2016թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական, կուրսային և կիսամյակային աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ, հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը՝ ողջունելով ուսանողներին, ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին, շնորհավորեց ուսանողների տոնը, նրանց հղեց բարեմաղթանքներ՝ ուսման մեջ բարձր առաջադիմություն, նպատակասլացություն, դժվարությունները հաղթահարելու անկոտրում կամք, լավատեսություն, արժանապատիվ կյանք ու պայծառ ապագա:
Ցուցահանդեսին ներկայացված էին բազմաոճ ու բազմաժանր աշխատանքներ՝ մանրանկարչություն, գոբելեն, վիտրաժ, կոլաժ, մետաքսանկարչություն, ֆլորիստիկա, խեցեգործություն, գեղանկար, բոլորաքանդակ և այլն:
Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների խոսքով՝ մեր ուսանողների աշխատանքները լիովին համապատասխանում են ժամանակակից արվեստի պահանջներին, և դրանցում տարեցտարի նկատվում է որակական աճ ու զարգացում: Ասվածի վկայությունն է նոր ժանրերի գործերի ստեղծումը, Հայ նկարիչների միությունում դրանց ցուցադրությունն ու ՀՆՄ գեղարվեստական խորհրդի կողմից բարձր գնահատանքի արժանացումը:
Նորույթներից հատկանշական են կոլաժը, մանրանկարչությունը, ֆլորիստիկան, հագուստի գեղարվեստական ձևավորումը, խառը տեխնիկայով (կերամիկական ու գործվածքային, մետաղական ու վիտրաժային) աշխատանքները:
Բարձր մակարդակով կազմակերպված ցուցահանդեսը տպավորեց ու գեղագիտական հաճույք պատճառեց առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին ու բոլոր այցելուներին:
2016թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները` դասախոս Վիկտորյա Մելիքսեթյանի ղեկավարությամբ, «Մանկավարժական հոգեբանություն» դասընթացի գործնական դասն անցկացրին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում:
Գործնական դասի ընթացքում ուսանողները, բաժանվելով երեք խմբի, տարրական և միջին դասարաններում իրականացրին դասալսումներ, ապա կայացավ մանկավարժների հետ նրանց հանդիպումը:
Ուսանողները դիտարկել էին դասի ընթացքում ուսուցչի մանկավարժական գործողությունները, ուղղվածությունը և շփման ոճը:
Հանդիպման ժամանակ ակտիվորեն քննարկվեցին դասալսումների արդյունքները, կրթության համակարգչայնացման, դպրոցներում ներառական կրթության ներդրման վերաբերյալ հարցեր:
Ուսանողները ուսուցիչներին տվեցին մանկավարժական գործունեության մոտիվներից բաղկացած բլանկ, որպեսզի մոտիվները գնահատվեին ըստ կարևորության: Ուսուցիչները առաջնահերթություն տվեցին աշխատանքի արդյունքից և պրոցեսից բավարարվածության, մանկավարժական գործունեության մեջ ինքնակատարելագործման մոտիվներին:
Այնուհետև «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները ծանոթացան դպրոցի հոգեբանի աշխատանքի հետ, ով նրանց մանրամասն ներկայացրեց կրթության առանձնահատուկ պայմաններով երեխաների հետ աշխատանքի սկզբունքներն ու մեթոդները:
2016թ. նոյեմբերի 17-ին «Թվային մեթոդներ» դասընթացի շրջանակներում «Ոչ գծային հավասարումների լուծումը» թեմայով զեկուցում կարդացին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտություների ֆակուլտետի ուսանողուհիներ Եվա Ավետիսյանը, Արուս Փարսադանյանը և Գեղեցիկ Գրիգորյանը:
Զեկուցման ղեկավարն էր Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Ք.Օթարյանը:
Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Զեկուցողները սկզբում հիմնավորեցին ընտրված թեմայի արդիականությունը, ընդգծեցին հավասարման արմատները գտնելու մոտավոր մեթոդների կարևորությունը:
Գեղեցիկ Գրիգորյանը ներկայացրեց միջակայքերի կիսման մեթոդը: Նա մեկնաբանեց, թե քանի քայլ պետք է կատարել արմատի մոտավոր արժեքը տրված ճշտությամբ ստանալու համար, նշեց միջակայքերի կիսման մեթոդի այն առանձնահատկության մասին, որ հաշվումների ընթացքում օգտագործվում են ոչ թե ֆունկցիայի արժեքը, այլ այդ արժեքի նշանը: Զեկուցողը դիտարկեց 6-րդ կարգի բազմանդամը, ներկայացրեց նրա գրաֆիկը, որ կոչվում է «Ռայսի մորուք», ընդգծեց, որ հաշվումների ընթացքում ստացվում են բացասական արժեքներ:
Եվա Ավետիսյանը ներկայացրեց «Պարզ իտերացիայի» մեթոդը: Նախ` նա շնորհանդեսի միջոցով իտերացիան մեկնաբանեց տարբեր բնագավառներում կիրառական գործընթացներով:
Ապա ներկայացրեց իր կազմած ծրագիրը, որ, ներմուծելով իտերացիաների քանակը, արտածում էր եռանկյունների քանակի թվային հաջորդականությունը: Այնուհետև մեկնաբանեց ոչ գծային հավասարման համար հաջորդական մոտարկումների ընթացքը: Քննարկեց մեթոդի զուգամիտության հարցը:
Արուս Փարսադանյանի զեկուցումը վերաբերում էր Հորների ալգորիթմին: Նա մեկնաբանեց Հորների սխեման, այնուհետև ներկայացրեց C++ լեզվով իր գրած ծրագիրը, որը հաշվում է բազմանդամի արժեքը` ներմուծված n-ի, x-ի և գործակիցների համար:
Զեկուցողների և ներկաների մասնակցությամբ վերջում ծավալվեց ակտիվ քննարկում:
2016թ. նոյեմբերի 16-ին՝ ուսանողների տոնի նախօրեին, Գոշավանքում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության առաջին կուրսեցիների՝ Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը:
Երդման արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզի հոգևոր դասի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ուսուցիչներ, առաջին դասարանցիներ, լրագրողներ, հյուրեր:
Ներկաները նախ մոմ վառեցին 12-13-րդ դդ. Գետիկ գետի ափին կառուցված հայոց հոգևոր և կրթամշակութային նշանավոր կենտրոնում, ապա հայր Սամվել Մխիթարյանի աղոթքով սկսվեց երդման արարողությունը:
Ուսանողները՝ գիտելիքի և դպրության մեր գալիք սերմնացանները, հանդիսավոր երդվեցին պատվով կրել Ուսուցչի բարձր և վեհ կոչումը, իրենց ստացած գիտելիքները, ստեղծագործական ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրել երեխաների կրթության և դաստիարակության պատվաբեր և չափազանց պատասխանատու գործին, լինել արդարամիտ, բարի, նվիրյալ ուսուցիչներ և այդպիսին էլ դաստիարակել իրենց աշակերտներին, ամեն ինչ անել, որպեսզի նրանք մեծ կյանք մտնեն սեփական ժողովրդի և հայրենիքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով, երկրի համար դաստիարակել բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ քաղաքացիներ, բարձր պահել հայ դպրոցի սուրբ անունը:
Հաղարծնի դպրոցի փոքրիկ սաներն էլ մայրենին սիրելու, այն անաղարտ պահելու հաստատուն երդում տվեցին և հանդես եկան Մաշտոցի սուրբ աջով հայրաբար ծնված հայոց նշանագրերի՝ հայ հոգու սահմանները օտար մտազավթիչներից դարեր ի վեր պահպանող այդ երեսունվեց անխոնջ ու զգոն զինվորների մասին գողտրիկ ելույթով:
ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները ներկայացրին հոգևոր երգեր:
Ուսանողներին ու աշակերտներին իր օրհնության փառահեղ խոսքն ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը. «Անչափ ուրախ եմ այս առավոտի համար և ուզում եմ Աստծուն գոհություն հայտնելուց հետո մեր մեծագույն գնահատանքը, օրհնությունն ու շնորհակալությունը հայտնել ԻՄ համալսարանին, նրա ղեկավարությանն ու պրոֆեսորադասախոսական կազմին, ուսուցիչներին՝ այս ամբողջ առաքելությունը իրականացնելու և նաև այսօրվա նախաձեռնության համար:
Մեր շա՛տ սիրելի ուսանողներ, դուք մեծ առաքելության կոչված մարդիկ եք՝ այնպիսի անձինք դառնալու, որի համար այսօր ուխտեցիք և երդվեցիք այս սուրբ խորանի առջև՝ Մխիթար Գոշի հիշատակի դիմաց, որ գիտակցաբար ընտրել եք ուսուցչության ճանապարհը և այն էլ այպիսի տարիքի՝ նախակրթական կամ տարրական, որը ես միշտ համեմատում եմ Աստծո արարչագործության հետ: Աստված երբ մարդուն կավից ստեղծում էր, իր պատկերով ու նմանությամբ ստեղծեց. դուք նույն գործն եք անում կամ անելու եք. ստեղծելու եք կավից, և այդ երեխաները լինելու են ձեր պատկերով և նմանությամբ, ինչպիսին ձեր պատկերը կլինի, այնպիսին նրանք կժառանգեն, հետևաբար այդ մեծ պատասխանատվությունն է մղում ուսուցչի ձեռքը համբուրել, և ես երազում եմ ու համոզված եմ, որ ձեր այսօրվա քայլով ունենալու եք շատ աշակերտներ, ովքեր ձեր ձեռքերը կհամբուրեն: Վստահաբար դուք ուսուցչության ճանապարհի մեջ ունենալու եք չափազանց մեծ դժվարություններ, բայց ձեր մեծագույն առաքելությունը լինելու է Մարդը: Շատ եմ խնդրում ձեզ՝ մարդուն արժեք տվեք, գնահատեք նրանց, ովքեր գալու են ձեր ձեռքից հոգևոր և կրթական խնամք ստանալու, մեծացրեք նրանց և ամակարևորը՝ սիրեք նրանց…»:
Ելույթ ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ Ուսուցչի երդման կապակցությամբ շնորհավորելով «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ մեր առաջին ուսանողներին, ընդգծեց կրթության բնագավառի ներկայացուցիչների ամենօրյա տքնաջան ու պատասխանատու աշխատանքի կարևորությունը, նրանց ունեցած անգնահատելի դերն ու ավանդը սերունդների կյանքում, ապագա ուսուցիչներին պատգամեց գիտելիքներից բացի իրենց սաների մեջ սերմանել ազգային, բարոյական ու համամարդկային արժեքներ՝ ազնիվ հայրենասիրություն ու մարդասիրություն, բարեկրթություն, անկոտրում կամք ու լավատեսություն:
Նախաձեռնության առաքելությունն ու նպատակն ամփոփեց ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի գծով տնօրենի խորհրդական, մ.գ.թ., դոցենտ Վ.Բրուտյանը, ով և կազմակերպել էր այս միջոցառումը: Պարոն Բրուտյանը նշեց, որ եթե մեր ուսանողները այսօր երդվեցին անմնացորդ նվիրաբերվելու մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին, դառնալու մեր հայրենիքի հզորացման, մեր պետականության ամրապնդման ամենամեծ ջատագովներն ու նվիրյալները, ապա ինքն էլ ուսանողների առջև երդվում է շուրջ 40-ամյա մանկավարժական ու գիտական իր փորձառությամբ և գիտելիքներով նրանց համար բացել դեպի մանկավարժության գաղտնիքները տանող բոլոր փակ դռները:
Նման միջոցառումները ասես մեկ անգամ ևս փաստում են, որ մենք այն մեծ ծառի ճյուղերն ենք, որի արմատները հաստատված են Իմաստության վրա և սնվում են Հավերժության ակունքներից, և պատգամում են, որ պետք է պտղաբերենք` այդ արմատներին արժանի մնալով:
Երդման արարողությունից հետո ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից «ՏՄՄ» առաջին կուրսի ուսանողներին նվիրվեց «Մեսրոպ Մաշտոց» նկարը, որպեսզի ուսումնառության ընթացքում լսարանում էլ Մաշտոցի սուրբ հայացքն ուղեկցի նրանց:
Վերջում Տավուշի թեմի առաջնորդի և ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության կողմից ձեռք բերվեց պայմանավորվածություն 2016-17 ուստարվա ավարտին՝ Սուրբ թագմանչաց տոնին ուսանողների հետ այցելելու Օշական` հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ ուսուցիչ ս. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին:
2016թ. նոյեմբերի 15-ին Իջևանի երաժշտական դպրոցում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության I կուրսի ուսանողուհի Աննա Դավթյանի՝ «Անվերջ կարոտը, սերը» խորագրով գրական առաջին ցերեկույթը:
Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով. հավաքվել էին մարզի կրթության, գիտության, մշակույթի և արվեստի ոլորտների ներկայացուցիչներ՝ ունկնդրելու երիտասարդ, շնորհալի ասմունքող Աննա Դավթյանին:
Աննան սիրված ասմունքող Լիաննա Զուրաբյանի սանն է. իր կիրթ ու բարեհունչ ասմունքով տարբեր միջոցառումներում արդեն հասցրել է գերել շատ ունկնդիրների:
Գրական ցերեկույթի ընթացքում Աննա Դավթյանը ներկայացրեց հայ դասականների և ժամանակակից բանաստեղծների (Համո Սահյան, Վահագն Դավթյան, Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ, Լևոն Բլբուլյան, Արմեն Երիմյան և ուրիշներ) ստեղծագործություններից:
Միջոցառման վերջում իրենց հիացմունքն ու տպավորություններն արտահայտեցին ցերեկույթին ներկա ուսուցիչները, մշակույթի և արվեստի գործիչները՝ Աննային մաղթելով նոր հաջողություններ ու բարձունքներ ասմունքի ասպարեզում:
Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն, որը տեղի կունենա 2024 թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ մարզադահլիճում: Մասնակցել … Կարդալ ավելին →
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական … Կարդալ ավելին →
Սիրելի՛ ուսանողներ, Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև համագործակցության շրջանակներում «Հայ մշակութային … Կարդալ ավելին →
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2024-2025 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելություն՝ հետևյալ կրթական ծրագրերով․• Հոգեբանություն,• Պատմություն,• Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,• … Կարդալ ավելին →
Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջում տեղադրված են 2024-2025 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առկա ուսուցման դասացուցակները՝ ըստ … Կարդալ ավելին →
Հարգելի՛ ուսանողներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը ինչպես ամեն տարի, այս տարի ևս տրամադրում է 500.000 դրամի … Կարդալ ավելին →
Այսօր՝ 2024 թ․ սեպտեմբերի 21-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 33-ամյակը: 33 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն … Կարդալ ավելին →
2024 թ. սեպտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիսավոր կերպով բացվեց ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված «Հետազոտելով լոկալ ժառանագությունը» թեմայով միջազգային … Կարդալ ավելին →
2024 թ. սեպտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ տիկին Վերոնիկ Նուեի հետ հանդիպում, … Կարդալ ավելին →
2024 թ. սեպտեմբերի 13-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների՝ 2024-2025 ուստարվա ընդունելության մրցույթի մասնակիցների հետ հանդիպում՝ … Կարդալ ավելին →
Օրերս Կ.Պոլիս-Ստամբուլում տեղի հայոց Պատրիարքարանի հովանավորությամբ լույս տեսավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանի … Կարդալ ավելին →