ՄԿՊԿ բաժինը դպրոցներում իրականացնում է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ

IMG_7422 2019թ. մարտի 14-22-ը ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՊԿ բաժնի ներկայացուցիչները և տարբեր ամբիոնների դասախոսներ մասնագիտական կողմնորոշմանը վերաբերող քննարկումներ իրականացրին Իջևանի շրջանի 7 գյուղերի միջնակարգ դպրոցների, Իջևանի վարժարանի, ինչպես նաև Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների հետ:

Աչաջրի Հրանտ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների հետ հանդիպում ունեցան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Արտակ Ցուցուլյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը, ովքեր ընդգծեցին, որ Աչաջուրը մեծ դեր ունի ԵՊՀ ԻՄ-ի կայացման և զարգացման գործում, հիմնադիր-տնօրենը եղել է ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Սուրենի Կարայանը, իսկ աշխատակիցների և ուսանողների մեջ մեծ տոկոս են կազմում Աչաջրից սերված անձինք:

Նրանք խոսեցին ԵՊՀ ԻՄ-ում գործող մասնագիտությունների, տեղեկացվածության և ընտրության հնարավորության, համարձակության և ինքնավստահության, քննությունների ժամանակ ուշադիր լինելու մասին:

Մարգահովիտի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ հանդիպում ունեցան Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ, պ.գ.թ, ասիստենտ Լիաննա Բեգինյանը:

Իջևանի վարժարանի 11-րդ դասարանի աշակերտների համար ակնարկային դասախոսություն կարդաց Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Քրիստինե Հարությունյանը:

Կայանի և Այգեհովիտի միջնակարգ դպրոցներում հանդիպումներ ունեցավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը:

Ազատամուտի և Սևքարի միջնակարգ դպրոցներում հանդիպումներ ունեցան Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Կարինե Պողոսյանը և Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., ասիստենտ Ալեքսան Մարգարյանը:

Գանձաքարի միջնակարգ դպրոցում հանդիպում ունեցավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լուսինե Թումանյանը:

Վերոհիշյալ դպրոցներից 7-ում հանդիպումների ժամանակ ներկա էր ՄԿՊԿ բաժնի տեսուչ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը, ով հանդիպում ունեցավ նաև Գետահովիտի միջնակարգ դպրոցում:

Հանդիպումների ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներն անդրադարձան մասնագիտական կողնորոշման խնդիրներին, ներկայացրին բուհում գործող մասնագիտությունները և դրանց ընձեռած հնարավորությունները, պատասխանեցին աշակերտների հարցերին:

Դպրոցներում նախատեսված հանդիպումները կշարունակվեն ապրիլի 1-ից:

Մեր ուսանողները՝ ֆրանսիական ռադիոյի ուղիղ եթերում

55875588_775089039557573_8869278826845175808_n

 2019թ. մարտի 21-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունը հյուրընկալվեց մարզային “France Bleu Drôme Ardèche” ռադիոընկերությունում:

Վալանսի փոխքաղաքապետ Ֆրանկ Դոման, ով միաժամանակ վարում է «Պատրաստենք միասին» հաղորդումը, մեր համալսարանականներին առաջարկել էր ուղիղ եթերում մասնակցել հայկական խոհանոցին նվիրված հաղորդմանը, որին մասնակցում էր նաև Վալանսում ճանաչված հրուշակագործ Արմինե Իսպիրյանը:

Հաղորդման սկզբում Ա.Մարդանյանը հաղորդավարի խնդրանքով ներկայացրեց Իջևանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, հեղափոխությունից հետո մեր երկրում կատարված փոփոխությունները և առիթից օգտվելով՝ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի հինգ ուսանողուհիները ներկայացրին հարիսայի, տոլմայի, քյուֆթայի, փախլավայի և հայկական ավանդական գաթայի պատրաստման բաղադրատոմսերը:

Հաղորդումից հետո հաղորդավարը՝ Վալանսի փոխքաղաքապետ Ֆրանկ Դոման, շեշտեց, որ տպավորված է հայկական պատվիրակության ֆրանսերեն խոսքով: Նա պատվիրակության անդամներին ծանոթացրեց ռադիոյի տարբեր բաժինների աշխատանքներին:

Այցի վերջում հաճելի անակնկալ մատուցեց Ա.Իսպիրյանը իր պատրաստած փախլավայով, իսկ Իջևանի պատվիրակությունը՝ Հայաստանում պատրաստված գաթայով:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի ներկայացուցիչների այցը Իջևանի մասնաճյուղ

DSCN6375 2019թ. մարտի 20-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները՝ կենտրոնի տնօրեն, «Համալսարանական» թատրոն-ստուդիայի գեղ. ղեկավար Կարինե Դավթյանի, կենտրոնի երգչախմբի և կամերային նվագախմբի գեղ. ղեկավար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հյուրընկալվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

Այցելության նպատակն էր մոտիկից ծանոթանալ ԵՊՀ ԻՄ-ին, կենտրոնի մշակութային նախաձեռնություններում ընդգրկել մասնաճյուղի ուսանողներին, խորացնել համագործակցությունը, իրականացնել համատեղ ծրագրեր:

Նախ տեղի ունեցավ ԵՊՀ մշակույթի կենտրոնի ներկայացուցիչների և մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանի հանդիպումը, որի ընթացքում պարոն Ցուցուլյանը ողջունեց կենտրոնի ներկայացուցիչների նախաձեռնությունը, համագործակցելու պատրաստակամությունը, գծագրվեցին փոխհամագործակցության եզրերը:

Այնուհետև հյուրերն ընդհանուր կերպով ծանոթացան մասնաճյուղի առօրյային, գրադարանին նվիրեցին իրենց գործունեությանը վերաբերող գրքեր, տեսան Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների՝ բուհի պատերը զարդարող աշխատանքները:

Ապա կայացավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողության հետ հանդիպում, որի ընթացքում ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը ուսանողներին ծանոթացրեց կենտրոնի անձնակազմին, շնորհանդեսի ուղեկցությամբ համառոտ ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունը, կենտրոնի կազմում գործող մշակութային խմբերը և նրանց միջոցով իրականացվող բազմաբնույթ մշակութային միջոցառումները, Մշակույթի կենտրոնի նպատակներն ու խնդիրները, գործունեության հիմնական ուղղությունները:

Մասնավորապես նշվեց, որ 2006թ. հունիսին ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ ստեղծվեց ԵՊՀ մշակույթի կենտրոնը, որի առաջնահերթ խնդիրներն էին բուհի մշակութային կյանքի, համալսարանականների շրջանում անցկացվող մշակութային միջոցառումների համակարգումը, ինչպես նաև ԵՊՀ-ում գործող կառույցների կողմից կազմակերպած միջոցառումների համախմբումն ու դրանց որակական չափանիշների ապահովումը: Այս խնդիրներն իրականացնելու նպատակով արհեստավարժ ղեկավարների միջոցով կազմավորվեցին մշակութային բազմաբնույթ համույթներ, որոնց աշխատանքներում ներգրավվեցին ստեղծագործող և շնորհալի ուսանողներ, դասախոսներ:

Մշակույթի կենտրոնի կազմում գործում են հետևյալ մշակութային խմբերը.

  • «Համալսարանական» թատրոն-ստուդիա, գեղ. ղեկավար` ԿարինեԴավթյան,
  • Աղջիկներիպարային համույթ, գեղ. ղեկավար` Անի Հարոյան,
  • Երգչախումբ, գեղ. ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչԿարեն Սարգսյան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան,
  • Գրական ստուդիա, ղեկավար` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյան,
  • «Նիկե» ջոկատ, համակարգող` ԱրևիկՊռազյան,
  • Կինոակումբ, համակարգող` Մարիա Գրիգորյան,
  • Ժողգործիքների նվագախումբ, գեղ. ղեկավար Արմեն Այվազյան,
  • Կիթառահարների խումբ, գեղ. ղեկավար՝ Նորայր Շահբազյան:

Մշակույթի կենտրոնի նպատակներն ու խնդիրներն են.

  • ուսումնական գործընթացին զուգահեռ նպաստել ԵՊՀ ուսանողների մշակութային ունակությունների զարգացմանը,
  • մշակույթի միջոցով ԵՊՀ ուսանողների կապի ապահովումը տարբեր երկրների ուսանողների հետ, այդ թվում` Արցախի և Սփյուռքի,
  • միջբուհական և հանրապետական մրցույթների, փառատոների կազմակերպման և մասնակցության, միջբուհական մշակութային կապերի ստեղծման միջոցով ուսանողության շրջանում տաղանդավոր և շնորհալի ուսանողների հայտնաբերումը,
  • ներհամալսարանական, արտահամալսարանական և միջբուհական մշակութային մրցույթների, փառատոների անցկացումը,
  • ցուցահանդեսների, համերգների և ներկայացումների կազմակերպումն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում,
  • մշակութային դասախոսությունների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպումը,
  • ֆիլմերի և ներկայացումների դիտումների, քննարկումների, ինչպես նաև նշանավոր մարդկանց հետ հանդիպումների միջոցով ուսանողության մեջ ճաշակի ձևավորումը:

 Մշակույթի կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • Համերգային ծրագրերի իրականացում ինչպես Երևանի պետական համալսարանի կամարների ներքո, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում և Արցախում:
  • Կենտրոնը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ մշակույթի աշխարհում անվանի մարդկանց:
  • Այցելություն թատրոններ` կազմակերպելով դիտում-քննարկում տվյալ ներկայացման ստեղծագործական խմբի հետ:
  • Այցելություն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումներին:
  • Մասնակցություն քաղաքային մեծամասշտաբ միջոցառումների, հեռուստատեսային հաղորդաշարերի, տեսահոլովակների նկարահանումներին:

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ շեշտվեց նաև 2019թ. Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Անկախության սերնդի ձայնը» երիտասարդ ստեղծագործողների և կատարողների միջազգային ուսանողական մրցույթի մասին, որին մինչև ս.թ. ապրիլի 30-ը կարող են դիմել նաև ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները:

Հանդիպման վերջում ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, ով շնորհակալություն հայտնեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներին՝ այցելության և համագործակցելու նախաձեռնության համար՝ նշելով. «Մյուս հանդիպմանը Իջևանում կունենանք Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ի հիման վրա ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից բեմադրված ներկայացում, որը կլինի սկիզբը՝ շարունակելու համագործակցությունը»:

ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակության ջերմ ընդունելությունը Ֆրանսիայի Վալանս քաղաքում

54419822_1286734578131739_7955191683245670400_n

 2019թ․ մարտի 18-ից մինչև ապրիլի 8-ը ԵՊՀ ԻՄ-ի մի քանի ուսանողներ («ՖԼԳ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհիներ Էմմա Շահնազարյանը, Լուարա Գևորգյանը, Լուսյա Ղալթախչյանը, «ՖԼԳ» 3-րդ կուրսի ուսանողուհի Հրանուշ Դավթյանը և «Սերվիս» 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Մելիքսեթյանը) Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ասիստենտ Աիդա Մարդանյանի ղեկավարությամբ Ֆրանսիայի Վալանս քաղաքի Մաեստրիս համալսարանում անցնում են վերապատրստման դասընթացներ՝ կատարելագործելու ֆրանսերենի իմացությունը։

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ին, ինքնաթիռը վայրէջք կատարեց Լիոնի Սենտ-էքզյուպերի օդանավակայանում:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներին ջերմորեն  դիմավորեցին,  և նրանք ուղևորվեցին դեպի Վալանս:

Նախաճաշին Հայ  մշակութային  ժառանգության  կենտրոնի նախագահ Նուբար  Քեշիշյանի “Rapido” ռեստորանում նրանց դիմավորեցին  հյուրընկալող    ընտանիքները:

Ն.Քեշիշյանը խմբի անդամներին ներկայացրեց այցի ծրագիրը, որից հետո նրանք մեկնեցին հյուրընկալող ընտանիքներ:

Հաջորդ օրը՝ մարտի 19-ին, համալսարանականներին սպասվում էր գեղեցիկ ընդունելություն «Մաեստրիս» բարձրագույն դպրոցում, որտեղ ներկա էին հյուրընկալող ընտանիքները, Ն.Քեշիշյանը, փոխքաղաքապետ Ֆ.Դոման, պրոֆեսորադասախոսական կազմը:

Ելույթ ունեցան և ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներին ողջունեցին Ն.Քեշիշյանն ու բարձրագույն դպրոցի տնօրեն Ֆիլիպ Կարտիեն:

Ապա ելույթ ունեցավ խմբի ղեկավար Ա.Մարդանյանը՝ ողջ թիմին շնորհակալություն հայտնելով այդ գեղեցիկ լեզվաբանական և մշակութային այցը կազմակերպելու համար: Նա պարոն Կարտիեին հանձնեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանի ուղերձը և խորհրդանշական նվերը:

Տիկին Մարդանյանը նաև ներկայացրեց ուսանողների փոխանակության ծրագրի վերաբերյալ նոր առաջարկություններ,  որոնք արժանացան հավանության: Այդ ամենից հետո սկսվեցին դասընթացները, որոնք կտևեն մինչև ապրիլի 8-ը:

Կայացավ ԵՊՀ-ի կողմից կազմակերպված՝ 2019թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը

DSCN6335

 2019թ. մարտի 16-ին ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում անցկացվեց դպրոցականների օլիմպիադայի 1-ին փուլը, որն արդեն 11-րդ անգամ կազմակերպում է ԵՊՀ-ի մինչհամալսարանական կրթության վարչությունը:

Տավուշի մարզում օլիմպիադայի անցկացման աշխատանքներն իրականացնում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժինը:

Օլիմպիադայի անցկացման նպատակն է շնորհալի ու ստեղծագործական կարողություններ ունեցող երեխաների հայտնաբերումը, նրանց հետ անհատական աշխատանքի կազմակերպումը:

Դպրոցական օլիմպիադայի մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Արտակ Ցուցուլյանը: Նա կարևորեց ավարտական քննություններից առաջ նման մրցույթների անցկացումը, մասնակիցներին մաղթեց հաջողություններ, անդրադարձավ ԵՊՀ-ին և մասնաճյուղին, խոսեց մասնագիտական ճիշտ կողմնորոշման մասին:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի տեսուչ Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց մասնակիցների ցուցակները, ըստ այդմ՝ դասախոսները և ուսանողները օլիմպիադայի մասնակիցներին ուղեկցեցին լսարաններ և սկսեցին օլիմպիադան:

Այս տարի Տավուշի մարզից օլիմպիադային մասնակցեց 34 դպրոցի 235 աշակերտ` հանրակրթական 13 առարկաների գծով.

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • ինֆորմատիկա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • գերմաներեն,
  • ֆրանսերեն,
  • ստեղծագործական աշխատանք:

Օլիմպիադայի մասնակիցներին տրվեցին ԵՊՀ-ի, նրա տարբեր ֆակուլտետների և Իջևանի մասնաճյուղի տեղեկատվական թերթիկներ (բուկլետներ):

Օլիմպիադան նախատեսված է անցկացնել 2 փուլով: Օլիմպիադայի 2-րդ փուլը կանցկացվի ս.թ. մարտի 30-ին՝ ժամը 11.00-ին, ԵՊՀ-ում, որին կմասնակցեն 1-ին փուլի հաղթողները:

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ ժամը 15.00-ին, ԵՊՀ-ի մեծ դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

Ի գիտություն՝ ԵՊՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ օլիմպիադայում հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին, ԵՊՀ-ի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում, առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: