«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները մասնաճյուղում

1. գլխավոր 2023թ. ապրիլի 29-ին ճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հյուրընկալվել էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 8-10-րդ դասարանի աշակերտները՝ ԵՊՀ ԻՄ-ի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ.Բեգինյանի, նույն բաժնի տեսուչ Ա.Սարգսյանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  ուսուցիչներ Ա.Մարտիրոսյանի, Թ.Սիմոնյանի և Ն.Հարությունյանի  ուղեկցությամբ:

Ճանաչողական այցը սկսվեց ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբից, որտեղ դպրոցականները ստացան տեղեկատվություն կենտրոնի գործունեության, Տավուշի մարզի համայնքներին առաջարկվող ծրագրերի, իրականացվող դասընթացների մասին:

Աշակերտների հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում էր բնական գիտությունների ոլորտը: Դպրոցականները հանդիպեցին Ծրագրավոր­ման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տեխ. գ. թ., դոցենտ Ա.Հովակիմյանի, տեխ. գ. թ., դոցենտ Ռ.Յոլչյանի, ասիստենտ Մ.Ճաղարյանի հետ: Դասախոսները դպրոցականներին ներկայացրին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում իրականացվող «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիրը և աշխատաշուկայում վերջինիս ունեցած պահանջարկը, ֆակուլտետում առկա նյութատեխնիկական ռեսուրսները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ժամանակակից նախագծերը և զարգացման հեռանկարները:

Աշակերտները, մեծ հետաքրքրությամբ լսելով բուհի ներկայացուցիչներին, դասախոսներին և ուսանողներին, ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան խորհուրդներ, որոնք հիմնականում վերաբերում էին ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում ուսումնառության համար կարևոր համարվող հանրակրթական առարկաներին: Ուսանողները դպրոցականներին ներկայացրին իրենց փորձը, ուսանողական առօրյան, ցուցադրեցին իրենց հետազոտական աշխատանքները, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին աշակերտների մեջ:

Այս այցելությունները, որոնք կրում են պարբերական բնույթ, նպաստում են դպրոց-համալսարան կապի զարգացմանը, դպրոցականներին հնարավորություն են տալիս մոտիկից ծանոթանալու համալսարանական կրթությանը և ուսանողական առօրյային:

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների գիտաճանաչողական այցը Գյումրի

1. գլխավոր 2023թ. ապրիլի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանի ուղեկցությամբ գիտաճանաչողական այց կատարեցին քաղաք Գյումրի: Խումբն այցելեց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիներ, գրող Ավետիք Իսահակյանի և դերասան Մհեր Մկրտչյանի տուն-թանգարաններ:

Ուսանողների համար Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի ամենահետաքրքրական և նվիրական հատվածը բանաստեղծի աշխատասենյակն էր, որտեղ տեղադրված էին Իսահակյանի հնօրյա գրասեղանը, Վարպետի համար հատուկ պատրաստված բազմոցը: Գրասեղանին բանաստեղծի ձեռագրերն էին, նրա կարդացած վերջին գրքերը, հարազատների լուսանկարները և անձնական իրերը՝ գրիչը, ակնոցը, թազբեհը և այլն: Տուն-թանգարանի հպարտությունն է բանաստեղծի անձնական գրադարանը:

Հաջորդ կանգառը  Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանն էր, որտեղ ուսանողները տեսան մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը՝ «Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Ալի Բաբան և քառասուն ավազակները», «Հին օրերի երգը» և այլ ֆիլմերում գործածված: Հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կոմոդը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը՝ «01-99» ֆիլմից, գալիկոնը՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմից: Թանգարանում պահպանված և ցուցադրված էին մեծ դերասանի պարգևներն ու նվերները, գրքեր, անձնական իրեր, կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված  լուսանկարներ, Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ:

Այնուհետև ուսանողներն այցելեցին Սուրբ Ամենափրկիչ և Յոթ Վերք եկեղեցիներ: Վերջինիս պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց տեղացիներն այն կոչում են Յոթ վերք անունով՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը տեղափոխվել է այդտեղ Սուրբ Նշան եկեղեցուց: Յոթ վերք եկեղեցու ներքին հարդարանքն աչքի էր ընկնում իր յուրօրինակությամբ. այն միակ հայկական եկեղեցին է, որի խորանն ունի պատկերակալ: Համալսարանականները նաև շրջեցին Գյումրիի նշանավոր հին փողոցներով և այցելեցին  պատմամշակութային այլ  վայրեր:

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների գիտաճանաչողական այցը արվեստների և արհեստների քաղաք Գյումրի  հաջողված էր. այն նպաստեց ուսանողների գրական-ճանաչողական հայացքների զարգացմանը և գեղարվեստական ճաշակի բարձրացմանը:

Ակնարկային դասախոսություններ Տավուշի մարզի դպրոցներում

1. գլխավոր ԵՊՀ ԻՄ-ի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի նախաձեռնությամբ 2023թ. ապրիլի 25-28-ը մասնաճյուղի դասախոսները ակնարկային դասախոսություններով հանդես եկան մարզի տարբեր դպրոցներում:

Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Հ.Ալեքյանը ապրիլի 25-ին հանդիպում ունեցավ Իջևանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի՝ ֆիզիկամաթեմատիկական ուղղվածությամբ սովորող աշակերտների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի վերջին մամլո հաղորդագրությունը ներկացնող տեսաշարը: Դպրոցականներին ներկայացվեցին տեսական և գործառնական հիմնական մտածողության ուղղությունները, որոնցից օգտվում է ՀՀ կենտրոնական բանկը տնտեսական իրադարձություն­ները գնահատելիս և մեկնաբանելիս: Մեկ ամբողջական շնորհանդեսի միջոցով ամփոփ ներկայացվեց կիրառվելիք գիտական մեթոդը՝ տնտեսական մոդելներն ու տեսությունը, հասարակության հետ ունեցած կապը:

Ապրիլի 27-ին Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Մ.Կարապետյանը և դասախոս Դ.Մարգարյանը Սևքարի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների համար կարդացին «Ֆրանսերենը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը» թեմայով ակնարկային դասախոսություն: Աշակերտներին ներկայացվեց Հայաստանի սերտ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ, որն արտահայտվում է մի շարք ծրագրերի իրականացմամբ: Մասնավորապես քննարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը և «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրով սովորող ուսանողներին տրվող հնարավությունները:

Ապրիլի 28-ին Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Ա.Մարդանյանը և դասախոս Ա.Հովհաննիսյանը «Բանավոր խոսքի ըմբռնումը» թեմայով ակնարկային դասախոսություն կարդացին Իջևանի վարժարանի 10-12-րդ դասարանների՝ ֆրանսերեն լեզու ուսումնասիրող աշակերտների համար: Դասախոսները ներկայացրին բանավոր խոսքի ըմբռնման առանձնահատկությունները և կարևորությունը: Ա.Մարդանյանն իր խոսքում ընդգծեց, որ բանավոր խոսքն ըմբռնելու հմտությունների ձևավորումը ուսուցման հիմնական նպատակներից և կարևորագույն միջոցներից մեկն է: Օտարերկրացին ֆրանկոֆոն երկիր ոտք դնելիս անմիջապես կարիք է ունենում շփվել և հասկանալ ֆրանսերեն բանավոր խոսքը, ահա թե ինչու սովորողը պետք է կարողություններ և հմտություններ ձեռք բերի ուսուցման գործընթացում՝ օտար լեզվով  խոսքը ըմբռնելու և արտահայտվելու հարցում:

Այնուհետև աշակերտների համար իրականացվեց գործնական աշխատանք՝ ընդհանրացնելով նախկինում ձեռք բերված գիտելիքները «Գնումներ» և «Աշակերտի առօրյան» թեմաներով, հաշվի առնելով, որ աշակերտները հանդես են գալիս լեզվի իմացության տարբեր մակարդակներում: Ֆրանսերեն տեսանյութերի դիտումը և ուղղորդված հարցերն օգնեցին աշակերտներին կենտրոնանալ առաջադրանքի վրա և առավելագույնս ներգրավվել ուսուցման գործընթացում: Գործնական աշխատանքն աշակերտների մեջ առաջացրեց մեծ հետաքրքրություն, և նրանք ցանկություն հայտնեցին նման աշխատանքներ հաճախակի իրականացնել դասերի ընթացքում:

Թեև աշակերտներն ունեին տարբեր մասնագիտական հետաքրքրություններ, սակայն դասախոսների այցը մեծապես ոգևորեց նրանց և օգնեց ընդհանրացնելու նախկինում ձեռք բերված և յուրացնելու նոր գիտելիքներ:

Միջազգային գիտագործնական մրցույթում մեր ուսանողներն արժանացել են 1-ին և 2-րդ կարգի դիպլոմների

1. գլխավոր2023թ. ապրիլին ամփոփվեցին 2022թ. նոյեմբերի 17-ին Օշի պետական համալսարանում (Ղրղզստան) մեկնարկած և ասպիրանտների, մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողների համար նախատեսված մրցութային միջոցառման՝ «Փիլիսոփայությունը XXI դարում. մարտահրավերներ, արժեքներ, հեռանկարներ» թեմայով միջազգային գիտական սեմինարի (2 փուլով) արդյունքները, որին մասնակցել և հաջողություններ են ունեցել մեր ուսանողները՝ ԵՊՀ ԻՄ-ի «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհիներ Մարիամ Դարբինյանը և Նազելի Եսայանը:

Առաջին փուլում Մարիամ Դարբինյանը ներկայացրել է «Երեխաների անօթևանությունը որպես սոցիալական խնդիր», իսկ Նազելի Եսայանը՝ «Համամարդկային արժեքների զարգացումը մատաղ սերնդի մոտ» թեմայով զեկուցում:

Առաջին փուլի արդյունքների համաձայն՝ Մարիամ Դարբինյանն արժանացել է առաջին, իսկ Նազելի Եսայանը՝ երկրորդ կարգի դիպլոմի:

Մինչև 2023թ. ապրիլն ուսանողները Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանի գիտական ղեկավարությամբ աշխատել են նոր զեկուցումների մշակման վրա:

2023թ. ապրիլի 11-ին տեղի ունեցավ «Համընդհանուր մարտահրավերները ժամանակակից աշխարհում. փիլիսոփայության զարգացման միտումներն ու հեռանկարները» միջազգային գիտագործնական համաժողովի երկրորդ փուլը, որի ընթացքում Մարիամ Դարբինյանը հանդես եկավ «Հումանիտար ոլորտում նախագծման ձևավորման փուլերը (մանկավարժական գիտական հետազոտությունների նյութի հիման վրա)» թեմայով, իսկ Նազելի Եսայանը՝ «Մանկավարժական էթիկան փիլիսոփայական մշակույթի ոլորտում» թեմայով զեկուցմամբ:

Ավելի ուշ հրապարակված մրցույթի արդյունքների համաձայն՝ Նազելի Եսայանը հավաքել է 155 միավոր, իսկ Մարիամ Դարբինյանը՝ 144 միավոր: Ըստ այդմ՝ Նազելի Եսայանն արժանացել է առաջին կարգի, իսկ Մարիամ Դարբինյանը՝ երկրորդ կարգի դիպլոմի:

Ուսանողների հետ անցկացված հարցազրույցի ընթացքում Մարիամ Դարբինյանը և Նազելի Եսայանը համաժողովին իրենց մասնակցության և ունեցած հաջողությունների վերաբերյալ մասնավորապես նշեցին. «Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել կազմակերպիչներին իրենց կատարած հսկայական աշխատանքի և նման լայնածավալ նախագծին մասնակցելու հնարավորության համար: Մենք հպարտ ենք, որ այս դժվարին մրցույթում այսքան բարձր միավորներ ենք վաստակել: Ցանկանում ենք նաև մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել մեր գիտական ղեկավար Սվետլանա Մինասյանին՝ համաժողովի նախապատրաստման գործում նրա արժեքավոր աջակցության համար: Նրա մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև նրա աջակցությունն ու մոտիվացիան շատ կարևոր են եղել մեր հաջողության համար: Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աշխատելու նման հրաշալի ղեկավարի հետ և խորապես հարգում ենք նրա պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը գիտությանը: Շատ շնորհակալ ենք, Սվետլանա՛ Միխայլովնա»:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից մենք էլ սիրով շնորհավորում ենք, շարունակական վերելքներ, հաջողություններ ենք մաղթում մեր ուսանողներին և մեծ շնորհակալություն հայտնում նրանց գիտական ղեկավար Սվետլանա Մինասյանին:

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին

1. գլխավոր Այսօր՝ 2023թ. ապրիլի 24-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, աշխատակիցներ, ուսանողներ մարզային և քաղաքային իշխանությունների, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչների և քաղաքացիների հետ Տավուշի մարզպետարանից քայլերթով շարժվեցին դեպի Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին:

Հուշահամալիրի այցելուները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին, այնուհետև Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում ծանոթացան Հայոց մեծ եղեռնի թեմայով կազմակերպված ցուցադրությանը:

_________________________________________________________________________

1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության:

Մեծ եղեռնի սկիզբը պայմանականորեն համարվում է 1915թ. ապրիլի 24-ը. այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը՝ 600 հայազգի մտավորականներ, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Ռուբեն Զարդարյանը, Սիամանթոն (Ատոմ Յարճանյան), Ռուբեն Սևակը, Երուխանը (Երվանդ Սրմաքեշխանլյան), Հովհաննես Հարությունյանը և ուրիշներ, որոնց հետագայում սպանեցին աքսորի ճանապարհին: Սակայն հայ պատմագիտության մեջ որպես Հայոց ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923 թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ Համիդյան Թուրքիայի, ապա Երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը: Ծիծեռնակաբերդի հուշարձանի 12 քարակոթողները, ըստ ժողովրդական ստուգաբանության, խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:

Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է՝ հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կառներ Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թուրքացում և երազելի «Մեծ Թուրանի»-ի ստեղծում՝ Բոսֆորից մինչև Ալթայ: Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին. չլինեին հայերը, չէր լինի նաև Հայկական հարցը: Երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ:

Հայոց ցեղասպանությունը նախատեսված էր իրականացնել երեք փուլով, որի առաջին փուլը ապրիլի 24-ն էր, իսկ երկրորդ փուլը՝ շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչը թուրքական բանակ: Բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ: Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին:

Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը՝ 1998, 2001 թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002 և 2005 թթ. ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլիի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, Եվրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային ասամբլեան, Լեհաստանի և Նիդերլանդների, Իտալիայի (2019թ. ապրիլի 10-ին) խորհրդարանները, Կանադայի Համայնքների պալատը և այլն: Ֆրանսիայում, Ուրուգվայում, Կիպրոսում օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում՝ նաև այն ժխտելը դատապարտվում է քրեորեն: 2021թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը՝ ելույթ ունենալով և առաջին անգամ օգտագործելով «Հայոց ցեղասպանություն» եզրույթը. «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը»:

Ոգեկոչելով Հայոց մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակը՝ այսօր էլ համայն հայությունը շարունակում է պայքարել հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և արդար հատուցման՝ դրանով իսկ ձգտելով կանխել աշխարհում նոր ցեղասպանությունների իրականացումը: