Կայացավ տնօրենության հերթական նիստը

1. գլխավոր. IMG_0719

 2022թ. ապրիլի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա.Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ տնօրենության հերթական նիստը, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ՈՒՄՎ մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը:

Օրակարգային 3 հարցերի վերաբերյալ զեկուցեց ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը:

Առաջին հարցը վերաբերում էր ավագ դպրոցներում և քոլեջներում սովորողների համար ամենամյա «Բաց դռների օրեր» և ճանաչողական այցեր մասնաճյուղ կազմակերպելուն և ԵՊՀ ԻՄ-ի հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող ավագ դպրոցների և քոլեջների  շրջանակն  ընդլայնելուն:

Զեկուցող ԼԲեգինյանը նշեց, որ 2021-2022 ուստարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը համագործակցության պայմանագիր է ունեցել Տավուշի մարզի չորս ավագ դպրոցների և չորս պետական քոլեջների (Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի) հետ: Դպրոց-բուհ համագործակցությունն ակտիվ է եղել մասնավորապես Իջևանի ավագ դպրոցի հետ: Իրականացվել է և՛ ԵՊՀ ԻՄ-ի մասնագետների ներգրավվում դպրոցի ուսումնական գործընթացում, և՛ դպրոցականների այցելություն մասնաճյուղ` նպատակ ունենալով աշակերտներին ծանոթացնել մասնաճյուղի գործու­նեությանը և համալսարա­նական միջավայրին, ուսանողական առօրյային, ներկայացնել աշակերտների հետաքրքրու­թյուններին համապատասխանող կրթական ծրագրերը, դասընթացները, տեղեկացնել բուհում գործող կենտրոնների և գործընթացների մասին:

Նախատեսվում է ակտիվացնել աշխատանքները Դիլիջանի ավագ դպրոցի հետ։

Քոլեջների հետ համագործակցության շրջանակներում կատարվել է քոլեջների մասնա­գիտությունների ուսումնական պլանների և մասնաճյուղի կրթական ծրագրերի ուսումնական պլանների հետ համեմատություն` նպատակ ունենալով ապահովել քոլեջներում «լավ» և «գերազանց» առաջադիմություն ունեցող շրջանավարտների ուսուցման շարունակա­կանությունը մասնաճյուղում:

Ս.թ. ապրիլի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Բերդի բազմագործառութային պետական քոլեջի միջև կնքված հուշագրով ավելի է ընդլայնվում համագործակցության շրջանակը՝ ներառելով տեղեկատվական օրերի կազմակերպում, դասընթացներ և ակնարկային դասա­խոսություններ՝ պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ, մասնագիտական կողմնորոշման դասընթացների կազմակերպում, շրջայց ԵՊՀ ԻՄ-ում, խորհրդատվություն և նախապատրաստական դասընթացներ քոլեջի շրջանավարտների համար:

Երկրորդ հարցը ԵՊՀ-ի և ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներին առավելագույնս հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ ակնարկային և բովանդակային դասախոսությունների,  թեմատիկ քննարկումների կազմակերպման գործում ներգրավելու մասին էր:

Զեկուցողը ներկայացրեց, որ 2021-2022 ուստարվա ընթացքում դպրոց-բուհ համագործակցության շրջանակներում խնդիր է դրվել դասախոսությունների, թեմատիկ քննարկումների կազմա­կերպմամբ օժանդակել հանրակրթական դպրոցներին: Մինչ այդ առաջարկ է կատարվել Ազատամուտի, Խաշթառակի և Թեղուտի միջնակարգ դպրոցների կողմից: Իրականացվել են դասախոսություններ «Պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից: Վերջին հանդիպումների ընթացքում մարզի մի շարք դպրոցների տնօրենների կողմից առաջարկ է կատարվել մասնաճյուղում «Ֆիզիկա» և «Քիմիա» դասավանդող դասախոսներին ներգրավել դպրոցներում ձևավորվող լաբորատորիաների սկզբնական փորձարկումներում` աշխատանքները ճիշտ կազմակերպելու և անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու համար:

Այս հարցի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանն առաջարկեց ակտիվացնել մասնաճյուղի դասախոսների ներգրավվածությունը դպրոցներում՝ ակնարկային դասախոսություններով հանդես գալ, հաճախակի այցեր կազմակերպել, դասավանդել առարկաներ: Դրա շնորհիվ ավելի ակտիվ և արդյունավետ կլինի մասնաճյուղի և դպրոցների համագործակցությունը, հետագայում կխթանի նաև դիմորդների թվի աճը:

Մ.Զուրաբյանն առաջարկեց օգտագտագործել նաև ԵՊՀ ԻՄ-ի բարձր կուրսերի ուսանողների ներուժը՝ դասախոսություններով հանդես գալու, դասավանդման ոլորտում իրենց ուժերը փորձելու և բուհի ու դպրոցների կապն ավելի ամրապնդելու նպատակով:

Երրորդ հարցը վերաբերում էր 2021-2022 ուստարում դիմորդների հավաքագրման աշխատանքների կազմակերպման ընթացքին:

Զեկուցող Լ.Բեգինյանը նշեց, որ ՄԿՊԿ բաժնի կողմից 2021-2022 ուստարվա ընթացքում հանդիպումներ են կազմակերպվել միջնակարգ և ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար` նպատակ ունենալով տրամադրել տեղեկատվություն 2022-2023 ուստարվա ընդունելության վերաբերյալ: Աշխատանքներն  իրականացվել են Ուսումնամեթոդական վարչության աշխատակիցների, ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնա­ժողովի  կազմի և  առաջին անգամ այս աշխատանքներում ընդգրկած ուսանողների մասնակցությամբ: Այցելությունների շրջանակը ներառել է Տավուշի մարզի Իջևանի, Դիլիջանի, Բերդի Նոյեմբերյանի ավագ դպրոցները և գյուղերի միջնակարգ դպրոցները, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ավագ դպրոցը, Դպրաբակ, Թթուջուր, Մարտունի, Գետիկ գյուղերի միջնակարգ դպրոցները (ընդհանուր 40-ից ավել դպրոցներ):

Այցելությունների ընթացում քննարկվել և տրամադրվել են մասնաճյուղի 2022թ. ընդունելությանը (մասնագիտություններին, կրթական ծրագրերին, քննություններին, տեղերին և վարձավճարներին) վերաբերող տեղեկություններ, ինչպես նաև մասնաճյուղի գործունեությունը գովազդող բուկլետներ:

2022-2023 ուստարվա համար մասնաճյուղի դիմորդների վերջնական տվյալները կներկայացվեն դիմում-հայտերի հայտագրման գործընթացի ավարտից հետո:

Նիստում որոշվեց օրակարգային 3 հարցերի վերաբերյալ զեկուցող Լ.Բեգինյանի հաղորդումներն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ հարցերը հիմնականում վերաբերում էին ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի հանրագումարային մոնիթորինգի զեկույցի ներկայացմանը, 2022-2026 ուսումնական պլանների մշակման ընթացքին:

ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի հանրագումարային մոնիթորինգի զեկույցը ներկայացրեց ԿԲԴՎ բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը:

Զեկուցողը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման կարգի և ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի «ԵՊՀ ԻՄ կրթական ծրագրերի մոնիթորինգի նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու մասին» (144, § 5) հրամանի համաձայն՝ մասնաճյուղում ձևավորվել է 4 աշխատանքային խումբ՝ բաղկացած 7-ական անդամներից, որոնց մեջ ընդգրկված են կրթական ծրագրերի ղեկավարներ, արտաքին և ներքին շահակիցներ, ֆակուլտետի որակի կառավարման հանձնաժողովի լիազոր-ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր ֆակուլտետից ընտրվել է 1-ական կրթական ծրագիր. Հումանիտար գիտությունների ֆակուլտետից ընտրվել է «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիրը, Բնական գիտությունների ֆակուլտետից՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», Տնտեսագիտության ֆակուլտետից՝ «Ֆինանսեր», Կիրառական արվեստի ֆակուլտետից՝ «Դեկորատիվ կիրառական արվեստ» կրթական ծրագիրը:

Կրթական ծրագրերի մոնիթորինգի նպատակն է բարելավել կրթական ծրագրերի մատուցման որակը, այն համապատասխանեցնել կրթական ծրագրերի սահմանած նպատակներին ու համապատասխան որակավորումների ոլորտային շրջանակների բնութագրիչներին:

Խմբերը, նախատեսված ընթացակարգի համաձայն, աշխատել են 2021թ. հոկտեմբերից մինչև 2022թ. մարտի 10-ն ընկած ժամանակահատվածը, մոնիթորինգի հաշվետվությունները ներկայացրել են համապատասխան ֆակուլտետների գիտական խորհուրդներում։ Այնուհետև դեկանները տվյալ հաշվետվությունները՝ համապատասխան եզրակացություններով, ներկայացրել են Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժին: ԿԲԴՎ բաժնի կողմից մարտի 10-24-ն ընկած ժամանակահատվածում ստուգվել է մոնիթորինգի հաշվետվությունների համապատասխանությունը սահմանված չափանիշներին: Ստուգված հաշվետվությունները մի քանի դիտարկումներ և շտկումներ անելուց հետո վերադարձվել են աշխատանքային խմբերին, կատարվել են նախանշված փոփոխությունները, և վերջնական հաշվետությունները ներկայացվել են բաժին:

Հաշվետվությունների վերջում տրված են ծրագրի ուժեղ և թույլ կողմերը՝ SWOT վերլուծության միջոցով: Վերլուծության վերջում ծրագրի որակի բարելավման (բարձրացման) գործողությունների պլանն է, որտեղ ներկայացված են առաջիկա երկու ուսումնական տարիների համար նախատեսված իրականացվելիք աշխատանքները՝ հստակ ժամկետներով և պատասխանատուներով:

Այս հարցի հետ կապված՝ Ա.Մակարյանը նշեց, որ ուշադրություն դարձնեն կրթական ծրագրերի թույլ կողմերին և վտանգներին՝ դրանք շտկելու և վերացնելու համար: Նա առաջարկեց բարելավման պլանները դիտարկել իրականացման տեսակետից՝ ուսումնասիրելով 2022-2026 ուստարիների համար վերանայված կրթական ծրագրերում կատարված փոփոխությունները:

Որոշվեց՝ զեկուցող Ն.Գրիգորյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

2022-2026 ուսումնական պլանների մշակման ընթացքի մասին զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա նշեց, որ համաձայն ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտորի՝ ստորաբաժանումներին, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ին իջեցրած շրջաբերականի՝ վերանայվել 2022-2026 բակալավրի կրթական ծրագրերի ուսումնական պլանները։ Ըստ այդմ՝ Ուսումնամեթոդական վարչության կողմից պահանջ է իջեցվել մինչև ս․թ․ ապրիլի 25-ը վերանայել մասնաճյուղի ուսումնական պլանները և ներկայացնել վարչություն:

ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման՝ 2022-2026 ուսումնական պլանները 12 կրթական ծրագրերից են: Այս պահի դրությամբ 12 կրթական ծրագրերից վերջնական վերնայվել և ՈՒՄՎ է ներկայացվել երկուսը՝ «Պատմություն» և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»: Մնացած կրթական ծրագրերում կան խնդիրներ՝ կապված 7-րդ կիսամյակի շարժունության պատուհանի հետ, որոնք շտկման փուլում են: Դրանից ելնելով՝ ՈՒՄՎ-ն միջնորդել է ևս մեկ շաբաթ տրամադրել կրթական ծրագրերի ղեկավարներին՝ ուսումնական պլանները վերջնական տեսքի բերելու և թերությունները շտկերու համար:

Որոշվեց՝ կրթական ծրագրերի ղեկավարներին տալ ևս մեկ շաբաթ՝ կրթական ծրագրերը շտկված և վերանայված տարբերակով ՈՒՄՎ ներկայացնելու համար:

Մասնաճյուղում ընթանում է «Աշխատանք վիրտուալ կրթական միջավայրում» դասընթացը

1. գլխավոր2022թ. ապրիլի 19-ից մայիսի 26-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ» մոդուլում ներառված «Աշխատանք վիրտուալ կրթական միջավայրում» դասընթացը, որը կազմակերպվել է ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի և դասախոսների վերապատրաստման բաժնի կողմից:

Վերապատրաստման դասընթացը վարում է Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի աշխատակից Աննա Մանուչարյանը, մասնակցում են ԵՊՀ ԻՄ-ի 4 տասնյակ դասախոսներ՝ երկու խմբով:

«Աշխատանք վիրտուալ  կրթական  միջավայրում» դասընթացի  նպատակն  է ունկնդիր դասախոսներին ծանոթացնել առցանց ուսուցման Մուդլ (Moodle) համակարգին, վիրտուալ  տիրույթում դասախոս-ուսանող և ուսանող-ուսանող փոխգործակցության սկզբունքներին:

Մասնավորապես՝ դասընթացի մասնակիցներն իմանում են, թե ինչ է Moodle-ը, ծանոթանում են համակարգի ինտերֆեյսին, ռեսուրսների և բաժինների կառավարմանը, դասընթացի տարրերին և պաշարներին:

Վերապատրաստվող դասախոսները սովորում են Moodle համակարգում տեղադրել ֆայլեր (pdf, word, ppt և այլն), դասախոսություններ, հղումներ, գրքեր, էջեր, թեստային առաջադրանքներ, հանձնարարություններ, ուսուցման այլ տարրեր («Ֆորում», «Չաթ»), կատարել մասնակիցների ընդգրկում դասընթացում, նշումներ օրացույցի վրա, դասընթացների արխիվացում և վերականգնում:

Moodle համակարգը հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերել ամբողջական տեղեկատվություն դասընթացի  ընդհանուր  նկարագրի, անհրաժեշտ գրականության մասին, տրված առաջադրանքների և դրանց կատարման համար սահմանված ժամկետների վերաբերյալ, հարցեր առաջադրել դասախոսին և ստանալ դրանց պատասխանները, կազմակերպել քննարկումներ իրար միջև:

Դասընթացի ավարտին ունկնդիր դասախոսները կկարողանան առցանց ուսուցման համակարգում տեղադրել իրենց կողմից դասավանդվող դասընթացների փաթեթները, վերահսկել ուսանողների աշխատանքը համակարգում,  ունենալ առցանց ուսուցման համակարգում աշխատելու կարողություններ, նախագծել ամբողջական էլեկտրոնային դասընթաց:

2022-23 ուսումնական տարվա սեպտեմբերից առցանց ուսուցման Moodle հարթակի կիրառումը պարտադիր է դառնալու մասնաճյուղի բոլոր դասախոսների համար։

 

Ընթացքի մեջ է «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ կուրսերի ուսումնական պրակտիկան

1. գլխավոր

 2022թ. ապրիլի 27-ին ԵՊՀ ԻՄի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ (առկա, հեռակա) և 3-րդ (հեռակա) կուրսերի ուսանողները պրակտիկայի ղեկավարներ մ.գ.թ., ասիստենտ Հ.Ազիզյանի, ասիստենտ Պ.Ասիլբեկյանի, դասախոս Ս.Սաֆարյանի գլխավորությամբ ուսումնական պրակտիկա իրականացրին Իջևան–Ջուխտակ վանք–Մաթոսավանք–“Hover boutique hotel & restaurant”–Դիլիջանի ինֆոկենտրոն–Իջևան երթուղով:

Ուղևորության առաջին կանգառը Ջուխտակ վանքն էր, որտեղ ուսանողուհի Ագնեսա Դալլաքյանը ներկայացրեց վանքի պատմությունը, ճարտարապետությունը:

Երկրորդ կանգառը Մաթոսավանքն էր, որտեղ ուսանողուհի Արուսիկ Դարբինյանը ներկայացրեց վանքի պատմությունը, ճարտարապետական առանձնահատկությունները:

Երրորդ կանգառը “Hover boutique hotel & restaurant”-ն էր, որտեղ գործադիր տնօրեն Դավիթ Սիմոնյանը ներկայացրեց հյուրանոցի ներքին և արտաքին հարդարանքի, մատուցվող հիմնական և լրացուցիչ ծառայությունների մասին:

Չորրորդ կանգառը Դիլիջանի ինֆոկենտրոնն էր, որտեղ ուսանողները ծանոթացան ինֆոկենտրոնի գործունեությանը, զբոսաշրջիկների հետ աշխատանքի առանձնահատկություններին:

Պրակտիկայի ընթացքում ղեկավար Պ.Ասիլբեկյանը ներկայացրեց երթուղու լեռնագրությունը, «Դիլիջան» ազգային պարկի լանդշաֆտային բազմազանությունը, Բլդան գետի ջրագրական առանձնահատկությունները, հովտի զբոսաշրջային ներուժը:

Ուսանողները քայլեցին Տրանսկովկասյան արահետի հատված կազմող միջնադարյան վանքերի արահետով: Քայլարշավի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին տարածքում կողմնորոշման եղանակները՝ կողմնացույցով, քարտեզով, տեղական հատկանիշների միջոցով:

Ուսանողները ծանոթացան Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժին, առկա պոտենցիալին, լեռնազանգվածներին, էկոզբոսաշրջային երթուղիներին, զբոսաշրջային ներուժին՝ բնական և պատմամշակութային  հուշարձաններին, զբոսաշրջային փաթեթներում նրանց ընդգրկվածությանը, հանգստի գոտիների, ճանապարհների առկա վիճակին և հիմնախնդիրներին:

Ուսումնական պրակտիկան շարունակվում է, և ծրագրով նախատեսված երթուղիների  իրականացման ընթացքում ուսանողների գործնական գիտելիքներն ու հմտություններն ավելի կխորանան:

«Ռուսաց լեզվի մագիստրոսներ 2022» մրցույթի հաղթողը 2-օրյա դաս-պրեզենտացիա անցկացրեց մեր ուսանողների համար

1. գլխավոր

2022թ. ապրիլի 26-27-ին Գյումրիի ռուսական տան և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղի նախաձեռնությամբ ԵՊՀ ԻՄի ուսանողները հնարավորություն ունեցան շփվելու Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ:

«Ռուսաց լեզվի մագիստրոսներ 2022» մրցույթի հաղթողը հնարավորություն ստացավ պրակտիկա անցնել հայաստանյան բուհերում՝ Վ.Բրյուսովի անվան, Խ.Աբովյանի անվան, Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարաններում և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում:

ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ առաջին առցանց հանդիպմանը՝ ապրիլի 26-ին, մրցույթի հաղթող Սոֆյա Կուզնեցովան անցկացրեց «Սպասում ենք տոնին» թեմայով դաս-պրեզենտացիա: Ուսանողները ձեռք բերեցին նոր գիտելիքներ ռուս ժողովրդի տոների, նրա սովորույթների և մշակույթի մասին (Մասլենիցա, Նրբաբլիթի շաբաթ, Ծաղկազարդ, Զատիկ):

Երկրորդ առցանց հանդիպմանը՝ ապրիլի 27-ին, պրակտիկանտն անցկացրեց  «Իմ ուղին դեպի մասնագիտություն» թեմայով դաս-պրեզենտացիա: Սոֆյան խոսեց տարբեր մրցույթներին իր մասնակցության, անցած ուղու մասին: Նա նաև մեր ուսանողներին խորհուրդ տվեց լավ սովորել, շատ կարդալ և ակտիվ մասնակցել տարբեր մրցույթների:

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին

1. գլխավոր

 2022թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, աշխատակիցներ, ուսանողներ, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և քաղաքացիներ շարժվեցին դեպի Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին:

Համալսարանականները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին:

Ապա այցելուները Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում ծանոթացան Հայոց մեծ եղեռնի թեմայով կազմակերպված ցուցադրությանը:

_________________________________________________________________________

1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության:

Մեծ եղեռնի սկիզբը պայմանականորեն համարվում է 1915թ. ապրիլի 24-ը. այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը՝ 600 հայազգի մտավորականներ, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Ռուբեն Զարդարյանը, Սիամանթոն (Ատոմ Յարճանյան), Ռուբեն Սևակը, Երուխանը (Երվանդ Սրմաքեշխանլյան), Հովհաննես Հարությունյանը և ուրիշներ, որոնց հետագայում սպանեցին աքսորի ճանապարհին: Սակայն հայ պատմագիտության մեջ որպես Հայոց ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923 թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ Համիդյան Թուրքիայի, ապա Երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Ծիծեռնակաբերդի հուշարձանի 12 քարակոթողները, ըստ ժողովրդական ստուգաբանության, խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:

Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է՝ հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կառներ Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թուրքացում և երազելի «Մեծ Թուրանի»-ի ստեղծում՝ Բոսֆորից մինչև Ալթայ: Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին. չլինեին հայերը, չէր լինի նաև Հայկական հարցը: Երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ:

Հայոց ցեղասպանությունը նախատեսված էր իրականացնել երեք փուլով, որի առաջին փուլը ապրիլի 24-ն էր, իսկ երկրորդ փուլը՝ շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչը թուրքական բանակ: Բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ: Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին:

Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝ 1998, 2001 թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002 և 2005 թթ. ՄԱԿ–ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլիի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, Եվրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային Ասամբլեան, Լեհաստանի և Նիդերլանդների, Իտալիայի (2019թ. ապրիլի 10-ին) խորհրդարանները, Կանադայի Համայնքների պալատը և այլն: Ֆրանսիայում, Ուրուգվայում, Կիպրոսում օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում՝ նաև այն ժխտելը դատապարտվում է քրեորեն:

Անցյալ տարի՝ 2021թ. ապրիլի 24-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը՝ ելույթ ունենալով և առաջին անգամ օգտագործելով «Հայոց ցեղասպանություն» եզրույթը. «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը»:

Իրավ, Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը ենթադրում է նաև նոր ցեղասպանությունների կանխում, դա ոչ միայն համայն հայության, այլև ողջ մարդկության պատասխանատվությունն է: Ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղված է թե՛ մեր տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, այդ թվում` նոր էթնիկ զտումներ իրականացնելու նկրտումների զսպմանը, և թե՛ ընդհանրապես աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նման հանցագործության կրկնության կանխմանը:

Այսօր էլ համայն հայությունը, ոգեկոչելով Հայոց եղեռնի սուրբ նահատակների հիշատակը, շարունակում է պայքարել ճշմարտության ճանաչման, արդարության վերականգնման համար: