Տնօրենության ընդլայնված նիստում

2016թ. ապրիլի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր տնօրեն Ս.Առաքելյանը:

Տնօրենության ընդլայնված նիստում

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին տնօրենի խորհրդական Ա.Մակարյանը, ՄԿՈԱ բաժնի անդամները, ամբիոնների վարիչներ, ֆակուլտետների ներկայացուցիչներ:

Ընդլայնված նիստում քննարկվեցին ավարտական աշխատանքների իրականացման ընթացքի, մասնաճյուղում ներդրվող մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների ինստիտուտի վերաբերյալ հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ ս.թ. ապրիլի        16-29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվել են ավարտական աշխատանքների նախապաշտպանություններ, որոնց ընթացքում ուսանողները ներկայացրել են իրենց աշխատանքների կատարողականի վերաբերյալ տեղեկատվություն, մինչև պաշտպանությունը մասնագիտական ամբիոնների դասախոսների կողմից ստացել են բացթողումները շտկելու վերաբերյալ համապատասխան ցուցումներ:

 Ուշադրություն է դարձվել ավարտական աշխատանքներին ներկայացվող պահանջներին՝ թեմայի և բովանդակության համապատասխանությանը, աշխատանքի արդիականությանը, ինքնուրույնության աստիճանին, որոշակի նորամուծությանը, տեսականի և գործնականի համադրությանը,  նյութի տրամաբանական շարադրանքին և այլն:

Նիստի ընթացքում շեշտվեց, որ պետք է հետևողական լինել, որ պաշտպանությանը ուսանողները ներկայանան պատշաճ իրականացված աշխատանքներով:

Տնօրենության ընդլայնված նիստում

Երկրորդ հարցի վերաբերյալ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-20թթ. ՌԾ-ի համաձայն՝ մասնաճյուղն իր քայլերն է կատարում մասնագիտության կրթական ծրագրի (ՄԿԾ) ղեկա­վարի ինստի­տուտի ներդրման գործում, որի  նպատակն է մասնագիտական կրթության կառավարման յուրահատուկ մոդելի միջոցով ստեղծել ինքնազարգացող մանկավարժական միջավայր:

Այն հնարավորություն կտա լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կրթական ծրագրերի համապատասխանեցում որակավորումների ազգային շրջանակին, դասավանդման և ուսումնառության մեթոդների նորացում, գնահատման համակարգի վերանայում, կառավարման նոր մոդելի ներդնում և այլն:  

Մատնանշվեց, որ ՄԿԾ-ի ղեկա­վարի խնդիրն է իրականացնել մասնագիտության պահանջվածության,  նրա իրականացման անհրաժեշտ նախադրյալների և  դիմորդների անհրաժեշտ քանակի առկայության հիմնավորում, մասնագիտության կրթական ծրագրի պատշաճ մշակում, կադրային  ու նյութատեխնիկական և ուսումնամեթոդական ապահովվածության գնահատում, նրա արդյունավետ ու որակյալ իրականացման ապահովում, ծրագրի մշտադիտարկում, գնահատում, վերանայում և իր շրջանավարտների ապագա կարիերայի նկատմամբ հոգածություն:

Նշվեց, որ մշակվել է կրթական ծրագրի ղեկավարի գործառույթները, որոնց համաձայն՝ նա պիտի ստեղծի ՄԿԾ-ի մշակման, իրականացման և կրթական ծրագրով ձեռք բերված արդյունքների  վերլուծման ու գնահատման աշխատանքային խումբ՝ նրանում ներգրավելով այդ մասնագիտության ուղղությամբ բազային կրթություն ունեցող բարձրակարգ և փորձառու մասնագետներ, գործատուներ, շրջանավարտներ և մասնագիտության բարձր կուրսի ուսանողներ, կատարի խմբի անդամների միջև պարտականությունների և պատասխանատվության տիրույթների բաշխում: 

Մարտի 24-ի տնօրենության նիստում

2016թ. մարտի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին հեռակա ուսուցման համակարգի՝ 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերի ավարտմանը և առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքներին, Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի ուսանողական հարցումների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:

