Հանդիպումներ Դիլիջանի ավագ և տարածաշրջանի միջնակարգ դպրոցներում

1. գլխավոր

 2021թ. նոյեմբերի 29-ին ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժինը կազմակերպել էր հանդիպումներ Տավուշի մարզի Դիլիջանի ավագ, Դիլիջանի թիվ 5, Թեղուտի և Հաղարծինի միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանների աշակերտների հետ:

ՄԿՊԿ բաժնի կազմակերպած հանդիպումները նպատակ ունեին մարզի ավագ դասարանների աշակերտներին ծանոթացնելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2022-23 ուստարվա ընդունելության մասնագիտություններին, կրթական ծրագրերին և քննություններին, շոշափելու նրանց կարիքները և նախատրամադրվածությունը:

Հանդի­պումների ընթացքում աշակերտները ստացան մարզում բարձ­րագույն կրթություն ստանալու հնարավորությունների և ԵՊՀ ԻՄ-ում իրա­կա­նացվող կրթական ծառայությունների մասին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելի սեր­տացնելու և խորացնելու աշակերտ-ուսուցիչ-դասախոս համագործակցությունը: Դպրոց-համալսարան կապն ամրա­պնդե­լու, դիմորդներին անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու նպատակով առաջարկվեց պարբերաբար ճանաչողական այցեր իրակա­նացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ինչպես նաև դպրոցում ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների մասնակցությամբ իրականացնել թեմատիկ և ակնարկային դասա­խոսություններ ու քննարկում­ներ:

Նման հանդիպումները կարևոր են և ար­դիական բուհական քննություններին նախա­պատրաստվող դպրոցականների համար, օգնում են կողմնորոշվելու մասնագիտությունների ընտրության հարցում, ինչպես նաև նպաստում են դպրոց-բուհ հարաբերությունների սերտացմանը:

«Կրթության բովանդակության հիմնախնդիրը» թեմայով առցանց վերապատրաստման հրավեր

Կրթութ. բով. հայտ. նկար Հարգելի՛  համալսարանականներ, 2021թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Կրթության բովանդակության հիմնախնդիրը» թեմայով առցանց վերապատրաստում:

Դասընթացը կվարի ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի  պրոֆեսոր, մ.գ.դ. Էդվարդ Այվազյանը:

Վերապատրաստման   ընթացքում   կներակայացվեն   կրթության բովանդակության հիմնախնդիրները, կճշգրտվեն «գիտելիք», «կարողություն», «հմտություն» հասկացությունները, և կմեկնաբանվեն կրթության բովանդակության ներկայացման եղանակները:

Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով:

 

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ ցուցահանդես

1. գլխավոր - IMG_6729

 2021թ. նոյեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Մշակութային շարժում» նախագծի ընթացքում իրականացված աշխատանքների ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի և «Մունետիկ» մշակութային հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, «Մունետիկ» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Հ.Համբարձումյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Ծրագրի ընթացքում վարպետության դասեր են վարել ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներ՝ Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտներ, ՀՀ նկարիչների միության անդամներ Անուշ և Դոնարա Չիբուխչյանները, Երևանից հրավիրված ազատ ստեղծագործող Տիգրան Բալյանը, արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը, մասնակցել են ՀՀ բոլոր մարզերից, Ջավախքից և Արցախից 16-30 տարեկան հայ երիտասարդ ստեղծագործողներ, այդ թվում ՝ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ:

«Մունետիկ» մշակութային ՀԿ նախագահ Հրաչյա Համբարձումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրը նախատեսված է 2 ամիս, բուն միջոցառումները՝ 20 օր տևողությամբ: «Նախագծի նպատակն է հայ մշակութասեր երիտասարդներին սովորեցնել մշակույթի ոլորտում նոր հմտություններ, որոնց շնորհիվ նրանք կմնան իրենց բնակավայրերում և կաշխատեն իրենց մասնագիտությամբ: Տուրիզմը զուգորդելով մշակույթի հետ, իրենց ստեղծագործությունների համար իբրև նմուշ օգտագործելով իրենց բնակավայրերի պատմամշակութային կոթողները՝ նրանք միաժամանակ կլուծեն 2 խնդիր՝ և՛ գումար կվաստակեն, և՛ մեր երկիրն արժանավայել կներկայացնեն աշխարհին: Մեր առջև դրված խնդիրը մենք կարողացել ենք լիովին լուծել, ծրագիրն իրականացրել և ավարտել ենք հավուր պատշաճի», – ընդգծեց Հ.Համբարձումյանը:

Ցուցահանդեսին բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, «Մունետիկ» ՀԿ նախագահ Հրաչյա Համբարձումյանը, արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը: Նրանք, ողջունելով ցուցահանդեսի այցելուներին ու մասնակիցներին, ընդգծեցին ծրագրի և դրա շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի կարևորությունը, նպատակը, խնդիրները, ներկայացրին ցուցադրված աշխատանքները՝ գնահատելի համարելով դրանցում նկատվող որակական աճն ու զարգացումը:

Համատեղ իրականացված աշխատանքը արվեստաբան Տ.Համբարձումյանը բնութագրեց ոչ թե սոսկ որպես մասնագիտական որակների կատարելագործում և փոխհարաբերություններ, այլ որպես լուրջ մասնագիտական փոխազդեցություններ, սերունդների հաղորդակցություն, որը կտրվել է, արվեստագետների միջև առողջ հարաբերությունների ձևավորում և զարգացում, շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ԻՄ-ին և «Մունետիկ» կազմակերպությանը՝ ամուր և արդյունավետ փոխհամագործակցության համար:

Մասնակիցների կողմից նախագծի ընթացքում իրականացված բացօթյա էտյուդային աշխատանքներն արվեստանոցներում փոխակերպվել էին այլ նյութի:

Ցուցահանդեսում ներկայացվել էին տարբեր ժանրի ստեղծագործություններ՝ գեղանկարչություն, վիտրաժ, մետաքսանկարչություն (բատիկա), կոլաժ, խառը տեխնիկայով աշխատանքներ:

Հաստատվել է բուհերի՝ 2022-2023 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Նորութ. նկ. - escs.am ՀՀ կառավարության՝ 2021թ. նոյեմբերի 25-ի նիստում գործադիրը որոշում է կայացրել հաստատելու բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022-2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Համաձայն ընդունված որոշման՝ դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական, բոլոր դիմորդների համար ապահովվել են ընդունելության միևնույն պայմանները՝ ընդունելության առնվազն 2 քննության հանձնում:

Ըստ այդմ՝ դիմորդը, կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները, բուհ կընդունվի՝ տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննություն հանձնելով և անհրաժեշտ բազային գիտելիքներով, որը կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:

Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրելու քննական առարկան:

Ընդունված որոշմամբ՝ կանոնակարգվել են բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը:

Ընդունելության քննությունների և մասնագիտությունների ցանկը տե՛ս այստեղ:

 

Ցուցահանդես ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Ցուցահանդեսի հայտ. նկար 2021թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի միջանցքում տեղի կունենա «Մշակութային շարժում» նախագծի ընթացքում իրականացված աշխատանքների ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են Կիրառական արվեստի ֆակուլտետը և «Մունետիկ» մշակութային հասարակական կազմակերպությունը

Ծրագիրը նախատեսված էր կերպարվեստի ոլորտի 16-30 տարեկան հայ երիտասարդ ստեղծագործողների համար, որոնք հնարավորություն են ունեցել այցելել Իջևան և համատեղ աշխատել իրենց տարեկից ստեղծագործողների հետ: Նախագծի ողջ ընթացքում իրականացվել են բացօթյա էտյուդային աշխատանքներ:

Սիրով հրավիրում ենք: