ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին հայտարարում է «Վաճառքի և սպասարկման դպրոց» վերապատրաստման ծրագրի մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին հայտարարում է «Վաճառքի և սպասարկման դպրոց» վերապատրաստման ծրագրի մասին

Հարգելի՛ ուսանողներ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին հայտարարում է «Վաճառքի և սպասարկման դպրոց» վերապատրաստման ծրագրի մասին:

Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ:

Ծրագիրը ներառելու է երկօրյա դասընթաց, այնուհետև 4 շաբաթ տևողությամբ պրակտիկա (առնվազն կես օրվա ներգրավվածությամբ) անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ բոլոր մարզերի գրեթե բոլոր քաղաքների ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը՝ հնարավոր երկարաձգմամբ: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից, իսկ լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսման և կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոնների համար դիտարկվելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները, կարողություններն ու մասնագիտացումները.

  1. Հմուտ հաղորդակցում:
  2. Դրական մոտեցում/էնտուզիազմ:
  3. Տեղեկատվությունն արագ ընկալելու և յուրացնելու կարողություն:
  4. Հարգանք/էթիկայի նորմերի պահպանում:
  5. Բարձր առաջադիմությունը, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացումը և/կամ օտար լեզուների իմացությունը դիտարկվելու են որպես առավելություններ:
  6. Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում (8 ժամ) ներգրավվածությունը ծրագրի կիրառական մասին կդիտարկվի որպես առավելություն:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրականը և կից նամակ, որի մեջ պետք է պատատասխանել հետևյալ հարցին՝ «Ի՞նչ կփոխեի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում», ինչպես նաև պարտադիր պետք է նշել Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների: Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի՝ արդեն 3-րդ և 4-րդ կուրս փոխադրված, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրս փոխադրված ուսանողները:

Անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 17-ը դիմումներն ուղարկել vc-mtsschool@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջված փաստաթղթերը:

Մեր ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան այս անգամ իրականացրին Վայոց ձորում

2015-16 ուստարվա երկրորդ կիսամյակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Սերվիս» մասնագիտության ուսանողները “GIZ” միջազգային  կազմակերպության և  «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ  իրենց ուսումնական պրակտիկան այս անգամ իրականացրին Վայոց ձորի մարզում:

Մեր ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան  այս անգամ իրականացրին Վայոց ձորում

Եռօրյա պրակտիկան հրաշալի հնարավորություն էր համատեղել ամառային հանգիստը  նոր գիտելիքների և հմտությունների  ձեռքբերման հետ։

Մեր ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան  այս անգամ իրականացրին Վայոց ձորում

Պրակտիկայի ընթացքում ուսանողները՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, ուսումնական խորհրդատու Պավել Ասիլբեկյանի և «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Ղահրամանյանի գլխավորությամբ,  արշավներ կազմակերպեցին  մարզի տարածքում, եղան կարևոր նշանակության  պատմամշակութային վայրերում, հնարավորինս բացահայտեցին մարզի զբոսաշրջային ներուժը և փորձեցին զուգահեռներ անցկացնել  Վայոց Ձորի և Տավուշի մարզերի  զարգացման հեռանկարների միջև։

Մեր ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան  այս անգամ իրականացրին Վայոց ձորում

Արշավախմբի անդամները նաև ծավալեցին հետաքրքիր քննարկումներ իրենց հետագա անելիքների և ծրագրերի՝ մասնավորապես 2016թ. սեպտեմբերի 24-ին կայանալիք  մարզային փառատոնի  նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Մեր ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան  այս անգամ իրականացրին Վայոց ձորում

 

«Սերվիս» մասնագիտության ուսանողներն իրենց շնորհակալությունն  են հայտնում “GIZ” և «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» (պաշտոնական  կայք՝  www.visit-tavush.com և  ֆեյսբուքյան էջ՝ “Visit Tavush”) կազմակերպություններին` իրենց աջակցություն ցուցաբերելու և ուսանելի ու հետաքրքիր ծրագրերում ընդգրկելու համար։

ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի տարեվերջյան ընդլայնված նիստում

2016թ. հուլիսի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ, որը նախագահում էր մասնաճյուղի ՈՒԽ-ի նախագահ Ի.Շաղբաթյանը, մասնակցում էին ՈՒԽ-ի անդամները և ուսանողներ:

Նիստի ընթացքում ամփոփվեցին 2015-16 ուստարվա երկրորդ կիսամյակի  ընթացքում ՈՒԽ-ի ծավալած գործունեությունը, ուսանողության շրջանում անցկացված անանուն հարցման արդյունքները, քննարկվեցին մի շարք ընթացիկ հարցեր:

ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի տարեվերջյան ընդլայնված նիստում

Մասնավորապես նշվեց, որ կիսամյակի ընթացքում ՈՒԽ-ի կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.

Միջոցառումներ.

  1. Սիրո օր ԵՊՀ ԻՄ-ում:
  2. Օտար լեզվով կինոդիտում և քննարկում Հումանիտար գիտությունների ֆակուլտետում:
  3. ԵՊՀ ԻՄ-ի մի քանի ուսանողների հեղինակած գրքերի շնորհանդեսների կազմակերպում:
  4. Մարտի 8-ին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում:
  5. Հայոց ցեղասպանության օրվան ընդառաջ մոմավառություն:
  6. Մարիա Յակոբսենի հուշ-երեկո ԵՊՀ ԻՄ-ում:
  7. «Քառօրյա պատերազմ» թեմայով քննարկում ավագ դպրոցի աշակերտների հետ:
  8. Աջակցություն սահմանապահ հայորդիներին Ապրիլյան պարետազմի շրջանում:
  9. Վոլեյբոլի առաջնություն մասնաճյուղում:
  10. Այց Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն:
  11. Ժամանցային այլ ծրագրեր ուսանողների համար:

Հանդիպումներ մասնաճյուղում.

  1. ՈՒԽ-ի հանդիպումները ուսանողության հետ:
  2. Ուսանողության հանդիպումը մասնաճյուղի տնօրենի հետ:
  3. Հանդիպում «Կոնվերս բանկ ՓԲԸ»-ի աշխատակիցների հետ:
  4. Հանդիպում Մակարավանքի վանահայր, արժանապատիվ Տ․ Արշավիր քահանա Ասատրյանի հետ:

Կիսամյակի ընթացքում ՈՒԽ-ի նախագահությանը կից գործել են՝

 չորս մշտական հանձնաժողովներ.

  1. Մշակույթի,
  2. Սպորտի, ազատ ժամանցի,
  3. Ինֆորմացիոն-տեղեկատվական,
  4. Գիտակրթական.

երկու ժամանակավոր հանձնաժողովներ`

  1. Ընտրական,
  2. Կիսամյակային և տարեվերջյան քննությունների վերահսկիչ:

Տեղի է ունեցել ՈՒԽ-ի նախագահության ութ նիստ.

  1. 02.2016թ. – Արձանագրություն N26,
  2. 03.2016թ. – Արձանագրություն N27,
  3. 03.2016թ. – Արձանագրություն N28,
  4. 04.2016թ. – Արձանագրություն N29,
  5. 04.2016թ. – Արձանագրություն N30,
  6. 04.2016թ. – Արձանագրություն N31,
  7. 05.2016թ. – Արձանագրություն N32,
  8. 07.2016թ. – Արձանագրություն N33:

Քննարկմանն առանձնակի ուշադրության արժանացան ՈՒԽ-ի թերացումներն ու  բացթողումները, աշխատանքային պլանի համաձայն և դրանից  դուրս կատարված ու չկատարված աշխատանքները:

Հարցումների արդյունքները քննարկելուց հետո որոշվեց աշխատանքային պլանը կազմելիս ավելացնել այն նախաձեռնություններն ու միջոցառումները, որոնք ուսանողության կողմից առաջարկվել էին հարցումների միջոցով և խիստ հետևողական լինել, որ ՈՒԽ-ի կողմից կատարվող աշխատանքներում հավասարաչափ ընդգրկվեն բոլոր կուրսերից ուսանողներ, ինչպես նաև ավելի շատացնել ուսանողության հետ հանդիպումները: 

Ամփոփելով նիստը՝ ՈՒԽ-ականները շեշտեցին, որ ուսանողի արած յուրաքանչյուր առաջարկ անպայման պետք է արձագանք ստանա, իսկ բարձրաձայնված հարցերն իրենց պատասխանները կստանան սեպտեմբերին կայանալիք հանդիպումների ժամանակ:

 

 

 

Տնտեսագիտության և Բնական գիտությունների ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստերում

2016թ. հուլիսի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան Տնտեսագիտության և Բնական գիտությունների ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր, որոնց մասնակցում էին գիտխորհուրդների անդամները, հրավիրված էին մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, ֆակուլտետների վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները:

Նիստերի ընթացքում քննարկվեցին 2015-2016 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքներին, հաշվետու ուստարում ֆակուլտետներում իրականացված աշխատանքներին, ֆակուլտետների մասնագիտական ամբիոնների  անհատական  ծանրաբեռնվածություններին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:

Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի  նախագահ, ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ն.Խուդավերդյանն ամփոփեց  2015-2016  ուստարվա  ամառային  քննաշրջանի  արդյունքները, ներկայացրեց  ընթացիկ  ուստարում    դեկանատի և   մասնագիտական  ամբիոնների  կողմից իրականացված աշխատանքները, ըստ մասնագիտությունների ամփոփեց ամփոփիչ ատեստավորման արդյունքները:

Նա մասնավորապես նշեց, որ քննաշրջանը  կազմակերպվել  է 103 (28  անվճար,  75  վճարովի)  ուսանողների  համար: Ստուգարքներն  ու  քննությունները  դրական  է  հանձնել 79  ուսանող  (48` տնտ. տես.,  31` սերվիս): Ըստ այդմ`  ընդհանուր  առաջադիմությունը  կազմել  է  77%:  Համեմատած  նախորդ  (2014-2015)  ուստարվա  համապատասխան  կիսամյակի  առաջադիմության  ցուցանիշի  (72%)  հետ`  գրանցվել  է  5%  աճ,  իսկ  2015-2016  ուստարվա  առաջին  կիսամյակի  ցուցանիշի  (67%)  հետ`  10%  աճ:

Դրական համարվեց այն փաստը,  որ  ֆակուլտետի  անվճար  համակարգում սովորող ուսանողները ցուցաբերել են գրեթե 100% առաջադիմություն  (բացառությամբ  տնտ.  տես.  I  կուրսի` 93% ): Քննաշրջանի արդյունքում 11 ուսանող գրանցել է բացարձակ գերազանց առաջադիմություն (5` տնտ. տես., 6` սերվիս):

Նշվեց, որ 2015-16 ուստարվա ընթացքում 44 ուսանողներ ներկայացվել են կրթաթոշակի, որոնցից երեքը` տարբեր կարգի անվանականների: Ընդգծվեց, որ այդ գործընթացներում լիարժեք մասնակցություն են ունենում ֆակուլտետի ուսանողները` որպես գլխավոր շահառու և նշված գործընթացների օբյեկտիվության մակարդակի գնահատող: Դեկանատը մշտապես հետևողական վերահսկողություն է իրականացրել ուսանողների կարգապահության և հաճախումների հարցում:

02-07-2016-1

Շեշտվեց, որ ֆակուլտետում խիստ ուշադրության կենտրոնում են պահվում մասնագիտական կրթության որակի ապահովման ժամանակակից պահանջները: Նշված խնդրի լուծմամբ հիմնականում զբաղվում են մասնագիտական ամբիոնները, որոնք իրականացնում են նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ կապված անհրաժեշտ քաղաքականության մշակումն ու իրացումը, նրանց մասնագիտական  և մանկավարժական  կարողությունների  ընդլայնման մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ:

Նշվեց նաև, որ գործող ամբիոններում 2015-16 ուստարում գրանցվել է գիտական կյանքի աշխուժացում: Ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ դասեր վարող դասախոսների տեսակարար կշիռը մեծացել է: Երկու մասնագիտական ամբիոններն էլ բավականին լուրջ են վերաբերվում արտադրական պրակտիկաների ծրագրավորմանն ու կազմակերպմանը:

Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահ, ֆակուլտետի դեկանի ԺՊ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մ.Զաքարյանը, ամփոփելով 2015-2016 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքները, նշեց, որ ֆակուլտետում առաջադիմությունը կազմել է 85,53%: 2015-2016 ուսումնական տարվա ամառային քննաշրջանին մասնակցել է 85 ուսանող:  Միայն գերազանց գնահատականներ ստացել է 3 ուսանող: Ֆակուլտետի 14 ուսանող քննաշրջանը փակել է ակադեմիական պարտքերով: Ֆակուլտետի 12 ուսանող օգտվել է ուսման վճարի մասնակի փոխհատուցումից:

Ապա ֆակուլտետի  դեկանն, անդրադառնալով հաշվետու ուստարում կատարված աշխատանքներին, նշեց, որ ֆակուլտետն ունի բաց, հրապարակային գործելակերպ. ուսանողների վերաբերյալ հրապարակման ենթակա տվյալները, մասնավորապես ակադեմիական առաջադիմությունը մատչելի է և հասանելի ոչ միայն ուսանողների, այլև ողջ հանրության համար: Նա ընդգծեց, որ հաշվետու ուստարում ավելացել է ներկայացված ուսանողական զեկուցումների թիվը, որոնց հրապարակայնությունն ապահովվել է մասնաճյուղի պաշտոնական կայքի միջոցով:

Ֆակուլտետների գիտխորհուրդների ընդլայնված նիստերում նշվեց, որ  պատրաստ են 2016-2017 ուստարվա անհատական ծանրաբեռնվածությունները, դասախոսները կարող են նոր ուսումնական տարվա համար կազմել իրենց աշխատանքային ու անհատական զարգացման պլանները և նախապատրաստել դասընթացների փաթեթները:

Նիստերի ընթացքում քննարկվեցին նաև բուհի ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր՝ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի և ֆակուլտետների վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստում

 2016թ. հուլիսի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Կիրրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ` ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ. ասիսիտենտ Ա.Մարգարյանի նախագահությամբ:

Ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստին մասնակցում էին գիտխորհրդի անդամները, հրավիրված էին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, Անձնակազմի կառավարման բաժնի վարիչ Ա.Հովհաննիսյանը,  ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները:

Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի  ընդլայնված նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին 2015-2016 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքների, ֆակուլտետի մասնագիտական ամբիոնների  անհատական  ծանրաբեռնվածությունների մասին հարցեր, ներկայացվեց  2015-2016 ուստարվա վերաբերյալ ֆակուլտետի  դեկանի   ամփոփ   հաշվետվությունը:

Ամփոփելով 2015-2016 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքները` զեկուցողը մասնավորապես նշեց, որ քննաշրջանն անցկացվել է սահմանված կարգով, ըստ ժամանակացույցի:

Ներկայացվեց, որ Կիրրառական արվեստի ֆակուլտետում բացարձակ առաջադիմությունը կազմել է 89.29%:

2015-2016 ուսումնական տարվա ամառային քննաշրջանին մասնակցած 84 ուսանողներից քննությունները հանձնել է 75-ը, իսկ 9 ուսանողներ ստացել են անբավարար գնահատականներ:  

Այնուհետև ֆակուլտետի  դեկանն   ամփոփեց    2015-2016 ուստարվա ընթացքում ֆակուլտետում կատարված աշխատանքները: 

Նշվեց, որ ֆակուլտետում թե՛ դեկանատի և թե՛ մասնագիտական ամբիոնների կողմից իրականացվող գործընթացները հետապնդում են կրթության որակի բարձրացման նպատակ: Քննաշրջանի արդյունքները հրապարակվում են մասնաճյուղի կայքում և փակցվում ֆակուլտետի հայտարարությունների տախտակին:

Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի  ընդլայնված նիստում

Ըստ մասնագիտությունների ներկայացվեցին քննաշրջանի արդյունքները, ընդգծվեցին դրական և բացասական միտումները:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մասնաճյուղում կատարվելիք կառուցվածքային որոշ փոփոխություններին, ուսումնական պրոցեսին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր: Մասնավորապես տնօրենը մտահոգություն արտահայտեց ֆակուլտետում դիմորդների թվի նվազման առումով, քննարկվեցին դրա պատճառները, և նախանշվեցին բարելավման ուղիները: