ԵՊՀ ԻՄ-ում ավարտվեց առկա ուսուցման՝ 2018-2019 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

IMG_3434

 2019թ. մայիսի 18-ից հունիսի 1-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթացավ առկա ուսուցման 2018-2019 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը (առկա ուսուցման ավարտական աշխատանքների պաշտպանությունները)՝ 11 մասնագիտության գծով:

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանի հավաստմամբ՝ ամփոփիչ ատեստավորման գործընթացն անցկացվել է սահմանված կարգով, ըստ հաստատված ժամանակացույցների. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահները և անդամները, դասախոսները և ուսանողները ավարտական աշխատանքների պաշտպանություններին մոտեցել են ամենայն պատասխանատվությամբ:

2019թ. մայիսի 18-ին տեղի ունեցավ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի դոցենտ, տեխն. գիտ. թեկնածու Նարինե Ալբերտի Կոսյանը:                  

Նույն օրը կայացավ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Մելանյա Սմբատի Ղազարյանը:

Մայիսի 22-ին տեղի ունեցավ «Կիրառական արվեստ» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, ՀՀ ՆՄ և ՀՀ ԴՄ անդամ, արվեստագիտության թեկնածու Լիլիթ Ռաֆայելի Մելիքյանը:

Մայիսի 23-ին կայացավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բան. գիտ. դոկտոր Վարդան  Գևորգի Դևրիկյանը:

Մայիսի 24-ին տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Արմենի Հարությունյանը:          

Մայիսի 25-ին կայացավ «Պատմություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական hամալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.թ, Գագիկ Սուրենի Հարությունյանը:      

Նույն օրը տեղի ունեցավ «Հոգեբանություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային  կենտրոնի  դեկան, հոգեբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Ռաֆիկի Հակոբյանը: 

Նույն օրը կայացավ և «Սերվիս» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի զբոսաշրջության  ֆակուլտետի դեկան, աշխ. գիտ. թեկնածու Գոռ Սուքիասի Մանասյանը:

Մայիսի 25-ին տեղի ունեցավ նաև «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի վարիչ, տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ Դավիթ Ալեքսանդրի    Սողոմոնյանը:

Մայիսի 27-ին կայացավ «Դիզայն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, ՀՀ ՆՄ և ՀՀ ԴՄ անդամ, արվեստագիտության թեկնածու Լիլիթ Ռաֆայելի Մելիքյանը:

Հունիսի 1-ին տեղի ունեցավ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ, տ.գ.թ. Գագիկ Գրիգորի Աղաջանյանը:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի հերթական նիստը

DSCN8820

 2019թ. հունիսի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, գիտխորհրդի անդամներ: Նիստը վարում էր ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը:

ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ԻՄ-ի ՄՌԿ բաժնի գործունեության մասին (զեկուցող՝ ՄՌԿ
    բաժնի վարիչի պաշտոնակատար Վ. Եգանյան):
  2. ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի գործունեության մասին (զեկուցող՝ Արտաքին կապերի բաժնի վարիչ Ա. Եգանյան):
  3. ԵՊՀ ԻՄ-ի տնտեսական մասի գործունեության մասին (Զեկուցող՝ Տնտեսական մասի վարիչ Վ.Սարգսյան):
  4. ԵՊՀ ԻՄ-ի հաշվապահության գործունեության մասին (զեկուցող՝ գլխավոր հաշվապահ Մ. Մխիթարյան):
  5. Ընթացիկ հարցեր.
    • ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի կանոնադրության հաստատում:
    • Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի հաստատում (նոր խմբագրությամբ):
    • Կրթական ծրագրերի հաստատում:

Յուրաքանչյուր հարցից հետո իրականացվեց քննարկում, որի ընթացքում նիստի մասնակիցները զեկուցողներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան պարզաբանումներ, ներկայացրին իրենց առաջարկությունները:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի, Արտաքին կապերի բաժնի և Տնտեսական մասի զեկուցումները նիստի ընթացքում ընդունվեցին ի գիտություն, իսկ գործունեությունը գնահատվեց բավարար:  

ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի կանոնադրությունը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը և ԵՊՀ ԻՄ-ի հինգ՝ «Ֆինանսներ», «Զբոսաշրջություն», «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերը:

Գիտխորհրդի նիստի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: 

«Իմ Թումանյանը» խորագրով ստեղծագործական շարադրությունների համահամալսարանական մրցույթի հաղթողները պարգևատրվեցին

   DSCN8748

 2019թ. մայիսի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.Աիդա Սարհատյանի նախաձեռնած՝ «Իմ Թումանյանը» խորագրով ստեղծագործական շարադրությունների համահամալսարանական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:                    

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր մասնագիտությունների ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., Ա.Սարհատյանը՝ մասնավորապես նշելով. «Թումանյանը բոլոր հայերինն է ու նաև մերը ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի  դասախոսներինս ու մեր ուսանողներինը, որ Թումանյանական տարին՝ 2019-ը, դիմավորում  ու անցկացնում ենք  անհուն սիրով… մասնաճյուղում փայլուն կերպով կազմակերպված «Թումանյան-150» գիտաժողովին գումարվեց նաև «Իմ Թումանյանը» խորագրով համահամալսարանական մրցույթը, որին արձագանքեցին  մեր շատ ուսանողներ ու ներկայացրին խրախուսանքի արժանի աշխատանքներ, որոնցում նրանք մե՛րթ Թումանյանի հեքիաթների աշխարհում ապրող անհոգ մանուկներ էին, մե՛րթ հասուն, երազկոտ պարմանուհիներ՝ արդեն քաջածանոթ Անուշին ու Սարոյին, անբախտ Մարոյին, սիրո անշեջ հուր երազող դստերը Փարվանա, 12-ամյա  Գիքորին ու մյուս հերոսներին, ողբերգություն ծնող ադաթներին ու բարքերին, հանճարեղ քառյակների խորհուրդներին…»:

Մրցույթին ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման համակարգերի տարբեր մասնագիտությունների ուսանողների կողմից ներկայացվել էին մի քանի տասնյակ շարադրություններ, որոնք քննարկվել էին ամբիոնում, և ընտրվել էր 5 լավագույն աշխատանք:   

Տիկին Սարհատյանը, նշելով, որ Ամենայն հայոց բանաստեղծի մասին սիրով լի սրտառուչ, ջերմ խոսք էին գրել  Գոհար ՄխիթարյանըԱրփինե Բեգինյանը («ՀԼԳ» 2-րդ կուրս), Վանուհի ՀարությունյանըԱշխեն Վիրաբյանը («ՏՄՄ» 3-րդ կուրս), հեռակա ուսուցման համակարգի ուսանողուհի Հասմիկ  Գիշյանը և ուրիշներ, ներկայացրեց մի քանի գողտրիկ պատառիկներ այդ աշխատանքներից.

«…Ես մեծացա Թումանյանի հետ՝ կրծքիս սեղմած նախ հեքիաթների՝ տատիկիս նվիրած կապույտ ժողովածուն, արցունքներիցս խոնավացած «Գիքորը»,  «Անուշը», ապա անմահ քառյակները… Իմ սիրելի՛ Թումանյան, ես մեծացա քո՛ երգած կանաչ սարերում, քո՛ աղբյուրի քչքչոցի մեղմ օրորի տակ, քո՛ Լոռվա ձորերի կիրճերի խորությունն զգալով… Ես՝ քո հազարավոր ծոռնուհիներից մեկը, շնորհակալ եմ ինձ պարգևած թախիծով, արցունքով, երազանքով ու սիրով լի  անմոռաց պահերի համար, քո արևոտ ժպիտի և աշխարհին ու մարդկանց արևի պես նայելու իմաստուն խորհրդիդ համար…» (Գոհար Մխիթարյան):

  «…Դու ուղեկցել ես ինձ իմ ապրած բոլոր տարիներին ու օգնել հասկանալու՝ ինչ է կարոտը, վիշտը, մարդու ու մի ողջ ժողովրդի ցավն ու երազանքը, խորունկ, անափ, սերը, սիրած էակին կորցնելը… Քո խոսքի պարզությունը՝ իր նմանը չունեցող, քո սերը ժողովրդիդ հանդեպ՝ ծովածավալ, քո վիշտը՝ անհատակ, քո երգերը՝ հայոց բիբլիական լեռներում ստեղծված հոգևոր գանձեր…» (Վանուհի Հարությունյան):

Ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ ԱՎՑուցուլյանը՝ ողջունելով Հայոց լեզվի և գրականության ամբիոնի հերթական գեղեցիկ նախաձեռնությունը, ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը, նրանց ունեցած մեծ նշանակությունը, շնորհավորելով մրցույթի հաղթողներին և մրցանակային տեղեր գրաված ուսանողներին հանձնելով նվերներ՝ գրքերի տեսքով:

Վերջում ելույթ ունեցավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վ. Վ. Ավագյանը՝ իր գոհունակությունը հայտնելով մրցույթի նախաձեռնող տիկին Սարհատյանին և մասնակիցներին՝ ստեղծագործական մեծ ներշնչանքով գրված ջերմ ու անմիջական շարադրությունների համար, շնորհակալություն հայտնելով տնօրենությանը՝ մշտական աջակցության համար և հավաստիացնելով, որ նման միջոցառումներ հաճախակի կկազմակերպվեն ամբիոնի կողմից:  

«Գրական ընթերցումներ» խորագրով բաց դաս «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսում

DSCN8655

2019թ. մայիսի 29-ին ԵՊՀ ԻՄ-ի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսում՝ «արտասահմանյան գրականություն» դասընթացի շրջանակներում, կայացավ «Գրական ընթերցումներ» խորագրով բաց դաս, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Քրիստինե Դադյանը

Դաս-միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Կարինե  Պողոսյանը, նույն ֆակուլտետի փոխդեկան, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վահան Աղաբաբյանը, Քրիստինե Դադյանը և ուսանողներ: 

Միջոցառման սկզբունքը հետևյալն էր.  ուսանողները պետք է ընտրեին ընթերցված հատվածներից  իրենց դուր եկածը և նարինջ փոխանցեին այդ հատվածն ընթերցողին: Ով հավաքեր ամենաշատ նարինջը, նա կդառնար հաղթող և կստանար գլխավոր մրցանակը: Բոլորի համար հանելուկ էր, թե ինչու է ընտրությունը կատարվում նարինջներով:

Ուսանողներն ընթերցեցին հատվածներ Հոմերոսի «Ոդիսական» (Լիանա Թումանյան), Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» (Անի), Ֆրիդրիխ Շիլլերի «Դոն Կարլոս» (Մհեր), Վիկտոր Հյուգոյի «Թշվառներ» (Մանե, Լիանա), Ուիլյամ Թեքերեյի «Ունայնության տոնավաճառը» (Սիրանուշ Զաքարյան),  Գուստաֆ Ֆլոբերի «Սալամբո» (Լիլիթ), «Տիկին Բովարի» (Քրիստինե), Անտուան դը Սենտ-էքզյուպերիի «Աղոթք: Փոքրիկ քայլերի արվեստը» (Հրանուշ), Անատոլի Լևանդովսկու «Ժաննա դ’Արկ» (Արևիկ) ստեղծագործություններից: Ուշադրության արժանացան Մարիամ Բաբուռյանի (Բալզակ, «Շագրենի կաշին»), Զինա Եգանյանի (ֆլոբեր, «Տիկին Բովարի»), Իննա Մկրտումյանի (Պո, «Կարմիր մահվան դիմակը») ընտրած հատվածները:

Ոգևորիչ էր Վահան Աղաբաբյանի անակնկալ մասնակցությունը. նա ընթերցեց ժամանակակից գրող Արամ Պաչյանի «Ամաչում եմ» ստեղծագործությունը, իսկ Քրիստինե Դադանը՝ խոստովանական պոեզիայի ներկայացուցիչ  Էնն Սեքսթընի «Սիրեկանիս, որը վերադառնում է իր կնոջ մոտ» բանաստեղծությունը՝ Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ:

Եկավ ամենահաճելի պահը՝ ընտրություն նարինջներով, որին մասնակցեցին նաև մեր հյուրերը:

Հաղթեց Անի Ասրյանը, ով ընթերցեց Ու.Շեքսպիրի «Համլետ» ողբերգության «Լինել, թե՞ չլինել…» մենախոսությունը: Մրցանակը նրանն էր՝  Անթընի Բըրջեսի «Լարովի նարինջ» երգիծական հակաուտոպիան՝ XX դարի ամենահռչակավոր գրական ստեղծագործությունը: Հանելուկը լուծված էր: «Անտարես» հրատարկչությունը  այն «Արգելված գրքեր» մատենաշարով հրատարակել է 2018-ին՝ Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ: 

Անակնկալները շատ էին. տեսաձայնագրությամբ ուսանողներին ողջունեց ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզանննա Ղազարյանը: Նա սիրով ուսանողներին նվիրեց իր և իր  մայրիկի՝ Դորա Եսայանի թարգմանած գրքերից: Ուսանողուհի Լիլիթ Հովսեփյանը ստացավ Ալ. Դյումայի «Մարգո թագուհի» վեպը՝ Դորա Եսայանի թարգմանությամբ: Այն մի քանի օր առաջ վերահրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Արևիկ Ալիխանյանը ստացավ ամերիկացի գրող Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպը՝ Ռուզաննա Ղազարյանի թարգմանությամբ: Մանե Գաբրիելյանն էլ ստացավ Թրումեն Կապոտեի «Նախաշաճ Թիֆընիի մոտ» վիպակը՝ դարձյալ Ռուզաննա Ղազարյանի թարգմանությամբ. այն վերջերս վերահրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը: Ռուզաննա Ղազարյանն ասաց՝ ինքը համոզված է, որ ուսանողները գիտեն գրականության արժեքը, գիտեն, որ առանց գրականության մեր կյանքն անիմաստ է, գրականությունն է, որ մեզ պահում է, որի շնորհիվ մենք ապրում ենք, գոյատևում ենք և հույսներս չենք կորցնում: Նա ուսանողներին մաղթեց հաջողություն և ամենայն բարիք:

Ք.Դադյանը հավելեց, որ Արևիկ Ալիխանյանը ստացավ այդ գիրքը, քանի որ գիտեր՝ «Կնքահայրը» Արևիկի ամենասիրելի ստեղծագործություններից մեկն է: Իսկ Լիլիթ Հովսեփյանն առանձնանում է իր գրական-վելուծական մտքով, նա խնամքով, սիրով ու զգուշությամբ է մոտենում գրական ստեղծագործություններին, իսկ Մանեն քննություններին ամենալավն է պատասխանում. նա առանձնանում է աշխատասիրությամբ, գեղեցիկ և սահուն խոսքով, ընթերցասիրւթյամբ:

Անակնկալ  կար նաև ուսանողուհի  Իննա Մկրտումյանի համար: Նա ստացավ մի տուփ կոնֆետներ՝ գեղեցիկ հատվածի ընտրության,  ռուսերեն վարժ ու սահուն ընթերցելու համար:

Ելույթ ունեցավ Կ.Պողոսյանը՝ արժևորելով միջոցառումը, նշելով, որ այլընտրանքային դասը նոր կողմերից է բացահայտում ուսանողին և հնարավորություն տալիս նրան բազմակողմանի դրսևորվելու: Նա հավելեց, որ ուսանողներն ունեին գրական ճաշակ, և որ նրանցից  շատերն աչքի էին ընկնում ճիշտ և տպավորիչ ընթերցանությամբ:

Ե՛վ ուսանողները, և՛ ներկա հյուրերն արտահայտեցին իրենց տպավորությունները և շնորհակալություն հայտնեցին գեղեցիկ դաս-միջոցառման համար:

Հունիսի 1-ը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

13164_hunisi1_M

 Ամբողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում հունիսի 1-ին նշում են Երեխաների միջազգային օրը (International Children’s Day): Այդ տոնը Հայաստանում հայտնի է որպես երեխաների իրավունքների պաշտպանության օր:

Երեխաների միջազգային օրն ամենահին միջազգային տոներից է: Նրա անցկացման մասին որոշումը կայացվել էր 1925 թվականին` Ժնևում, երեխաների բարօրությանը նվիրված Համաշխարհային կոնֆերանսում: Հստակ տվյալներ չկան, թե ինչու է հենց հունիսի 1-ն ընտրվել երեխաների օր:

Ըստ տարբերակներից մեկի` 1925 թվականին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հավաքել է մի խումբ չինացի որբ երեխաների և նրանց համար Դուան ու Ցզե տոնակատարություն է կազմակերպել (վիշապ-նավակների փառատոն), որի ամսաթիվը հենց հունիսի 1-ն է եղել: Երջանիկ պատահականությամբ օրը համընկել է նաև Ժնևում «մանկական» կոնֆերանսի անցկացման հետ:

1949 թվականին` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Փարիզում տեղի է ունեցել կանանց կոնգրես, որտեղ երդվել են, որպես երեխաների երջանկության երաշխիք, հանուն խաղաղության անդադար պայքարել: Մեկ տարի անց` 1950 թվականին հունիսի 1-ին, անցկացվել է Երեխաների պաշտպանության առաջին միջազգային օրը, որից հետո տոնը նշվում է ամեն տարի:

1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ն ազդարարվեց որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր: Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը և 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին խոցելի հատուկ խումբ:

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Հունիսի 1-ին ՀՀ մարզերում և մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում:

Սիրով շնորոհավորում ենք աշխարհի բոլոր երեխաներին այս պայծառ ու լուսավոր տոնի առթիվ՝ մաղթելով անսպառ խինդ ու բերկրանք, անհոգ ու երջանիկ մանկություն: