Ուսանողներին մոտիվացնում են շրջանավարտները

1. գլխավոր

 2019թ. հոկտեմբերի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի՝ շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանի նախաձեռնությամբ իրականացվեց ԵՊՀ ԻՄ-ի մի քանի շրջանավարտների՝ «Արարատբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղի կառավարիչ Թագվոր Մանթաշյանի, «Յունիբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղի կառավարիչ Ջուլիետա Ճաղարյանի, Ազատամուտի համայնքապետ Վահագն Ալավերդյանի, «ՍՕՍ−Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի տնօրեն Գևորգ Թադևոսյանի հետ հանդիպում, որի նպատակն էր տարբեր բնագավառներում որոշակի հաջողությունների հասած մեր շրջանավարտների անձնական փորձի ներկայացման միջոցով մոտիվացնել ուսանողներին:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը, տարբեր ֆակուլտետների ուսանողներ, շրջանավարտներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը և նշեց, որ ուրախ է մասնաճյուղում տեսնել շրջանավարտներին, խոսեց ԵՊՀ ԻՄ-ում շրջանավարտների միություն ստեղծելու, հարազատ բուհի հետ մշտական կապ պահպանելու կարևորության մասին:  

Թագվոր Մանթաշյանը, ուսանողներին ներկայացնելով իր անձնական փորձը,  նշեց, որ հաջողության հասնելու գրավականներից մեկն է չբավարարվել համալսարանի դասախոսների տված նյութերով, թեև դրանք եղել են բազա, որի վրա ինքը ձևավորել է իր հմտությունները: «Ես ավարտել եմ 2008 թվականին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետը, որից հետո, երկար ժամանակ իմ մասնագիտությամբ աշխատանք չգտնելով, ինքնակրթությամբ եմ զբաղվել և սովորել տնտեսագիտություն, ապա ընդունվել եմ «Արարատբանկ»՝ որպես վարկային մասնագետ, – նշեց Թ.Մանթաշյանը: – Սկզբում իմ ղեկավարները զարմանում էին, թե ինչպես «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ քաղաքացին կարողացավ տնտեսագետների և մյուս դիմորդների մեջ հաղթել: Ամեն ինչի սկիզբը դրվել է համալսարանում. դասախոսները շատ թանկ ինֆորմացիա են մեզ տալիս, դա անգին է: Պետք չէ սպասել, ինչպես նշեց պարոն Մակարյանը, աշխատելու ընթացքում ձեռք կբերեք ավելի մեծ որակավորումներ, որոնց շնորհիվ կարող եք հասնել հաջողության: Եթե ցանկանաք աշխատել բանկում, պետք է լավ ուսումնասիրեք ոլորտը»:

«Յունիբանկ» ԲԲԸ կառավարիչ Ջուլիետա Ճաղարյանը մասնավորապես նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ. համալսարանը ոչ միայն այն վայրն է, որ սովորեցնում է մեզ, թե ինչպես կարելի է սովորել, այլև այն վայրն է, որ օգնում է երեխաներին գերազանցել իրենց ծնողներին, այսինքն՝ ոչ միայն սովորել, թե ինչպես կարելի է սովորել, այլև դառնալ կրթված: Մարդու արարքները ընդամենը փայլ են հաղորդում նրան, իսկ մարդուն կշիռ հաղորդողը նրա գիտելիքն է: Դուք կարող եք բոլորդ էլ փայլել ձեր շրջապատում, բայց ցանկալի է, որ ունենաք կշիռ, անշուշտ յուրաքանչյուր փորձություն հաղթահարելու ժամանակ ձեր կշիռը մեծ դեր ունի: Մեր բանկն ակտիվ համագործակցում է մասնաճյուղի հետ, որը կարող է նաև հավաստել Էրինեն: Վերջին մեկ տարվա ընթացքում մենք համալրել ենք մեր կադրային բազան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 5 շրջանավարտով, այս պահին ունեմ մասնաճյուղի 13 ավարտած շրջանավարտ, վերջին երեքը ինձ մոտ պրակտիկ ուսուցում անցած ուսանողներն են եղել: Պրակտիկան անցաքարտ է աշխատանքի տեղավորման համար: Թափուր աշխատատեղ լինելու դեպքում, մինչև հայտարարություն փակցնելը, ես տեղեկացնում եմ Էրինեին և սպասում համալսարանի լավագույն կադրերի ներհոսքին: Միշտ եղեք մոտիվացված, միշտ ձգտեք ապրել ավելի լավ կյանքով, յուրաքանչյուր առավելագույնի հասնող միանշանակ սկսում է ցածր սանդղակից, պետք է ունենալ ինքնավստահություն, բայց պետք չէ ունենալ մեծամտություն, պետք է ուշադրություն դարձնել մանրուքներին, յուրաքանչյուր մեծ գործ արվում է մեծ սիրո արդյունքում: Պատրաստ եմ օգնել ձեզ, ընդունել մեր հարկի տակ, նպաստել ձեր առաջընթացին»:

Ուսանողների հետ զրուցում Վահագն Ալավերդյանը նշեց. «Ձեր գործատուն դուք եք, ձեր մոտեցումները պիտի լինեն ոչ ստանդարտ: Ստանդարտացումը այդքան էլ լավ երևույթ չէ, որովհետև երբ ինչ-որ մի բան դուք փորձեք ձեռնարկել, որը ձեր շրջապատի մարդկանց համար կլինի նորություն, նրանցից շատերը կասեն, որ դա հաջողության չի բերի կամ չի ստացվի, ուղղակի պետք է հավատալ, որ այն ձեզ հաջողության կբերի: Ձեզ համար թիվ մեկ բանը պետք է լինի ձեր ժամանակը, որն անցնում է, և կապ չունի դպրոցում ես, ուսանող ես, թեկուզ դասից հետո է, այդ ժամանակն արդյունավետ պետք է օգտագործել, պետք է սկսել ամենագլխավորից: Հաջողության հասած բոլոր մարդիկ էլ սկզբում անհաջողություններ են ունեցել, բայց  հավատացել են իրենց արածին և հաջողել են»:

Գևորգ Թադևոսյանը նշեց, որ ինքը չի եկել ուսանողներին ինչ-որ նոր բաներ ներկայացնելու, ինքը եկել է նրանցից սովորելու, ինչպես նշեցին շրջանավարտները, գիտելիքը մեծ կշիռ ունի բոլոր ոլորտներում, և ամենակարևորն այն է, որ ուսանողները լավ սովորեն և շատ գիտելիք ձեռք բերեն: 

Հանդիպման վերջում ուսանողների և շրջանավարտների միջև ծավալվեց ակտիվ քննարկում՝ հարց ու պատասխանի ձևով:

Շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը շնորհակալություն հայտնեց շրջանավարտներին և նշեց, որ նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:  

Հանդիպումներ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում

1. գլխավոր

 2019թ. հոկտեմբերի 15-24-ը ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժինը կազմակերպել է հանդիպումներ Տավուշի մարզի (Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Իջևանի տարածաշրջաններ) 28 հանրակրթական դպրոցների 11-12-րդ դասարանների աշակերտների հետ:

Հանդիպումներին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, Ուսում­նամեթոդական վարչության պետ Ա.Դավթ­յանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վ.Աղաբաբյանը, Մաս­նագիտական կրթութ­­­յան որակի ապահովման բաժնի մասնագետ Ա.Հովսեփ­յանը, հանրակրթական դպրոցների տնօ­րեն­ները, ուսուցիչները, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները:

ՄԿՊԿ բաժնի կազմակերպած հանդիպումները նպատակ ունեին մարզի ավագ դասարանների աշակերտներին տեղեկացնելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2020թ. ընդունելության մասնագիտություններին, կրթական ծրագրերին և քննություններին, շոշափելու նրանց կարիքները և նախատրամադրվածությունը:

Հանդի­պումների ընթացքում աշակերտները ստացան մարզում բարձ­րագույն կրթություն ստանալու հնարավորությունների և ԵՊՀ ԻՄ-ում իրա­կա­նացվող կրթական ծառայությունների մասին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելի սեր­տացնելու և խորացնելու աշակերտ-ուսուցիչ-դասախոս համագործակցությունը: Դպրոց-համալսարան կապն ամրա­պնդե­լու, դիմորդներին անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու նպատակով առաջարկվեց պարբերաբար ճանաչողական այցեր իրակա­նացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ինչպես նաև դպրոցում ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների մասնակցությամբ իրականացնել թեմատիկ և ակնարկային դասա­խոսություններ ու քննարկում­ներ:

Բերդի և Նոյեմբերյանի որոշ դպրոցներում մասնաճյուղի  աշխատակիցները՝ Ընդ­հանուր մաթեմատիկայի և բնագիտության  ամբիոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ Ա.Մարգարյանը, Տուրիզմի կառավարման և մշակու­թա­բա­նության ամբիոնի  ասիստենտ Պ.Ասիլբեկյանը, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս  Վ.Պողոսյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վ.Աղաբաբյանը, հանդես եկան դասա­խոսություններով:

Նման հանդիպումները կարևոր են և ար­դիական բուհական քննություններին նախա­պատրաստվող դպրոցականների համար, օգնում են կողմնորոշվելու մասնագիտությունների ընտրության հարցում, ինչպես նաև նպաստում են դպրոց-բուհ հարաբերությունների սերտացմանը:

Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում:

Մասնաճյուղում իրականացվում է «Ակտիվ ուսուցում «շրջված դասարանում»» վերապատրաստման դասընթացը

1. գլխավոր 2019թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մասնաճյուղում անցկացվում է ԵՊՀ ԻՄ-ի դասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրի «Ուսուցման  նորարարական  մեթոդներ» մոդուլով նախատեսված «Ակտիվ   ուսուցում «շրջված   դասարանում»» վերապատրաստման դասընթացը, որը վարում է ԵՊՀ փիլիսոփայության պատմության,  տեսության  և   տրամաբանության   ամբիոնի   ասիստենտ,  կրթության  փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Վերապատրաստման դասընթացը բաղկացած է չորս դասից:

Հոկտեմբերի 12-ին անցկացվեց առաջին դասը, որի ընթացքում դիտարկվեցին կոմպետենցիոն կրթություն իրականացնելու առանձնահատկությունները: Նշվեց, որ կոմպետենցիոն կրթության միջոցով 3 խնդիր է լուծվում. առաջին՝ կոմպետենցիոն կրթությունը նպատակ ունի միավորել գիտելիքը, հմտությունը, արժեքները և դիրքորոշումները, երկրորդ՝ այն նպատակ ունի ուսուցանել առանցքային գաղափարներ, երրորդ՝ կոմպետենցիոն կրթությունը ենթադրում է խորքային կրթություն:

Հոկտեմբերի 22-ին կայացավ վերապատրաստման դասընթացի երկրորդ դասը, որի ժամանակ քննարկվեցին դասի անցկացման չորս հիմնական փուլերը՝ դասի սկիզբ, նոր նյութի փոխանցում, փոխանցված նյութի ամրապնդում և կիրառում, սովորածի ստուգում: Հիմնվելով դասախոսների փորձի վրա՝ ներկայացվեցին դասի սկզբի տարբեր արդյունավետ մոտեցումներ:

Առաջիկա երկու հանդիպումների ընթացքում (նոյեմբերի  5-ին  և  նոյեմբերի  12-ին) կներկայացվի «շրջված դասարանի» մոդելը` որպես նոր նյութի ներկայացման և փոխանցված նյութի ամրապնդման ու կիրառման մոդել: Կքննարկվեն «շրջված դասարանի» ուժեղ և թույլ կողմերը: Կբացատրվի, թե երբ է արդյունավետ «շրջած դասարանի» մոդելի կիրառումը: Մասնակիցները կքննարկեն նաև նոր նյութի մատուցման և նյութի ամրապնդման, կիրառման այլ մոդելներ: Անդրադարձ կկատարվի սովորած նյութը ստուգելու հնարներին. ուսուցման գործընթացում շատ կարևոր է պարզել, թե ինչ են սովորել աշակերտները: Դասընթացում կներկայացվեն սովորածը բացահայտելու մեթոդներ:

«Ակտիվ   ուսուցում «շրջված   դասարանում»» վերապատրաստման դասընթացը դասախոսներին հնարավորություն կտա ավելի լավ պլանավորել և անցկացնել իրենց դասերը:  

Մասնաճյուղում կայացավ ՀՀ ԿԳՄՍՆ նախաձեռնած «Կրթության և տնտեսության համագործակցությունը մարզերում» թեմայով համաժողովը

1. գլխավոր

 2019թ. հոկտեմբերի 23-ին «Մասնագիտական կրթություն և ուսուցում−համագործակցություն» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Բիզնես և կրթությունհամագործակցություն» հիմնադրամի հետ միասին ԵՊՀ ԻՄ-ում իրականացրին «Կրթության և տնտեսության համագործակցությունը մարզերում» թեմայով համաժողով:

Այն նպատակ ուներ նպաստելու մարզերում աշխատաշուկա-մասնագիտական կրթություն համագործակցության ամրապնդմանը,  մասնագիտական և կրթության համակարգի բարելավմանն ուղղված երկխոսության ձևավորմանը:

Համաժողովում հիմնականում ներգրավված էին երեք շահագրգիռ կողմերի (կառավարման մարմին−գործատու−կրթական հաստատություն) ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ)–
համագործակցություն» ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը, «Մասնագիտական կրթություն և ուսուցում−համագործակցություն» ծրագրի
ղեկավար, «Բիզնես և կրթություն-գործընկերություն» հիմնադրամի (ԲԿԳ)
հիմնադիր Մարինե ժամկոչյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանի, մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի աշխատաշուկայի կարիքներն ու պահանջները, ձեռնարկությունների դերը նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հարցերում, ներկայացվեցին կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում կատարվող աշխատանքները:

Առանձին զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Մասնագիտական կրթություն և ուսուցում−համագործակցություն» ծրագրի ղեկավար Մարինե ժամկոչյանը, Բերդի պետական բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար Աննա Ավալյանը, «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի ներկայացուցիչ, Հայաստանի շահերի պաշտպանության փորձագետ Լիլիթ Չիթչյանը:

Այնուհետև զեկուցողները պատասխանեցին համաժողովի մասնակիցների հարցերին, իրականացվեց խմբերով քննարկում հետևյալ թեմաներով՝ «Տնտեսության և կրթության երկխոսության խնդիրները Տավուշի մարզում», «Գործընկերներ կողմերից յուրաքանչյուրի դերը», «Բիզնես և կրթություն երկխոսության աջակցման ձնաչափերը, գործիքները»:

Վերջում տեղի ունեցավ ամփոփում, ներկայացվեցին համաժողովի արդյունքները:

Համաժողովից հետո Երևանից ժամանած մասնակիցների համար կազմակերպվեցին այցեր Իջևանի գինու, կոնյակի գործարան, Բերդի պետական բազմագործառութային քոլեջ և «Տավուշ տեքստիլ» ընկերություն:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Գ.Սիմոնյանի, Գ.Փիրումյանի և Լ.Մարգարյանի՝ Մոսկվայի գրքի 32-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառում մրցանակի արժանացած անգլերեն գրքի շնորհանդեսը

1. DSCN0068 2019թ. հոկտեմբերի 22-ին մասնաճյուղի գրադարանում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանի, Գևորգ Փիրումյանի և Լիանա Մարգարյանի համահեղինակած «Բնական ջրերի և այլ համակարգերի գեոէկոլոգիական գնահատման ինտեգրալ  ինդեքս» (“Geoecological Evaluational Integrating Index of Natural Waters and other Systems”) անգլերեն մենագրության շնորհանդեսը:

Գրքի համահեղինակ Գևորգ Սարգսի Սիմոնյանը Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է, Ռուսական բնագիտական  ակադեմիայի պրոֆեսոր, ԵՊՀանօրգանական և անալիտիկ  քիմիայի ամբիոնի  դոցենտ, ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, քիմ. գիտ. թեկնածու, դոցենտ:

Գևորգ Պետրոսի Փիրումյանը Ռուսական բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ-ի էկոլոգիական անվտանգության կենտրոնի ղեկավարը:

Մենագրության համահեղինակ Լիանա Մարգարյանը ԵՊՀ-ի էկոլոգիական անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող է, տեխն. գիտ. դոկտոր, դոցենտ:

Գրքի շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր Երևանից և Իջևանից:

Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ ողջունելով և շնորհավորելով համահեղինակներին ու շնորհանդեսի մասնակիցներին , ընդհանուր գծերով անդրադառնալով գրքին:

Արժևորման ու գնահատանքի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը՝ մենագրության լույսընծայման առթիվ շնորհավորելով գրքի համահեղինակներին, ուսանողներին և բոլոր ներկաներին: Պարոն Մակարյանը մասնավորապես նշեց, որ Գևորգ Փիրումյանի, Գևորգ Սիմոնյանի և Լիանա Մարգարյանի «Բնական ջրերի և այլ համակարգերի գեոէկոլոգիական գնահատման ինտեգրալ ինդեքս»  մենագրությունը Ռուսաստանի Բնագիտության ակադեմիայի 75 տաղավարում մասնակցել է 2019թ. սեպտեմբերի 4-8-ը Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսում ВДНХ կազմակերպված Մոսկվայի գրքի 32-րդ միջազգային ցուցահանդես-ֆորումին, որի  մասնակիցները՝ 33 երկրների ավելի քան 300 ռուս և արտասահմանյան հրատարակիչներ, ներկայացրել են կրթական, գիտական, տեղեկատու և հանրագիտարանային, գեղարվեստական, մանկական գրականության լավագույն օրինակները: Հնգօրյա ցուցահանդես-տոնավաճառ են այցելել 120 հազար մոսկվացիներ և հյուրեր: «Ի ուրախություն հեղինակների և մեզ՝ բոլորիս, – ընդգծեց Ա. Հ. Մակարյանը, – մենագրությունն արժանացել է ցուցահանդեսի դիպլոմի, իսկ հեղինակային խումբը՝ ի դեմս Գևորգ Սիմոնյանի, պարգևատրվել է ցուցահանդեսի  դափնեկրի  մեդալով»:

Այնուհետև ելույթ ունեցան գրքի համահեղինակներ Գ.Սիմոնյանը և Գ.Փիրումյանը՝ ներկայացնելով գրքի ստեղծման հանգամանքները, նպատակը, առաջադրված խնդիրները, պատասխանելով շնորհանդեսի մասնակիցների հարցերին:

Մասնավորապես նշվեց, որ մենագրությունն ամփոփում է հեղինակների քսանամյա ուսումնասիրությունը հիդրոքիմիայի, շրջակա միջավայրի քիմիայի և երկրաէկոլոգիայի բնագավառներում: Այն նվիրված է քաղցրահամ ջրի որակի համապարփակ գնահատման և կանխատեսման համար մոդելների ստեղծմանը: Քաղցր ջրի որակի և շրջակա միջավայրի կարգավիճակի համապարփակ գնահատման համար առաջարկվում են նոր եզակի մոդելներ: Մենագրությունը վերլուծում է գիտության մեջ առկա քաղցրահամ ջրի որակի ցուցանիշները և տալիս է հեղինակների կողմից մշակված ջրի որակի ցուցանիշների առավելությունները: Ջրի որակի կանխատեսումները կատարվում են կլիմայի փոփոխության տարբեր սցենարների համար: Առաջարկվել են և շրջանառության մեջ են դրել ջրի որակի 2 նոր ինդեքսներ՝ 1. Ջրի որակի էնտրոպիական ինդեքսը (Geo-ecological evolving organised index GEVORG index) և 2.  Ջրի որակի Հայկական  ինդեքսը:

ՀՀ-ում ստեղծվել է հիդրոքիմիայի և բնապահպանական քիմիայի մեծ գիտական դպրոց, որը հայտնի է Հայաստանի սահմաններից դուրս: Այդ ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են ավելի քան 100 հոդվածներում՝ տպագրված Հայաստանի և արտերկրի գիտական ամսագրերում, ներկայացվել են ավելի քան 30 միջազգային գիտաժողովներում և համաժողովներում: Մշակված ցուցանիշները տարածվում են բոլոր գետերի, լճերի, արհեստական ջրամբարների, ինչպես նաև ստորերկրյա ջրերի վրա:

Վերջին տարիներին հեղինակները կիրառել են իրենց կողմից մշակված ցուցանիշները `տարբեր կենսա և էկոհամակարգերի որակը որոշելու համար: Ձեռք են բերվել գոհացուցիչ արդյունքներ, որոնք արդեն ներդրվել են Ղազախստանի ագրոտեխնիկական համալսարանում` քաղաքային տարածքներում կանաչ տարածքների վիճակի ուսումնասիրման  համար` օդի աղտոտվածության, հողի անբարենպաստ քիմիական և ֆիզիկական հատկությունների մշտական բացասական ազդեցությունը որոշելու և գնահատելու համար:

Մշակված ցուցանիշները ներդրվել են նաև «Զելեզնոգորսկու» «Տիեզերական տեխնոլոգիաներ» ընկերությունում՝ նաֆթիդային համակարգերի (բնական գազ, նավթ, հարակից գազ) հասունությունը գնահատելու համար: Ներկայացված է նաև նավթի հայտնաբերման մեթոդ` հիմք ընդունելով մակերևութային ջրերի հիդրոքիմիական վերլուծությունը և վանադիումի քանակությունը:

Գրքի գրախոսներն են Մոլդովայի Հանրապետության ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Դուկան, Հայաստանի ԳԱԱ  թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը, Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Մինասյանը:

Մենագրությունն անգլերենով լույս է տեսել Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի և «Լոգոս» հրատարակչության առաջարկով: Գիրքը նախատեսված է հիդրոլոգիայի, հիդրոքիմիայի, էկոլոգիայի, նավթի և մաթեմատիկական մոդելավորման բնագավառի մասնագետների, շրջանավարտների և ուսանողների համար:

Շնորհանդեսի վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն: