ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները՝ ֆրանսիական “Le Dauphiné Libéré” թերթի խմբագրությունում

55944877_264007051148382_6836513725256564736_n

 2019թ. մարտի 27-ին Ֆրանսիա (Վալանս) կատարած այցի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակության անդամները հյուրընկալվեցին “Le Dauphiné Libéré” մարզային թերթի  խմբագրությունում:

Լրագրող Կլարիս Աբատյուն հյուրերին ծանոթացրեց խմբագրության տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին, ապա զրույց ունեցավ ուսանողների հետ:

ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակության ղեկավար Ա.Մարդանյանը ներկայացրեց այցի նպատակները՝ ընդգծելով, որ «Մաեստրիս» համալսարանում ուսանողների պրակտիկան անցնում է շատ կազմակերպված: Նա շնորհակալություն հայտնեց Կ.Աբատյուին ջերմ ընդունելության համար:

Համալսարանականները ներկայացրին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, պատմեցին երկրում կատարված փոփոխությունների մասին:

Կ.Աբատյուն, իր գոհունակությունը հայտնելով ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների՝ ֆրանսերենի իմացության և հաղորդակցման կարողությունների վերաբերյալ, առաջարկեց յուրաքանչյուր ամիս Հայաստանից ուղարկել հոդվածներ՝ ֆրանսիական “Le Dauphiné Libéré” թերթում տպագրելու նպատակով: Նա հավելեց, որ նախատեսված է մարտի 31-ին թերթում հոդված և լուսանկար հրապարակել հենց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների՝ Վալանս կատարած այցի մասին:

Կայացավ «Ծուլությունը որպես մահացու մեղք» թեմայով դաս-քննարկումը

DSCN6632

 2019թ. մարտի 27-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ «Ծուլությունը որպես մահացու մեղք» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, Տավուշի թեմի հոգևոր սպասավորներ՝ Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը, Թովմաս ուրարակիր Առաքելյանը, տարբեր մասնագիտությունների ուսանողներ:

Դաս-քննարկման ընթացքում Տեր Բագրատ Գալստանյանն անդրադարձավ մեղքերի տեսակներին, որոնք, ըստ կամքի, լինում են կամա և ակամա, ըստ գիտակցման՝ գիտակցված և չգիտակցված: Եթե ակամա գործված մեղքերը ներելի կամ դյուրավ ներելի են, ապա առավել դժվար ներելի են կամավոր, ազատ կամքով և գիտակցաբար կատարվածները, որոնցից յոթ մահացու մեղքերն առանձնապես ատելի են Աստծուն ու սրբերին:

Ընդգծվեց, որ ծուլությունը դասվում է 7 մահացու մեղքերի (1. հպարտություն, 2. նախանձ, 3. բարկություն, 4. ծուլություն, 5. ագահություն, 6. որկրամոլություն, 7. բղջախոհություն (պիղծ մտածմունքներ ու գործեր, վավաշոտություն) շարքը: Մահացու մեղքերի ճյուղավորումները կամ նմանակներն են չարակնությունը, կախարդությունը, բանսարկությունը, շողոքորթությունը, հեշտասիրությունը, խստասրտությունը, հայհոյությունը, շնությունը, մարմնասիրությունը, ժլատությունը, խաբեությունը, ընչաքաղցությունը, մարդապաշտությունը, դրամապաշտությունը, փառասիրությունը, սանձարձակությունը, լպիրշությունը, խեղկատակությունը, դավաճանությունը:

Ուսանողների այն հարցին, թե որն է ծուլության վիճակից դուրս գալու հիմնական միջոցը, բանախոսը պատասխանեց. «Ծուլությունից դուրս գալու տարբերակներից է ժամանակի վրա իշխանություն ունենալու ծրագրումը, այն, թե դու ինչպես ես տնօրինում քո ժամանակը»: Բագրատ սրբազան Գալստանյանը հավելեց, որ աշխատանքը (գործելը, արարելը) աստվածային օրհնություն է (նզովք լինելով հանդերձ՝ օրհնանք է), ուսանողներին կոչ արեց երբևէ չծուլանալ, քայլ կատարել, գործել, արարել, անընդհատ մարզել թե՛ մարմինը, թե՛ միտքը, քանզի չմարզելու դեպքում միտքն էլ է փչանում: Ի վերջո, ով ինչ ցանի, այն էլ կհնձի, իսկ չցանածը հնձելու ակնկալիքը, ինչպես Նալբանդյանն է նշել, շատ խորը ինքնախաբեություն է:

Պարոն Ցուցուլյանն էլ հավելեց, որ եթե Աստված յուրաքանչյուր մարդու մեջ է, և Աստված «ԱՐԱՐԻՉ» է, ապա մարդը արարելով իրացնում է իր մեջ առկա այդ աստվածային ունակությունը:

Ամփոփվեցին ուսանողների մնացորդային գիտելիքների ստուգման արդյունքները

20190319_135833

 2019թ. մարտի 19-26-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինն իրականացրեց մնացորդային գիտելիքի ստուգման արդյունքների քննարկումներ ուսանողների հետ:

Փետրվարին մասնաճյուղի 3 ֆակուլտետների (Բնական գիտությունների, Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության) շուրջ 9 մասնագիտությունների 10 I-III կուրսերում անցկացվել են մնացորդային գիտելիքի ստուգումներ: ԵՊՀ ԻՄ-ում մնացորդային գիտելիքի ստուգման առաջին փորձն էր սա, և ամբիոնները ամենայն պատասխանատվությամբ էին մոտեցել ստուգման տարբերակներում ներառված հարցերի և խնդիրների բովանդակությանը։ Կարևորվել էր մնացորդային գիտելիքի ստուգման նպատակը, այն է՝ բարձրացնել կրթական գործընթացի արդյունավետությունը, վերհանել ուսանողների ձեռքբերումները, գնահատել նրանց մասնագիտական հետագա գործունեության համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքների, ձևավորված կարողությունների և հմտությունների առկայության մակարդակը: Մնացորդային գիտելիքը, ի դեպ, այն նվազագույն պաշարն է, որն ուսանողը պարտավոր է կուտակել՝ ելնելով կրթական ծրագրի ընթացիկ պահանջներից և իր հնարավորություններից:

Մնացորդային գիտելիքների ստուգման արդյունքները հավաքագրվել, քննարկվել և վերլուծվել են ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՈԱ բաժնում: Վերլուծության ժամանակ ուսանողների դրսևորած մնացորդային գիտելիքների արդյունքները համադրվել են մոդուլի (եթե ստուգումն անցկացվել է մեկից ավելի մասնագիտական դասընթացներից) կամ դասընթացի միջին գնահատականի և ուսանողի միջին որակական գնահատականի հետ, որը հնարավորություն է տվել յուրաքանչյուր ուսանողի համար պարզել նրա ձեռքբերումների դինամիկան:

Այդ արդյունքները վերլուծելուց և ըստ կուրսերի ամփոփելուց հետո ՄԿՈԱ բաժինը մարտին կազմակերպել է ուսանողների հետ մնացորդային գիտելիքի ստուգման արդյունքների քննարկումներ։ Հանդիպում-քննարկումներին ներկա է եղել նաև մասնաճյուղի տնօրեն Ա. Վ. Ցուցուլյանը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, կրթական ծրագրերի ղեկավարները և դասախոսներ:  Հանդիպումներն անցկացվել են առանձին ֆակուլտետներով: Հանդիպումների նպատակն էր ուսանողների հետ քննարկել արդյունքները, լսել նրանց կարծիքները ստուգման անցկացման ձևի, ժամանակի, բովանդակության և ընդհանրապես նրա կարևորության վերաբերյալ: 

Հետաքրքիր էին նաև ուսանողների դիտարկումները տարբերակների բովանդակության, դրանց մեջ առկա հարցերի և խնդիրների վերաբերյալ: Օրինակ՝ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներն առաջարկեցին թեստերում ընդգրկել մի քանի դասընթացների թեմաներ, և լինեն միայն ընդհանրացնող և եզրահանգող հարցեր՝ առանց կոնկրետ բանաձևերի և մանրամասն տվյալների:

Եղան բազմաթիվ առաջարկներ մնացորդային գիտելիքի ստուգման անցկացման ժամկետի վերաբերյալ: Ուսանողներն առաջարկեցին մնացորդային գիտելիքի ստուգում անցկացնել 2-րդ կամ 3-րդ կուրսերում դասընթացը կամ մոդուլը ավարտելուց հետո՝ 1-2 ամսվա ընթացքում:

Ուսանողներին ներկայացվեց գերմանացի հոգեբան Հերման Էբբինհաուզի «մոռացման կորը», որը նա ստացել է 1885 թվականին մարդու հիշողության փորձարարական ուսումնասիրությաների հետևանքով: Ուսանողներին բացատրվեց այդ կորը և ներկայացվեց դրա եզրակացությունը, այն է՝ արդյունավետ հիշելու համար անհրաժեշտ է կրկնել անցած նյութը:

Այդ հանդիպումները բավականին հետաքրքիր էին և բովանդակալից, հատկապես տպավորիչ էր ուսանողների ակտիվ մասնակցությունը, և ոգևորիչ էր տեսակետ արտահայտելու նրանց պատրաստակամությունը: Ուշագրավ է, որ մնացորդային գիտելիքի ստուգում անցկացնելը, ուսանողների կարծիքով, կարևոր է, և այն պետք է դարձնել մշտապես իրականացվող գործընթաց:

Հանդիպումների վերջում ՄԿՈԱ բաժնի աշխատակիցները դեկաններին, ամբիոնների վարիչներին և կրթական ծրագրերի ղեկավարներին առաջարկեցին կազմակերպել հանդիպումներ ուսանողների ու դասախոսների հետ և ՄԿՈԱ բաժին ներկայացնել հետագայում մնացորդային գիտելիքի ստուգման կազմակերպման ձևի, դասընթացների, պարբերականության, գնահատման և տարբերակների բովանդակության վերաբերյալ իրենց առաջարկները:

 

Կայացավ Շառլ Ազնավուրին նվիրված գրական-երաժշտական հուշ-ցերեկույթ

#ARstudio2019թ. մարտի 26-ին Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված գրական-երաժշտական հուշ-ցերեկույթ, որը կազմակերպել էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սվետա Օհանյանը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մասնակցում էին «Օտար լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Դիզայն» մասնագիտությունների ուսանողներ: Դահլիճի ձևավորումն ապահովել էին «Դիզայն» II կուրսի ուսանողուհիներ Նոննա Ալավերդյանն ու Դիանա Դալլաքյանը, «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողուհի Էլմիրա Կոստանյանը:

ՀՀ Ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան, հասարակական գործիչ, մեծագույն հայ Շառլ Ազնավուրին նվիրված հուշ-ցերեկույթը «Բոհեմ» երգի  փայլուն կատարմամբ  բացեց «Դիզայն» III կուրսի ուսանող Գուրգեն Դալյանը:

Ապա միջոցառման ընթացքում ֆրանսերենով և հայերեն թարգմանությամբ ներկայացվեց Շառլ Ազնավուրի կենսագրությունը: Մասնավորապես նշվեց, որ թեև մեծն հայորդին ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, սակայն անդառնալիորեն կապված է եղել իր մայր հողին՝ Հայաստանին. առաջին անգամ Ազնավուրը Հայաստան էր ժամանել 1963թ., այնուհետև 1988-ին: Այդ աղետալի դեպքից հետո շուրջ 30 տարի Ազնավուրն իր մարդասիրական օգնությունն է հասցրել Հայաստանին:

Հնչեցին Ազնավուրի ամենահայտնի ստեղծագործություններից՝ «Մայրիկ (La Mamma)», «Ես և դու (Moi et toi)», «Սիրո մի կյանք (Une vie d’amour)», «Քեզ համար, Հայաստան (Pour toi Arménie)» երգերը, ինչպես նաև որպես բանաստեղծություն դաշնամուրի նվագակցությամբ  ներկայացվեցին «Ես ոչինչ չեմ մոռացել (Je n’ai rien oublié)», «Ես սպասում եմ քեզ (Je t’attends)» և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Նրանք ընկան (Ils sont tombés)» երգերը:

Մասնակիցները միջոցառման ընթացքում ընդգծեցին այն գաղափարը, որ Ազնավուրը, ով, Միսաք Մանուշյանի խոսքով ասած, դարձավ Հայաստանի պատիվը և Ֆրանսիայի փառքը, միշտ կմնա մեզ հետ, մեր սրտերում:

Վերջում ելույթ ունեցան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ գոհունակություն ու շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ բարձր մակարդակով անցկացված միջոցառման համար:

Միջոցառման բոլոր լուսանկարները տե՛ս  Պատկերասրահում

Մեր ուսանողները հյուրընկալվել էին Վալանսի քաղաքապետարանում

55504319_2454062591318278_1974949589039448064_n

 2019թ. մարտի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունը հյուրընկալվեց Վալանսի քաղաքապետարանում: Հանդիպմանը ներկա էին քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, փոխքաղաքապետ Ֆ.Դոման, ավագանու անդամներ, հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, «Հայկական մշակութային ժառանգության կենտրոն և ընկերներ» կազմակերպության նախագահ Ն.Քեշիշյանը, Հայ բարեգործական ընդհանուր միության Վալանսի մասնաճյուղի նախագահ Կ.Մարգարյանը, հյուրընկալող ընտանիքները:

Պարոն Ն.Դարագոնը ջերմորեն ողջունեց հայկական պատվիրակությանը: Նա խոսեց ֆրանս-հայկական դարավոր բարեկամության, Իջևան-Վալանս համագործակցության, ԵՊՀ ԻՄ-ի և Վալանսի Մաեստրիս համալսարանի ուսանողների փոխանակման ծրագրերի մասին: Քաղաքապետը հույս հայտնեց, որ փոխանակման ծրագիրը կդառնա ավելի արդյունավետ, շնորհակալություն հայտնեց հայ ուսանողների այցը կազմակերպող բոլոր կազմակերպություններին և անհատ բարերարներին:

Այնուհետև ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ղեկավար Ա.Մարդանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի կողմից հանձնեց Տավուշի մարզի մասին զբոսաշրջային ուղեցույցը: Տիկին Մարդանյանը նաև ընդգծեց, որ իրենք հպարտ են, որ ԵՊՀ ԻՄ-ի նախկին դասախոս Գոհար Համզյանը հայրենանվեր գործ է կատարում իր հարազատ կրթօջախին օգնելու համար:

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն:

Մասնաճյուղի ուսանողները Վալանսի քաղաքապետարանից հեռացան գեղեցիկ նվերներով ու ջերմ տպավորություններով: