«Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Մհեր Աթոյանի հետ

Մհեր Աթոյան 2019թ. հունվարից նախաձեռնել ենք «Հաջողության բանաձև» թեմայով հարցազրույցների շարք «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տարբեր տարիների շրջանավարտների հետ, ովքեր հասել են որոշակի հաջողությունների:

Իր հիմնադրումից մինչև օրս մասնաճյուղը տվել է շուրջ 6000 շրջանավարտներ, որոնցից շատերն արդյունավետ կերպով աշխատում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, պետական և հանրային կառույցներում, բուհական և բանկային համակարգում և այլն: Նրանք՝ որպես բարձր որակավորում ունեցող մասնագետներ, հայրենասեր ու պատասխանատու քաղաքացիներ, կարող են օրինակ ծառայել իրենցից կրտսերների, մեր ներկա և ապագա ուսանողների, ընդհանրապես տարածաշրջանի երիտասարդների համար, մոտիվացնել նրանց կյանքում հասնելու ինչ-որ հաջողությունների, գրանցելու առաջընթաց:

2019թ. հունվարի 17-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 1999թ. շրջանավարտ, ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար, Գիտակազմակերպական բաժնի վարիչ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Մհեր Սերգեյի Աթոյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

– Ծնվել եմ 1976թ. նոյեմբերի 1-ին Տավուշի մարզի Սևքար գյուղում:

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի (ծնողների, կնոջ/ամուսնու, զավակների) մասին:

– Ուսուցիչների ընտանիքի զավակ եմ. մայրս՝ Ծովինար Մխիթարյանը, ֆիզիկայի ուսուցչուհի է, հայրս՝ Սերգեյ Աթոյանը, ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, քույրս և եղբայրս նույնպես ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտներ են: Կինս՝ Գայանե Ավետիսյանը, ևս մասնաճյուղի շրջանավարտ է՝ մասնագիտությամբ տնտեսագետ: Ունեմ երեք երեխա՝ 1 տղա, երկու աղջիկ:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

– Ես փոքր հասակից հետաքրքրվել եմ բնության հետ կապված երևույթներով:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

1989-1993 թթ. ուսանել եմ Երևանի Անանիա Շիրակացու անվան ազգային ճեմարանում:

1994-1996 թթ. ծառայել եմ ՀՀ զինված ուժերում:

1999 թվականին կարմիր դիպլոմով ավարտել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետը, ստացել ֆիզիկայի բակալավրի աստիճան:

1999-2001 թթ. ուսանել եմ ԵՊՀ-ի մագիստրատուրայում և ստացել ֆիզիկայի մագիստրոսի աստիճան:

2001-2005 թթ. եղել եմ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ, մասնագիտացումը` «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» (Չափայնորեն քվանտացված համակարգեր և նանոկառուցվածքներ): 2005թ. մայիսի 21-ին 049 մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել եմ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2018 թվականին ՀՀ ԲՈՀ-ի որոշմամբ ստացել եմ դոցենտի գիտական կոչում:

Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

 – Այդ տարիներին ԵՊՀ ԻՄ-ի բացումը Տավուշի մարզում որոշիչ դեր է խաղացել իմ կյանքում:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

1999-2000 թթ. աշխատել եմ Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, որպես ավագ լաբորանտ  զբաղվել եմ լազերային բյուրեղների աճով:

2004-2007 թթ. աշխատել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում որպես ասիստենտ:

2007-2009 թթ. եղել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի փոխդեկան:

2008-2013 թթ. եղել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ:

2013-2014 թթ. եղել եմ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի օգնական:

2014 թ.-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական քարտուղարն եմ:

2017 թ.-ից ԵՊՀ ԻՄ-ի գիտակազմակերպական բաժնի վարիչն եմ:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

-Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը: Ընդհանրապես նախընտրում եմ կարդալ հոգեբանական և փիլիսոփայական գրքեր:

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:-

-Ըստ տրամադրության՝ լսում եմ տարբեր երաժշտություն:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

– Հայկական ֆիլմերից՝ «Մենք ենք, մեր սարերը», արտասահմանյան ֆիլմերից՝ «Ավատար»-ը:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Սիրում եմ սպորտով զբաղվել. նախընտրում եմ սեղանի թենիս և շախմատ:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Միշտ կարոտում եմ հայրենի գյուղիս բնաշխարհը, որքան էլ հաճախ այցելեմ այնտեղ:

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Ազնվություն, աշխատասիրություն, պարտաճանաչություն, ներելու ունակություն:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կցանկանաս, որ քեզ հետ վարվեն:

Ի՞նչ երբեք չեք անի:

– Չեմ դավաճանի:

Ինչի՞ց եք վախենում:

– Վախենում եմ ժամանակի մեջ չտեղավորվել:

Ինչի՞ համար եք ափսոսում:

Ափսոսում եմ չարածներիս համար:

Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Իրավիճակն օբյեկտիվ վերլուծելու ցանկությունը, ուրիշների սխալներից դասեր քաղելու սովորությունը և վճռականությունը:

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Ընտանիքս և ընկերներս:

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Նպատակասլացություն + կարգապահություն + աշխատասիրություն + ազնվություն + իրավիճակը սթափ գնահատելու կարողություն = հաջողություն:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Ով ինչ անի, իրեն կանի:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

– Սովորե՛ք սովորել:

Շնորհակալություն հարցազրույցին մասնակցելու համար, պարո՛ն Աթոյան:  

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

 

2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ I ԿԻՍԱՄՅԱԿԻ ՔՆՆԱՇՐՋԱՆՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է

DSCN5409 2019թ. հունվարի 8-26-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում ընթանում է առկա ուսուցման համակարգի՝ 2018-2019 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը՝ եզրափակիչ գնահատմամբ և հանրագումարային քննությունները:

Հեռակա ուսուցման համակարգում 2018-2019 ուստարվա I կիսամյակի 2-րդ ընթացիկ քննությունները կտևեն 2019թ. հունվարի 8-20-ը, քննաշրջանը կտևի հունվարի 25-ից մինչև փետրվարի 20-ը:

Քննաշրջանը, ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանի խոսքով, անցկացվում է սահմանված կարգով, հաստատված ժամանակացույցների համաձայն: Նա ընդգծեց, որ դասախոսները և ուսանողները քննություններին մոտենում են ամենայն պատասխանատվությամբ:

Պարոն Դավթյանը հավելեց, որ առկա ուսուցման համակարգում քննությունների դրական շեմը չապահոված ուսանողները կկարողանան դրանք հանձնել լուծարքային շրջանում, որը կանցկացվի երկու փուլով և կտևի փետրվարի 6-28-ը:

Հեռակա ուսուցման համակարգում 2018-2019 ուստարվա I կիսամյակի  քննաշրջանի լուծարքային շրջանը կտևի մարտի 4-29-ը:

 

 

ԱՐԻ՜, ՆՈ՛Ր ՏԱՐԻ, ԳԱԼՈՒՍՏԴ ԲԱՐԻ՜

Ամանորյա շնորհավորանքի նկար Ահա մի քանի օրից մուտք կգործենք 2019 թվական, կդիմավորենք Նոր տարին…

Ամանոր, Նոր տարի… անակնկալներով և հրաշքներով լեցուն մի տոն, որով ամփոփում ենք հին տարվա ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներն ու բացթողումները և նոր հույսերով, երազանքներով ու նպատակներով թևակոխում նոր տարի…

Սիրելի՛ համալսարանականներ, տավուշցիներ, հայրենակիցներ, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում ենք բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում, որ այս Նոր տարին լինի անխաթար խաղաղության, ծով բարության, նվիրական իղձերի և մեծ նպատակների իրականացման տարի՝ ի շահ մեր երկրի բարօրության, զարգացման և առաջընթացի:

Թո՛ղ այս տարի մեր հոգիներում իշխեն լույսն ու ներդաշնակությունը, բոլորիս ընտանիքներում հաստատվեն, տանտեր դառնան սերն ու փոխըմբռնումը, ջերմությունն ու առատությունը, զնգուն հնչի մանկան ճիչը, կարկաչի մեծի լիաթոք ծիծաղը…

Ուրախ սրտով, մաքուր հոգով դիմավորենք Նոր տարին…

Արի՜, Նո՛ր Տարի
Գալուստդ բարի՜:
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլքով 
Ուշ մնացածին
Քնով տարվածին
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին
Հիասթափվածին՝ նոր մի հիացում
Սիրասթափվածին՝ մի նոր միացում
Ձեռքից հավատը փախուստ տվածին
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր
Մանկանը՝ մեծի մտքի լիացում
Մեծին՝ մանուկի անարատություն
Տափարակներին՝ Արարատություն
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն
Որ նրա վրա Քաղցը այսուհետ 
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած 
Տրվի ճախրանքի
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ
Ո՛չ մի ազգ ու ցեղ 
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,- 
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար
Ամենքըս, բա՜վ է, հասկանա՛նք իրար
Նաև հասկանա՛նք
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր 
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր

________________________________________________________

Փոքրիկ ակնարկ՝ դեղին հողե խոզի տարվա մասին

 664982019 թվականը, արևելյան օրացույցի համաձայն, դեղին հողե խոզի տարի է: Ըստ առասպելի՝ խոզը վերջինն էր, որ եկել էր Նոր տարվա տոնակատարությանը: Խոզն ավարտում է Արևելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը:

Այս կենդանակերպի առանձնահատկություններից են քաջությունը, ազնվությունը, առատաձեռնությունը, հպարտությունը և հանդուրժողականությունը:

Դեղին հողե խոզը բնութագրվում է նյութականի հետ կապվածությամբ, գյուղատնտեսության և հողագործության վրա բարենպաստ ազդեցությամբ: Համարվում է, որ 2019 թվականը բարեհաջող կլինի ինքնադրսևորվելու, կարևոր խնդիրներ լուծելու, ընտանիք կազմելու, բիզնեսը զարգացնելու, նոր գործընկերներ գտնելու հարցերում:

Տարվա գլխավոր գույնը դեղինն է, որը խորհրդանշում է ֆինանսական հաջողություն, բերրիություն և կայունություն:

Դեղին վարազին հաճոյանալու համար խորհուրդ է տրվում ոսկե գնդակներով զարդարել տոնածառը, սենյակներում դնել նարինջներ, ընկույզներ և կաղամբներ, տարվա խորհրդանիշի կերպարով արձանիկներ: Նախընտրելի է համարվում կրել ոսկեգույն, դարչնագույն կամ մոխրագույն, արծաթագույն զգեստներ, ճոխ զարդեր, քանզի տարվա խորհրդանիշը ճոխության սիրահար է:   

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը

DSCN5377 2018թ. դեկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ` բուհի աշխատակիցների և ուսանողական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի՝ 2018թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին (զեկուցող՝ Ա. Վ. Ցուցուլյան):
  2. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին (զեկուցող՝ Ա. Վ. Ցուցուլյան):
  3. Ընթացիկ հարցեր:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ 2018թ. հունվարից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում դրամական միջոցների մուտքերը կազմել են 426 մլն 408 հազար ՀՀ դրամ, որի 71%-ը գոյացել է ուսման վարձավճարներից, 21%-ը՝ պետական ֆինանսավորումից:

Ընթացիկ ծախսերի 84%-ն ուղղվել է աշխատանքի վարձատրությանը և դրան հավասարեցված վճարումներին: Ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների ընդհանուր գումարը կազմել է մասնաճյուղի ծախսերի 2%-ը, կոմունալ վճարումները՝ 3%-ը:

Մասնաճյուղի՝ 2019թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջեի) հետ կապված՝ նշվեց, որ 2019թ. նախահաշվի հոդվածների ցուցանիշները կազմվել են նախորդ տարվա նախահաշվի կատարողականի, ինչպես նաև կանխատեսումների և պլանավորման հիման վրա:  

2019թ. բյուջեն հավասարակշռված է. եկամուտները և ծախսերը իրար հավասար են: Նախատեսվում է, որ 2019թ. դրամական միջոցների հոսքերը կկազմեն.

  1. եկամուտների գծով՝ 515 մլն 400 հազար ՀՀ դրամ,
  2. ծախսերի գծով՝ 515 մլն 400 հազար ՀՀ դրամ:

Մուտքերի 64%-ը (330 մլն ՀՀ դրամ) կկազմեն վճարովի ուսուցումից, իսկ 28%-ը պետական ֆինանսավորումից ստացվող եկամուտները:

Նախատեսվում է, որ 2019թ. դրամական միջոցների ելքերի 81%-ը (415 մլն ՀՀ դրամ) կկազմեն աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների ծախսերը: Կրթաթոշակին ուղղված ծախսերը կկազմեն ընդհանուր ծախսերի 1.7%-ը, կոմունալ վճարումները՝ 3%-ը:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նիստում ելույթ ունեցավ մասնաճյուղի արհբյուրոյի նախագահ Ա. Շ. Մարգարյանը՝ ներկայացնելով 2018թ. ընթացքում արհբյուրոյի կողմից իրականացված աշխատանքները, գործունեության հիմնական ուղղությունները և նախատեսվող փոփոխությունները:

Նիստի վերջում պարոն Ա. Վ. Ցուցուլյանը շնորհավորեց բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ և հղեց բարեմաղթանքներ: 

Մասնաճյուղում անցկացվում են 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքները, II ընթացիկ քննություններն ու ստուգումները

DSCN5362 2018թ. դեկտեմբերի 22-28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (առկա ուսուցման համակարգում) իրականացվում են 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքները, II ընթացիկ քննություններն ու ստուգումները:

Քննաշրջանը, ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանի հավաստմամբ, իրականացվում է սահմանված կարգի (Բակալավրի կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի) համաձայն՝ նախատեսված կիսամյակի 17-րդ շաբաթում:

 Ըստ սահմանված կարգի` ստուգարքների, ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը նախապես տրամադրվում են ուսանողներին, իսկ կազմված տոմսերը, տարբերակները, թեստերը ստորագրվում են ամբիոնի վարիչի, կնքվում ֆակուլտետի դեկանի կողմից, ապա ծրարավորվում են, ըստ այդմ էլ անցկացվում են քննությունները:

Այս կիսամյակում գրավոր ընթացիկ քննություններն ու ստուգումներն անցկացվում են տեսախցիկներով կահավորված լսարաններում:

Յուրաքանչյուր քննությունից կամ ստուգումից հետո դասախոսը ուսանողների հետ իրականացնում է քննարկում:

Բանավոր և թեստային ձևով անցկացված քննությունները գնահատվում են անմիջապես տեղում (լսարանում), իսկ գրավոր քննությունները 7 օրվա ընթացքում ստուգվում են դասախոսի կողմից և քննարկվում ուսանողների հետ:

Քննական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով քննությունների արդյունքները տեղադրվում են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում:

Ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները քննարկվում են ֆակուլտետների գիտական  խորհուրդների և ամբիոնների նիստերում:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: