«Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների այցը ՀՀ ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն

IMG_6819-20-12-18-03-10

 2018թ. դեկտեմբերի 17-ին «Միկրոտնտեսագիտություն» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները գիտաճանաչողական այց կատարեցին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն:

Ուսանողները նախ այցելեցին ուսումնահետազոտական կենտրոնում գործող թանգարան, որտեղ ցուցադրված էին դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու, Արտաշեսյանների, Կիլիկիայի, հայկական և այլ թագավորությունների մետաղադրամներ, դրոշմակնիքներ, տարբեր տարիների, ինչպես նաև 2018թ.  թողարկված երրորդ սերնդի թղթադրամներ:

ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները մասնակցեցին նաև հետաքրքիր վիճակագրական նյութերով հագեցած դասախոսության, որի ընթացքում խոսվեց ՀՀ ԿԲ-ի որդեգրած քաղաքականության, 2008 թվականի ճգնաժամից հետո պարադիգմի փոփոխության և մակրոպրուդենցիալ քաղաքականության մասին:

ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

DSCN5239 2018թ. դեկտեմբերի 15-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:  

Գիտխորհրդի նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2018 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ
    տնօրենի հաշվետվությունը (զեկուցող՝ Ա. Ցուցուլյան):
  2. Հաղորդում 2018 թ.-ի բակալավրի ընդունելության արդյունքների մասին (զեկուցող՝ Ա. Դավթյան):
  3. ԵՊՀ ԻՄ-ի պրակտիկանտ-ուսանողների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության արդյունքների (2017-2018 ուստարի) մասին (զեկուցող՝ Մ. Ճաղարյան):
  4. Ընթացիկ հարցեր.

4.1. ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Հ. Վանյանի դոցենտի գիտական կոչում ստանալու համար սահմանված գործընթացին մասնակցելու հարցը (զեկուցող՝ Մ. Աթոյան):

4.2. ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա. Սարհատյանի դոցենտի գիտական կոչում ստանալու համար սահմանված գործընթացին մասնակցելու հարցը (զեկուցող՝ Մ. Աթոյան):

4.3. ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լ. Թումանյանի դոցենտի գիտական կոչում ստանալու համար սահմանված գործընթացին մասնակցելու հարցը (զեկուցող՝ Մ. Աթոյան):

4.4. ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Կ. Պողոսյանի դոցենտի գիտական կոչում ստանալու համար սահմանված գործընթացին մասնակցելու հարցը (զեկուցող՝ Մ. Աթոյան):

4.5. ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Գ. Ավետիսյանի դոցենտի գիտական կոչում ստանալու համար սահմանված գործընթացին մասնակցելու հարցը (զեկուցող՝ Մ. Աթոյան):

4.6. ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային փոփոխությունների մասին (զեկուցող՝ Ա. Ցուցուլյան):

Գիտական խորհրդի նիստում հավանություն տրվեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2018 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվությանը, և ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-18 ուստարվա գործունեությունը գնահատվեց բավարար:

Մասնաճյուղի՝ 2018 թ.-ի բակալավրի ընդունելության արդյունքները և ԵՊՀ ԻՄ-ի պրակտիկանտ-ուսանողների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության արդյունքները (2017-2018 ուստարի) ընդունվեցին ի գիտություն:

Հաշվի առնելով, որ ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ, բանասիրական գիտությունների թեկնածուներ Հ. Վանյանի, Ա. Սարհատյանի, Լ. Թումանյանի, Կ. Պողոսյանի և ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Գ. Ավետիսյանի գիտամանկավարժական գործունեության տվյալները լիովին համապատասխանում են ՀՀ կառավարության 2001 թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին» N 615 որոշման 2-րդ՝ «Դոցենտի գիտական կոչում շնորհելը» բաժնի բ. ենթակետի, ինչպես նաև այդ հարցում նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին, ղեկավարվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 21-րդ կետի 16-րդ ենթակետով և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ  կետի 16-րդ ենթակետով՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշեց.

  1. Երաշխավորել ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ, բանասիրական գիտությունների թեկնածուներ Հ. Վանյանին, Ա. Սարհատյանին, Լ. Թումանյանին, Կ. Պողոսյանին և ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Գ. Ավետիսյանին՝ դոցենտի գիտական աստիճան ստանալու համար:
  2. Միջնորդել ԵՊՀ գիտական խորհրդին՝ ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ, բանասիրական գիտությունների թեկնածուներ Հ. Վանյանին, Ա. Սարհատյանին, Լ. Թումանյանին, Կ. Պողոսյանին և ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Գ. Ավետիսյանին շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈԿ:

Գիտական խորհրդի նիստում որոշվեց ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային փոփոխությունների նախագիծը ներկայացնել ԵՊՀ-ի ռեկտոր Ա. Հ. Սիմոնյանի հաստատմանը:

 

ԿԱՅԱՑԱՎ ԱՄԱՆՈՐԻՆ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՆԴԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

48358951_128878021363324_6203237711042576384_n 2018թ. դեկտեմբերի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված գրական-երաժշտական միջոցառում (անգլերեն), որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը (հանձինս ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Ք.Հարությունյանի և ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա.Կարապետյանի):

Ամանորյա միջոցառմանը մասնակցում էին «Օտար լեզու և գրականութուն» մասնագիտության 1-ին, «Ֆրանսերեն լեզու և գրականութուն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մի շարք  երկրների (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Չինաստան) Ամանորյա և Սուրբ Ծնդյան ավանդույթները, սովորույթները, խորհրդանիշները, տոնական հագուստը, ուտեստները և այլն:

Մասնակիցները ներկայացրին ամանորյա պատմվածքներ, երգեր, հեքիաթներ և բանաստեղծություններ:

Հնչեցին ամանորյա երգեր ոչ միայն անգլերեն, այլև ֆրանսերեն և նույնիսկ չինարեն:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև ամանորյա անհատական մաղթանքներ յուրաքանչյուր ուսանողի համար:

Վերջում ուսանողները խաղացին ամանորյա մի խաղ՝ «Գաղտնի Սանտան», որի ընթացքում փոխանակեցին նվերներ:

Նոր տարին նոր որոշումների և նպատակների սկիզբ է համարվում, և բոլոր ուսանողները վճռեցին լինել ավելի նպատակասլաց և աշխատասեր ուսման մեջ, ջանք չխնայել լավ մասնագետներ դառնալու ճանապարհին:  

Միջոցառման բոլոր լուսանկարները տես Պատկերասրահում:

«ՀԼԳ» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների այցը Լուսաձորի հիմնական դպրոց

20181214_125648[1]

 2018թ. դեկտեմբերի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանի նախաձեռնությամբ այցելեցին Լուսաձոր գյուղի հիմնական դպրոց, որտեղ արժանացան պատշաճ ընդունելության դպրոցի տնօրեն Արմեն Սարդարյանի և ուսուցիչների կողմից:

Այցելության նպատակն էր Լուսաձորի դպրոցում անցկացնել միջոցառում՝ նվիրված գյուղի հիմնադիր ու մեծ տոհմերի՝ Եգանյանների, Սարդարյանների և Այվազյանների ծագման պատմություններին:

Ժողովրդական հետաքրքիր զրույցներով հագեցած զեկուցումներով հանդես եկան լուսաձորցի ուսանողներ Տաթևիկ Այվազյանը, Շուշան Հակոբյանը և Տաթևիկ Եգանյանը:

Շուշանի զեկուցման մեջ ներկայացվեց նաև գյուղի  ազդեցիկ մարդկանցից մեկը՝ Էլիզբար Սարդարյանը, ում գրած բանաստեղծություններից և «33-ը չվերադարձան» պոեմից ուսանողները ներկայացրին պատառիկներ:

Զեկուցումների ընթերցումներն ընդմիջվում էին ասմունքով և երգով:

Միջոցառումից անմասն չմնացին և դպրոցի աշակերտները՝ հանդես գալով ասմունքով:

Հյուրերից և վերոնշյալ տոհմերի ներկայացուցիչներից նույնպես ելույթ ունեցան:

Միջոցառումը եզրափակեցին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանը և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի փոխդեկան, բ.գ.թ., դոցենտ Վ.Աղաբաբյանը:

Ի պատասխան՝ շնորհակալություն հայտնեցին դպրոցի տնօրենն ու հյուրերը՝ կազմակերպելով փոքրիկ հյուրասիրություն:

Նման հանդիպումների շնորհիվ ընդլայնվում և խորանում է բուհ-դպրոց համագործակցությունը:  

ԵՊՀ ԻՄ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ

DSCN5222 2018թ. դեկտեմբերի 13-ին և 14-ին ԵՊՀ ԻՄ-ի հանդիսությունների դահլիճում կայացավ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի շրջանակներում IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից իրականացվող «Բիզնես հմտություններ» թեմայով երկօրյա դասընթացը:

Դասընթացին մասնակցում էին Տավուշի մարզի ավելի քան 60 երիտասարդներ, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ և շրջանավարտներ:

Դասընթացը վարեցին ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները՝ Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Գայանե Ավետիսյանը, նույն ամբիոնի ասիստենտ Անժելա Ալեքսանյանը, դասախոսներ Հռիփսիմե Հայրապետյանը, Արփինե Եգանյանը և Մարիետտա Աթաբեկյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Սլավիկ Ալավերդյանը: Նա շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանին՝ մասնակցիների հայտագրումն իրականացնելու համար, ներկայացրեց «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագիրը, IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի գործունեությունը, «Բիզնես հմտություններ» դասընթացի մոդուլները և դասընթացավարներին:

Դասընթացն ուղեկցվեց տեսական նյութով, հարցադրումներով և քննարկումներով, թեստերի ու անհատական առաջադրանքների կատարումով և խմբային աշխատանքներով:

Առաջին օրը կայացան «Նախագծերի կառավարում», «Ժամանակի կառավարում» և «Բանակցություններ» մոդուլները: Մասնակիցները ծանոթացան նախագծերի առանձահատկություններին և սահմանափակումներին, կենսափուլերին և կառավարման գործընթացներին, աշխատանքի բաժանման կառուցվածքին (WBS), Գանտի աղյուսակին, ժամանակի արդյունավետ օգտագործման սկզբունքներին, առաջադրանքներն ըստ առաջնահերթությունների դասակարգման Էյզենհաուերի մատրիցային, բանակցությունների տեսակներին, բանակցային գործընթացի փուլերին: Մասնակիցները խմբերով ներկայացրին իրենց կազմակերպության համար ամանորյա միջոցառումների ծրագրի կառուցվածքը, լրացրին Էյզենհաուերի մատրիցան:

Երկրորդ օրվա սկզբում քննարկվեցին առաջին օրվա ձեռբերումները, հաջորդիվ կայացան «Ֆինանսների կառավարում», «Բիզնես պլան» և «Վաճառքի հմտություններ» մոդուլները: Ներկայացվեցին շուկան և ներքին շուկան, կազմակերպության տնտեսական ցիկլը, հիմնական հաշվապահական հասկացությունները, ֆինանսական արդյունքների գնահատումը, ֆինանսների գործառույթները, բիզնես նպատակների SMART ձևաչափը, բիզնես պլանի կառուցվածքը, պրոդուկտը, հաճախորդների շարժառիթները, մրցակիցների դերը: Խմբերն իրենց տրամադրված իրերից պատրաստեցին ապրանքներ և ներկայացրին դրանց յուրահատկությունները և մրցակցային առավելությունները:

Դասընթացի ժամանակ դահլիճ այցելեց նաև ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը:

Վերջում դասընթացավարները շնորհակալություն հայտնեցին երիտասարդներին մասնակցության համար, կոչ արեցին մանրամասն ուսումնասիրել տրամադրված ուղեցույցները և հետևել ծրագրի գործունեությանը՝ հետագայում բիզնես գաղափարներ ներկայացնելու համար:

Տավուշի մարզի երիտասարդների մեկ այլ խմբի համար նույն դասընթացը կկայանա 2019թ. հունվարի վերջին:

Դասընթացի բոլոր լուսանկարները տե ՛ս Պատկերասրահում: