ԳԻՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՒՄ ԿԱՐԴԱՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՒ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍ ՄԱՐԻԵՏԱ ՃԱՂԱՐՅԱՆԸ

2013թ. ապրիլի 12-ին ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Մարիետա Ճաղարյանը կարդաց գիտական զեկուցում` B-ծառերի մի ծրագրային իրականացման թեմայով:

Ներկա էին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտ. թեկն., դոցենտ Արտակ Ցուցուլյանը, ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. թեկն., դոցենտ Մանվել Զաքարյանը,  դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման արդիական է և հետաքրքիր: Ծառի աճը ղեկավարող հայտանիշի առկայությունը  դինամիկ կառույցներում տարրի արագ փնտրում իրականացնելու կարևորագույն խնդիրներից մեկն է:

Զեկուցման մեջ սահմանվեց  տվյալների պահպանման n-րդ կարգի B-ծառ, ներկայացվեց նրա կառուցվածքը, հատկությունները, առավելությունները այլ ծառային կառույցների նկատմամբ, նոր տարրի ավելացման և փնտրման  գործողությունների իրականացման սխեմաները և տրվեցին այդ գործողությունների ժամանակային գնահատականները:

Ներկայացվեց  n-րդ կարգի B-ծառերի մի ծրագրային իրականացման ալգորիթմը, որը կատարում է տվյալների հաջորդականության ներմուծում, ծառի կառուցում և  արդյունքների (աճման կարգով դասավորված հաջորդականության)  արտածում:

«Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ՝ երիտասարդ գիտնականների համար

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ 2013թ. հայտարարում են  “Լավագույն գիտական աշխատանք” մրցույթ երիտասարդ գիտնականների/ մինչև 35 տարեկան/ համար՝  նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին:

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ ԳԱԱ “Գիտության զարգացման հիմնադրամի” գրասենյակից կամ http://sdfund.sci.am կայքից:

Փաստաթղթերի ներկայացման ժամկետն է 2013թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 15-ը:
Հասցեն՝ 0019 Երևան, Մարշալ Բաղրամյան 24: Հեռ՝ 52-75-30, 58-36-91
Աղբյուրը` www.edu.am

Ավարտական աշխատանքների նախապաշտպանություն

Հայտնում ենք Կիրառական արվեստի ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողներին, որ 2013թ. ապրիլի 19-ին՝ ժամը 13:00-ին, տեղի կունենա ավարտական աշխատանքների նախապաշտպանություն:

Մասնակցությունը պարտադիր է:

 

Կիրառական արվեստի ֆակուլտետի գեղխորհուրդ

Դպրոցական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին

2013թ. ապրիլի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ մարտի 16-ին ԵՊՀ-ի կողմից կազմակերպված դպրոցական օլիմպիադայում հաղթած աշակերտների պարգևատրման արարողությունը:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպեց տարբեր առարկաներից առավել բարձր միավորներ ստացած Տավուշի մարզի դպրոցների 12-րդ դասարանի 16 աշակերտների հետ:

Ներկա էին նաև մասնաճյուղի ուսանողական կառույցների ղեկավարները և Մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժնի վարիչը:

Տնօրենը դպրոցականների հետ խոսեց մասնագիտությունների ընտրության, գիտելիքի կարևորության մասին: Նա շնորհավորեց բոլորին, մաղթեց հաջողություններ և հանձնեց դիպլոմներ ու գովասանագրեր:

Այնուհետև ելույթ ունեցավ մասնաճյուղի ՄԿՄԿ բաժնի վարիչ Վ.Չոբանյանը: Նա ևս շնորհավորեց հաղթողներին, խոսեց ԵՊՀ ԻՄ-ի՝ որպես մարզային բուհի առաքելության և նրա հետ համագործակցության մասին: Վ.Չոբանյանը նշեց, որ առաջիկայում մասնաճյուղում կազմակերպվելու է դպրոցականների ինտելեկտուալ խաղ և կոչ արեց անպայման մասնակցել խաղին:

Ցուցահանդեսի բացումը

2013թ. ապրիլի 4-ին Իջևանի քաղաքային պատկերասրահում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը:

Ներկա էին ԵՊՀ իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, քաղաքային պատկերասրահի աշխատակիցներ, ուսանողներ, այցելուներ:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ շնորհավորեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, ողջունեց այդ առիթով ցուցահանդեսի կազմակերպումը:

Նա  ցանկություն հայտնեց, որ մայիս ամսին կազմակերպվի Շուշիի ազատագրմանը նվիրված ցուցահանդես, որտեղ դասախոսները և ուսանողները ներկայանան նոր աշխատանքներով (հատկապես բնանկարի ժանրում):

Ելույթ ունեցան նաև քաղաքային պատկերասրահի աշխատակցուհի, մշակութաբան Հ.Էդիլյանը, մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կ.Այվազյանը:

Կ.Այվազյանն ընդգծեց, որ ցուցահանդեսը բազմաժանր է (գեղանկար, գրաֆիկական աշխատանք, գոբելեն, կոլաժ, բնանկար, նատյուրմորտ): Ներկայացված է 45 աշխատանք:

Ցուցահանդեսը կտևի 1 ամիս: