ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Միտք և բանք» գրքի շնորհանդեսը

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 21-ին ԵՊՀ ԻՄի գրադարանում կայացավ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Միտք և բանք» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, Տավուշի թեմի առաջնորդարանի, մարզպետարանի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր, գրասեր հասարակության անդամներ:

Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ շնորհավորելով գրքի հեղինակին ու շնորհանդեսի մասնակիցներին, ընդհանուր գծերով ներկայացնելով գիրքը. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Միտք և բանք» աշխատությունն ամփոփում է Սրբազան Հոր՝ հանրային ու հովվական կյանքում կատարած ամենատարբեր անդրադարձները, որոնք գրքում զետեղվել են «Վերլուծական», «Մտորումներ» և «Հարցազրույցներ» ենթավերնագրերի ներքո»:  

Շնորհավորանքի և գնահատանքի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ, բ.գ.թ., ասիստենտ Մուշեղ Սարուխանյանը, բ.գ.թ., դոցենտներ Աիդա Սարհատյանը և Ալիսա Հասանյանը:

Սրբազան Հոր հեղինակային բանաստեղծություններով հանդես եկան «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհիներ Արմիդա Բաղիյանը («Յո երթաս, մա՛րդ»), Լուսինե Հակոբյանը («Թո՛ղ այս գիշեր») և Նինա Հարությունյանը («Լույս առավոտ»), իսկ գրքի մասին հետաքրքիր վերլուծական խոսքով ներկայացավ նույն մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Գոհար Մխիթարյանը:

«Միտք և բանք» աշխատության վերաբերյալ մանրամասն վերլուծությամբ հանդես եկավ Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը՝ հանգամանորեն անդրադառնալով գրքի ընդգրկուն բովանդակությանը, երեք բաժիններին, դրանցում արծարծված հիմնական խնդիրներին: Նա մասնավորապես նշեց, որ «Վերլուծական» բաժնում Սրբազան Հոր ուսումնասիրությունները և ուղենիշ­ներն են տարաբնույթ արդիական հարցերի առնչությամբ, ինչպես, օրինակ, «Եկեղեցի և ընտանիք (հոգևոր, բարոյագիտական, կենսաէթիկական հայացք)», «Եկեղեցի և կրթություն, գիտություն և մշակույթ», «Եկեղեցի և առողջապահություն», «Եկեղեցի և տնտեսություն», «Հայաստանի չծնվող մայրերը» և այլն: «Մտորումներ» բաժինն ընդգրկում է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի՝ տվյալ պահի հոգեվիճակն ու իրավիճակն արտահայտող որոշ մտորումներ: 2013 թվականից ի վեր Բագրատ Սրբազանի տված բազմաթիվ հարցազրույցներից մի քանիսն ընտրված և ներկայացված են գրքի երրորդ՝ «Հարցազրույցներ» բաժնում:

Այնուհետև Ելույթ ունեցավ «Միտք և բանք» գրքի հեղինակը՝ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ շնորհակալություն հայտնելով շնորհանդեսի բոլոր մասնակիցներին, ելույթ ունեցողներին ու կազմակերպիչներին՝ գրքի ջերմ ընդունելության, շնորհավորանքի ու բարձր գնահատանքի համար: «Գիրքը պիտի ունենա նպատակ: Վերջնարդյունքում մեր նպատակն այն է, որ ՀՀ քաղաքացիները լինեն ազատ, հասարակությունը՝ արդար, ժողովուրդը՝ աստվածապաշտ: Մենք անդրադարձել ենք կյանքի բոլոր բնագավառներին՝ բնապահպանություն, առողջապահություն, կրթություն, գիտություն, մշակույթ և այլն, քանի որ, մեր համոզմամբ, այդ բոլորի հիմքը հոգևորն է»,- ընդգծեց Սրբազան Հայրը:

Ապա Բագրատ եպիկոպոս Գալստանյանը շնորհանդեսի մասնակիցներին իր մակագրությամբ գրքեր նվիրեց, որին հաջորդեց հյուրասիրություն:

Շնորհանդեսի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ ուսանողների տոնին նվիրված միջոցառում

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ուսանողների տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ուսանողական խորհուրդը:

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ, հյուրեր:

Ուսանողության տոնի առթիվ շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ ուսանողներին հղելով բարեմաղթանքներ, արժեքավոր խորհուրդներ՝ ամբողջ կյանքում սովորելու և իրենց սկզբունքների, ձեռքբերումների, կյանքում տեղը ճիշտ գտնելու, իրավունքների համար պայքարելու անհրաժեշտության մասին. «…Ես ձեզ շնորհավորում եմ, ուզում եմ, որ դուք դառնաք իսկապես սովորող ու պայքարող մարդիկ: Պայքարե՛ք ձեր իրավունքների համար, պայքարե՛ք մեր հայրենիքի համար, մեր ապագայի համար, մեր նոր կյանքի համար: …Մենք հույս ունենք, որ եկող սերունդը չի կրկնի մեր սերնդի սխալները: Շնորհավորում եմ ձեզ, ցանկանում եմ ամենալավն ու բարին…»:

Ապա ուսանողների տոնը շնորհավորեց և նրանց մաղթանքներ հղեց ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի նախագահ Արեն Ավետիսյանը:

Շնորհավորական ելույթներից հետո հանդես եկան միջոցառմանը մասնակցող ուսանողները՝ հումորային, գրական-երաժշտական, պարային գեղեցիկ կատարումներով:

Մասնավորապես տրվեց համալսարաններին վերաբերող համառոտ ակնարկ, ներկայացվեցին ուսանողական առօրյային, բուհական միջավայրին վերաբերող երգիծական դրվագներ, կիթառի և դաշնամուրի նվագակցությամբ հոգեթով երգեր, ասմունք, ազգային պար:

Վերջում ուսանողների տոնի առթիվ տեղի ունեցավ հյուրասիրություն:

Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում:

ԵՊՀ ԻՄ-ում ներկայացվեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագիրը

1. գլխավոր 2019թ. նոյեմբերի 15-ին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները՝ հավաքագրման և ներգրավման ղեկավար Գոռ Նազարյանը և հավաքագրման համակարգող Անժելա Ավագյանը, ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին ներկայացրին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագիրը:

Ուսանողներին մասնավորապես ներկայացվեցին ծրագրի նպատակը, մասնակցելու նվազագույն պահանջները, առավելություննները, պայմանները, դիմելու կարգը, այնուհետև ծրագրի ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:  

Նշվեց, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման:

Ծրագրի նպատակն է յուրաքանչյուր երեխայի (անկախ իր սոցիալ-տնտեսական իրավիճակից) տրամադրել հավասար և գերազանց հանրակրթական կրթություն ստանալու հնարավարություն: «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի անձնակազմը վստահ է, որ Հայաստանի բոլոր երեխաներն ունեն մեծ ներուժ, որի  բացահայտման և ճիշտ ուղղորդման շնորհիվ կարող ենք ունենալ սոցիալական փոփոխություն:

Ծրագրին մասնակցելու նվազագույն պահանջներն են՝

  • 2020 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայություն
  • Հայերենի իմացություն:

Ծրագրին մասնակցելու առավելություններն են՝

  • Մասնագիտական աճի հնարավորություն
  • Մանկավարժի որակավորում
  • Մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն
  • Ֆինանսական աջակցություն
  • Նորարար մտքերը և նախագծերը իրականացնելու հարթակ
  • Առաջնորդության հմտությունների զարգացման հնարավորություն
  • Գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում
  • Կարիերայի զարգացման հնարավորություն:

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը:

Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել 041 530-039  հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային նամակ anzhela.avagyan@teachforarmenia.org հասցեին:

Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում:

 

«ՏՄՄ» 3-րդ կուրսի ուսանողները մանկավարժական պասիվ պրակտիկա են անցնում Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում

glxavor

 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում (սկսած սեպտեմբերի 13-ից) Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում իրականացվում է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի մանկավարժական պասիվ պրակտիկան:

Պրակտիկայի նպատակը ուսանողների մասնագիտական կոմպետենցիաների զարգացումն է, մասնագիտական և կազմակերպչական կարողությունների ձեռքբերումը կոնկրետ գործունեության ընթացքում, ինչպես նաև ուսումնական նախագծերի, ինքնուրույն հետազոտական աշխատանքների համար ուսումնական ռեսուրսների հավաքագրումն ու ընդհանրացումը:

Մանկավարժական  պրակտիկայի ընթացքում պրակտիկանտների խնդիրը դասապրոցեսներն  ավելի  արդյունավետ  իրականացնելու միջոցների բացահայտումն է: 

Ուսանողները սովորում են գնահատել դասապրոցեսում հնարավոր կոնֆլիկտային իրավիճակները, վերհանել աշակերտների ուսումնառության ընթացքում առաջացող դժվարությունները, փորձում են իրենց յուրացրած մանկավարժական մեթոդները կիրառել գործնական խնդիրների լուծման ժամանակ:

Դպրոց գնալուց առաջ և պրակտիկայի ընթացքում  ուսանողները  հանդիպումներ  են ունեցել Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանի, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ, պրակտիկայի ղեկավար-պատասխանատու Վ.Մելիքսեթյանի, պրակտիկայի մանկավարժ-խորհրդատու Լ.Հարությունյանի և   պրակտիկայի հոգեբան Ա.Քամալյանի հետ:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները մասնակցում են բոլոր դասերին, գրում դասապլան, մեկնաբանում ուսուցչի կատարած մեթոդական հնարները: Բանիմաց և հմուտ դասվարներն իրենց փորձը ներկայացնում են ուսանողներին, նրանց նախապատրաստում դաս վարելուն:

Ուսանողները պրակտիկայի շրջանակներում նաև հանդիպել են դպրոցի  ուսումնական գծով փոխտնօրենի հետ: Դասավանդողի երկարամյա փորձ ունեցող մանկավարժը, զրուցելով պրակտիկանտների հետ, խոսել է դասավանդման գործընթացում առկա խնդիրների, ներկայիս աշակերտին հուզող հարցերի, ինչպես ուսումնառության, այնպես էլ հոգեբանական անհրաժեշտ մեթոդական բաղկացուցիչների մասին:

Պրակտիկայի  ընթացքում  ուսանողները  ձեռք են բերում դասը վարելու  մեթոդների, միջոցների, տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ, որոնք  մանկավարժական  հետագա  առաջնթացի  ու  կատարելագործման հնարավորություն  կտան:

Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում:

 

Կայացավ կանանց և աղջիկների՝ շախմատի մասնաճյուղային առաջնությունը

1.գլխավոր 2019թ. նոյեմբերի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ կանանց և աղջիկների՝ շախմատի մասնաճյուղային առաջնությունը, որին մասնակցեցին տարբեր մասնագիտությունների 6 ուսանողուհիներ:

Այն կազմակերպվել էր Ուսանողական գիտական ընկերության կողմից, մրցավարներն էին ՈՒԳԸ անդամ, «ԻԿՄ» 4-րդ կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանը և «ԻԿՄ» 3-րդ կուրսի ուսանող Արայիկ Շահնազարյանը:

Առաջնությունն ընթացավ շրջանաձև մրցակարգով (5 տուր):

«ՏՄՄ» 3-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Ալիխանյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

2-րդ հորիզոնականը զբաղեցրեց «ՏՄՄ» 2-րդ կուրսի ուսանողուհի Զինա Ոսկանյանը:

Մրցաշարում հաղթեց «ԻԿՄ» 4-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Միրզոյանը՝  ցուցաբերելով բացարձակ արդյունք (5 հաղթանակ):

Մրցանակային տեղեր զբաղեցնողները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ կազմակերպիչները՝ շնորհակալագրերով:

Կանանց և աղջիկների՝ շախմատի մասնաճյուղային առաջնության փոխանցիկ գավաթը մնաց  Ս.Միրզոյանի մոտ:

Պարգևները հանձնեցին  Ա.Շահնազարյանը և Գ.Ալավերդյանը:

Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում: