Շնորհավո՜ր ՀՀ անկախության 33-րդ տարեդարձը

ԵՊՀ ԻՄ  (3)

 Այսօր՝ 2024 թ․ սեպտեմբերի 21-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 33-ամյակը:

33 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1991 թ. մարտի 1-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար (99 % ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը:

Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, ապա ընդունվեց զինանշանը:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը՝ դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին, ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո՝ 1991 թվականի ընթացքում, ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

ԵՊՀ ԻՄ ղեկավարության անունից շնորհավորելով ՀՀ անկախության 33-ամյակի կապակցությամբ՝ մեր պետությանն ու պետականությանը ցանկանում ենք հզորացում ու ամրապնդում, մեր սահմաններին՝ կայունություն ու խաղաղություն, ժողովրդին՝ համախմբվածություն, ստեղծագործ աշխատանք և արժանապատիվ կյանք….

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ միջազգային աշնանային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը

2․ գլխավոր

2024 թ. սեպտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիսավոր կերպով բացվեց ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված «Հետազոտելով լոկալ ժառանագությունը» թեմայով միջազգային աշնանային դպրոցը, որը կազմակերպվել է Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև համագործակցության շրջանակներում «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի կողմից:

Միջազգային աշնանային դպրոցին մասնակցելու համար հայտագրվել էին շուրջ 2 տասնյակ ուսանողներ՝ ԵՊՀ ԻՄ տնտեսագիտության ու Հումանիտար գիտությունների ֆակուլտետներից և Զալցբուրգի համալսարանից:

Հանդիսավոր բացմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի համաղեկավար Հայկուհի Մուրադյանը, ԵՊՀ ԻՄ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա. Մարգարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, դասախոսներ և ուսանողներ:

1․ գլխավոր

Բացման խոսքով հանդես եկան Ա. Մակարյանը, Հ. Մուրադյանը և Յ. Դում-Թրագուտը՝ ողջունելով բոլոր ներկաներին, ընդգծելով միջազգային աշնանային դպրոցի անցկացման դերն ու կարևորությունը, ներկայացնելով հիմնական նպատակը և խնդիրները, որոնք են՝ մասնակիցներին ծանոթացնել Տավուշի պատմության որոշ դրվագներին, հոգևոր կառույցների գործունեությանը, արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով պատմական իրադարձությունների հետազոտության մեթոդիկային, ինչպես նաև կազմակերպել քայլարշավ՝ իրականացնելով դաշտային գիտահետազոտական աշխատանքներ:

Ներկայացվեց, որ աշնանային դպրոցը բաղկացած է լինելու դասախոսություններից և դաշտային գիտահետազոտական աշխատանքներից: Դասախոսությունները կանցկացվեն բուհում, իսկ դաշտային աշխատանքները՝ Տավուշի նշանավոր հուշարձաններում: Աշնանային դպրոցի աշխատանքները կհամակարգեն Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը և ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի համաղեկավար Հայկուհի Մուրադյանը:

Բացմանը պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը շնորհանդեսի ուղեկցությամբ նաև հանդես եկավ «Մշակութային ժառանգություն. ներածություն» թեմայով բանախոսությամբ՝ անդրադառնալով ժառանգությանը և նրա տարբեր տեսակներին՝ բնական, մշակութային, նյութական ու ոչ նյութական տարբերակումներին և այլն:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ խորհրդակցությունների սենյակում կայացավ դպրոցի աշխատանքները համակարգողների և դպրոցին մասնակցող ուսանողների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին գործընթացի համակարգմանն առնչվող մի շարք կազմակերպչական և բովանդակային հարցեր:

Աշնանային դպրոցը կտևի 5 օր, իսկ ավարտին ուսանողներին կտրամադրվեն վկայագրեր:

«Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության հետ համագործակցությունը շարունակվում է

52024 թ. սեպտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ տիկին Վերոնիկ Նուեի հետ հանդիպում, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, փոխտնօրեն Մ․ Օթարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ Ա. Հովհաննիսյանը և Ռ. Միրզոյանը, Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատասխանատու Մ. Գասպարյանը և ուսանողներ:

Նպատակը 2024-2025 ուստարում «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության հետ համագործակցությունը շարունակելու համաձայնագիր կնքելը և ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներին կրթաթոշակներ հանձնելն էր:

2012 թվականից մասնաճյուղի և միության միջև սկսված համագործակցության հիման վրա ստորագրվեց համագործակցության համաձայնագիր 2024-2025 ուսումնական տարվա համար:

Հանդիպման սկզբում պարոն Մակարյանը ողջունեց ներկաներին, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միությանը՝ ի դեմս նախագահ Պոլետ Կուտանի: Ա. Մակարյանն ընդգծեց, որ միությունը ջանք ու եռանդ չի խնայում աշխատելու մեր ուսանողների հետ, քաջալերելու նրանց, որ ֆրանսերենի ուսումնասիրության մեջ հասնեն հաջողությունների:

Իր հերթին «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ Վերոնիկ Նուեն նշեց, որ մեր ուսանողներն աշխատում են մեծ նվիրումով և երախտագիտության զգացումով: Այնուհետև տիկին Նուեն կրթաթոշակներ հանձնեց «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի վճարովի ուսուցման համակարգում սովորող 6 ուսանողուհիների՝ Կ․ Սաքանյանին, Ս․ Գասպարյանին, Ա․ Միսկարյանին, Դ. Մելիքյանին, Հ. Ջանինյանին, Մ․ Խաչինյանին, անվճար ուսուցման համակարգում սովորող 3 ուսանողուհիների՝ Ա․ Շահնազարյանին, Վ․ Մկրտչյանին, Ա․ Ղալթախչյանին, ովքեր շարունակում են ակտիվորեն աշխատել Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնում, նպաստել մարզում ֆրանսերենի զարգացմանը և տարածմանը:

Ներկաները շնորհավորեցին կրթաթոշակ ստացած ուսանողներին և կարևորեցին նրանց դերն ու աջակցությունը՝ մյուս ուսանողներին ևս այդ ծրագրում ընդգրկելու հարցում:

Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկան ուսանողները և պատրաստակամություն հայտնեցին ստանձնելու այդ պատասխանատվությունը՝ մեծ նվիրվածությամբ շարունակելով աշխատել:

ԵՊՀ ԻՄ-ում ամփոփվեցին ՄՄՈՒՀ-երի շրջանավարտների՝ 2024-2025 ուստարվա ընդունելության մրցույթի արդյունքները

1. գլխավոր

2024 թ. սեպտեմբերի 13-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների՝ 2024-2025 ուստարվա ընդունելության մրցույթի մասնակիցների հետ հանդիպում՝ մրցույթի արդյունքներն ամփոփելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, փոխտնօրեն Մ. Օթարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը և ՈՒՄՎ ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Ն. Առուշանյանը:

Ըստ գործող կարգի՝ մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեին միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՄՈՒՀ-երի)՝ միայն գերազանց և (կամ) լավ գնահատական ունեցող շրջանավարտները:

2024-2025 ուստարվա ընդունելության մրցույթին մասնակցելու դիմումների ընդունումն ավարտվել է ս.թ. օգոստոսի 30-ին: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ է դիմել ՄՄՈՒՀ-երի 48 շրջանավարտ (18-ը՝ գերազանցության դիպլոմով)՝ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված  22 տեղի համար:

Մրցույթի արդյունքների համաձայն՝ կրթությունը շարունակելու երաշխավորվել են «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի (ԿԾ) համար դիմած 14 դիմորդներից 6-ը, «Զբոսաշրջություն» ԿԾ-ի 15 դիմորդներից՝ 4-ը (պայմանական), «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» ԿԾ-ի 11 դիմորդներից՝ 4-ը, «Հոգեբանություն» ԿԾ-ի 4 դիմորդներից՝ 3-ը, «Պատմություն» ԿԾ-ի 4 դիմորդներից՝ 4-ը:

Սիրով շնորհավորում ենք ՄՄՈՒՀ-երի շրջանավարտների՝ 2024-2025 ուստարվա ԵՊՀ ԻՄ ընդունելության մրցույթը հաղթահարած բոլոր դիմորդներին և մաղթում հաջողություններ մյուս փուլերում: 

 

Լույս է տեսել մեր դասախոսի եռալեզու պատկերագիրքը Պոլսի մասին

5

Օրերս Կ.Պոլիս-Ստամբուլում տեղի հայոց Պատրիարքարանի հովանավորությամբ լույս տեսավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանի (Լաչիկյանի) «Պոլիսը՝ հին և նոր» եռալեզու պատկերագիրքը: Շնորհանդեսը տեղի ունեցավ Մարմարա ծովում գտնվող պոլսամերձ Իշխանաց կղզիներից Գնալը հայահոծ կղզու Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պարտեզում՝ օրհնաբեր մասնակցությամբ Ն.Ա.Պ. Պոլսո հայոց Պատրիարք Սահակ Բ. Մաշալյանի և ներկայությամբ պոլսահայ համայնքի նշանավոր ներկայացուցիչների:

Գիրքն ամփոփում է հեղինակի շուրջ տասնամյա աշխատանքի արդյունքը՝ պարունակելով Պոլիսն ու մերձակա կղզիներն արտացոլող 100-ից ավել գծանկար: Այդտեղ 128 էջերից յուրաքանչյուրի վրա կարելի է նաև Սփյուռքի ու Հայաստանի ծանոթ մտավորականների կարծիքները կարդալ Լևոն Լաճիկյանի արվեստի մասին:

«Թե ինչու Պոլիսը» հարցին արվեստագետն ունի հստակ պատասխան. «Բոսֆորի ափին փռված այդ զմայլելի քաղաքը եղել է ոչ միայն Բյուզանդական ու Օսմանյան կայսրությունների, այլև հայ մշակույթի երևելի մայրաքաղաքը: Այդտեղ այսօր ևս, թեկուզ անհամեմատելիորեն նվազ, շարունակում է լսվել հայ կյանքի բաբախը: Այն ոչ միայն արևմտահայ մշակույթի, այլև արևմտահայերենի միջնաբերդն է, ուստի հարկ է մշտական ուշադրության ներքո պահել այն»:

Այդ ուշադրությունն ու պատմության լավիմացությունը մղեցին Լևոն Լաճիկյանին ստեղծելու այս պատկերագիրքը, որը մասնագետների միահամուռ բնորոշմամբ այլ բան չէ, քան «Պտոյտ մը Պոլսոյ թաղերուն մէջ՝ գծանկարներու ընդմէջէն»: «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, հիշատակելով Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի ու Մկրտիչ Ջիվանյանի անունները, գրում է. «Լեւոն Լաճիկեանի այս հարիւր ստեղծագործութիւնները եւս կ՛ունենան իրենց վկայութեան բաժինը Պոլսոյ պատմութեան մէջ եւ ուրոյն դրոշմը՝ այս պատմական քաղաքի վրայ»:

Ուշագրավ է, որ մեծադիր այս հատորին ամբողջական էջեր են նվիրել Պոլսո հայկական («Ժամանակ», «Ակօս», «Մարմարա») և ոչ հայկական թերթերը: Այն որպես նվեր է տրվում հայոց Պատրիարքարան այցելող պատվարժան հյուրերին ու օտարերկրյա դիվանագետներին՝ հետաքրքրություն առաջ բերելով նաև օտար շրջանակներում:

Շնորհավորում ենք մեր դասախոսին և հայտնում, որ առաջիկայում նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կկայանա «Պոլիսը՝ հին և նոր» պատկերագրքի շնորհանդեսը: