140 մասնակից 17 երկրից. ԵՊՀ ԻՄ-ն իրականացրեց «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական համաժողովը

1. գլխավոր2022թ. մարտի 15-16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից առկա և առցանց ձևաչափով իրականացված «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային երիտասարդական գիտագործնական համաժողովին մասնակցություն ունեցան 17 երկրի շուրջ 140 ներկայացուցիչներ՝ երիտասարդ դասախոսներ և գիտնականներ, բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների  ուսանողներ:

Համաժողովի լեզուներն էին հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Միջազգային գիտապրակտիկ համաժողովի նպատակն էր ուսանողական հետազոտությունների խթանումը, ուսանողների, ասպիրանտների ստեղծագործական ներուժի բացահայտումը, ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցության զարգացումը, երիտասարդության ուշադրության կենտրոնացումը ժամանակակից մանկավարժական հետազոտությունների կարևորության վրա:

Համաժողովի ուղղություններն էին.

  1. Մասնագիտական-մանկավարժական կրթության զարգացման միտումներն այսօր և վաղը:
  2. Ապագա մանկավարժների մասնագիտական կոմպետենցիաները:
  3. Մանկավարժական գործունեության կազմակերպման նորարարական սկզբունքներն ու մոտեցումները:
  4. Տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության մեջ:
  5. Դպրոցում / բուհում կրթական միջավայրի նախագծումն ու ձևավորումը:
  6. Դաստիարակչական աշխատանքը կրթության համակարգում:
  7. Մշակույթի դերը դաստիարակության և կրթության մեջ:
  8. Սիներգետիկա. նոր ուղղություն հոգևոր-բարոյական դաստիարակության համար:
  9. Մանկավարժությունը, հոգեբանությունը, տեղեկատվական-հաղորդակցական միջավայրը որպես նոր հնարավորությունների աղբյուր:
  10. Առողջության սահմանափակ հնարավորություններով սովորողների ուսուցումը և դաստիարակությունը:
  11. Կրթության էկոլոգիական ասպեկտները ժամանակակից պայմաններում:
  12. Գրականության, oտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության դասավանդման մեթոդիկան:

Համաժողովի բացման և ողջույնի խոսքով հանդես եկան նախ ԵՊՀ ԻՄ-ի  կազմակերպչական խմբի անդամները՝ խմբի նախագահ, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը,  նախագահի տեղակալ, ԲԳՌԱ պրոֆեսոր, ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանը (ողջույնի խոսքը՝ այստեղ, ապա միջազգային գործընկերները՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, մանկավարժության և հոգեբանության ինստիտուտի տնօրեն, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Տատյանա Սախարովան, Մանկավարժական կրթության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի սոցիալական մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Սերյակովան, Ռուսաստանի պետական պրոֆեսիոնալ-մանկավարժական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ամբիոնի վարիչ, մ.գ.դ., պրոֆեսոր Ալյոնա Եվտյուգինան (այլ մանրամասների կարող եք ծանոթանալ համաժողովի ծրագրում):

Ուսանողների համար հետաքրքիր զեկուցումով հանդես եկավ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային կրթական ծրագրերի ինստիտուտի ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի, տեղեկատվական գիտություններում մասնագիտական հաղորդակցության ամբիոնի դասախոս Անդրեյ Կուզնեցովը:

Երկու օր 4 խմբերով զուգահեռ իրականացված համաժողովը կարելի է անվանել միջազգային երիտասարդական ֆորում, քանի որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆը, Չինաստանը, Ալժիրը, Բելառուսը, Բուլղարիան, Իրաքը, Իտալիան, Հունաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Լեհաստանը, Սլովակիան, Ուզբեկստանը և Ուկրաինան ներկայացնում էին ավելի քան 140 մասնակիցներ:

Քննարկման շրջանակը լայն էր. աշխատանքներն ուղղված էին բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերի հիմնախնդիրների որոնմանն ու հետազոտմանը, դիզայնի և տեխնոլոգիաների փոխանցման զարգացման համար անհրաժեշտ հիմնական բաղադրիչների բացահայտմանը: Կարելի է նշել այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են «Թվային ռեսուրսների օգտագործումը օտար լեզուների ուսուցման մեջ», «Լեգոյի կառուցումը որպես մանկավարժական տեսանկյունից նախադպրոցական կրթության ռոբոտաշինության յուրացման սկզբնական փուլ», «Դեռահասների մոտ հուզական ինտելեկտի զարգացման միջոցով քննադատական մտածողության ձևավորումը. օտար լեզվի ուսուցում», «Telegram»-ով դասավանդելը որպես ռուսաց լեզվի ուսուցման մոտիվացիոն գործոն», «Անգլերենի մասնագիտական բառապաշարի ուսուցում՝ հիմնված կորպուսային լեզվաբանության վրա», «Դպրոցականների՝ չափորոշիչների վրա հիմնված գնահատման տեխնոլոգիան խմբային աշխատանքի կազմակերպման և իրականացման գործում», «Արվեստի ազդեցությունը երեխայի զարգացման, դաստիարակության և հոգեբանական վիճակի վրա», «Ու՞մ է պատկանում դասարանը «շրջելու» գաղափարը», «Սինգապուրյան մեթոդիկայի առաջացման պատմությունը» և բազմաթիվ այլ հետազոտություններ:

Կազմակերպիչների հավաստմամբ՝ այս համաժողովը “Project Ijevan Valey Ed Tech” երկարատև ծրագրի առաջին միջոցառումն է: Այն կդառնա պարբերական, և դրա շրջանակներում ձևավորված ազգային և միջազգային համագործակցությամբ Իջևանի մասնաճյուղը կմշակի կրթական ոլորտում հետազոտական տարբեր նախագծեր և կմասնակցի միջազգային ծրագրերի՝ երիտասարդության շրջանում զարգացնելով մանկավարժական մասնագիտությունների հանրահռչակումը, ընդլայնելով գործող մագիստրոսական ծրագիրը՝ հիմնված հետազոտությունների, լաբորատոր աշխատանքների և փորձերի վրա:

ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից իրականացված մեծածավալ աշխատանքի համար շնորհակալություն ենք հայտնում միջազգային գիտագործնական համաժողովի բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին, մոդերատոր-համակարգողներին, ովքեր մեկնաբանել են ուսանողների աշխատանքը, տվել մեթոդական ցուցումներ և գնահատել մասնակիցների հետազոտությունները:

Համաժողովի նյութերը հրապարակվել են առանձին էլեկտրոնային ժողովածուով (մասնակիցների գիտական հոդվածների ժողովածուի գրախոսներ՝ Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Հմայակի Պետրոսյան, Մանկավարժական կրթության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի սոցիալական մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Սերյակովա Ս. Բ.):

Մասնակիցները նաև կստանան հավաստագրեր:

Հոդվածների ժողովածուն՝ այստեղ:

Միջազգային գիտապրակտիկ համաժողովի կազմակերպչական խումբ 

 

Գիտական խորհրդի նիստ

 1. գլխավոր IMG_9300
2022թ. մարտի 12-ին Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում առցանց միանալու հնարավորությամբ տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ՝ 4 օրակարգային և 3 ընթացիկ հարցերով:

Առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի նիստերի ժամանակացույցի հաստատման կապակցությամբ զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական քարտուղար Մ.Աթոյանը:  Նա նշեց, որ առաջարկություններ ստանալու նպատակով նիստերի ժամանակացույցը նախօրոք ուղարկվել է գիտխորհրդի անդամներին: Նախատեսված է տարվա ընթացքում իրականացնել 8 նիստ՝ ըստ անհրաժեշտության արտահերթ նիստեր անցկացնելու հնարավորությամբ:

Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի նիստերի ժամանակացույցը:

Երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակի հասատատման վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա նշեց, որ ֆակուլտետների գիտական խորհուրդներում քննարկվել և մասնաճյուղի գիտական խորհրդի հաստատմանն են ներկայացվել ԵՊՀ ԻՄ-ում գործող անվանական կրթաթոշակների հավակնող ուսանողների անունները:

Ներկայացվել է 13 ուսանող, ովքեր համապատասխանում են ԵՊՀ ԻՄ-ում գործող ուսանողական նպաստների պետական և հետբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի 34-րդ կետի («Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի անվանական կրթաթոշակ նշանակվում է բակալավրիատի և մագիստրատուրայի առավել աչքի ընկնող, վերջին 4 կիսամյակում անընդմեջ գերազանց առաջադիմություն մագիստրատուրայի ուսանողների դեպքում հաշվի են առնվում նաև բակալավրիատում ցուցաբերած առաջադիմության արդյունքները և գիտական, հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին») պահանջներին:

Որոշվեց՝ հաստատել 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը:

Երրորդ հարցի՝ 2022-2023 ուստարվա ԵՊՀ ԻՄ ուսման վարձավճարների չափերի քննարկման մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա նշեց, որ վերոնշյալ հարցը քննարկվել է դեռևս ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության՝ 2022թ. հունվարի 25-ի նիստում: Հաշվապահության կողմից հանրապետության մյուս բուհերի հետ իրականացված համեմատական վերլուծությունների համաձայն՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսման վարձավճարների չափերը հանրապետությունում ամենացածրերից են: Առաջարկներ էին եղել բոլոր մասնագիտություններում վարձավճարները բարձրացնել սղաճի՝ 10%-ի չափով կամ 20.000 ՀՀ դրամի չափով: Մեծամասնությունը կողմ էր վերջին տարբերակին:

Որոշվեց՝ հավանություն տալ 2022-2023 ուստարվա ԵՊՀ ԻՄ ուսման վարձավճարների չափերին և ուղարկել ԵՊՀ-ի գիտխորհրդի հաստատմանը:

Չորրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական քարտուղար Մ.Աթոյանը: Նա նշեց, որ կարգը, որում կատարվել են որոշ փոփոխություններ, սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգն ու պայմանները: ԵՊՀ ԻՄ-ի աշխատողներին լրավճարը վճարվում է գիտահետազոտական, ուսումնամեթոդական, կազմակերպչական աշխատանքների որոշ տեսակների կատարման համար՝ տրված կարգով սահմանված ընթացակարգով և չափերով:

Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը (նոր խմբագրությամբ):

Ընթացիկ առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄում ներքին դրամաշնորհային մրցույթ հայտարարելու մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Մասնավորապես նշվեց, որ փաստաթղթերի կարգում կա փոփոխություն, օրինակ՝ հայտը պետք է լինի մինչև 12 էջ: Ապա Գիտխորհրդի անդամներին առաջակվեց քվեարկել և որոշել, թե որքան ժամանակ տրամադրել հայտերն ընդունելու համար:

Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄում հայտարարել ներքին դրամաշնորհային մրցույթ և վերջնաժամկետ սահմանել ս.թ. ապրիի 15-ը:

Ընթացիկ երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նոր նախագահի ընտրության արդյունքների հաստատման մասին նշվեց, որ 2022թ. մարտի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ գիտական խորհրդի նիստում կայացել է ՈՒԳԸ նախագահի ընտրությունը: ՈՒԳԸ նախագահի թեկնածուներն էին Անի Թիրաբյանը («Ֆինանսներ» մասնագիտության 1-ին կուրս) և Լիդա Ցուցուլյանը («Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրս): ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախագահ է ընտրվել «Ֆինանսներ» մասնագիտության 1-ի կուրսի ուսանողուհի Անի Թիրաբյանը:

ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին Գիտխորհրդի անդամ, ՈՒԳԸ նախկին նախագահ Մեդորա Ասիլյանին՝ իրականացված մեծ աշխատանքի համար, շնորհավորեցին ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նորընտիր նախագահ Անի Թիրաբյանին՝ նրան մաղթելով բեղուն և արդյունավետ գործունեություն:

Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նոր նախագահի ընտրության արդյունքները:

Ընթացիկ երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի երկու աշխատակիցներին ԵՊՀ-ի գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելու և միջնորդելու մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական քարտուղար Մ.Աթոյանը: Զեկուցողը նշեց, որ նրանց տվյալները համապատասխանում են ՀՀ կառավարության՝ 2001թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին» N 615 որոշման 2-րդ՝ «Դոցենտի գիտական կոչում շնորհելը» բաժնի բ. ենթակետի, ինչպես նաև այդ հարցում նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին:

Նիստում անցկացված փակ, գաղտնի  քվեարկության արդյունքների համաձայն՝ որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի մեկ աշխատակցին երաշխավորել դոցենտի գիտական կոչում ստանալու համար, միջնորդել ԵՊՀ-ի գիտական խորհրդին՝ նրան շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈԿ:

 

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2022-2023 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

Empty room with a gray wall mockup

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2022-2023 թթ. նոր ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀի կողմից նախընտրած մասնագիտություններով` https://aef.am/university/:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2022 թ.-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ և լիբանանահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3.2 կամ 75 միավոր է:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2022 թ.ի մարտի 14-ից մինչև մայիսի 11-ը լրացնել առցանց հայտը՝ https://apply.aef.am/:

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել aef@aef.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով:

 

«Վիքիմեդիա Հայաստան»-ի ներկայացուցիչները մասնաճյուղում

1. գլխավոր

2022թ. մարտի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցները՝ վարչական հարցերով պատասխանատու Մհեր Բեքարյանը, տարածքային ծրագրերի համակարգող Արթուր Խումարյանը, միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը, նախագահի օգնական Մարի Ավետիսյանը, Վիքիպեդիայի դասընթացների համակարգող Վիոլլա Մոսիկյանը:

Նախ՝ նրանք հանդիպեցին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի և փոխտնօրեն Մ.Օթարյանի հետ, քննարկեցին «Վիքին սիրում է պատմություն» վիքինախագիծը, որը ստեղծվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Պատմություն» կրթական ծրագրի մասնագիտական պրակտիկայի շրջանակում:

2022թ. փետրվարի 9-ից ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել է «Պատմություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողների մասնագիտական պրակտիկան, որը ղեկավարում է Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Ն.Գրիգորյանը: Մասնագիտական պրակտիկան իրականացվել է ԵՊՀ ԻՄ-ի և «Վիքիմեդիա Հայաստան»-ի միջև համագործակցության հուշագրի շրջանակներում: Վերջինիս նպատակն է ուսանողներին սովորեցնել Վիքիպեդիայում հոդվածներ խմբագրելու հմտությունները, բարելավել հայերենով պատմության թեմայով հոդվածները և ստեղծել նոր հոդվածներ: Ս.թ. փետրվարի 9-ից մինչև մարտի 22-ը տևողությամբ պրակտիկայի ընթացքում նախատեսված է ուսումնասիրել 6 թեմա՝ «Մեծ Հայքի վարչական միավորներ», «Սփյուռքի նշանավոր քաղաքներ», «Հայաստանի առաջին Հանրապետության նշանավոր դեմքեր», «20-րդ դարի հայ նշանավոր զորահրամանատարներ», «Հայ նշանավոր պատմաբաններ», «Արցախյան շարժման գործիչներ»: Յուրաքանչյուր ուսանող պրակտիկայի ընթացքում պետք է պատրաստի 7 հոդված: Մասնագիտական պրակտիկայի արդյունքում ուսանողները կկարողանան դրսևորվել խմբային աշխատանքներում, հավաքագրել և համակարգել Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության մասին տեղեկությունները, աշխատել սկզբնաղբյուրների հետ:

ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության հետ հանդիպումից հետո հյուրերն այցելեցին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոն, մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն», Գիտելիքի նորարարական հաբ, Կիրառական արվեստի ֆակուլտետ, ծանոթացան ուսանողների աշխատանքներին:

Այնուհետև «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցներն ուսումնասիրեցին «Պատմություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողների պատրաստած հոդվածները՝ ուսանողներին ցուցաբերելով օգնություն:

 

Հանդիպում-քննարկում «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ

1. գլխավոր2022թ. մարտի 10-ին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 1-4 կուրսերի մի խումբ ուսանողներ մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում ունեցան հանդիպումքննարկում Օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Արինա Պարոնյանի հետ:

Հանդիպման կազմակերպիչ, «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Էմմա Թեմրազյանը նախ մասնակիցներին ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ և այժմ դասախոս Ա.Պարոնյանին, ով հաջողությամբ սովորել և ավարտել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան՝ անգլերեն լեզվի դասավանդման մասնագիտությամբ:

Ա.Պարոնյանը ուսանողներին ներկայացրեց իր փորձը՝ կարևորելով մասնաճյուղում իր ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնց շնորհիվ նա կարողացել է ընդունվել հայտնի բուհի մագիստրատուրա: Սակայն նա կարևոր համարեց նաև, որ մեր ուսանողները տեղյակ լինեն արտասահմանյան համալսարանների ընդունելության կարգի, դիմումների հանձնման, քննությունների անցկացման տարբերությունների մասին:

Բանախոսն ուսանողներին մանրամասն բացատրեց դասապրոցեսի կազմակերպման, ընտրովի և պարտադիր առարկաների, ընթացիկ և ավարտական աշխատանքների, կամավորության և պրակտիկայի, ուսման վարձի փոխհատուցման և ուսանողների ու դասախոսների շփման էթիկայի մասին հարցերը:

Հանդիպման մասնակից ուսանողները մեծ հետաքրքրությամբ լսեցին Ա.Պարոնյանին, նրանից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և իրենց հետ հետագա համագործակցության պատրաստակամությունն ընդունեցին շնորհակալությամբ: