Կայացան «Կրթության ժամանակակից խնդիրները» և «Ինչպե՞ս է սովորում մարդը» թեմաներով դաս-քննարկումները

DSCN5682 2019թ. փետրվարի 12-ին և 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան «Կրթության  ժամանակակից  խնդիրները» և Ինչպե՞ս է սովորում մարդը» թեմաներով դասքննարկումները, որոնք վարեց ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Երկօրյա քննարկումներին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները:

Առաջին օրվա ընթացքում՝ «Կրթության  ժամանակակից  խնդիրները» դաս-քննարկման ժամանակ, մասնակիցներին ներկայացվեցին  այն փոփոխությունները, որոնք տեղի են  ունենում աշխարհում, այն փոփոխությունները, որոնք ազդում են ուսանողների վրա:

Ընդգծվեց այն գաղափարը, որ մենք պետք է հասկանանք ուսանողների առօրյան համալսարանից դուրս, որպեսզի կարողանանք արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը:

Որպես ուսանողների վրա ազդող գործոն նշվեց տեղեկատվական հոսքերի ավելացումը, ինչի հետևանքով սովորողների դեպքում առաջանում է ուշադրության դեֆիցիտ: Որքան շատ է տեղեկատվությունը, այնքան ավելի շատ ենք սպառում մեր ուշադրությունը. այս հանգամանքը դժվարացնում է սովորելու գործընթացը:

Շեշտվեց նաև այն հանգամանքը, որ այսօր ամեն ինչ հարմարեցվում է մարդուն: Սակայն կրթությունն արդյունավետ է այն դեպքում, երբ մարդն է հարմարվում սովորելու գործընթացին:

«Լուրջ խնդիր է նաև տեխնոլոգիաների զարգացումը, որը շատ առումներով փոխարինելու է մարդուն: Թերևս ամենագլխավոր խնդիրն այն է, որ այսօր կա իմաստի, մեծ գաղափարի կորուստ, առանց դրանց կրթական համակարգը չի կարող զարգանալ», – հատկանշեց պարոն Խաչատրյանը:

Երկրորդ օրվա  ընթացքում՝ «Ինչպես  է  սովորում  մարդը» թեմայի  քննարկման շրջանակներում, մասնակիցներին ներկայացվեց, թե ինչպես է տեղի ունենում սովորելու գործընթացը, ընդգծվեց ուշադրության դերը կրթության գործընթացում, ուսուցումը դիտարկվեց որպես խորքային գործընթաց:

Տրվեց սովորելու ճարտարապետությունը: Ներկայացվեց, թե ինչպես է կառուցված մարդու ուղեղը, ինչպես է մարդը սովորում: Իրարից տարբերակվեցին աշխատանքային և երկարաժամկետ հիշողությունները: Նշվեց, որ մարդու աշխատանքային հիշողությունը սահմանափակ է, ուստի չի կարելի մարդուն չափից ավելի շատ բան սովորեցնել, իսկ այն, ինչ սովորեցնում ենք, պիտի լինի իմաստալից և կապակցված: Ընդգծվեց, որ երկարաժամկետ հիշողությունն էլ հիմնվում է խորքային գիտելիքի վրա: Այն ամենը, ինչը մակերեսային է, ուսուցում չէ. ուսուցումը լինում է խորքային:

Դասախոսներն արծարծված խնդիրների շուրջ արտահայտեցին իրենց տեսակետները, պարոն Խաչատրյանին ներկայացրին իրենց հուզող հարցերը՝ ակնկալելով նաև կոնկրետ առաջարկներ. ծավալվեցին հետաքրքիր քննարկումներ:

Երկօրյա դաս-քննարկումներն ավարտվեցին՝ կրկին հանդիպելու և ժամանակակից կրթությանն առնչվող այլ խնդիրներ քննարկելու ակնկալիքով:

 

«Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Ջուլիետա Ճաղարյանի հետ

4. Ջուլիետա Ճաղարյան

 2019թ. փետրվարի 7-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2006թ. շրջանավարտ, «Յունիբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղի կառավարիչ Ջուլիետա Սամվելի Ճաղարյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

– Ծնվել եմ 1985 թվականին Սևքար գյուղում:

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի (ծնողների, ամուսնու, զավակների) մասին:

– Հայրս՝ Սամվել Ճաղարյանը, 29 տարի (սկսած 23 տարեկանից) եղել է Սևքարի միջնակարգ դպրոցի տնօրենը, մայրս՝ Անահիտ Դավթյանը, գյուղապետարանում աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ: Ես ամուսնացած եմ, ունեմ երկու զավակ. որդիս ութ տարեկան է, դուստրս՝ հինգ, ամուսինս ապահովագրական ընկերությունում հայցեր կարգավորող մասնագետ է:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

– Ես, խղճից թույլ մարդ լինելով, փոքր հասակում երազում էի դառնալ դատապաշտպան, որպեսզի կարողանամ օգնել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

– 2002-2006 թթ. սովորել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տեսական տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրիատում: 2006-2008 թվականներին սովորել եմ ԵՊՀ մագիստրատուրայում՝ «Դրամաշրջանառություն, ֆինանսներ, բանկային գործ» մասնագիտացմամբ:

 Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը առաջնային, հիմնական դեր է խաղացել իմ կյանքում: Իմ հարազատ բուհն ինձ շատ բան է տվել՝ ոչ միայն որակյալ կրթություն, այլև հոգևոր ու բարոյական դաստիարակություն, ինձ շատ է խրախուսել: Առաջին անգամ այդտեղ է ինձ վստահվել դրսևորելու լիդերության հատկանիշներ. նշանակվել եմ կուրսի ավագ, որին շատ մեծ պատասխանատվությամբ էի մոտենում: Առաջին անգամ ԵՊՀ ԻՄ-ում է օրինակելի վարքի և առաջադիմության համար ինձ տրվել շնորհակալագիր, որով շատ էի ոգևորվել: Թեև մասնաճյուղում սովորել եմ վճարովի հիմունքներով, բայց բարձր առաջադիմության համար ինձ տրվել է ուսման վարձի փոխհատուցում, անվճար հիմունքներով էլ սովորել եմ ԵՊՀ մագիստրատուրայում:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

– Ուսանողական տարիներից՝ 3-րդ կուրսից, աշխատել եմ «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպությունում (ՄԲԿ)՝ որպես տարածքային դիտորդ: 2008-ից աշխատում եմ «Յունիբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝ որպես գլխավոր մենեջեր, 2017թ. մարտից կառավարիչն եմ:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպը:

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Ժամանակի սուղ լինելու պատճառով գեղարվեստական գրքեր շատ չեմ հասցնում կարդալ, անընդհատ ընթերցում եմ մասնագիտական գրականություն, հետևում օրենսդրության փոփոխություններին:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Նախընտրում եմ ռուսական շանսոն:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

Սիրում եմ խորիմաստ ֆիլմեր: Նույն ֆիլմը երկրորդ անգամ չեմ դիտում: Հավանում եմ, օրինակ, «Ծովահենները» ֆիլմը:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Լող: Մարտական մարզաձևեր չեմ սիրում:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Հայաստանում՝ իմ Իջևանը, արտասահմանում ինձ շատ է գրավում «Սիրո քաղաք» Փարիզը:   

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Մարդասիրությունը, երախտապարտ լինելու, իր ունեցածը գնահատելու հատկությունները, ազնվությունը: Չեմ ընդունում երկերեսանի մարդկանց:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– Նայած իրավիճակին՝ ունեմ նախընտրելի մի քանի ասույթ, ինչպես «Ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում», «Ուրիշի համար փոս փորողն ինքն է մեջն ընկնում», «Գեղ կանգնի, գերան կկոտրի», «Այն աղբյուրը, որից ջուր ես խմում, քար մի՛ գցիր»:  

Ի՞նչ երբեք չեք անի:

– Որևէ մեկի իրավունքները չեմ ոտնահարի, գողություն, անազնվություն չեմ անի, ապերախտ չեմ լինի:

Ինչի՞ց եք վախենում:

– Մենակությունից:

Ինչի՞ համար եք ափսոսում:

– Ափսոսում եմ, որ ծնողներիս չեմ կարող վերադարձնել այն, ինչ իրենք են ինձ տվել:

 Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Ժամանակը. հապշտապ որոշումներ չեմ կայացնում, սպասում եմ, կշռադատում, հետո նոր կայացնում: Որոշում կայացնելիս էլ առաջնային նշանակություն եմ տալիս մարդկայնության գործոնին:

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Ընտանիքս և իմ ստացած դաստիարակությունը:

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Աշխատասիրությունը, նվիրումը գործին, պատասխանատվության բարձր զգացումը:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Հայրս ինձ միշտ ասում էր. «Հույսդ միշտ քեզ վրա դի՛ր. ձեռքդ դի՛ր ծնկիդ և վե՛ր կաց»:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

– Մեր երիտասարդներին՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին, խորհուրդ կտամ, որ, բնականաբար, լավ սովորեն, որովհետև առանց սովորելու, առանց պարտաճանաչության և պատասխանատվության զգացումի (թե՛ ուսման և թե՛ աշխատանքի նկատմամբ) չեն կարող գտնել իրենց տեղը կյանքի ոչ մի բնագավառում: Մարդ պիտի ձգտում ունենա և հասնի դրան իր արժանիքների շնորհիվ:   

Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:  

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

ԿԱՅԱՑԱՎ «ԿՅԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

IMG_1189 2019թ. փետրվարի 5-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերության «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի շրջանակներում Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից իրականացվող «Կյանքի հմտություններ» թեմայով հերթական դասընթացը:

Դասընթացին մասնակցում էին Տավուշի մարզի 20 երիտասարդներ:

Դասընթացը վարեցին Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի դասընթացավար Հակոբ Մակդիսը և ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը:

Ս.Ալավերդյանը ներկայացրեց «Երիտասարդների զարգացում» ծրագիրը, այնուհետև սկսեց «Ինքնաճանաչում և ինքնազարգացում» մոդուլը:

Հակոբ Մակդիսն անցկացրեց «Մասնագիտական կապերի ստեղծում և ամրապնդում» մոդուլը՝ հանգամանալից անդրադառնալով մարմնի շարժումների լեզվին:

«Հետադարձ կապի հմտություններ», «Աշխատանք փնտրելու և դիմելու հմտություններ» մոդուլները դասընթացավարներն իրականացրին համատեղ՝ մենթորներ Անուշ Սարիբեկյանի, Արփինե Եգանյանի, Ալեքս Ներսիսյանի, Ժաննա Քոչարյանի և Արփի Թամրազյանի աջակցությամբ:

Մասնակիցները լրացրին տարբեր հարցաթերթեր՝ վերլուծելով սեփական հնարավորությունները, կատարեցին խմբային աշխատանքներ, խաղի միջոցով բացահայտեցին հետադարձ կապի տեսակները, գրեցին մոտիվացիոն նամակ, կազմեցին CV և մասնակցեցին փորձնական աշխատանքային հարցազրույցի:

«Կյանքի հմտություններ» և «Բիզնես հմտություններ» թեմաներով հաջորդ դասընթացները կկայանան ս.թ. գարնանը: Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով:

Դասընթացի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Հունվարի 31-ի տնօրենության ընդլայնված նիստում

DSCN5621

2019թ. հունվարի 31-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում ամփոփվեցին 2018-2019 ուսումնական տարվա առկա ուսուցման I կիսամյակի քննաշրջանի արդյունքները, քննարկվեցին նույն ուստարվա առկա ուսուցման II կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

2018-19 ուսումնական տարվա առկա ուսուցման I կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանների պաշտոնակատարները:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը մասնավորապես նշեց, որ ֆակուլտետի ուսանողների թիվը 272 է, որից 76-ը անվճար հիմունքներով է սովորում, 196-ը՝ վճարովի: 2018-2019 ուստարվա I կիսամյակի քննաշրջանի ավարտին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում գրանցվել են հետևյալ արդյունքները.

  • Քննաշրջանը բացարձակ առաջադիմությամբ են եզրափակել (առանց անբավարարի կամ պարտքի) «Հայոց լեզու և գրականություն» II և III կուրսերը, «Հոգեբանություն» IV, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» IV, «Օտար լեզու և գրականություն» I կուրսերը:
  • «Պատմություն» մասնագիտության I և II կուրսերում, «ԱԼԳ» IV կուրսում անբավարար գնահատական (կամ պարտք) ունի մեկական ուսանող, «ՀԼԳ» IV, «ՏՄՄ» I, «ՕԼԳ» II կուրսերում՝ 2 ուսանող, «ՏՄՄ» II և «ՕԼԳ» III կուրսերում՝ 3 ուսանող, «Պատմություն» III-ում՝ 4 ուսանող, «Պատմություն» IV-ում՝ 5 ուսանող, «ՏՄՄ» III-ում՝ 11 ուսանող:
  • Ստացած բարձր գնահատականներով (18-20) առանձնացել են «ՀԼԳ» III, «Պ» IV և «ԱԼԳ» IV կուրսերի ուսանողները:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը մասնավորապես նշեց, որ 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանին մասնակցել է 101 ուսանող («Ֆինանսներ», «Տնտեսագիտություն» և «Տնտեսագիտության տեսություն» կրթական ծրագրերով՝ 70 ուսանող, «Զբոսաշրջություն» և «Սերվիս» կրթական ծրագրերով՝ 31 ուսանող): Քննաշրջանը հաղթահարել է 63 ուսանող, 2 ուսանող ստացել են գերազանց գնահատականներ («Տնտեսագիտություն» III, «Սերվիս» IV): Ֆակուլտետում բացարձակ առաջադիմությունը կազմել է 62,4%:

Անվճար ուսուցման համակարգում սովորում է 36 ուսանող, բացարձակ առաջադիմությունը կազմում է 94,4%: 2 ուսանող ստացել է գերազանց գնահատականեր («Տնտեսագիտություն» III, «Սերվիս» IV): Անբավարար ստացել է 2 ուսանող («Ֆինանսներ» I, «Տնտեսագիտություն» III): Երրորդ կուրսի անվճար սովորող ուսանողի անբավարար գնահատականները պայմանավորված են նրանով, որ  տվյալ ուսանողը ծրագրի շրջանակում ԵՊՀ-ի թույլտվությամբ առաջին կիսամյակում ՀՀ-ում չի գտնվել և 2018-19 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի առաջին լուծարքային շրջանում կհանձնի պարտքերը: Վճարովի ուսուցման համակարգում սովորում է 65 ուսանող, բացարձակ առաջադիմությունը կազմում է 44,6%:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա.Մարգարյանը, ներկայացնելով 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքների և քննությունների արդյունքները, նշեց, որ  1-ին կիսամյակի բոլոր ստուգարքները, ընթացիկ և եզրափակիչ քննությունները անց են կացվել համաձայն հաստատված ժամանակացույցի, որոնց, բացի մեկ ուսանողից, մասնակցել են ֆակուլտետի բոլոր ուսանողները: Նշվեց, որ ֆակուլտետում չկան գերազանց առաջադիմությամբ ուսանողներ: Վեց ուսանողներ ունեցել են ակադեմիական պարտքեր: Ամենաբարձր ցուցանիշը ֆակուլտետում ունեցել է «Դիզայն» IV կուրսը (100%), իսկ ամենացածրը՝ «Դիզայն» II կուրսը (85,7%):

Ֆակուլտետի ընդհանուր առաջադիմությունը  կազմել է 90% (անվճար համակարգում` 100%, վճարովի համակարգում՝ 65,96%): Գնահատականների սպեկտրը լայն է, դրանք, որպես կանոն, բարձր են մասնագիտական բլոկի առարկաներից, ցածր՝ հումանիտար ու ոչ մասնագիտական առարկաներից:

Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մ.Զաքարյանը մասնավորապես նշեց, որ 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանին մասնակցել է 115 ուսանող («Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրով՝ 83 ուսանող, «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրով՝ 32 ուսանող): Քննաշրջանը հաղթահարել է 64 ուսանող, միայն գերազանց ստացել է 3 ուսանող («ԻԿՄ» և «ՔԿԳ» IV կուրսերում): Ֆակուլտետում բացարձակ առաջադիմությունը կազմում է 55,65%:

Անվճար ուսուցման համակարգում սովորում է 29 ուսանող, բացարձակ առաջադիմությունը կազմում է 75,86%: Վճարովի ուսուցման համակարգում սովորում է 86 ուսանող, բացարձակ առաջադիմությունը կազմում է 48,84%:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-19 ուսումնական տարվա առկա ուսուցման I կիսամյակի քննաշրջանի արդյունքներն ամփոփելիս Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը հավելեց, որ մասնաճյուղի ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմում է 76%: 

Տնօրենության նիստում քննաշրջանի արդյունքները գնահատվեցին բավարար:

Հաջորդ հարցի՝ 2018-19 ուստարվա առկա ուսուցման II կիսամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցեցին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը և ֆակուլտետների դեկանները:

Պարոն Դավթյանը մասնավորապես նշեց, որ Ուսումնամեթոդական վարչության կողմից կազմվել և տնօրենի հաստատմանն են ներկայացվել 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակացույցները: Ստուգվել են ֆակուլտետների դեկանների կողմից ներկայացված 2-րդ կիսամյակում ժամավճարային հիմունքներով դասավանդող դասախոսական կազմի զեկուցագրերը: Քննարկվել և վերանայվել են 2-րդ կիսամյակի ամբիոնային և անհատական բեռնվածությունները: Իրականացվել են ըստ հաստատված ժամանակացույցի 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման համար ուսանողների դիմումների ընդունման աշխատանքները:

2018-19 ուստարվա II կիսամյակի նախապատրաստական աշխատանքների հետ կապված՝ կարևորվեցին բուհի նյութատեխնիկական ռեսուրսներին, սանիտարահիգիենիկ պայմաններին, գրադարանի, լսարանների, համակարգչային սրահների կահավորմանը և տեխնիկական միջոցներով վերազինմանը վերաբերող մի շարք հարցեր:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Բիզնես հմտություններ» թեմայով հերթական դասընթացը

IMG_1115 2019թ. հունվարի 29-ին և 30-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերության «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի շրջանակներում IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից իրականացվող «Բիզնես հմտություններ» թեմայով հերթական երկօրյա դասընթացը:

Դասընթացին մասնակցում էին Տավուշի մարզի շուրջ 25 երիտասարդներ, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ և շրջանավարտներ:

Դասընթացը վարեցին “Madatech” ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Բաբայանը և ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները՝ Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Գայանե Ավետիսյանը, նույն ամբիոնի ասիստենտ Անժելա Ալեքսանյանը, դասախոսներ Հռիփսիմե Հայրապետյանը, Արփինե Եգանյանը և Մարիետտա Աթաբեկյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Սլավիկ Ալավերդյանը: Նա ներկայացրեց «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագիրը, IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի գործունեությունը, «Բիզնես հմտություններ» դասընթացի մոդուլները և դասընթացավարներին:

Դասընթացն ուղեկցվեց տեսական նյութով, հարցադրումներով և քննարկումներով, թեստերի ու անհատական առաջադրանքների կատարումով և խմբային աշխատանքներով:

Առաջին օրը կայացան «Ժամանակի կառավարում», «Նախագծերի կառավարում» և «Բիզնես պլան» մոդուլները: Մասնակիցները ծանոթացան ժամանակի արդյունավետ օգտագործման սկզբունքներին, առաջադրանքներն ըստ առաջնահերթությունների դասակարգման Էյզենհաուերի մատրիցային, նախագծերի առանձահատկություններին և սահմանափակումներին, կենսափուլերին և կառավարման գործընթացներին, աշխատանքի բաժանման կառուցվածքին (WBS), Գանտի աղյուսակին, բիզնես նպատակների SMART ձևաչափին, բիզնես պլանի կառուցվածքին: Մասնակիցները խմբերով ներկայացրին իրենց կազմակերպության համար միջոցառումների ծրագրի կառուցվածքը, կազմեցին Գանտի աղյուսակը և լրացրին Էյզենհաուերի մատրիցան:

Երկրորդ օրվա սկզբում անդրադարձ կատարվեց բիզնես պլանին, ապա կայացան «Ֆինանսների կառավարում», «Բանակցություններ» և «Վաճառքի հմտություններ» մոդուլները: Ներկայացվեցին շուկան և ներքին շուկան, կազմակերպության տնտեսական ցիկլը, հիմնական հաշվապահական հասկացությունները, ֆինանսական արդյունքների գնահատումը, ֆինանսների գործառույթները, բանակցությունների տեսակները, բանակցային գործընթացի փուլերը, պրոդուկտը, հաճախորդների շարժառիթները, մրցակիցների դերը: Խմբերը բանակցեցին, ապա իրենց տրամադրված իրերից պատրաստեցին ապրանքներ և ներկայացրին դրանց յուրահատկությունները և մրցակցային առավելությունները:

Դասընթացի ժամանակ սուպերմարկետի աշխատակցուհի Մելինա Համբարձումյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը՝ նշելով նաև, որ ունեն թափուր աշխատատեղեր:

Վերջում դասընթացավարները շնորհակալություն հայտնեցին երիտասարդներին մասնակցության համար, կոչ արեցին մանրամասն ուսումնասիրել տրամադրված ուղեցույցները և հետևել ծրագրի գործունեությանը՝ հետագայում բիզնես գաղափարներ ներկայացնելու համար:

Փետրվարի 5-ին կկայանա «Կյանքի հմտություններ» հերթական դասընթացը

Դասընթացի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: