Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է

1. գլխավոր Փետրվարի 19-ը` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

Այդ օրը հատկապես մարզային ու դպրոցական գրադարաններին նոր հրատարակված գրքեր են նվիրում Գրողների միությունը, հրատարակչությունները, գրական հանդեսներն ու պարբերականները, տարբեր այլ կազմակերպություններ:

Իրար գրքեր նվիրելու գեղեցիկ ավանդույթը տարեցտարի ավելի է ամրապնդվում և ընդլայնվում:

Գիրք նվիրելու տոնը նշելուց բնականաբար անմասն չմնաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի  գրադարանը:

Այս տարի ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանի նախաձեռնությամբ իրականացվեց «Իմ գրադարանից մեր գրադարանին» կարգախոսով համացանցային ֆլեշմոբը, որի շրջանակներում գրքասեր հասարակության անդամները հանդես եկան իրենց կողմից նվիրաբերության համար նախատեսված գրքերի հրապարակումներով:

Վ.Պողոսյանի խոսքով՝ գիրք նվիրելու օրը բացառիկ նշանակություն ունի ընթերցող-գրադարան կապի ամրապնդման առումով. այն ավելի է ընդգծում գրքի և գրադարանի նշանակությունը: Լավագույն նվերը գիրքն է, իսկ գիրք նվիրելը՝ առաքելություն, գիրքը մեր հոգևոր զարթոնքի գրավականն է, ի վերջո, հիրավի, մենք այն ենք, ինչ կարդում ենք:

 

Համազգայինի Արսլանյան ճեմարանի գրքերը՝ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում

1. գլխավոր 2020թ. փետրվարի 11-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Մ․ և Հ․ Արսլանյան ճեմարանը գրքի տոնին ընդառաջ, որ նշվում է ամեն տարի փետրվարի 19-ին` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, մի շարք գրքեր նվիրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանին:

Նվիրաբերված գրքերն արևմտահայերեն են, տպագրված են արտերկրում և ուսումնասիրության հարուստ նյութ են պարունակում ուսանողների համար:

Գրքերը ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին hանձնեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը և ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը:

Ռուզան Առաքելյանի խոսքով՝ այս միջոցառումը կդառնա ավանդույթ, և սփյուռքի իրենց գործընկերների աջակցությամբ Հայաստանի տարբեր գրադարաններ կհամալրվեն այնպիսի գրքերով, որոնք հանգամանքների բերումով տպագրվել են միայն արտերկրում:

«Հավատանք, որ Համազգայինի նմանօրինակ քայլը օրինակ կծառայի մյուս կազմակերպություններին՝ այն համոզմամբ, որ ժամանակն է արդեն մտածենք նաև հոգևոր ներգաղթի մասին»,- նշեց Խաչատուր Ստեփանյանը:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը նվիրաբերված գրքերի համար շնորհակալություն հայտնեց  Համազգային հայ կրթական և մշակութային միությանը՝ իր խոսքում ընդգծելով, որ մեր լինելիության երաշխիքը նաև մեր հոգևոր հարստությունն է, որը պարտավոր ենք պահել մեր հոգածության ներքո:

ԱՄԷ այցելած ՀՀ 14 լավագույն ուսանողների թվում էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանող Գերասիմ Ալավերդյանը

3․ Խալիֆա համալսարան2

   2020թ. փետրվարի 3-6-ը կայացավ բարձր տեխնոլոգիաների և հարակից այլ մասնագիտությունների գծով ՀՀ 14 լավագույն ուսանողների այցը Արաբական Միացյալ Էմիրություններ:

2019թ. դեկտեմբերին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանատունը կազմակերպել էր ԱՄԷ Ազգային օրվա՝ Էմիրությունների միավորման 48-ամյակի կապակցությամբ մեծ ընդունելություն, որի ժամանակ տեղի էր ունեցել ՀՀ լավագույն ուսանողների պարգևատրման արարողությունը: Պարգևատրվել էին ՀՀ պետական բուհերի 14 ուսանողներ, այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանը: Որպես մրցանակ նախատեսված էր եռօրյա այցելություն ԱՄԷ (http://old-ijevan.ysu.am/25-12-2019-2/):

Այցելության շրջանակներում ուսանողները օթևանեցին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում, այցելեցին ԱՄԷ լավագույն համալսարաններից մեկը՝ Գիտության և տեխնոլոգիայի Խալիֆա համալսարան (“Khalifa University of Science and Technology”), Շեյխ Զայեդի մզկիթ, մասնակցեցին «Իսլամի դրամները» ցուցահանդեսին, ծանոթացան քաղաքի այլ տեսարժան վայրերին:

Եղան նաև Մասդար քաղաքում, որտեղ այցելեցին Մուհամեդ բին Զայեդի անվան արհեստական բանականության համալսարան (“Mohamed bin Zayed University of Artificial Intelligence”) և “Eedama” գիտահետազոտական կենտրոն:

Ուսանողներին ներկայացվեցին գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ԱՄԷ առաջավոր փորձը, տարբեր խնդիրների ուղղությամբ նորարարական լուծումները (օրինակ՝ ավիատիեզերական, առողջապահական հետազոտություններ, առանց վարորդի մեքենաներ, օդափոխության աշտարակ, ճարտարապետական գոհարներ):

Վերջում տեղի ունեցավ հանդիպում ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյան հետ:

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

EPH IM

   Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` մրցույթն անցկացվելու է մարտի 16-ին: Դրան կարող են մասնակցել առնվազն թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է  ներկայացնել 2020 թ. փետրվարի 5-29-ը` ժամը 16:00-18:00 (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հո­գա­բար­ձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ):

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ ներկայացվող փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Որպես մասնաճյուղի կառավարիչ՝ տնօրենը պետք է նպաստի ԵՊՀ ԻՄ-ի 4 ֆակուլտետների դասավանդման, գիտահետազոտական աշխատանքի և ուսանողների սպասարկման ոլորտներում գերազանցության շարունակական ներդրմանը, ԵՊՀ-ի մյուս ֆակուլտետների հետ, ինչպես նաև  մարզի ուսումնական հաստատությունների հետ համագործակցությանը:

Աշխատելով ԵՊՀ-ի աշխատակազմի հետ՝ նա պետք է ապահովի ուսանողների հաջողությունների խթանումը, աջակցի ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետների և աշխատակազմի կառավարմանը, ապահովի մասնաճյուղի ֆինանսական, մարդկային և նյութական ռեսուրսների պատասխանատու շահագործումը:

Կայացավ տնօրենության հերթական նիստը

Տնօր. նիստի նկարը

   2020թ. փետրվարի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին, 1-ին կիսամյակի լուծարքային շրջանի անցկացմանը, ՀՀ ՊՆ կողմից հատկացվող անվանական կրթաթոշակի («Վազգեն Սարգսյան», «Մոնթե Մելքոնյան») տրամադրմանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը նշեց, որ նախորդ նիստին ֆակուլտետների դեկաններին հանձնարարվել էր դասացուցակները կազմել այնպես, որ երկուշաբթի օրը լինի ոչ աշխատանքային, քանի որ Երևանից եկող պրոֆեսորադասախոսական կազմի մեծ մասին ավելի հարմար է դասերն իրականացնել շաբաթ օրերին: Այժմ դասացուցակները պատրաստվել և ստուգվել են ՈՒՄՎ կողմից՝ ըստ աշխատանքային ուսումնական պլանների և պրոֆեսորադասախոսական կազմի անհատական բեռնվածության: Պարոն Դավթյանը հավելեց, որ մասնաճյուղը լիովին պատրաստ է սկսելու երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմուքները:

Դեկաններին հանձնարարվեց պրոֆեսորադասախոսական կազմին ևս մեկ անգամ տեղեկացնել տրանսպորտի ժամանակացույցի մասին, ֆակուլտետներում սահմանել հերթապահություն՝ դասապրոցեսը պատշաճ կազմակերպելու նպատակով և կազմված գրաֆիկները ներկայացնել տնօրենին:

2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքները որոշվեց գնահատել բավարար և կազմել հրամանի նախագիծ երկուշաբթին ոչ աշխատանքային հայտարարելու մասին, ստեղծել հերթապահություն իրականացնելու համար նախատեսված գրաֆիկ, ՈՒՄՎ-ին և դեկաններին հանձնարարվեց հետևողական լինել երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքների իրականացման գործում:

2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակի 1-ին լուծարքային շրջանը կազմակերպելու վերաբերյալ նշվեց, որ ըստ գրաֆիկի՝ առկա ուսուցման 1-ին լուծարքային շրջանը նախատեսված է իրականացնել ս.թ. փետրվարի 6-15-ը, 2-րդ լուծարքային շրջանը՝ փետրվարի 20-29-ը, հեռակա ուսուցման 1-ին լուծարքային շրջանը կտևի ս.թ. մարտի 6-14-ը, 2-րդ լուծարքային շրջանը՝ մարտի 20-28-ը:

Ա.Դավթյանը նշեց, որ լուծարքային շրջանն իրականացվում է ըստ նախատեսված ժամանակացույցի, տրված են առարկայական հանձնաժողովների հրամանները, ընթացքը վերահսկվում է Ուսումնամեթոդական վարչության կողմից:

Որոշվեց ֆակուլտետների դեկաններին հանձնարարել հետևողական լինել լուծարքային շրջանի անցկացման, ՈՒՄՎ-ին՝ վերահսկման գործում, այն պարտադիր իրականացնել հրամանագրված հանձնաժողովներով:

Հաջորդ հարցի վերաբերյալ նշվեց, որ ՀՀ ՊՆ կողմից հատկացվող «Վազգեն Սարգսյան» և «Մոնթե Մելքոնյան» անվանական կրթաթոշակների համար հայտ էին ներկայացրել 3 ֆակուլտետներ՝ Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության և Բնական գիտությունների:

Առաջարկված թեկնածություններից «Վազգեն Սարգսյան» անվանական կրթաթոշակի համար, առաջադիմությունից ելնելով, ընտրվեց Բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Սերյոժայի Գասպարյանը:

«Մոնթե Մելքոնյան» անվանական կրթաթոշակի համար ընտրվեց Տնտեսագիտություն ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լուիզա Վարդանի Մադաթյանը:

Որոշվեց նախապատրաստել համապատասխան գրություն և ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն:

Ընթացիկ հարցերից էին ուսանողների իրավունքների վերականգնմանը, ԵՊՀ ԻՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունների հերթական ինքնավերլուծությանը, մասնաճյուղի՝ 2019-20 ուստարվա գույքագրմանը վերաբերող հարցերը:

Առաջին ընթացիկ հարցի վերաբերյալ Ա.Դավթյանը ներկայացրեց, որ Հեռակա ուսուցման համակարգի 2 ուսանողներ դիմել են իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու համար, իսկ առկա ուսուցման 1 ուսանող դիմել է առկա վճարովի համակարգից տեղափոխվելու հեռակա ուսուցման համակարգ: Նա նշեց, որ Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին (17.12.2018, N 1676 -Ն), և դրանք բավարարում են վերոնշյալ կարգի III մասի կետերին:

Երկրորդ ընթացիկ հարցի կապակցությամբ ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության հերթական զեկույցի պատրաստումն ընթացքի մեջ է. ինքնավերլուծության 10 չափանիշները 50 և ավելի %-ով պատրաստ են, 2 չափանիշ գրեթե ավարտված են (Չափանիշ V. Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմ, Չափանիշ VIII. Հասարակական պատասխանատվություն): Ինքնավերլուծություն իրականացնող աշխատանքային խմբերի ղեկավարներին հանձնարարվել է իրենց չափանիշները մինչև փետրվարի 15-ը ավարտուն տեսքի բերել և ներկայացնել ՄԿՈԱ բաժին:

Երրորդ ընթացիկ հարցի վերաբերյալ Վ.Եգանյանը նշեց, որ 2019-2020 ուստարվա գույքագրման աշխատանքները մոտ 60%-ով իրականացվել են (հյուրանոցային համալիր, մարզադահլիճ, վարչական մասնաշենք, Հումանիտար գիտությունների ֆակուլտետ, Տնտեսագիտության ֆակուլտետ):