Հումանիտար գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստում

2013թ. սեպտեմբերի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստ, որը նախագահում էր մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը:

Նիստին մասնակցում էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական և մասնաճյուղի վարչական անձնակազմի ներկայացուցիչները:

Քննարկվեցին դասախոսական նոր տարակարգերի վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես տնօրենության նիստում սահմանվել էր դասախոսական երեք տարակարգ` մեթոդիստ դասախոս, հետազոտող դասախոս, մանկավարժ դասախոս:

Տարբերակված աշխատավարձերը սահմանելիս հաշվի կառնվեն նաև նշված տարակարգերը:

Ի գիտություն վճարովի համակարգ ընդունված ուսանողների

Վճարովի համակարգ  ընդունված ուսանողներին հայտնում ենք, որ ուսման վարձը պետք է վճարել մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը:

Ուսման վարձը կարող եք վճարել «Արդշինինվեստբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 247610017094:

Վճարել հնարավոր է Հայաստանի տարածքում գործող ցանկացած բանկի միջոցով, սակայն «Արդշինինվեստբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում վճարում կատարելիս բանկային ծախսերի գումար չի գանձվում:

Բանկում վճարում կատարելիս պետք է հստակ նշվի ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ուսուցման համակարգը, ֆակուլտետը, մասնագիտությունը և կուրսը:

Բանկում կատարած վճարման անդորրագիրը պահպանել և ներկայացնել փոխանցման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում:

ԵՊՀ ԻՄ -ի հաշվապահություն

Տոնական միջոցառմամբ մասնաճյուղում սկսվեց նոր ուսումնական տարին

Սեպտեմբերի 2-ին մասնաճյուղում մեկնարկեց նոր` 2013-2014 ուստարին: Նոր ուստարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդունեց 211 առաջին կուրսեցիների, որոնց դիմավորելու համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում: Այն սկսվեց ՀՀ օրհներգով:

Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ ներկաներին ողջունեց Սամվել աբեղա Մխիթարյանը` իր օրհնությունն ու շնորհավորանքը հղելով բոլորին: 

Դասախոսներին, ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին ողջույնի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը` նրանց մաղթելով բարի գալուստ,  հաջողություններ գիտության մեջ և կյանքում: 

Նա միաժամանակ նշեց, որ բուհը և դպրոցը սոսկ ուսումնառության կենտրոն չեն, այլև դաստիարակության կենտրոն: Տնօրենը շնորհակալություն հայտնեց բոլոր ծնողներին` բուհի նկատմամբ նրանց վստահության համար:

Ողջույնի և շնորհավորանքի խոսք ասաց նաև Իջևանում տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ պարոն Մախսուդյանը:

Տոնական միջոցառման ընթացքում գեղեցիկ երգ ու պարով, բանաստեղծությամբ հանդես եկան մասնաճյուղի տաղանդավոր ու շնորհալի ուսանողները:

Մասնաճյուղի մշակութային արժեքներին հաղորդակցվեցին ֆրանսահայ աշակերտները

2013թ. օգոստոսի 26-ին «Բարև՛, Իջևան» ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Ֆրանսիայում գործող Հայ օգնության միության (ՀՕՄ) աշակերտները՝ ՀՕՄ-ի ատենապետուհի ու դպրոցի պատասխանատու  Էլիզաբեթ Ալաշյանի և ուսուցչուհի Թամար Ստեփանյանի ուղեկցությամբ:

Ծրագրի նպատակն է փոխադարձ այցերի միջոցով ամրապնդել Հայաստանի և սփյուռքի միջև կապը՝ մասնավորապես մշակույթի ոլորտում: Իջևանը պատահական չի ընտրված, քանի որ Տավուշի մարզկենտրոնը և ֆրանսիայի Վալանս քաղաքը քույր քաղաքներ են:

Հյուրերը եղան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի կոմպոզիցիոն աշխատանքների պատկերասրահում, որտեղ ֆակուլտետի դեկան Կամո Այվազյանը նրանց մանրամասն ներկայացրեց այս և նախորդ տարիների շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա և այլն) աշխատանքները:

Հյուրերը շատ տպավորված էին նրբաճաշակ ստեղծագործություններով և իջևանյան ջերմ ընդունելությամբ: «Տաս օրով մի խումբ աշակերտների բերել ենք Իջևան, որ ծանոթանան տեղվույն կյանքին և մշակույթին: Թե՛ հասարակական, թե՛ ընտանեկան միջավայրի իմաստով իրենց համար մեծ փոփոխություն է գտնվիլ հոս: Մեծապես շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար և հուսով ենք, որ այցելությունները կլինեն շարունակական»,-նշեց տիկին Էլիզաբեթը: