Խորհրդատվություն հեռակա ուսուցման դիմորդների համար

Հ․ նկ․ Հարգելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ 2021թ. սեպտեմբերի 14-25-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդունելության մրցութային քննական առարկաներից  իրականացնելու է  խորհրդատ­վություն, որը ձեզ հնարավորություն կտա ևս մեկ անգամ ծանոթանալու թեստերի կառուցվածքին, ձևաթղթի լրացման կարգին, ստանալու ձեր հարցերի պատասխանները քննական առարկաններից։

 Խորհրդատվությունն անցկացվելու է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հետևյալ ժամանակացույցով․

  • Հայոց լեզու և գրականություն (լսարան 57) – սեպտեմբերի 16, 18, 23 և 25, ժամը՝ 13։00,
  • Պատմություն (լսարան 57) – սեպտեմբերի 14, 17, 22 և 24, ժամը՝ 14։30,
  • Մաթեմատիկա (լսարան 4) – սեպտեմբերի 15, 17, 22 և 24, ժամը՝ 11։00։

Կազմակերպչական հարցերի դեպքում կարող եք զանգահարել 096 98 76 54  հեռախոսահամարով։ 

 

Շնորհավո՛ր սեպտեմբերի 1

1. գլխավոր - IMG_9734Մասնաճյուղը նոր ուստարում դիմավորեց 198 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում:

Միջոցառումը մեկնարկեց Երևանի պետական համալսարանի օրհներգով:

Այնուհետև ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Գառնիկ Խաչատրյանը:

Պարոն Մակարյանը Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորեց բոլոր համալսարանականներին և հատկապես առաջին կուրսեցիներին, նրանց մաղթեց բարի գալուստ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ուսման մեջ նպատակասլացություն և պահանջատիրություն, ամենայն բարիք:

Ավանդույթի համաձայն՝ տեղի ունեցավ գիտելիքի բանալու հանձնում առաջին կուրսեցիներին. այս տարի բանալին որպես ավագ ուսանող առաջին կուրսեցիներին հանձնեց ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Լաուրա Ուլիխանյանը:    

Ապա տեղի ունեցավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Երդումն ընթերցեց ԵՊՀ ԻՄ-ի այս տարվա լավագույն դիմորդ, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Ալիսա Օթարյանը: Նորաթուխ համալսարանականները երդվեցին արժանի լինել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը:

Միջոցառման ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ:

Վերջում միջոցառման մասնակիցները համալսարանականներին մաղթեցին. «Թո՛ղ ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող զանգի ղողանջը յուրաքանչյուրիս հոգում հնչի որպես մեր նախնիների ոգեղեն ազգականչ, ավետի նորի սկիզբը, կանաչ ճանապարհ և նոր հնարավորություններ բացի բոլորիս համար»:

Հակահամաճարակային կանոնների պահպանմամբ լսարաններում մեկնարկեցին նոր՝ 2021-2022 ուստարվա առկա ուսուցման առաջին կիսամյակի դասերը:

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և “Armenian Volunteer Network” կազմակերպության միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Հուշագրի կնքման նկար                   2021թ. օգոստոսի 30-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի) և “Armenian Volunteer Network” ԱՄՆում տեղակայված կրթական միջազգային կազմակերպության (ի դեմս տնօրեն Ս.Տերյանի) միջև Եվրոպական համալսարանում կնքվեց համագործակցության հուշագիր:

Հուշագրի կնքմանը մասնակցեցին նաև “Armenian Volunteer Network” կազմակերպության ծրագրերի համակարգող Ք.Տերյանը, նույն կազմակերպության հայաստանյան գրասենյակի համակարգող Հ.Թորոսյանը, ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի կրթական ծրագրի պատասխանատու Է.Թեմրազյանը:

Հուշագիրը նպատակաուղղված է Հայաստանում կրթության խթանմանը և բարելավմանը, միջազգային ակադեմիական կապերի ընդլայնմանը, գաղափարների և գիտելիքների փոխանակմանը, կամավորության խթանմանը և զարգացմանը:

Ներկա պահին “Armenian Volunteer Network” կազմակերպության կամավորներն արդեն «աշխատում են» մեր կրթօջախում. մասնաճյուղի ուսանողների համար իրականացվում են հեռավար դասընթացներ իսպաներենից և ռուսերենից։

Կնքված հուշագրով կողմերը պայմանավորվեցին խորացնել համագործակցությունը, մասնավորապես՝

  • հնարավորություններ ստեղծել կամավորների և պրակտիկանտների առկա և առցանց փոխանակումների համար՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում,
  • ուղիներ փնտրել՝ կամավորներին և պրակտիկանտներին համագործակցային հնարավոր փոխշահավետ հետազոտական ծրագրերում ընդգրկելու,
  • միջմշակութային ուսումնառության և հետազոտության խթանման համար ուսումնասիրել ֆակուլտետային ու գիտահետազոտական փոխանակումներին ուղղված նախաձեռնությունների իրագործելիությունը,
  • խթանել ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման ծրագրերը,
  • ուսումնասիրել միջազգային ֆինանսավորման և ակադեմիական միջոցառումների համատեղ առաջարկների իրագործելիությունը,
  • նախաձեռնել քննարկումներ դասընթացների, գիտաժողովների, համատեղ հրատարակությունների և ակադեմիական ծրագրերի զարգացման վերաբերյալ,
  • կազմակերպել լրացուցիչ անվճար դասընթացներ՝ բուհի կարիքներին համապատասխան:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և “Armenian Volunteer Network” կազմակերպության միջև կնքված հուշագիրը տե՛ս այստեղ

 

Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ

1․ գլխավոր- IMG_4859 2021թ. օգոստոսի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը, մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին վարչական ստորաբաժանումների ղեկավարները։

Տնօրենության նիստում քննարկվեցին հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանի քննարկում և հաստատում (զեկուցող՝ Ա.Մակարյան):
  2. 2021-2022 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին (զեկուցող՝ Ա.Մակարյան, Ա.Դավթյան, ֆակուլտետների դեկաններ):
  3. 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման ընթացքի մասին (զեկուցողներ՝ Ա.Դավթյան, ֆակուլտետների դեկաններ):
  4. Ընթացիկ հարցեր։

Նիստը բացեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը` ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Նա նշեց, որ ինչպես Մայր բուհում, այնպես էլ մասնաճյուղում 2021-22 ուստարվա առկա ուսուցման դասերն իրականացվելու են առկա եղանակով, որը թե՛ ուրախալի է, և թե՛ պարտավորեցնող. ուրախալի է, որ վերջապես հանդիպելու ենք մեր գործընկերներին և ուսանողներին, բայց, մյուս կողմից, պետք է բուհում խստիվ հետևենք հակահամաճարակային կանոնների պահպանմանը (ջերմաչափում, դիմակի կրում, ախտահանիչ նյութերի օգտագործում, ձեռքերի հաճախակի լվացում, սոցիալական հեռավորության պահպանում և այլն): Հարկ է հետևողական լինել և խմբերն այնպես կազմել, որ լսարաններում յուրաքանչյուր նստարանի մեկական ուսանող նստի։  Ա.Մակարյանը հույս հայտնեց, որ առկա եղանակով ուսումնական պարապմունքների կազմակերպումը կբարձրացնի ուսումնական գործընթացի՝ դասավանդման և ուսումնառության արդյունավետությունը։

Պարոն Մակարյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց և հաջող ու արդյունավետ աշխատանքային գործունեություն մաղթեց ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն Մ.Օթարյանին, որի թեկնածությունը երաշխավորել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հ.Հովհաննիսյանը:  

Տնօրենության նիստում քննարկվեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանը, որտեղ նախանշված էին 2021-2022 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված հիմնական աշխատանքները՝ իրենց պատասխանատուներով, ժամկետներով, համագործակցող ստորաբաժանումներով։

Տարեկան աշխատանքային պլանը համալրվել էր մեկ նոր դրույթով՝ «Ստորաբաժանումների ընթացիկ հաշվետվությունների ներկայացում», որի համաձայն՝ ամիսը մեկ անգամ տնօրենության նիստում որևէ ստորաբաժանում հանդես է գալու իր ընթացիկ գործունեության վերաբերյալ զեկուցմամբ։

Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանը:

2021-2022 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ պատրաստ են բոլոր դասացուցակները, և դրանք կտեղադրվեն մասնաճյուղի կայքէջում: Ժամատախտակը ևս պատրաստ է և ուղարկվել է Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչին։  Ներկա պահին իրականացվում է ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հրամանագրման գործընթացը:

Որոշվեց՝ 2021-2022 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքը համարել բավարար:

2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման ընթացքի մասին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը նշեց, որ այն անցկացվելու է տեղում՝ առկա եղանակով։ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման՝ 2020-21 ուստարվա 2-րդ կիսամյակի առաջին լուծարքային շրջանը կսկսվի ս.թ. օգոստոսի 30-ից և կտևի մինչև սեպտեմբերի 7-ը: Երկրորդ լուծարքային շրջանը կտևի սեպտեմբերի 14-21-ը: Արդեն հաստատված են առարկայական հանձնաժողովների կազմերը, կազմված են ժամանակացույցները, որոնց համաձայն՝ կիրականացվի լուծարքային շրջանը:

Որոշվեց՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման ընթացքի մասին Ա.Դավթյանի, ֆակուլտետների դեկանների զեկուցումներն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ հարցերը վերաբերում էին մասնաճյուղի աշխատակիցների աշխատանքային կարգապահությանը, ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2026 թթ․ ռազմավարական ծրագրի մշակման ընթացքին, ուսումնական պարապմունքները առկա եղանակով կազմակերպելու պայմաններում հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

 

 

Մեր դասախոսն արժանացել է միջազգային մրցանակի

1. գլխավոր -  Levon_Lachikyan

 Ղազախստանի Ալմաթի քաղաքում վերջերս կայացած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» 18-րդ միջազգային մրցույթում Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել 10 անվանակարգերում՝ «Իմ երկիրը», «Համագործակցություն», «Մշակույթների երկխոսություն», «Գիտություն և կրթություն», «Նկարազարդման արվեստ» և այլն:

Ուրախալի է, որ մեր երկրի 3 հրատարակչությունների («Զանգակ-97», «Նահապետ» և «Էդիթ Պրինտ») ներկայացրած գրքերից ու ալբոմներից 8-ն արժանացել է մրցանակային պատվավոր տեղերի: Դրանց շարքում է նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Լևոն Լաճիկյանի «Հայկական եկեղեցիներ» բացիկաշար-հավաքածուն, որը հաղթող է ճանաչվել «Գիտություն և կրթություն» անվանակարգում:

Բացիկաշարն ընդգրկում է Հայաստանում և արտերկրում (Իրան, Թուրքիա, Լիբանան, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն) դարեր առաջ ու մեր օրերում կառուցված հայկական պաշտամունքային կառույցների 24 գրաֆիկական թերթեր:

Հարցին, թե ինչով էր պայմանավորված հենց «Գիտություն և կրթություն» անվանակարգում ստացած մրցանակը, հեղինակն այսպես պատասխանեց. «Բանն այն է, որ բացի հայկական 24 եկեղեցիների գծանկարներից՝ յուրաքանչյուր բացիկի դարձերեսին կարելի է 2 լեզվով՝ հայերեն ու անգլերեն, գտնել տվյալ հուշարձանի ստեղծման պատմությունը, գեղարվեստական առանձնահատկությունները և այլ մանրամասներ, որոնք ունեն ճանաչողական նշանակություն»:

Հավելենք, որ «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի Հանրապետության մասնակցության աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցանակները կհանձնվեն այս սեպտեմբերին՝ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ:

Սիրով շնորհավորում ենք մեր դասախոսին՝ նրան մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ: