Միջոցառում` նվիրված սոցիալական մանկավարժի միջազգային օրվան

2013թ. հոկտեմբերի 2-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ սոցիալական մանկավարժի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր մ.գ.թ., դոցենտ Ս.Բեժանյանը:

Մասնաճյուղից միջոցառմանը հրավիրված էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի “Մանկավարժություն և հոգեբանություն” ամբիոնի ասիստենտ Ա.Հովակիմյանը և նույն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները:

Միջոցառման նպատակն էր կարևորել սոցիալական մանկավարժի դերը սոցիալական ինստիտուտների (հասարակություն, ընտանիք, կրթական հաստատություններ և այլն) կայացման և զարգացման գործում:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Ա.Հովակիմյանը`  ընդգծելով “Սոցիալական մանկավարժություն” մասնագիտության և միջբուհական համագործակցության կարևորությունը որակյալ կադրեր պատրաստելու հարցում:

Միջբուհական համագործակցության վառ դրսևորում է սոցիալական մանկավարժության իրադրային խնդիրների վերաբերյալ 2013թ. հոկտեմբերին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայանալիք օլիմպիադան, որին կմասնակցեն ԵՊՀ ԻՄ-ի և ՎՊՄԻ-ի “Մանկավարժություն և հոգեբանություն”  մասնագիտության ուսանողները:

Մասնաճյուղի ներկայացուցիչները համայնքային երկրորդ փառատոնում

2013թ. հոկտեմբերի 1-ին Երևանում “Քաունթերփարթ ինթերնեշնլ” կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվեց համայնքային երկրորդ փառատոնը, որին մասնակցում էին քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրում ընդգրկված 43 համայնքներ, այդ թվում` Իջևան համայնքը:

Մասնակիցները ներկայացրին իրենց համայնքների մշակույթը, բարիքները, ավանդական ճաշատեսակները: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից փառատոնին իրենց ստեղծագործություններով ներկայացան կիրառական արվեստի ֆակուլտետի դեկորտատիվ կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտ Դոնարա Չիբուխչյանը, նույն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Դիանա Իսախանյանը և Սիրանուշ Գոգինյանը:

Փառատոնի ընթացքում մասնաճյուղի ներկայացուցիչները անցկացրին վարպետության դասեր: Դ.Չիբուխչյանը ներկայացրեց մաքոքագործության և մետաքսանկարչության, իսկ Դ. Իսախանյանը` գոբելենագործության տեխնիկան:

Փառատոնի յուրաքանչյուր տաղավարի կողմից ներկայացված անհատական կտավներից ձևավորվեց մի ամբողջական խճանկար` Հայաստանի համայնապատկերով, որի ներքո փառատոնի մասնակիցները բռնեցին շուրջպար:

Տուրիստական էքսպո` նվիրված Զբոսաշրջության միջազգային օրվան

2013թ. սեպտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցավ Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տուրիստական էքսպո, որը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Տուրիստական էքսպոն նպատակ ուներ վերհանել ներգնա զբոսաշրջային ներուժը Հայաստանում, բարձրացնել հանրության իրազեկվածությունը զբոսաշրջության և դրա սոցիալական, մշակութային, քաղաքական ու տնտեսական արժեքների կարևորության վերաբերյալ:

25 տաղավարներում ներկայացված էին հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը, ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցներ։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից էքսպոյին  մասնակցեցին կիրառական արվեստի ֆակուլտետի դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտ Դոնարա Չիբուխչյանը և նույն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Անգին Մամյանը, Սիրանուշ Գոգինյանը, որոնք ներկայացրին իրենց և ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից  (գոբելեն, բատիկա, կերամիկական աշխատանք, փայտի գեղարվեստական մշակում և այլն):

Մասնակիցները տեղում անցկացրին նաև  գոբելենագործության վարպետաց դասեր, որոնց մեծ հետաքրքրությամբ հետևեցին փառատոնի այցելուները:

“Art EXPO”-2013

2013թ. սեպտեմբերի 20-ին Գյումրիում իրականացվեց ցուցահանդես, որը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Ցուցահանդեսում ընդգրկված էին հանրապետության բոլոր մարզերը:

Տավուշի մարզից ցուցահանդեսին ներկայացան մարզի կրթության, սպորտի, երիտասարդության հետ հարցերի վարչության պետ Աշոտ Փաշինյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կամո Այվազյանը, դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտ Անուշ Չիբուխչյանը, ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Ալբերտ Գաբրիելյանը, բակալավրի 4-րդ կուրսի ուսանող Անգին Մամյանը:

Մարզի տաղավարը ձևավորվեց ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների ավարտական բազմաժանր աշխատանքներով (գոբելեն, մետաքսանկարչություն, կերամիկական աշխատանք, փայտի գեղարվեստական մշակում, ասեղնագործություն և այլն):

Ցուցադրված աշխատանքների մեծ մասը ղարաբաղյան թեմայով էր:

 Ցուցահանդեսն ունեցավ բազմաթիվ այցելուներ`պետական գործիչներ, սփյուռքահայեր, քաղաքի բնակիչներ, ուսանողներ և այլք:

Ցուցահանդես այցելեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և շրջեց բոլոր տաղավարներով: Կամո Այվազյանը  և Անուշ Չիբուխչյանը նախագահին ներկայացրին ցուցադրված աշխատանքների թեմատիկան, մարզում գործող արվեստի ճյուղերը և կիրառական արվեստի ֆակուլտետում իրականացվող աշխատանքները:

Նախագահն իր գոհունակությունն արտահայտեց մասնաճյուղի ներկայացրած աշխատանքների կապակցությամբ: ՀՀ մարզերում գործող արվեստի տարբեր ճյուղերի բացահայտման իմաստով  ցուցահանդեսն ունեցավ ճանաչողական մեծ նշանակություն:

Օզոնի ազգային կենտրոնի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. սեպտեմբերի 18-ին Օզոնային շերտի պահպանման միջազգային օրվա կապակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ բնապահպանության նախարարության օզոնի ազգային կենտրոնի ներկայացուցիչները:

Ներկա էին մասնաճյուղի և հատկապես Բնական գիտությունների ֆակուլտետի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոսները, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Այցի ընթացքում ներկայացուցիչները հանդես եկան «Օզոնային շերտի պահպանման հիմնախնդիրները» թեմայով զեկուցմամբ:

Քննարկվեցին մի շարք հարցեր` օզոնային շերտի կարևորության, նրա քայքայման վտանգավորության, այդ բնագավառում միջազգային համագործակցության վերաբերյալ:

ՀՀ բնապահպանության նախարարության օզոնի ազգային կենտրոնի ներկայացուցիչները պատասխանեցին ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին: