Մասնաճյուղն անցկացրեց դպրոցական օլիմպիադան

2013թ. մարտի 16-ին ԵՊՀ-Ի ՄԿՄԿ վարչության կողմից հանրակրթական բոլոր առարկաներից կազմակերպվեց օլիմպիադա, որի նպատակն էր շնորհալի և ստեղծագործական կարողություն ունեցող երեխաների հայտնաբերումը,  նրանց հետ  անհատական աշխատանքի կազմակերպումը, ինչպես նաև ուսումնական առարկաների  նկատմամբ սովորողների հետաքրքրությունների զարգացումը:

Տավուշի մարզի  ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանների  աշակերտները օլիմպիադային մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ում, որտեղ այդ աշխատանքներն իրականացրեց մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման  բաժինը:

Ժամը 10:30-ին ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում տեղի ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանի հանդիպումը օլիմպիադայի մասնակիցների հետ: Նրանց նախ ողջունեց ՄԿՄԿ բաժնի վարիչ Վ. Չոբանյանը, ապա խոսքը փոխանցեց տնօրեն Ս.Առաքելյանին:

Դպրոց-համալսարան կապի ամրապնդման, համալսարանական կյանքին նախապատրաստվելու իմաստով տնօրենը կարևորեց օլիմպիադայի անցկացումը համալսարանում, աշակերտներին կոչ արեց լավ սովորել: «Թո´ղ աշխատասիրությունը լինի կյանքում հաստատվելու ձեր գրավականը»,- մասնավորապես նշեց նա:

Օլիմպիադային հատկացվեց 4 ժամ: Հանրակրթական 12 առարկաներից օլիմպիադային մասնակցեցին Տավուշի մարզի ավագ և միջնակարգ 58 դպրոցներից 29-ը` 232 աշակերտներով:

Արդյունքների ամփոփումը և օլիմպիադայի պաշտոնական փակումը տեղի կունենան ապրիլի 5-ին:

Արդյունքների մասին կարող եք տեղեկանալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կայքի (ijevan.ysu.am) միջոցով:

Բաց դաս անցկացրեց Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, ա.գ.թ. Տիգրան Սարգսյանը

2013թ. մարտի 15-ին ԵՊՀ ԻՄ տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում «Սերվիսային գործունեությունը որպես պահանջմունքների բավարարման եղանակ» թեմայով բաց դաս անցկացրեց Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, ա.գ.թ. Տիգրան Սարգսյանը: Ներկա էին դասախոսներ, ֆակուլտետի աշխատակիցներ և ուսանողներ:

Թեման արդիական էր և կարևոր՝ մարդկանց սոցիալ-մշակութային պահանջմունքների խորը և համակողմանի ուսումնասիրության դիտանկյունից: Այս համատեքստում վերհանվեցին «կարիք», «պահանջարկ» հասկացությունները:

Տ.Սարգսյանը ներկայացրեց պահանջմունքների դասակարգման հիմնական մոտեցումները, խմբերը և տեսակները, Աբրահամ Մասլոուի և Զիգմունդ Ֆրոյդի տեսակետները պահանջմունքների վերաբերյալ:

Ընդգծվեց պահանջմունքների ուսումնասիրության դերը սերվիսի ոլորտի զարգացման և կատարելագործման տեսանկյունից:

Դասի վերջում ուսանողների և դասախոսների միջև ծավալվեց ակտիվ քննարկում:

Սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն

Ս.թ. մարտի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացող ուսանողները մինչև մարտի 24-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ.Պողոսյանին:

Կայացավ ինտելեկտուալ խաղի եզրափակիչը

2013թ. մարտի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ ինտելեկտուալ թիմային խաղի եզրափակիչը: Ներկա էին մասնաճյուղի տնօրենը, ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, ուսանողներ:

Խաղին մասնակցում էին «Պատմություն» 4-րդ, «Տնտեսագիտության տեսություն» 4-րդ, «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» 4-րդ և «Կիրառական արվեստ» 3-րդ կուրսերի թիմերը:

Խաղն անցկացվեց 2 փուլով: Երկրորդ փուլ անցան «Տնտեսագիտության տեսություն» 4-րդ և «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» 4-րդ կուրսերի թիմերը: Հաղթող ճանաչվեց Տնտեսագիտության ֆակուլտետի թիմը:

Մասնակից թիմերին տրվեցին շնորհակալագրեր, իսկ հաղթող թիմին՝ պատվոգիր և փոխանցիկ գավաթ, որը կմնա իրենց ֆակուլտետում մինչև հաջորդ խաղը:

Գավաթը  ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերության նախագահ Սլավիկ Ալավերդյանի նվերն էր մասնաճյուղին և կկոչվի նրա անունով:

Այնուհետև «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ԵՊՀ ԻՄ ծրագրային թիմի ղեկավար Արման Եգանյանը և վերջերս կազմակերպված ցուցահանդեսի նախաձեռնող թիմի անդամ Աննա Ադամյանը ցուցահանդես-մրցույթի առաջին 4 տեղերը զբաղեցրած ուսանողներին հանձնեցին 15.000-ական ՀՀ դրամ, որը տրամադրել էր Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը:

Կայացավ փետրագնդակի բաց առաջնությունը

2013թ. մարտի 11-14-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ փետրագնդակի բաց առաջնություն, որին մասնակցում էին 24 աղջիկ, 10 տղա:

Առաջնությունն անցկացվեց օլիմպիական ձևով` պարտվելու դեպքում դուրս մնալու կարգով:

Առաջին տեղը գրավեց Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության I կուրսի ուսանողուհի Անի Դավթյանը:

Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին մարզադպրոցի սաներից Աննա Մանուչարյանը և Անի Էդիլյանը:

Տղաների եզրափակիչում հանդիպեցին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության I կուրսի ուսանող Հրաչ Ներսիսյանը և Կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտ Հայկ Էդիլյանը:

2:0 հաշվով հաղթեց Հայկ Էդիլյանը:

Այս առաջնությունում լավ հանդես եկած ուսանողներից կկազմավորվի հավաքական` մայիսին Հայաստանի Հանրապետության փետրագնդակի առաջնությանը մասնակցելու համար: