբիոնի վարիչ՝ Արթուր Ալավերդյանը։

Անտառի տրանսֆորմացիայի ծրագրով մարդկային հզորությունների ստեղծման շրջանակներում Մերի Ամիրզյանը մասնակցել է մի շարք միջոցառումների, այդ թվում ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի ուսանողներին և դասախոսներին ուղղված իրազեկության բարձրացման և կրթական միջոցառմանը (նոյեմբերի 7, 2013 թ․, Իջևան, Սպիտակ պիլոտային տարածք), համայնքային աշխատանքային հանդիպմանը Կողբ համայնքում (նոյեմբերի 12, 2013 թ․, Կողբ, Տավուծի մարզ) և միջազգային խորհրդատու Դիրք Ֆրանկենհաուզերի կողմից անցկացված կլիմայի փոփոխության և անտառի տրանսֆորմացիայի ուսուցմանը (փետրվարի 18, 2014թ․, Երևան)։

Իրականացվել են նաև համատեղ դաշտային այցեր ծրագրի անձնակազմի հետ ՝ տարբեր առնչվող հարցերի քննարկման և դաշտային գործողությունների արդյունքների դիտարկման նպատակով։ Ուսանողը մշտական կապ է պահպանում ծրագրի հետ՝ ստանալով անհրաժեշտ տեղեկություններ (անտառի տրանսֆորմացիայի պլան, փոփոխություններ, դաշտային գործողություններ և այլն), ինչպես նաև հայտնելով իր աշխատանքի առաջընթացի մասին։

Անտառի տրանսֆորմացիայի ծրագրի անձնակազմը պատրաստվում է մասնակցել ավարտական աշխատանքի ներկայացմանը։

Աղբյուրը` armenia.panda.org