Մարտի 24-ի տնօրենության նիստում

Առաջին հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ 2016թ. մարտի 1-27-ը մասնաճյուղում կայացան հեռակա ուսուցման համակարգի՝ 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերը: Ժամանակին բոլոր մասնագիտությունների գծով կազմվել և հաստատվել են դասացուցակները, դասերի ձախողման դեպքեր չեն արձանագրվել, դասախոսությունները էլեկտրոնային տարբերակով տրամադրվել են ուսանողներին: Հեռակա ուսուցման բաժնի հետ մասնաճյուղի համապատասխան ստորաբաժանումների արդյունավետ համագործակցության շնորհիվ ուսումնական գործընթացը և քննաշրջանն անցկացվել են կազմակերպված ու պատշաճ մակարդակով:

Մարտի 24-ի տնօրենության նիստում

Մյուս հարցի մասին նշվեց, որ 2016թ. մարտ ամսին մասնաճյուղում անցկացվում են Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի ուսանողական հարցումներ, որոնց ընթացքում ուսանողներին հնարավորություն է տրվում արտահայտելու իրենց կարծիքը, բարձրացնելու բազմաբնույթ հարցեր, հանդես գալու ուսումնական գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկներով:

 

 

Մարտի 15-ի տնօրենության նիստում

2016թ. մարտի 15-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը:

meeting-of-directorate-15-03-2016

Տնօրենության նիստում քննարկվեցին դասամատյանների հետ տարվող աշխատանքներին, սեմինար և գործնական պարապմունքներին վերաբերող մի շարք հարցեր:

Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց հետևողական լինել դասամատյանը վարելու մասին ԵՊՀ ԻՄ-ում գործող կարգը պահպանելու հարցում:

meeting-of-directorate-15-03-2016

Ընդգծվեց, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել ուսանողների պրակտիկ գիտելիքների զարգացմանը, սեմինար և գործնական պարապմունքներին, մասնաճյուղում կրթության որակի շարունակական բարելավմանը:

Փետրվարի 25-ի տնօրենության նիստում

2016թ. փետրվարի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Փետրվարի 25-ի տնօրենության նիստում

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2015-16 ուստարվա I կիսամյակի քննաշրջանի ամփոփմանը, այս ուստարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների ու ավարտական աշխատանքների նախապատրաստմանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ 2015-16 ուստարվա I կիսամյակի քննաշրջանն անցկացվել է կազմակերպված և պատշաճ մակարդակով:

ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման համակարգում սովորող 655 ուսանողներից 646-ը հանձնել են բոլոր քննությունները, ակադեմիական պարտք ունի 9 ուսանող, հեռակա ուսուցման համակարգ է տեղափոխվել 5 ուսանող:

Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմում է 97.8%:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի առաջադիմությունը կազմում է 100%, Տնտեսագիտության ֆակուլտետինը՝ 96.8%:

Բնական գիտությունների ֆակուլտետն ունի 99.4% առաջադիմություն, Կիրառական արվեստի ֆակուլտետը՝ 95% առաջադիմություն:

2015-16 ուստարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների ու ավարտական աշխատանքների նախապատրաստման կապակցությամբ նշվեց, որ մասնաճյուղի բոլոր ամբիոնների ու ֆակուլտետների գիտական խորհուրդների նիստերում քննարկվել է այդ հարցը, և բուհում տարվում են անհրաժեշտ աշխատանքներ ամփոփիչ ատեստավորման քննություններն ու ավարտական աշխատանքների պաշտպանությունը պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

 

 

 

Տնօրենության ընդլայնված նիստում

2016թ. փետրվարի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը:

Ընդլայնված նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի  մի շարք ներկայացուցիչներ: 

Տնօրենության ընդլայնված նիստում

Տնօրենության նիստում հիմնականում ամփոփվեցին  2015-2016 ուստարվա II կիսամյակի նախապատրաստական աշխատանքների արդյունքները:

Նիստի ընթացքում ընդգծվեց, որ անհրաժեշտ է մշտապես ուշադրության կենտրոնում պահել ամբիոնների կողմից հաստատված առարկայական ծրագրերի համապատասխան՝ դասախոսների մուտքերի ապահովման հարցը: 

Ներկայացվեց, որ մասնաճյուղի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները հետևողական լինեն, որ յուրաքանչյուր դասընթացի սկզբում դասախոսի կողմից ուսանողներին տրամադրվեն ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը, մասնաճյուղում բարձրացվի մենթորության ինստիտուտի գործունեության արդյունավետությունը:

Ամփոփելով նշվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվել են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները   2015-2016 ուստարվա II կիսամյակի դասերը պատշաճ մակարդակով իրականացնելու համար: